ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն 2021-ի գարնանային կիսամյակին «ԶԼՄ կարգավորում և ինքնակարգավորում» դասընթացը ուսումնասիրեցին նոր՝ «Մեդիա օրենդրություն» ուսումնական ձեռնարկով։
Դասագրքի թեմաներն են արտահայտվելու և մամուլի ազատության սահմանադրական երաշխիքներինը, արտահայտվելու ազատության ազգային և միջազգային իրավական կարգավորումները, տեղեկատվության ազատություն հասկացությանն ու նշանակությանը։
Ձեռնարկը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աջակցությամբ։ Հեղինակը ԵՊՀ դոցենտ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր տնօրեն Շուշան Դոյդոյանն է։ Նա արդեն 24 տարի է Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդում է «Լրագրողական էթիկա», «ԶԼՄ օրենսդրություն», «ԶԼՄ կարգավորում եւ ինքնակարգավորում» հեղինակային առարկաները:
2000-ականների սկզբին երբ ես էի սովորում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, Դուք դասավանդում էիք «ԶԼՄ և օրենսդրություն» առարկան։ Այն ժամանակ այդ թեմայով դասագիրք չկար, ձեր տրամադրած նյութերով էինք պատրաստվում, ե՞րբ ստեղծվեց առաջին ձեռնարկը։
Ես դասավանդում եմ 1997-ից, բայց դասագրքի առաջին հրատարակությունը եղավ ավելի ուշ՝ 2008-ին, ՅՈՒՆԵՍԿՈ-ի աջակցությամբ։
Սա այն ոլորտն է, որտեղ անընդհատ նորություններ են լինում։ Վերջին տասը տարում լրատվամիջոցների և դրանց հարակից օրենսդրությունում էական փոփոխություններ են եղել։ Անհրաժեշտությունը մեծ էր, որ մեր ունեցած դասագիրքը վերախմբագրվի, հավելումներ կատարվեն նախնական տարբերակի վրա և այն նորից լույս ընծայվի։
Ձեռնարկի նորացված տարբերակում փորձ ենք արել համապարփակ ներկայացնել լրատվական դաշտի ամենակարևոր հիմնական կարգավորումները, առանձին գլուխներով անդրադարձել ենք Սահմանադրությանը, միջազգային փաստաթղթերին, տեղական օրենդրության ամենակարևոր ու առաջնահերթ դրույթներին։ Սա շատ է օգնում ուսանողներին ունենալ համակարգված ամբողջական տեղեկատվական աղբյուր իրենց գիտելիքը հարստացնելու համար։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած լրագրողի համար որքանո՞վ է այդ գիտելիքը կիրառելի։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտները մեդիա դաշտ մտնելուց առաջ ունեն անհրաժեշտ հիմնական գիտելիքները, օրինակ՝ ինչպես իրենց պաշտպանեն, երբ պաշտոնյան անօրինական մերժում է տրամադրել տեղեկատվություն կամ, երբ իրեն մեղադրում են վիավորանք և զրպարտություն հրապարակելու մեջ։ Նա, շատ լավ իմանալով օրենսդրությունը, կարողանում է այնպես ձևակերպի իր ասելիքը, հանրային կարևորության թեմային այնպես անդրադառնա իր հրապարակման մեջ, որպեսզի իրեն չկարողանան մեղադրել։
Այլ հարց է՝ որքանով են պահանջված բուհի տված գիտելիքներն այսօր խմբագրությունների կողմից։ Նույնը կարող ենք ասել նաև լրագրողական էթիկայի մասին։ Ուսանողները սովորում են և շատ լավ պատկերացնում են, ինչը կարելի է, ինչը՝ ոչ, բայց բազմաթիվ խմբագրություններում դրանք առաջնահերթություն չեն։
Եթե լրագրողը գործում է օրենքի և էթիկայի շրջանակում, օբյեկտիվ է և անաչառ, դա, ցավոք, եկամտաբեր չէ։ Բոլորս էլ շատ լավ պատկերացնում ենք, որ այսօր քաղաքական, տնտեսական, անձնային շահերը գալիս և բախվում են հանրային շահին։ Հետևաբար այդ գիտելիքը ոչ միայն մեր ուսանողների համար է կարևոր, այլ՝ ընդհանուր մեդիա դաշտի։
Հայաստանում մեդիա օրենսդրության փոփոխությունները ինչպե՞ս են ազդել ձեր՝ «ԶԼՄ կարգավորում և ինքնակարգավորում» դասընթացի վրա։
Այն մոտեցումները, որոնց հիման վրա դասավանդվում էր առարկան տարիների ընթացքում հիմնովին փոխվեցին։ Երբ դեռ մեր դասագրքի առաջին տարբերակն էր մշակվել , գլոբալ փոփոխություն տեղի ունեցավ զրպարտության և վիրավորանքի մասին օրենքում։ 3-4 տարի անց ապաքրեականացվեց այս հոդվածը, ոլորտի ամբողջ հայեցակարգը փոխվեց։ Բնականաբար, նոր ձեռնարկում արմատապես փոխվեց համապատասխան բաժինը։
Ամբողջությամբ նոր կարգավորումներ եղան նաև տեղեկատվության ազատության ոլորտում, 2015 թ-ին Հայաստանում ձևավորվեց ամբողջությամբ նոր օրենդրություն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ Դրան վերաբերող բաժինը լրիվ նոր է դասագրքում, իսկ նախկինում ամբողջ նյութը միջազգային փաստաթղթերի փորձի վրա էր հիմնված։ Հատուկ ուշադրության ենք արժանացրել լրագրողի տեղեկատվության աղբյուրների գաղտնիության իրավունքի եւ դատավարությունների լուսաբանման իրավական կարգավորման առանձնահատկություններին։
Այսօր փոխվել են նաև դասավանդման մեթոդները՝ ներառելով նոր տեխնոլոգիաները, կրթական առցանց հարթակների հնարավորությունները։ Այս գործընթացի վրա իր ադեցությունն ունեցավ նաև համավարկը, առցանց գործիքներն սկսեցին ավելի լուրջ դերակատարարում ունենալ մեզ համար։
Ինչպես նշեցիք, այս ձեռնարկը միայն ուսանողների համար չէ նախատեսված։
Այո, այս ձեռնարկի թիրախային լսարանը շատ ընդգրկուն է, այն ոչ միայն պրակտիկ ուղեցույց է լրագրողների համար, այլ կարող է օգտակար լինել մեդիա տեսաբանների, իրավաբանների և փաստաբանների համար, որոնք, օրինակ, պաշտպանում են լրագրողների շահերը դատարաններում: Այստեղ հանգամանորեն ներկայացված են ամենատարբեր իրավիճակներ։
Ձեռնարկը կարող է նաև շատ օգտակար օժանդակ նյութ լինել պատգամավորների համար, որոնք փոփոխություններ են նախաձեռնում մեդիա օրենսդրության ոլորտում, հասնականալու համար, ինչ բացեր ու խնդիրներ կան, որոնց կարելի է անդրադառնալ։ Գիրքը գրելիս ես նաև իրենց եմ մտքումս ունեցել, քանի որ վերջին շրջանում, ցավոք, որակյալ նախաձեռնություններ պատգամավորների կողմից չեն եղել։
Ձեռնարկի մի քանի հարյուր օրինակ տրամադրվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետին, և այսօր ուսանողներն արդեն դրանով են սովորում։ Այն տրամադրվել է նաև մի քանի գրադարանների։ Տպագիր օրինակից բացի «Մեդիա օրենդրությունը հասանելի է նաև առցանց՝ այս ոլորտով հետաքրքրող բոլոր անձանց համար։ Ձեռնարկը հնարավոր է ներբեռնել ինչպես Տեղեկատվության ազատության կենտրոնի կայքից, այնպես էլ media.am-ի Լաբորատորիա բաժնից։
Հարցազրույցը Մանե Գրիգորյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: