2020.11.20,

Տեսակետ

«Լրատվական դաշտը ամբողջությամբ պաշարված է քաղաքական շահերով»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Պատերազմի ավարտից հետո ձնագնդի պես աճեց ատելության խոսքի ծավալը: Ծայրահեղ ագրեսիվ են մեկնաբանվում նաև լրատվամիջոցների նյութերը: Էլ չասած սոցիալական մեդիայի մասին: 

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ հիմա մեծ դեր են խաղում մանիպուլյատիվ խոսքն ու ուղերձները, որոնք հիմա մոբիլիզացվել են: Ընդ որում՝ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին աշխարհից: Եվ այդ ամենը ծանր ազդեցություն է թողնում հասարակության վրա: 

Ատելությամբ լցված խոսքը հիմա այնքան շատ է, որ թվում է ողջ մթնոլորտն է Հայաստանում վարակված: Դա պարտությա՞ն հետևանք է: 

Դա կարելի է համարել հոգեբանական ֆենոմեն, քանի որ պատերազմի օրերին ամբողջ հասարակությունը կարծես համաձայնվել էր, որ անհրաժեշտ է լինել միասնական, համախմբված ու համերաշխ: Եվ դա որոշ իմաստով զսպեց ներքին հակասություններն ու տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց ատելությունն իրար նկատմամբ:

Պատերազմի օրերին հիմնականում պահպանվում էր համերաշխության տրամադրությունը: Բայց հոգեբանական գործոնը աշխատեց հիմա: 

Փաստորեն պատերազմը ավարտվեց այն ժամանակ, երբ մարդիկ դեռ չէին զգում, որ այն իրոք ավարտվել է: Եվ դա վերաբերում էր թե՛ դիրքերում կանգնած զինվորներին, թե՛ ամբողջ հասարակությանը՝ Արցախում և Հայաստանում:

Եվ քանի որ շատերի համար պատերազմը դեռ շարունակվում է, սակայն այլևս չկա այն հակառակորդը, ում հետ կարող ես կռվել, ողջ ագրեսիան, պատերազմելու դրսևորումները ուղղվել են դեպի ներս: Մարդիկ հիմա կռվում են ներսում: Եվ քանի որ հիմնական ռազմական դաշտը սոցիալական ցանցերն են ու լրատվամիջոցները, հենց այնտեղ էլ շարունակվում է պատերազմը՝ արդեն դառնալով ներքին:

Հաշվի առնենք նաև, որ որոշիչ գործոնը ներքաղաքական պայքարն է, և թշնամության ու ատելության գեներացումը հենց քաղաքական և քաղաքականամերձ շրջանակներից է: Ցավոք, չկա որևէ կողմ, որը ցանկանում է դադարեցնել դա և հասարակությանը մղել կառուցողական, օգտակար գործողությունների:

Թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության գլխավոր նպատակը թշնամուն վերացնելն է: Կամ հաղթելը: 

Բոլորը կարծես ցանկանում են ասել, որ կառուցողական օրակարգ կարող է լինել միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պարտվի:

Իսկ լրատվական դաշտը մեզանում ավանդաբար թելադրվում է քաղաքական շրջանակներից (մեդիայի և սոցիալական ցանցերի շատ փոքր սեգմենտին կարելի է համարել ապաքաղաքական կամ անկախ), և ստացվում է, որ հակամարտությունը գրավում է նաև մեդիա դաշտը:

Անգամ կարելի է ասել, որ լրատվական դաշտն ամբողջությամբ պաշարված է քաղաքական շահերով: Եվ այն խոսքը, ուղերձը, որը կարող են փոխանցել մի քանի անկախ լրատվամիջոցներ կամ լրագրողներ, տեղ չի հասնում: Հակառակ դաշտում գտնվողներն ունեն թե՛ քանակական, թե՛ տեխնոլոգիական ճնշող առավելություն:

Ի՞նչ կարող էր անել պրոֆեսիոնալ լրատվամիջոցը պատերազմի օրերին, բացի պաշտոնական ինֆորմացիա փոխանցելը: Հնարավո՞ր էր լինել ավելի պատրաստ ու մեծ հաշվով օգտակար:

Պատերազմի ժամանակ լրատվամիջոցի անելիքը միշտ շատ դժվարանում է՝ հաշվի առնելով ռազմական դրությամբ պայմանավորված տեղեկատվական սահմանափակումները: Բնականաբար, դրան ավելանում է հայրենասիրական զգացումը, զգուշավորությունը և այլն:

Կարծում եմ՝ լրատվամիջոցներն անում էին այն, ինչ պիտի անեին: Բայց քանի որ պաշտոնական տեղեկատվությունը բավականին լավատեսական էր, նրանց գործն ավելի էր բարդանում: 

Իհարկե, պաշտոնական տեղեկատվությունը պատերազմի ժամանակ պետք է ավելի շատ ոգևորի, ոչ թե ընկճի: Եվ դժվար է քննադատել, ասենք, Արծրուն Հովհաննիսյանին կամ նրա ասելիքը ձևավորողներին: Անհրաժեշտ էր, որ թիկունքում մարդիկ համոզված լինեն, որ հաղթելու են, քանի որ թիկունքի ու ռազմաճակատի միջև կապը բավականին ինտենսիվ էր, օրինակ, մշտական կապ կար զինվորների ու նրանց հարազատների միջև: Եվ եթե թիկունքում չլիներ հավատ հաղթանակի հանդեպ, դա անմիջապես կփոխանցվեր նաև զինվորներին, և պարտությունը երևի շատ ավելի ծանր կլիներ:

Սկզբունքայինն այն հարցն է, թե արդյոք պաշտոնական հուսադրող լուրերում կայի՞ն ակնհայտ կեղծիքներ, թե՞ ոչ: Եթե կային, ուրեմն այդ պաշտոնական քարոզչությունը դրական դեր չխաղաց:

Անգամ եթե չլինեին ակհայտ կեղծիքներ, մենք չենք լսել որևէ պաշտոնական խոսք հնարավոր զիջումների կամ պարտության մասին: Եվ ընտելացել էինք, որ պարտությունը պարզապես հնարավոր չէ: Չե՞ք կարծում, որ քարոզչությունը սիրով ընդունեցինք բոլորս ու այդ պատճառով է նաև հիմա շատ ծանր:

Եթե շարունակում ես պատերազմը, չպիտի երբեք խոսես պարտության մասին: Դա պատերազմի օրենք է: 

Երբ տեղի էր ունենում ինչ-որ երկխոսություն կամ աշխատանք միջազգային կառույցների հետ՝ զինադադարի կամ հնարավոր կարգավորման մասին, խոսք լինում էր զիջումների մասին: Այսինքն, չէր տարածվում միայն «Կռվելու ենք մինչև վերջ» գաղափարը:

Այս պահին պատրաստ չեմ որևէ մեկին մեղադրելու, և ընդհանրապես դա պետք է լինի լուրջ ուսումնասիրության և հետաքննության հարց, որը պետք է անեն քաղաքականապես չեզոք մարդիկ: Միայն դրանից հետո կարող ենք տալ գնահատականներ:

Հիմա մեր հասարակությունը շատ այլ խնդիրներ պետք է լուծի: Եվ տխուրն այն է, որ իշխանությունները պատրաստ չեն հասարակությանը կենտրոնացնել պատերազմի հետևանքների վերացման հրատապ խնդիրների վրա, փոխարենը մարդկանց ներքաշում են քաղաքական պայքարի մեջ:

Թերևս դա իշխանական շրջանակների ամենամեծ մեղքն է այսօր:

Այս հետպատերազմական օրերին տեսնում ենք, որ իշխանությունները չեն փորձում օգտագործել հասարակության մեջ եղած կառուցողական ներուժը, գթասրտությունը, կարեկցանքը: 

Անգամ հակառակը, նրանց ասվում է՝ զբաղվեք ձեր գործերով, բայց անպայման պաշտպանեք մեզ և պախարակեք մեր քաղաքական հակառակորդին: Իհարկե, այդ ուղերձները չեն նպաստում իրավիճակի առողջացմանը:

Հիմա կարևոր է նաև, թե ում են խոսք տալիս լրատվամիջոցները և ում տեսակետներն են դառնում մեջբերման աղբյուր լսարանի համար: 

Մեր հասարակական դիսկուրսները թելադրում են քաղաքական շրջանակները, որոնք ունեն հստակ շահեր և քաղաքական նպատակներ, այլ ոչ թե հասարակությունը միավորելու միտում: 

Իսկ այն մարդիկ, որոնք գտնվում են քաղաքական բևեռների մեջտեղում և փորձում են լինել օբյեկտիվ, լսելի չեն:

Նրանց խոսքը բավականաչափ սուր չէ, որպեսզի հասնի մարդկանց հոգեբանության խորքերին: Նրանք լսելի չեն նաև այն պատճառով, որ միշտ ավելի դժվար է տեղ հասնում ողջամիտ խոսքը, քան մանիպուլյատիվը, որը մանավանդ տարածվում է որոշակի քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Մանիպուլյատիվ խոսքն իր դերը խաղում է և տեղ է հասնում: 

Տարիների ընթացքում քաղաքական և քարոզչական տեխնոլոգիաները լավ ուսումնասիրվել և ակտիվորեն կիրառվել են: Եվ հիմա այդ ամբողջ փորձը մոբիլիզացված է և ինտենսիվ օգտագործվում է: Առավելևս, որ դեր ունեն նաև արտաքին մանիպուլյատիվ հոսքերը, որոնք մեծ ազդեցություն ունեն մեր հասարակության վրա: 

Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեզանից կարծես շատ քիչ բան է կախված: Կախված է այն բանից, թե ինչ են անելու արտաքին հզոր խաղացողները, և առաջին հերթին Ռուսաստանը:

Իսկ ցանկացած խոսք ու ուղերձ, որը մեզ է հասնում դրսից, հաճախ նույնպես ունի մանիպուլյատիվ բնույթ:

Կարծես հիմա անպաշտպան ենք բոլոր առումներով:

Ակնհայտորեն տեսանք, որ գոնե վերջին շաբաթների ընթացքում Հայաստանը՝ որպես արտաքին քաղաքականություն իրականացնող սուբյեկտ, այլևս համարյա չկա: Եվ ստորագրված եռակողմ հայտարարությունը փաստորեն երկկողմանի համաձայնություն է Մոսկվայի և Բաքվի միջև, և եթե կա երրորդ կողմ, ապա դա ավելի շուտ ոչ թե Երևանն է, այլ Անկարան:

Մենք ուղղակի այդ սուբյեկտների որոշման հասցեատերն ենք: Եվ ուզած չուզած ստիպված ենք դա ընդունել:

Այո, այդ անպաշտպանվածությունը ոչ միայն ռազմական դաշտում էր, այլ փաստորեն արտաքին քաղաքականության ոլորտում: Ավելի ճիշտ, ամենուրեք:

Կան իրավիճակներ, երբ արդյունավետ են այլընտրանքային նախաձեռնությունները: Երբ հասարակությունը գործում է պետությանը զուգահեռ և անգամ կատարում պետության դերը: Հնարավո՞ր է նման զուգահեռ համախմբում, հատկապես երբ քաղաքական դաշտը վարկաբեկված է:

Մեզ մոտ պարբերաբար իրոք սկսում էր մեծ դեր ունենալ այդ զուգահեռ իրականությունը: Դա սովորաբար տեղի էր ունենում կեղծված տարբեր ընտրություններից հետո, երբ հանկարծ տեսնում էինք, որ հասարակությունը մերժում է ոչ ազնիվ քաղաքական խաղը և փորձում է զուգահեռ իրականություն ստեղծելով՝ թելադրել իր կամքը: 

Բայց պիտի հասկանանք, որ զուգահեռ իրականությունը միայն այն ժամանակ է երկարատև և արդյունավետ, երբ ձևավորվում է դրան համահունչ հստակ քաղաքական օրակարգ:

Մեզ մոտ տեղի չի ունեցել նման քաղաքական այլընտրանքի վերափոխում: Այսօր նման մոբիլիզացնող դեր ու առաքելություն կարող էր ունենալ ներկայիս իշխանությունը, բայց այն փաստորեն այդ դերից հրաժարվում է: Կամ չի կարող այդ դերը ստանձնել: Միգուցե, ի սկզբանե էլ չուներ այդ ռեսուրսը՝ իր ձևավորման եղանակի պատճառով: 

Այդպես է լինում, երբ որոշումները ընդունվում են ոչ թե կոլեգիալ ձևով, այլ թելադրողը միայն քաղաքական առաջնորդն է: Նույնիսկ եթե որևէ մեկը հակաճառելու հնարավորություն է ունենում, նա կամ ստիպված է լքել քաղաքական ուժը, կամ հետևել միայն առաջնորդի ասածներին: 

Հիմա փաստորեն տեսնում ենք դրա տխուր արդյունքները:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *