Փոդքասթի մշակույթը Հայաստանում զարգացնում են մարդիկ, որոնք հեռանում են ընդունված կաղապարներից և տաբուներից։ Նրանք ուզում են փոփոխություն, խոսում են նոր թեմաներից և գտնում են ասելիք ունեցող, բայց ստվերում մնացած մարդկանց։
Տասը և ավելի տարիներ Rearrange with Narek Amirkhanyan նախագծի հեղինակ և վարող Նարեկ Ամիրխանյանը հետևել է փոդքասթի ամերիկյան շուկայի ներկայացուցիչներից շատերին, որտեղից ստացած գիտելիքներն օգնել են իրեն փոխել կյանքի հանդեպ վերաբերմունքը։
Նա երկար էր պրպտում Հայաստանում այլընտրանքային զրույցի նախադեպ ստեղծելու շուրջ, մի ձևաչափի, որը շատ նման է զրուցարանային քննարկումներին, միայն թե անկեղծ է, հետաքրքիր, տաբու թեմաները չշրջանցող։ Նարեկի հետ զրույցը մի մեծ առավելություն ունի, այն չի սահմանափակվում ժամանակով և զարգանում է այնքան, ինչքան տրամադրված են շարունակել զրուցակիցները։
Որևէ հյուր և ինքը վարողը խնդիր չունեն խոսակցության մեջ առավելության հասնել, կա միայն բարի նպատակ՝ խորանալ թեմայի մեջ այնքան մինչև երևա հատակը․․․
Ի՞նչու հենց զրույց։
2010-ից հետևում եմ տարբեր փոդքասթների, որոնք ինձ մոտիվացրին սկսել այս նախագիծը։
Շատ հարցերի պատասխաններ փնտրել ու գտել եմ այդ ձևաչափի բովանդակության մեջ և տարիների ընթացքում հասկացել, որ Հայաստանում դրա պակասը շատ կա։
Արդեն ժամանակն էր մեյնսթրիմ մեդիայից հայտնի կարծիքի առաջատարներին փոխարինել այն մարդկանցով, որոնք իրենց ոլորտում՝ հիմնականում քաղաքականությունից շատ կտրված, գլուխները կախ զբաղվում են իրենց գործով։
Ցանկացա նրանց ձայնը լսելի դարձնել և ցույց տալ նրանց ոչ թե թեմայի մակերեսին, այլ խորքում։ Փորձում ենք գտնել մարդկանց, որոնք տեսանելի չեն, բայց նրանց գործը ազդեցիկ է, շատ կարևոր հասարակության համար, նաև չգնահատված։
Եթե պարզ ձևակերպեմ՝ ուզում էի ստանալ մարդկանց հետաքրքրող թեմաների մասին զրույցների շարք, որը սահմանափակված չէ ժամանակով և չի այլափոխվում մոնտաժով։
Հաճախ ժամանակի սղությունը չի թողնում մարդկանց բացվել և անկեղծանալ, ցույց տալ իրենց մարդ ու մասնագետ տեսակը։
Մենք զգուշացնում ենք մեր հյուրերին, որ rec-ից հետո ամեն ինչ ձայնագրվելու և տեղադրվելու է մեր ալիքում առանց մոնտաժի։
Անկեղծության տանող զրույցների շարք սկսելը շատ համարձակ քայլ է, որովհետև զգայուն է նաև ընտրված ժամանակահատվածը։
Իմ նախագիծը ոչ մի քաղաքական կամ ֆինանսական կաշկանդվածություն չունի քննարկելու հանրության հուզող, բայց տարիներով տաբու համարվող թեմաներ։ Անկաշկանդ խոսակցություն է մեզ պետք, ուզենք դա, թե չուզենք։
Կարծում եմ` ստեղծված իրավիճակն է պարտադրում անկեղծ ու թափանցիկ մտքերի փոխանակման, որովհետև սկզբում խնդիրները պատկերացնել է պետք, հետո միայն խոսել լուծելու մասին։
Մեր ժամանակների մեյնսթրիմ մեդիայի հարցազրույցներում շատ են արհեստական, ձևական, շաբլոն դարձած ձևակերպումները, որոնց հետևում ավելի շատ շահ ու պատեհություն է, քան միտք, անհանգստություն, գաղափար։
Բոլորը ասում են պետք է սա անել, նա անել, բայց ամենակարևոր հարցերի պատասխանները չկան՝ ինչպես անել, ինչու անել, ինչու հենց դա անել և այլն։
Հիմա մի տեսակ մոդայիկ է դարձել խոսել տնտեսության զարգացման մասին, լրագրողների և մասնագետների խոսքում անհնար է գտնել օրինակներ, պատկերացումներ, թե այդ ինչպես ենք զարգացնելու տնտեսությունը, ինչ ներուժով, որ ուղղություններով, կօգնի այն մեր ընդհանուր երազանքի իրականացմանը, որն է մեր ընդհանուր երազանքը։
Արժեհամակարգային հարցերից շատ ենք խոսում, ասում ենք, մենք պետք միավորվենք, իրականում դա խաբկանք է՝ ֆեյք։ Իմ փոդքասթի ժամանակ զրուցում ենք, թե ինչի շուրջ կարող ենք միավորվել, կարող ենք, թե չենք կարող։
Rearrange-ն օրակարգեր չունի, հետևաբար ծայրահեղ կարող են լինել արձագանքները, այդպե՞ս չէ։
Խոսում եմ հարցերի ու խնդիրների շուրջ, որոնք նախ ինձ են հետաքրքիր․ ես ազատ եմ դրանց ընտրության հարցում։
Չունենք ոլորտային սահմանափակում, մեր խնդիրը միայն զրուցելը չէ, ուզում ենք մարդկանց նաև գիտելիք փոխանցել, տեխնիկական հմտություններ, արժեքավոր որևէ տեղեկատվություն, որը կարող է փոխել նրա առօրյան, մտածելակերպը, հեշտացնել աշխատանքը և այլն։
Ինձ այս նախագիծը շատ մեծ էնեգիա է տալիս, որովհետև ուրիշ ոգևորություն է զգալ, որ ոչ մի սահմանափակում չունես։
Ինձ սփյուռքից գրում են, որ լավ գործ ենք անում և մեր հյուրերի միջոցով հասկացել են, որ այստեղ Հայաստանում շատ մտածող և գործի նվիրյալ մարդիկ կան և որոշել են ներդրումներ անել։
Անկեղծ լինեմ՝ ինձ համար ամեն զրույց բացահայտում է, արժեքավոր, որովհետև ընթացքում շատ տեղեկություններ եմ ստանում, որոնց մասին նախկինում չգիտեի կամ այդքան էլ խորը պատկերացումներ չունեի։
Բարձրագոչ խոսքեր չասեմ, բայց շատ մարդիկ են ինձ գրում, որ հետևում են կամ շատ արդիական համարում․ հետադարձ կապն ինձ վստահություն է տալիս, որ արդարացված քայլ էր ու կարիք կա շարունակելու։
Ժամանակի հետ փոխվում է մեր լսարանը, նախկինում 25-30 տարեկաններն էին, այժմ՝ 18-35, կայուն լսարան կարող ենք համարել նաև 35-55 տարեկաններին։
Օնլայն բովանդակությունն այսօր հնարավորություն է տալիս մանրամասն վերլուծություն ստանալ լսարանի մասին, 30 տոկոսը սփյուռքի մեր հայրենակիցներ են։
Այս ցուցիչը կարևոր է հասկանալու, որ մենք պետք է ցույց տանք հատկապես Հայաստանում ապրող այն մարդկանց, որոնք հնարավորություն ունեն հեռանալու, բայց մնում են, երազանքներ ունեն այստեղ իրականացնելու, խորապես հավատում են իրենց գործին և այն ապագային, որի մասնակիցն են։
Ինքնաֆինանսավորվող նախագծները Հայաստանում այդքան էլ երկար չեն դիմանում, եթե չեն վաճառվում։ Խոսենք ռեսուրսների և ապագայի մասին։
Մենք միայն ռեսուրսների հարցում ենք սահմանափակ, տեխնիկական փոքր թիմ ունենք և մեկ copy writer։
Այս պահին նախագծի համար միայն ես եմ գումար ներդնում, արդեն մոտ 10 հազար դոլար եմ ծախսել և նյութական ոչինչ չեմ ստացել։
Հետագայում նպատակ կա այն դարձնելու կոմերցիոն և ստացված գումարով ընդլայնել աշխարհագրությունը։ Եթե հնարավոր լինի նախագիծը նաև արտասահման տանել՝ ԱՄՆ, Եվորոպա, Ռուսաստան։
Սկզբի համար նպատակ կա առաջին հերթին մարզեր գնալ։
Ինքս Վանաձորից եմ և շատ մարդկանց գիտեմ, որ ստվերում են, բայց կարևոր, ազդեցիկ գործ են անում իրենց համայնքում։ Ինչու նրանց մասին չպատմել սփյուռքի լսարանին և հակառակը։
Պարզապես պետք է աշխատել և մեծացնել լսարանը՝ 2 հազար հետևորդներին դարձնել 20 հազար և ավելի, հետո միայն գնալ այդ քայլին։
Ինչպե՞ս է Ձեր անձնական մոտիվացնան հատվում մարդկանց տեղեկատվություն ստանալու ցանկության հետ։
Մենք հաճախ մասշտաբն ենք կարևորում և էականը բաց թողնում մեր տեսադաշտից։ Կարևոր է իրար պատմել մեր փորձառության մասին, հնարավոր է այն ուսանելի լինի մեկ կամ մի քանի մարդկանց համար և տարբեր ճանապարհներ հարթի։
Փորձում եմ խոսակցության նյութը դուրս բերել քաղաքական, տարածքային և այլ սահմանափակումների դաշտից, տարածել այն և ցավոտ կետերի սեղմել։
Մենք չենք կարող անվերջ հետաձգել կնճռոտ հարցերի շուրջ խոսակցությունները։ Ինչքան քաջ գտնվենք այդ հարցում, այդքան շուտ դուրս կգանք ճգնաժամից։
Եթե ամփոփելու լինեմ կասեմ, որ իմ գործով ուզում եմ Հայաստանում մարդկանց օգնել ապրելու մեջ իմաստ դնել, որովհետև եթե մարդիկ այստեղ լավ չապրեն, ես էլ ինձ լավ չեմ զգա։
Ահա այսպիսի նեղ անձնական շահ ունեմ այս նախագծում։
Հարցազրույցը Գայանե Ասրյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: