2020.11.26,

Տեսակետ

«Հասարակության բևեռացումը լրագրության համար շատ ձեռնտու է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հետպատերազմյան իրավիճակում, երբ պետական ոգևորիչ քարոզչությունը փոխարինվեց քաոտիկ հայտարարություններով, մեծացավ ատելության խոսքի ծավալը:

Մաթեմատիկոս, Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախկին նախագահ Սմբատ Գոգյանը կարծում է, որ ատելության խոսքը եղել է միշտ, և հիմա այն լավ օգտագործվում է քաղաքական տեխնոլոգների կողմից: Իսկ քաղաքականությունն ինքնին մանիպուլյացիա է:

Նա հիշեցնում է, որ եթե կայացած են լինում պետական ապարատները, ապա մանիպուլացնելու թույլատրելի շեմը նվազում է, քանի որ ինստիտուտները կարողանում են մեկը մյուսին վերահսկել: 

Բայց այդպես էլ քաջություն չունեցանք խոսելու համակարգային խնդիրների մասին:

Որքա՞ն կարևոր էր դիմադրելը պետական պրոպագանդային: Պատերազմի ընթացքում տարվող քարոզչությանը, պետության վստահելու կոչերին հավատացինք, բայց արդյունքներին պատրաստ չէինք: 

Չգիտեմ, պատրաստ էինք թե ոչ: Ամեն դեպքում, լրահոսը միարժեք չէր, և այնպես չէր, որ ներկայացվում էր, թե ամեն ինչ լավ է: Քարտեզ հասկացողը, լրահոսին հետևողն ու վերլուծողը հասկանում էր, որ կան խնդիրներ: 

Այլ հարց է, որ մենք ենթագիտակցորեն պատրաստ չէինք ընդունել ռազմաճակատում առկա պրոբլեմները: Երբ ասվում էր, որ դիրքերը փոխեցինք ու զբաղեցրեցինք ավելի հարմար բնագծեր, բնականաբար դա նշանակում էր, որ նահանջել ենք: 

Եվ այդ համատեքստում կարելի է ասել, որ կառավարությունը մնաց իր քարոզչության բեռի տակ, քանի որ զանգվածները դեռ չէին հասցրել հասկանալ, որ իրավիճակն այդքան էլ լավ չէ, երբ հանկարծ ընդունվեց ներկայիս համաձայնագիրը: Խնդիր կար ընկալելու իրականությունը:

Մենք ընդհանրապես իրավիճակն ընկալելու պահանջ ունենք, և ոչ միայն պատերազմում, այլև առօրյա կյանքում: Կենցաղից սկսած, վերջացրած համաշխարհային մակարդակի պրոցեսների մեծ մասով, սխալ ենք ընկալում ու մեկնաբանում, դա փաստ է:

Պատճառը ո՞րն է: Կրթությո՞ւնը:

Այդքան էլ վստահ չեմ: Ամեն դեպքում հիմա միջին քաղաքացու առջև դրվող պահանջները շատ ավելի բարձր են, քան եղել է դարեր շարունակ: Արդյո՞ք ուտոպիա է այն միտքը, որ քաղաքացիների մեծամասնությունը լինի բազմակողմանի զարգացած ու բոլոր իրավիճակներում կողմնորոշվող: Կարո՞ղ ենք բոլորին կրթել, որ նրանք չմանիպուլացվեն: Այդ հարցի պատասխանը ես չունեմ: 

Այլ հարց է, որ եթե երկրում կայացած են լինում պետական ապարատները, ապա մանիպուլացնելու թույլատրելի շեմը նվազում է, քանի որ ինստիտուտները մեկը մյուսին վերահսկում են: 

Օրինակ, ԱՄՆ-ում 2016-2020 թվականների բանավեճերը շատ բուռն էին՝ պարբերաբար կոչեր էին հնչում նախագահին իմպիչմենթի ենթարկելու, անվստահություն հայտնելու: Դրանք պրոցեսներն էին, որոնք չէին կարող ունենալ հաջողություն, բայց պրոպագանդան իր գործն անում էր: Հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսվում քարոզարշավների վրա, որոնք ամբողջովին մանիպուլյացիա են՝ մարդկանց էմոցիաների վրա ազդող:

Ուստի, ես մտածում եմ, որ այսքան մեծ ծավալի ինֆորմացիան հասկանալը ոչ թե կրթության խնդիր է, այլև գլոբալ մարտահրավեր է մարդկության համար:

Հայաստանում լրատվության չափաբաժինը մեր կյանքում շատ մեծ է, հատկապես գերհագեցվածություն է Ֆեյսբուքից: Գումարած դրան ամեն ինչը քաղաքականացված է: 

Քաղաքականացվածության մակարդակը պետք է իջեցնել:

Հայաստանում այսօր մարդիկ քիչ են խոսում իրենց մասնագիտական խնդիրներից ու հեռանկարներից: Մենք հիմնականում խոսում ենք քաղաքական պրոցեսներից, որոնցից գլուխ չենք հանում, իսկ քաղաքականության մեջ ամեն ինչը մանիպուլացվում է:

Միգուցե մտածում ենք, որ հիմա ժամանակը չէ խոսելու այլ հարցերից, քանի դեռ քաղաքական որոշումներից է ամեն ինչ կախված:

Դեր է խաղում նաև այն, որ պրոֆեսիոնալ խնդիրների մասին խոսելը բարդ է, և շատերը գերադասում են չխոսել կոնկրետ մասնագիտական ոլորտների մասին: Մեզ չի հերիքում քաջություն՝ խոսելու համակարգում եղած պրոբլեմների մասին:

Գիտնականները բողոքում են ֆինանսավորումից, բայց միաժամանակ ամեն կերպ թաքցնում են, որ իրենց գիտական մակարդակի մրցունակությունը աշխարհում անկում է ապրում: 

Մենք կորցնում ենք ոչ միայն որոշ բնագավառների ինստիտուցիոնալ կառույցները, այլև կոնկրետ գիտելիք ունեցող մարդիկ են վերանում։ 

Ռազմական ոլորտում էլ նույնը եղա՞վ:

Այդ մասին բան ասել չեմ կարող: Պատերազմի չորրորդ օրը ես գնացի Ստեփանակերտ, մնացի մի քանի օր և տեսա ընդհանուր հանգստություն, կարծես պատերազմ չկա: 

Մի կողմից դա կարելի է համարել ինքնավստահության նշան, մյուս կողմից էլ՝ որոշակի անտարբերություն: Երբ 30 տարի ապրում ես պատերազմական իրավիճակում, ապա պատերազմի ընկալումն էլ է փոխվում:  Միգուցե դա ավելի լավ կբացատրեն սոցիոլոգները։

Հիմա տեսնում ենք, որ Արցախի որոշ գյուղերի էվակուացիայի պլան գոյություն չունի: Եվ հարց է առաջանում՝ երբ երկու տարի առաջ ունեցանք «Շանթ 2018» ռազմական զորավարժությունները, նման պլան գոյություն ունե՞ր, թե՞ չուներ: Եթե չկար, ինչու՞ չստեղծվեց:

Այսինքն, մենք խնդիրները գրանցում ենք ու գնու՞մ առաջ, թե՞ չենք էլ գրանցում: Միգուցե գրանցել ենք, բայց դրանք լուծելու ռեսու՞րս չունենք:

Դրանք հարցեր են, որոնք չստացան պատասխաններ:

Դրա փոխարեն եռում են սոցցանցերը: Ինչպե՞ս են դրանք ազդում հիմա, երբ անպատասխան հարցերը շատ են:

Սոցիալական ցանցերը ուժեղ կախվածություն են առաջացնում, և դա շատ վտանգավոր է։ Նաև չմոռանանք, որ օրինակ, Ֆեյսբուքը, չի արտացոլում սոցիումի վերաբերմունքը կյանքի տարբեր երևույթների նկատմամբ, բայց մեզ մոտ ստեղծվում է կեղծ տպավորություն, թե սոցցանցում մեր տեսածը ամբողջ Հայաստանի պատկերի արտացոլանքն է:

Տեխնոլոգները աշխատում են հենց Ֆեյսբուքում և հեռուստատեսությունում միջավայր ստեղծել, քանի որ դրանք ազդում են հարյուր հազարավոր օգտատերերի և լսարանի վրա՝ հասարակության մասին ստեղծելով կեղծ պատկերացում:

Բնականաբար, սոցցանցերում ատելությունը, ագրեսիան, չարիքը շատ է, մարդիկ էլ շատ ժամանակ են անցկացնում ցանցերում: 

Դեմոկրատիան, խոսքի ազատությունը արժեքներ են, բայց պետք է աշխատել, որ միտքը լինի իմաստալից: Եթե զանգվածաբար արտահայտվում է ոչ իմաստալից միտք՝ վիրավորանք, հայհոյանք, բնականաբար, դա չի օգնում, որ մարդկանց մոտ ձևավորվի ճիշտ պատկերացում:

Ի վերջո, մենք կարդում ենք այն գրքերը, որոնք նախընտրում ենք, մինչդեռ սոցցանցերում ընտրություն չենք կատարում։ Հիմնականում տեսնում ենք այն, ինչ մեզ հրամցնում են։

Ատելության միջավայրը, որը հիմա պատել է անգամ ապաքաղաքական մարդկանց, կապվա՞ծ է պատերազմում պարտության հետ:

Դա հիմա չի առաջացել, տարիներ շարունակ ատելությունը եղել է, խորացել, հիմա միգուցե հասել է իր կիզակետին: Բայց հուսանք, որ ավելի բարձր կիզակետ չի գրանցվի հաջորդ տարի:

Չեմ կարծում, որ ատելության աճը կապ ունի պատերազմի հետ, պարզապես հիմա մարդիկ սկսել են ավելի շատ ժամանակ ծախսել և ավելի ակտիվ լինել սոցցանցերում, իսկ պատերազմի հետ կապված բացասական էմոցիաները շատ են։ 

Դրան գումարվում են ֆեյքերի բանակները, որոնք հիմա շատ ավելի լայն ռազմաճակատով են գրոհում իշխանությունների ու ընդդիմության վրա: 

Պետք է հասկանանք, որ հասարակության բևեռացումը լրագրության համար շատ ձեռնտու է, քանի որ հանգեցնում է թե՛ ինֆորմացիայի քանակի աճի, թե՛ գովազդի, թե՛ սպառման ընդլայնման: 

Չեզոք հասարակություններում դժվար է ինֆորմացիա ծախել: Երբ իրական սենսացիաներ չկան, իսկ լրատվամիջոցների մեծ մասի խելքն էլ չի հերիքում լուրջ հետաքննություններ ու բացահայտումներ անել, բնականաբար, փորձում են գտնել էժանագին սենսացիաներ, բևեռներ: 

Եվ դա սկսում է դառնալ կենսակերպ, նորմալ, սովորական վերաբերմունք լրահոսին:

Անձամբ Ձեզ ի՞նչ է ամենից շատ մտահոգում լրահոսում:

Մասնագիտական խոսքի պակասը: Ոչ քաղաքականացված վերլուծությունները շատ քիչ են: 

Լրատվական կայքերում, մեդիա ռեսուրսներում գրեթե չես հանդիպում փորձագիտական, պրոֆեսիոնալ կարծիքների: Դա է խնդիրը:

Ով վճարում է լրատվամիջոցներին՝ նա էլ կառավարում է ինֆորմացիան ու ապահովում դրա սպառումը:

Չունենք պրոֆեսիոնալ չեզոք միավորումներ, միություններ: Ասենք, ռազմագիտական, որը կարող է պատերազմի մասին մասնագիտական կարծիք հայտնել, և մենք էլ դրան հավատանք: Հիմա կարծիք են հայտնում մի քանի ռազմական փորձագետներ, բայց երբ կարդում ես տարիներ շարունակ նրանց արտահայտած մտքերը, զգում ես, որ նրանք անձնական հակում և ուղղվածություն ունեն:

Հիմա փոխվեց ԿԳՄՍ նախարարը, կարելի՞ է ասել, թե ինչ է փոխվելու և ո՞րն է լինելու մեր ապագա պլանը:

Երևի այդ տեսլականն ունի նոր նախարարը, և ինքը պետք է պատասխանի, թե ինչ պատկերացումներ ունի ապագայի մասին: Ինքս մոտակա տարիներին կրթության որակի բարելավման հարցում լավատես չեմ։

Տեսնում ենք, որ 2018-ի ոգևորությունից հետո լուրջ նահանջ է տեղի ունեցել վեհ խոսքերով ասած՝ դեմոկրատական արժեքների տեսանկյունից:

Ցանկացած իրավիճակ կարելի է մեկնաբանել և՛ դրական, և՛ բացասական տեսակետից: Ամեն ինչ կախված է հաջորդ քայլերից: 

Հիմա մենք կարող ենք որոշել մոբիլիզացվել որպես ազգ, կամ որոշել արտագաղթել՝ ազգովի: Ամեն ինչը մեր ձեռքերում է և կախված է այն բանից, թե ոնց կձևակերպենք նպատակը:

Եվ ո՞նց ենք ձևակերպում:

Ես մնում եմ ու աշխատում, իսկ հանրության վերաբերմունքը ցույց կտա ժամանակը:

Ասում են, որ վերջում լավ է լինելու: Եվ քանի որ հիմա լավ չի, ուրեմն դեռ վերջը չէ: Ամեն ինչ կախված է մեզնից:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *