Պարտությունը կարող է լինել զարգացման խթան, որը կօգնի վերաիմաստավորել այն միֆական իղձերն ու ազգայնական տեքստերը, որոնք մի քանի տասնամյակ կախված են մեր գլխի վրա իբրև թե որպես պաշտպանիչ վահան, բայց իրականում որպես թակարդ (ծովից ծով Հայասատանից սկսած, օջախային պետության կարգախոսով վերջացարած):
Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի (Lehigh) համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը այդքան էլ լավատես չէ, ենթադրելով, որ անգամ այս դաժան պարտությունից հետո կարող ենք ժամանակ ու ռեսուրս մսխել, մնալով միֆերի գրկում:
Նա համոզված է, որ «ոչմիթիզհողականությունն» և հայդատականությունը ներխուժելով բոլոր ոլորտներ՝ այլասերել են մտավոր դաշտը: Եվ շատերին, անգամ ամենավերին իշխանական օղակներում թվում է, որ «իրականությունը պլաստիլինի պես նյութ է, որին կարելի է ուզածդ ձևը տալ»:
Արման Գրիգորյանի կարծիքով՝ լրատվամիջոցների մեծ մասը շարժառիթ չունի լուրջ գործով զբաղվելու, այլ ստեղծում է կակաֆոնիա, որի մեջ կարևոր ձայները խեղդվում են:
Ազգայնական առասպելները, անզիջում ու պաթետիկ խոսքը միշտ պահանջված ապրանք են հանրային ելույթներում: Լրատվական դաշտը այդ առասպելները տարածելով՝ ի՞նչ դեր է կատարել:
Մեր լրատվական դաշտը չի կատարում իր ֆունկցիան: Եթե այն համեմատենք շուկայի մոդելի հետ, կտեսնենք, որ լրատվական դաշտը չի ապահովում գաղափարների մրցակցություն: Այն աղճատված է և մեծ հաշվով՝ մենաշնորհի տեսք ունի։
Լրատվական դաշտը պատասխանատու է ազգայնական առասպելաբանությունը քաջալերելու համար։ Այն չափազանց հանդուրժող է եղել այդ առասպելների վաճառականների նկատմամբ ու խուսափել նրանց դժվար, բայց ակնհայտ հարցեր տալուց։
Հատկապես ուժեղ վերահսկողության տակ միշտ եղել է հեռուստատեսային լրատվությունը, սկսած 2000-ականներից, երբ փակեցին «Ա1»-ը: Այդ ժամանակվանից հեռուստատեսությունը եռանդուն կերպով նպաստել է առասպելների ձևավորմանն ու պահպանմանը:
Եթե կարճ ասենք, ո՞րն է այն հիմնական առասպելը, որի ճնշման տակ գտնվում ենք առ այսօր:
Դա մի ամբողջ փունջ է, որի մեջ մտնում են ավանդական Հայ Դատն իր պահանջատիրությամբ, ազգային գաղափարախոսությունը, ոչմիթիզականությունը, նժդեհականությունը և այլն։
Սրանք առասպելականացված ու մի տեսակ կրոնական երանգ ձեռք բերած գաղափարախոսություններ են, որոնք ուղղակի մենաշնորհ դիրքեր ունեն գաղափարների մեր շուկայում։
Ի՞նչ նկատի ունեմ «առասպել» ասելով։ Հայ Դատն, օրինակ, սահմանված է որպես պատմական Հայաստանի ամբողջ տարածքի վրա հայկական սուվերենության վերականգնում։ Որևէ ողջամիտ մարդու համար պետք է պարզ լինի, որ սա որպես գործնական նպատակ պարզապես ցնդաբանություն է։ Եվ որևէ շանս չունի երբևէ իրականություն դառնալու։
Բայց մենք մի ամբողջ ինդուստրիա ունենք, որը զբաղված է այս ցնդաբանության պրոպագանդայով։ Ինչ-որ հղումեր են անում պատմական արդարությանը, իրենք իրենց և ուրիշներին համոզելով, թե պատմական արդարություն կոչվածը որևէ քաղաքական իմաստ ունի։
Համոզում են, որ եթե բազմաթիվ պետություններ ճանաչեն հայոց ցեղասպանությունը, դա կծառայի տարածքները Հայաստանին վերադարձնելու նպատակին, վստահեցնում են, որ Սևրի պայմանագիրն ու Վիլսոնի իրավարար վճիռը ոչ միայն չեն կորցրել իրենց իրավական ուժը, այլև կարող էն դառնալ այն զենքերը, որոնք աշխարհին կստիպեն ճանաչելու հայերի իրավունքներն այդ տարածների վրա, պնդում են, որ պետք է չեղարկել Կարսի պայմանագիրը, և այլն։
Ոչմիթիզականներն ամբողջ 22 տարի ինչ-որ առասպելներ են կերտել «հաղթողականության» ու «պարտվողականութան» մասին` այն տրամաբանությամբ, որ հաղթելն ու պարտվելը բացառապես մտադրությունից են կախված։
Առասպելներ են կերտել մեր մարտունակ բանակի, ադրբեջանցիների ապուշ լինելու, անվերապահորեն մեր կողքին կանգնելու ռուսների շահերի մասին, և այսպես շարունակ։
Այսինքն, ստեղծել են իրականության մի պատկեր, որը ոչ թե իրականությունն է արտացոլում, այլ իրենց ցանկություններն ու կանխակալությունները։
Իսկ իրականությունը պլաստիլին չի, որին կարող ես ուզածդ ձևը տալ։ Իրականությունը միշտ վրեժ է լուծում, եթե իրեն արհամարհում ես, ինչին մենք ականատես եղանք սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակաշրջանում։
Գրեթե չեն եղել բանավեճեր այդ թեմայով: Անգամ եթե եղել են, սովորոբար հակադարձողները հայտնվել են ոչ նախանձելի իրավիճակում:
Դոգմաների ու առասպելների մյուս բնորոշ կողմն այն է, որ հաճախ առարկայական խոսքին ու փաստարկին հակադրվում է ինչ-որ մետաֆիզիկական աղմուկ, որը ոչ հերքման է ենթակա, ոչ վիճարկման։
Դա միտք էլ չի սովորաբար, այլ կեցվածք, պոզա։
Ասենք, ինչ-որ պրոֆեսիոնալ հայրենասերի բացատրում ես, որ երկրի հավակնությունները չեն կարող անհամատեղելի լինել ունեցած կարողությունների հետ, իսկ նա Նժդեհին է մեջբերում, թե` հաղթանակը տրվում է նրան, ով այդ հաղթանակն իր հոգում կրում է մինչև վաղը։
Դե գնա ու այս աղմուկը միտք համարող մարդուն ինչ-որ բան բացատրիր։
Պատերազմից մի քանի օր անց արդեն, երբ պարզ էր, որ մեր գործերը լավ չեն, մեր կարկառուն «քաղաքագետներից» մեկը ճամարտակում էր այն մասին, որ հայ զինվորն այսօր էպոս է կերտում։ Ի՞նչ կարելի էր ասել դրան ի պատասխան: Ասել, որ հայ զինվորն էպոս չի՞ կերտում։
Մեր ամբողջ քաղաքական խոսույթը հագեցած է նման պաթոսաթաթախ հիմարություններով, որոնք դուրս են մղել ռացիոնալը մեր հասարակական մտքից։
Իսկ մարդիկ, որոնք ընդվզել են այս ամենի դեմ ու պնդել են, որ իրականությունը չի կարելի շփոթել իղձերի հետ, վաստակել են ազգադավի, դավաճանի ու ջհուդամասոնի պիտակները, որովհետև այս ողորմելի մտավորական մթնոլորտում միայն ներբողներն ու իղձերի գեղարվեստական մրցակցությունն է «հայեցի» ու հայրենասիրական։
Ռացիոնալ միտքն ու խոսույթն օտար են ու չափազանց կասկածելի։ Իրականությունը չարհամարհելու կոչերն էլ` դավաճանական։
Ինքնին իղձը քաղաքական գործիք է: Երևի պիտի երազանք ունենաս, որ հետո այն իրականություն դարձնելու քայլեր ձեռնարկես:
Հասարակությունը պետք է ունենա նպատակներ, բայց եթե դրանց մեջ չկա իրատեսության որևէ նշույլ, նպատակները դառնում են անիմաստ, իսկ դրանց մասին խոսակցությունները՝ կատարելապես անլուրջ:
Օրինակ, Հայ Դատի վաճառականներին ոչ ոք չի հարցնում, իսկ եթե թուրքերը մի օր վեր կենան, ընդունեն Սևրի պայմանագիրը և Հայաստանին հանձնեն այդ պայմանագրով գծված տարածքները, ի՞նչ ենք անելու:
Պատրա՞ստ ենք ինքնիշխան Հայաստանի մեջ ներառել ամբողջ այդ տարածքը, որտեղ 20 մլն թուրք ու քուրդ է ապրում: Բնական է, որ նրանց պետք է իրավունքներ տանք, թույլ տանք, որ մասնակցեն ՀՀ խորհրդարանի ընտրություններին: Իսկ եթե դա չենք անելու, ի՞նչ ենք անելու այդ մարդկանց հետ։
Սա տարրական հարց է, որ պետք է տալ, եթե պատմական Հայաստանը վերադարձնելն իսկապես քաղաքական նպատակ է, ոչ թե մարդկանց էմոցիաների վրա խաղացող թատերական ներկայացում։
Ճիշտ եք ասում, որ հասարակությունը պետք է իղձեր ունենա: Բայց եթե այդ իղձերն ամբողջովին կտրված են իրականությունից, ես դրանց իմաստը չեմ հասկանում։
Շատ ավելի լավ կլիներ, եթե մեր իղձերը կենտրոնացած լինեին Հայաստանը գիտության, տեխնոլոգիայի ու արվեստների ծաղկուն երկիր դարձնելու վրա։
Պատմությունից վրեժ լուծելու իղձը առողջ իղձ չէ, հատկապես, որ դրա կարողությունը մեր ժողովուրդը պարզապես չունի։ Մեր պատմության դեմ լավագուն վրեժը կլինի դրա տրամաբանությունը փոխելը։
Մի բան էլ շեշտեմ. այս գաղափարախոսական ու մշակութային մթնոլորտը զուտ մտավորական ու հոգեբանական կապվածություն չէ որոշակի նարատիվի հետ։ Այն խարսխված է որոշակի շահերի մեջ։
Մենք մի ամբողջ մտավորական ու մշակութային շերտ ունենք, որի տնտեսական բարօրությունը կախված է այդ մթնոլորտի գոյատևումից։ Նրանք էլ դա ատամներով պաշտպանում են։ Հայդատականությունն, այլ կերպ ասած, բիզնես է։
Եվ քանի որ այդ բիզնեսը շատ անորակ արտադրանք է տալիս, նրա գոյատևումը կարող է ապահովված լինել միայն մրցակցության բացակայության պայմաններում։
Այդ պատճառով էլ նրանք անհանդուրժող ու դաժան են մրցակցության որևէ դրսևորման դեմ և գիտական ու մտավորական բանավեճերին բնորոշ խաղի կանոններով չեն խաղում։
Որպես կանոն պարտությունը սթափեցնող երևույթ է: Դա շանս է վերաիմաստավորելու կոնսերվացված ազգային երազանքները: Հույս կա՞, որ պարտությունը կկատարի սառը ցնցուղի դեր և կկենտրոնացնի ուժերը իրոք կարևոր խնդիրների վրա:
Պարտությունները պետությունների ու հասարակությունների համար սարսափելի են, բայց նրանք մի լավ հետևանք կարող են ունենալ։ Դրանք օգնում են գիտակցել, որ հասարակության համար ուղեցույց հանդիսացած բազմաթիվ գաղափարներ ու ենթադրություններ սնանկ են և պետք է դեն նետվեն։
Պարտություններն ապակայունացնում են այն աղակալած հաստատությունները, կազմակերպություններն ու բյուրոկրատական համակարգերը, որոնք այդ գաղափարների ու ենթադրությունների պաշտպաններն են։
Բայց ես այնքան էլ լավատես չեն, որ դա տեղի է ունենալու մեզ մոտ։ Ազգայնական առասպելները, այնուամենայնիվ, շատ ուժեղ են և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում, շատ լավ ֆինանսավորված են ու ասում են բաներ, որոնք գոնե էմոցիոնալ մակարդակում ավելի հեշտամարս են մարդկանց մեծ մասի համար։
Նրանց հակառակորդների գործը շատ բարդ է։
Քանի դեռ ինստիտուցիոնալ մեխանիզմները և փողը կենտրոնացած են ազգայնական միֆոլոգիան քաջալերող մարդկանց ձեռքում, կարող ենք մսխել նաև այս պարտության ընձեռած հնարավորությունը:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Միֆերից, անիրականանալի իղձերից ու երազախաբությունից հրաժարվենք: Շատ լավ: Ո՞վ է դեմ (նկատի ունեմ գրագետ ու ողջամիտ հայերին): Հետո ի՞նչ անենք. հրաժարվե՞նք Հայ դատից, ի լուր աշխարհի հայտարարենք, որ ցեղասպանություն չի եղել, մեզնից երկիր չեն գողացել, ոչ մի պահանջ չունե՞նք: Թե՞ ավելի գրագետ ու պատասխանատու քաղաքականություն վարենք:
Ես չեմ վիճում, հակառակը չեմ պնդում: Ես ուզում եմ հասկանալ: