2021.02.26,

Տեսակետ

«Անգամ 2020-ի հսկայական ապտակից հետո հայաստանյան մամուլի նյութերի մեծ մասը պրոպագանդա է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ժնևի համալսարանի պատմության դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը վստահ է, որ հիմա նախևառաջ հարկավոր է դուրս գալ ներքաղաքական ճգնաժամից ու սթափ գնահատել մեր ներուժը։

Այդ թվում նաև հստակ գիտակցել, որ լրագրությունն ու պրոպագանդան բոլորովին տարբեր մասնագիտություններ են։ 

Դուք լրագրող էիք 1990-ականներին և տեսել եք, թե ինչպես է Հայաստանում փորձում ձևավորվել անկախ լրատվական դաշտը։ Հիմա տարիների հեռվից նայելով՝ ինչու՞ չստացվեց։

Հայաստանի մամուլի պատմությունը հետաքրքրական նյութ է, որը չի գրված։ 

Երբ 1992-ին Բեյրութից եկա Երևան որպես լրագրող (թեև Սովետական Հայաստան եկել էի, բայց անկախությունից հետո արդեն եկա աշխատելու) տեսա, որ Հայաստանում արդեն սկսել է ծիլ առնել որոշ մասնագիտական մամուլ։ Ասենք, «Ազգ» թերթը, որին թղթակցում էի, փորձում էր լինել պրոֆեսիոնալ մամուլ, համաձայն արևմտյան մամուլի սահմանումների։ Կային նաև այլ թերթեր, որոնք Սովետի փլուզումից հետո փորձում էին հաստատվել։

Բայց այդ ամենը փշրվեց 1990-ականների կեսերին, և Հայաստանում այդպես էլ չձևավորվեց պրոֆեսիոնալ մամուլ, որը կարող էր հիմնական աշխատանք տանել՝ տեղեկացնելով հանրությանը իրաղությունների մասին և պլատֆորմ առաջարկելով երկխոսության, բանավեճի համար։

Ինչու՞ դա չիրականացավ։

Անշուշտ, կան շատ խորը պատճառներ՝ Հայաստանի քաղաքական վերիվարումները, սովետական «ժուռնալիզմի» ավանդույթը, երբ ժուռնալիզմ պարզապես չկար, այլ կար բոլորովին ուրիշ մասնագիտություն, որը կոչվում էր պրոպագանդա։

Ընդհանրապես, հետսովետական հարաբերություններում ժուռնալիստները փաստորեն պատրաստ էին պրոպագանդայի։ Ներքուստ պատրաստ էին, որ նա, ով վճարում է, ասի նաև, թե ինչի մասին խոսես։ Սա ժուռնալիզմի հակառակ բնագավառ է, քանի որ ժուռնալիստն ինքը պետք է իրականությունից վերցնի իր լսարանի համար հետաքրքիր նյութեր, մշակի և ներկայացնի դրանք։

Հայաստանում այդպիսի մամուլ չձևավորվեց։ Եվ մինչև այսօր չկա։ Անգամ 2020-ի հսկայական ապտակից հետո հայաստանյան մամուլի նյութերի 80%-ը պրոպագանդա է։ Այսինքն, մեկ հարձակվում են մի անձի վրա, մեկ էլ հարձակվում են այդ անձի հակառակորդների վրա։ 

Անշուշտ, սա կապ չունի ժուռնալիզմի ու պետության զարգացման գաղափարի հետ։

Միշտ պետությունն է եղել հիմնական պրոպագանդիստը։ Բայց հիմա Հայաստանում պրոպագանդայի կենտրոններն այլ տեղերում են, ակամայից ընդդիմադիր դարձած ուժերի ձեռքում։ Երբ նայում եք մեր մեդիա դաշտին, արդյո՞ք այն նման չէ կռվի դաշտին։

Հստակ է, որ մանավանդ, ինտերնետային ու սոցիալական մեդիայի էջերում սփռվող մամուլը դրամի ու քաղաքական շատ նեղ նպատակներով պատվերներ է կատարում։ Շատ չեմ հետևոմ հայաստանյան մամուլին, քանի որ այն հետաքրքրական չէ, ճիշտն ասած՝ հետևելու բան էլ չկա, մեկը մյուսի վրա ցեխ ու կեղտ է նետում։

Չկան գաղափարներ, փաստարկներ ու մտքերի շարադրություններ, որ թեկուզ հասկանալի լինի, թե ինչու են իրար վրա հարձակվում։ Այսօր, երբ հանրության մեծ մասը գրել և կարդալ գիտե, միայն կեղծ ու կեղտոտ ինֆորմացիան բավարար չէ։ 

Կեղտ թափելով կարող են միայն շատ նեղ շրջանակների վրա ազդել, բայց ավելի լայն շրջանակների վրա ազդելու համար պետք է փաստարկներ ու գաղափարներ մշակել։

Նույնիսկ եթե տեսակետ ունես, պետք է կարողանաս զարգացնել մտքերի շղթան, այլապես տեսակետն էլ ազդեցիկ չի լինի։  

Իմ կարծիքով՝ այդ տեղեկատվական պայքարը ոչ հետաքրքրական է։

Ձեր կարծիքով, այս պարտությունը առի՞թ է վերաիմաստավորելու, նաև մաքրվելու անցած սխալներից՝ տնտեսությունում, Սփյուռքի հետ հարաբերություններում, մասնագիտական հարցերում։

Պատերազմը ցույց տվեց, որ Սփյուռքը ևս մաս ունի Հայաստանի պարտության մեջ և իր վրա պետք է վերցնի դա գիտակցելու պարտականությունը։ Հայկական քաղաքական և սոցիալական բոլոր կառույցները պատրաստ չէին այս առճակատմանն և ցույց տվեցին իրենց թույլ կետերը։

Հիմա կարելի է անել երկու բան։ Կամ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները կմնան այն խղճալի վիճակում, ինչ հիմա են։ Կամ ամեն անհատ և ամեն կառույց պետք է նախևառաջ իր բնագավառում, հետո որոշ խմբային աշխատանքի միջոցով փորձի գիտակցել և նկարագրել մեր բոլոր բացթողումները։ 

Հասկանանք, նկարագրենք, հետո մտածենք, թե ինչպես սրբագրենք դրանք՝ ինչը պահենք և ինչից հրաժարվենք։

Ի վերջո, թե՛ գիտական, թե՛ մտավոր մեր ռեսուրսները շատ սահմանափակ են, մենք չունենք շռայլություն մեր միջոցները մսխելու։ Կարևոր է հասկանալ, թե մեր ունեցած նեղ միջոցները որ ուղղությամբ պետք է ներդնենք։

Օրինակ, հիմա Հայաստանում հազարավոր մարդիկ պնդում են, որ պետք է դրոններ արտադրել։ Եվ պետք է տարբեր կողմերից ուսումնասիրել, թե ինչ անել՝ դրոններ արտադրե՞լ, թե՞, ասենք, զարգացնել դիվանագիտությունը։ Հասկանանք, թե որ մոտեցումն է ավելի խոհեմ, ավելի մատչելի ու ավելի ցանկալի։

Այս աշխատանքը կատարելու նշաններ ես տեսնում եմ։ Մարդիկ, որոնք վերջին 10-15 տարիների ընթացքում ընդհանրապես անտարբեր էին, հիմա այդ հարցերը բարձրացնում են։

Հայաստանում և Սփյուռքում կան հարցադրումներ։ Չեմ կարող ասել, որ դրանք բավարար են, որպեսզի լուծումներ գտնենք և ստեղծենք ապագայի նոր ղեկավարություն, որը կարող է Հայաստանն ու Սփյուռքը առաջնորդել նոր ուղղությամբ։

Կարևոր է, որ կան այդ լուրջ հարցադրումների նշույլները։ Բայց դրանք հնչում են հիմնական մեդիա հարթակներից դուրս։

Տարիներ շարունակ մեդիայի ուշադրության կենտրոնում էր ոչ շատ կոմպետենտ, անգամ ֆեյք էքսպերտային համայնքը։ Սկսած տեխնոլոգիաներից, տնտեսագետներից, վերջացրած փիլիոսոփայական մտքով (ազգայնական-վերացական)։ 

Իմ տպավորությամբ՝ սկսած 2000-ականներից Հայաստանի ու նաև Սփյուռքի քննարկման պլատֆորմները, դաշտը, որտեղ կարելի էր հարցադրումներ անել և երկխոսություն զարգացնել, սկսել էր նեղանալ։ Եվ վերջին տարիներին այդ նեղված վիճակը  անտանելի էր, ես տեսնում էի, որ ուղղակի հնարավոր չէ իմ մտահոգությունները բարձրացնել հայաստանյան հարթակներում։

Այսօր պետք է վերանայենք, թե ինչպես ստեղծենք նոր հարթակներ, ցանցեր, նեթվորքներ, որպեսզի Հայաստանը կարողանա իր կարիքներին հարմար ամենալավ մասնագետներն ունենալ, նույնիսկ եթե այդ մասնագետները չկան ոչ Հայաստանում, ոչ Սփյուռքում։

Մենք կարող ենք մեր ընկերների, դաշնակիցների, գործընկերների միջոցով լուծել փորձագետների պահանջարկը։

Հայաստանում և Սփյուռքում եղած ներուժը գոնե կողք կողքի բերենք։ Հուսով եմ՝ այդ ուղղությամբ կլինի տեղաշարժ, բայց հիմա այն դեռ շատ նախնական քայլերի տեսքով է։

Ձեր կարծիքով կա՞ պատվեր լրատվամիջոցներով ու սոցցանցերով խտացնել անհուսության զգացումը։

Դա հստակ է, բայց միևնույն ժամանակ պարտությունից անմիջապես հետո ստեղծվել էր ծանր հոգեբանական վիճակ, և այդ պատվերներ անողները փորձեցին ճնշված զանգվածային հոգեբանական իրողության վրա զարգացնել իրենց պլանները։

Հայաստանում քաղաքական ճգնաժամ է, որի մեջ են գտնվում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, որը ձևավորվեց 2018-ից հետո։

Իշխանությունները հիմնական պատասխանատուներն են, որոնք պետք է այս ճգնաժամից դուրս գալու լուծում առաջարկեն։ Փոխարենը մտնեն այն խաղի մեջ, թե հանրության մոտ չկա իշխանափոխության պահանջ։ 

Նշանակություն չունի կա պահանջ արտահերթ ընտրությունների, թե չկա, կարևոր է, որ Հայաստանը 2020-ին պատերազմի մեջ մտավ և պարտվեց, ուրեմն պարտվեցին նաև մանդատ ստացած իշխանությունները։

Անկախ ամենից պետք է պատասխան տրվի և ժողովրդին բացատրվի, թե ով է պատասխանատվություն կրողը։

Բավարար չէ միայն ձևականորեն ասել, որ պատասխանտու են ու շարունակեն կյանքը, ինչպես եղել է։ Հարկավոր է ձեռնարկել միջոցներ, որ Հայաստանը դուրս գա ներքաղաքական ճգնաժամից։

Կան ժամանակներ, երբ հասարակությունը շատ ավելի զարգացած է ու իրատես, քան իր ղեկավարները։ Այդպես էր, երբ փլվեց Սովետը, այդպես էր նաև 2018-ին։ Հիմա՞ էլ է այդպես։

Կարծում եմ, միայն քաղաքական ղեկավարության պրոբլեմը չէ։ Այսօրվա ճգնաժամը ցույց տվեց, որ դրանից զատ Հայաստանում ինստիտուցիոնալ պրոբլեմներ կան։ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, և մեծ դեր ունեն կուսակցությունները, որոնք սակայն այսօր գոյություն չունեն։ Կա իշխող խմբակ, և կա իշխանություններից դուրս գործող խմբակ։ Եվ ոչ մեկը, ոչ մյուսը իբրև ինստիտուցիոնալ կառույց կայացած չեն։

Հայաստանում թերզարգացած են պետական ու քաղաքական կառույցները, և դա ստեղծում է շատ հարցականներ։

Պատրաստավում ենք ընդունել մի քանի օրենքներ, որոնք կխստացնեն վիրավորանքի, զրպարտանքի համար տույժերը, կսահմանափակվեն լրատվամիջոցների աղբյուրները և այլն։ Ձեր կարծիքով, ցանկացած իշխանություն, ի վերջո, երազու՞մ է նման ռեպրեսիվ մեխանիզմներ ունենալ ձեռքի տակ։

Իշխանությունը միշտ ռեպրեսիվ է։ Այսօր արդի պետությունը հսկայական ուժի խտացման կենտրոն է, և որևէ ուժի խտացում շատ վտանգավոր է։

20-րդ դարի պատմությունը ցույց տվեց, որ պետությունը ինքնին վտանգավոր գործիք է, եթե չկան հակակշիռներ։ 

Հայաստանի պարագայում էլ, 2018-ից հետո քաղաքական զարգացման հիմնական խնդիրն այն է, որ չկար հակակշիռ կամ այդ հակակշիռը պետական կառույցներից դուրս էր։ Այդպես էր Ազգային ժողովում, գործադիր մարմիններում և նույնիսկ դատական համակարգում։ 

Իմ կարծիքով՝ այսօր իշխանությունները փորձում են իրականացնել այն, ինչ իրենց տեսանկյունից ճիշտ է։ Բայց Հայաստանի ապագայի համար ստերին ու կեղտոտ պրոպագանդային ամենաճիշտ պատասխանը միակն է՝ ստեղծել վստահելի և պրոֆեսիոնալ մեդիա։ 

Եվ դա անել ոչ թե գրաքննությամբ, այլ ժողովրդին ցույց տալով, որ կա կեղծիքից զուրկ պրոֆեսիոնալ մամուլ։ Դա է միակ պատասխանը։ Ուրիշ պատասխան չի կարող լինել, եթե ընտրում ենք զարգացման ճանապարհը։

Իշխանությունները միշտ նույն սխալներն են անում, ամեն տեղ էլ։ Կարծում են, որ իրենք իշխանություններ են անսահման և հավերժ։

Բարդ է հասկանալ, որ իրենք միայն ժամանակավորապես են մանդատ ստացել՝ որոշումներ իրականացնելու, և իրենց ռեպրեսիվ ու անհեռատես քայլերը դեմ են իրենց տված խոստումներին։

Պետք է երկարաժամկետ մտածեն։ Այսինքն, խորհեն ոչ թե միայն իրենց իշխանության ժամանակաշրջանի մասին, այլ ապագայի։

Եվ երևակայեն, որ նորից են մասնակցելու ընտրություններին, երբ արդեն իշխանություններ չլինեն։ Եվ թող այդ ժամանակ հարց տան իրենց՝ թե ինչպիսի Հայաստանում կուզեն ապրել ու գործել որպես ընդդիմություն։

Տարօրինակ է, որ մարդիկ միշտ խորհում են, որ մնալու են միշտ երիտասարդ և հավերժ։ Դժբախտաբար, այդպես չի լինում։

Ես իսկապես կարծում եմ, որ Հայաստանի անկախությունից հետո մամուլի փորձը վերագնահատելու կարիք կա, որ հասկանանք, թե երբ և ինչպես սկսեցին շարժվել սխալ ուղղությամբ։ Եվ ինչու երեք տասնամյակ անց չկարողացանք պրոֆեսիոնալ մամուլ զարգացնել։

Տարիներ ի վեր չենք մտածել, որ մամուլը կարևոր է։

Երևի հենց մտածելով են օլիգարխիկ ու պետական օղակները սկսել վերահսկել մամուլը։

Վերահսկվող մամուլը այլևս դադարում է լինել մամուլ և վերածվում է պրոպագանդայի։ Ես խոսում եմ մամուլի մասին։

Այն ժողովուրդը, որը աշխարհով մեկ ցրված Սփյուռք ունի, չունի որակյալ մամուլ ոչ Հայաստանում, ոչ Սփյուռքում։ Եվ դա իսկապես ցավալի է։

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *