2020.10.23,

Տեսակետ

«Պրոֆեսիոնալ աշխատող լրագրողներն ավելի ըմբռնող են, քան պետական կառույցները՝ նրանց հանդեպ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

EVN Report անգլալեզու հայաստանյան լրատվամիջոցի լրագրող ու լուսանկարիչ Ռուբինա Մարկոսյանը Արցախում լինելը համարում է պարտադիր լրագրողի համար, ասելով, որ լրագրողները ոչ միայն արագ նյութեր հրապարակող են, այլ առաջին հերթին ականատես:
Եվ վիզուալ այս դարում լրագրողի գործն է նաև վիզուալ փաստագրումը: 

Ռուբինայի կարծիքով՝ մենք բավարար ծավալով չենք վավերագրում հայ-ադրբեջանական պատերազմը նաև այն պատճառով, որ վստահությունը լրագրողների հանդեպ բավարար չէ:

Ռազմական դրության պայմաններում, երբ սահմանափակված ես միայն պաշտոնական ինֆորմացիա հաղորդել, Արցախում գտնվելը կարևո՞ր է:

Անկասկած պետք է գնաս Արցախ, իմ կարծիքով, հիմա ավելի տարօրինակ է լինել Երևանում: Ու որ երբեմն ասում են, որ քաջություն է հիմա աշխատել Արցախում, ես չեմ հասկանում, քանի որ դա լրագրողի մտքի ու սրտի հանգստության համար է: Երբ այնտեղ ես, իրավիճակը լրիվ ուրիշ կերպ ես ընկալում և նույնիսկ այնքան ծանր չես տանում, ինչպես մարդիկ, որոնք չեն կարողացել դա անել:

Գնալու նպատակ ու հնարավորություն ունենալն արդեն մեծ առավելություն է, ամեն պարագայում: Երբ գիտես, տեսնում ես աչքովդ, լրիվ ուրիշ զգացողություն է: Ի վերջո, լրագրողը նաև ականատես է:

Իհարկե, խնդիրները շատ են և իրավիճակը հենց տեղում, րոպեների ընթացքում է փոխվում: Օրինակ, այն, ինչը կարող էիր անել առաջին օրը, արդեն չորրորդ օրը չէիր կարող անել: Մանավանդ, երբ լրատվական դաշտը արդար չէ:

Ի՞նչ իմաստով արդար չէ:

Բնականաբար, ռազմական դրություն է և քայլեր անելը խնդրահարույց է, անընդհատ հայտարարվում է՝ սա ցույց տվեք, սա ցույց մի տվեք: Եվ դրա արդյունքում լրագրողը դառնում է ամեն պատահած մարդու թշնամին: Նույնիսկ այն ժամանակ, երբ տեսախցիկդ ես միացում, ինչ-որ մեկը գալիս է ու հարցնում՝ ո՞վ ես ու ի՞նչ իրավունքով ես այստեղ: 

Լրագրողներին չեն տալիս անգամ մի փոքր փաստաթուղթ, որը թույլ կտար վստահ լինել, որ աշխատում ենք օրենքով: Հայաստանցի լրագրողները շատ անգամ են խնդրել Ինֆոկենտրոնին՝ մի թղթի կտոր տալ, որը կփաստեր, որ պետությունը տեղյակ է, որ այստեղ ենք ու մեր գործն ենք անում:

Բայց կա հավատարմագրում:

Հավատարգմագրում են միայն օտարերկրյա լրագրողներին, իսկ մեզ՝ ոչ: Այդ ոչ համակարգվածությունը շատ է խանգարում:

Մի կողմից  զգում ես, որ մարդիկ ուղերձ են ստացել, թե լրագրողները դարձել են ժողովրդի թշնամի, հատկապես, երբ նկարում ես: Կարող են մոտենալ ու ասել՝ այ դու եկել ես մեզանից ինֆորմացիա գողանալու ու թուրքերին տալու: Իսկ մյուս կողմից՝ այդ նույն մարդիկ անհատնում ցանկություն ունեն խոսելու, պատմելու, կիսվելու քեզ հետ, առանց նույնիսկ սպասելու, որ հարցեր տաս: Այդպիսի հակասություն է:

Կարևոր է, որ մենք լինենք դեպքի վայրում: Եվ անարդար է, երբ օտարերկրյա լրագրողն առավելություն ունի զնալու տարբեր գծեր, մտնել հիվանդանոց, առաջնագիծ: Իսկ մենք դա չենք կարող անել ու չգիտենք, թե ինչպես ձեռք բերել այդ իրավունքը: 

Երևի մեզ թվում է, որ եթե օտարը դա արեց, ուրեմն աշխարհը կտեսնի, ավելի արագ կտեղեկանա ու ինչ-որ բան կփոխվի:

Մենք բացարձակապես չենք կարողանում հասկանալ, որ օտարը գալու է մի քանի օրով, մի պատմություն պատմի ու գնա: Իսկ ամբողջական պատկերը, ամբողջական պատմությունը մենք ենք պատմելու: Այս պատերազմի թևերից մեկն էլ մեր վավերագրությունն է: 

Մի կողմից ասում են մի նկարեք ու մի գործածեք նկարները, մյուս կողմից պարզ է, որ պատկերները նույնպես զենք են: Այսօր Մարդու իրավունքի պաշտպանները (և՛ Արցախի, և՛ Հայաստանի), Հայաստանի համայկական հիմնադրամը և տարբեր այլ կազմակերպություններ խնդրում են, որ նյութեր տանք իրենց: Պատկերները կարևոր են ֆանդռեյզինգի, փաստերի հավաքագրման կարևոր գործիք լինել: Բայց լրագրողներին չեն օժանդակում: 

Նման հակասական իրավիճակում աշխատելը երբեմն այլևս դիմանալու չէ: Մտածում ես՝ եթե չեք ուզում լրագրողներ լինեն, միգուցե չգա՞նք: Իսկ մյուս կողմից հասկանում ես, որ չլինել այնտեղ չենք կարող: Անգամ եթե երկու օրով վերադառնում ես Երևան, միևնույն է գիտես, որ հետ ես գնալու Արցախ:

Միգուցե այս խառը իրավիճակում, երբ մեդիա դաշտն էլ մեծամասամբ ազնիվ չէ և կա տեղեկատվական արտահոսքի վտանգ:

Ի վերջո, եթե լրագրողը ինչ-որ բան է նկարահանում, դեռ չի նշանակում, որ նա դա անպայման հրապարակելու է: Աստծո սիրուն, Հայաստանում կան լրագրողներ, որոնք զինվորից էլ ավելի հայրենասեր են, այսինքն, մի բան հրապարակելուց առաջ հազար անգամ ձևում են: Թեև իհարկե, հակառակն էլ կա:

Այդ պատճառով էլ կան մեխանիզմներ, որոնք էմբարգո են դնում հրապարակումների վրա: Օրինակ, կարելի է ասել՝ նկարիր, բայց իրավունք չունես հրապարակելու հիմա: Լրագրողի աշխատանքը նաև վավերագրելն է, փաստագրելը:

Սովորոբար այդպես են համագործակցում պաշտպանության ինստիտուտներն ու լրագրողներ-վավերագրողները: Մենք այդ ամենը անտեսում ենք:

Եվ ես երբեմն մտածում եմ, որ շատ բան չկարողացանք անել, որը պետք է անեինք պատերազմի առաջին իսկ օրերից:

Ի՞նչ:

Օրինակ, Ստեփանակերտի էվակուացիան: Լրագրողներին ասում էին՝ չփորձվեք նկարել, քանի որ կիմանան մեր տեղը ու կխփեն: Եվ միևնույն ժամանակ տեսնում ես, որ BBC-ին այնտեղ նկարում է ու նրանց նյութերում մեր տեղացի լրագրողների զգայունության քառորդն անգամ չկա: Այսինքն, կադրերում երևում է հյուրանոցը, որտեղից մարդիկ շարժվում են, ավտոբուսը, դեմքերը: Եվ այդ ինֆորմացիան արդեն իսկ դուրս է եկել միջազգային լրատվական դաշտ: 

Ստացվեց, որ մենք չունենք այդ կարևոր պատմության մի փուլի վավերագրությունը: Եվ երբ վաղը կամ մյուսը օրը ասեն՝ ու՞ր են վտանգի պատճառով զանգվածային հեռացման փաստերը, մենք դրանք չենք ունենա: Եվ ի՞նչ պիտի անենք: Ռոյթերսից խնդրե՞նք:

Հիմա մեր լրագրողների բոլոր լուսանկարները հասանելի են տարբեր կազմակերպությունների, առանց հեղինակային իրավունքի գործածման: Իսկ պայմանական Ռոյթերսի ֆոտոները չեն լինի նույնքան հասանելի: Էլ չասած, որ դրանք մերը չեն:

Օրինակ, հազար անգամ մտածում ենք, թե ինչպես անել, որ կամավորների մասին պատմելիս, կադրում չհայտնվի տեղանքը, տեղափոխող տրանսպորտը, բայց քեզ ասում են՝ չես կարող նկարել: Իսկ մի ժամ հետո տեսնում ես, որ նույն այդ մարդկանց նկարել է ու Ֆեյսբուքում հրապարակել Արցախի նախագահը, և այդ լուսանկարներում երևում է ամեն ինչը՝ ավտոբուսը, հյուրանոցը:

Ու հարցնում ես՝ զրկեցիք մեզ լրագրողական իրավունքից ու ի՞նչ եղավ արդյունքում: Եղավ այն, որ մի ողջ պատմություն կիսատ մնաց:

 

Իսկ փաստագրությունը չի՞ անում պետությունը: Թեև բնականաբար լրագրողի տեսանկյունն ու հմտությունները եզակի գործիք են:

Անում են: Բայց կարծում եմ, դա բավարար չէ և պատկերների ազդեցիկությունն ու որակը չկա: Կներեք, բայց տարածվում են այն ֆոտոները, որոնք որակով են, այլ ոչ թե միայն կարևոր է դրանց մեջ եղած ինֆորմացիան:

Հետաքրքիր է, որ միշտ էլ ավելի մեծ կարևորություն ենք տալիս դրսի մասնագետներին և թերագնահատում սեփական ուժերը: Դա պիտի հաստատ փոխվի:

Օրինակ, հիացմունքով ասում ենք, որ World Press Photo մրցանակ շահած լուսանկարիչ է եկել Արցախ: Բայց հենց հիմա այդ նույն մրցանակը շահած հայ լուսանկարիչը Արցախում է և շատ ավելի վատ պայմաններում է աշխատում, քան օտարը, որը միանշանակ մինչև առաջնագիծ գնալու իրավունք է ստանում:

Մի խոսքով՝ դա բավականին բարդ հարց է:

Որքան հասկանում ենք, լրագրողները օգտագործում են նաև անձնական կապերն ու սեփական աղբյուրները՝ հայտնվելու համար դեպքի վայրերում:

Անձնական կապերը կարևոր են: Եվ հարցը հասել է այն բանի, որ երբ լրագրողները զգում են, որ անգործության են մատնված, քանի որ իրենց թույլ չեն տալիս տեղաշարժվել, դիմում են սեփական աղբյուրներին ու գնում աշխատելու: Եթե փորձես բոլոր պարտադիր օղակներով անցնել, կարժանանաս «ոչ» պատասխանի: Բոլորին ավելի հեշտ է միանշանակորեն ասել «ոչ», քան վստահելով՝ համագործակցել: Ասել, եկեք սա էլ անենք: Անենք միասին:

Երևի պատրաստ չեն այս մեծ ծավալի տեղեկատվությունը հսկելու: 

Մենք իրավունք չունենք անպատրաստ լինելու: Ապրիլյան պատերազմից հետո շատ խոսակցություններ ու քննարկումներ եղան, մենք պետք է պատրաստ լինենք նաև ինֆորմացիայի հավաքագրման:

Իհարկե, կարող ես որքան ուզես խոսել ապաստարաններում հավաքված մարդկան հետ: Բայց իրականությունը միայն ապաստարանները չեն, մանավանդ հիմա, երբ մարդիկ քիչ են քաղաքներում:

Հիմա միայն ապաստարաններում նյութ անելը նմանվում է անընդհատ կրկնվող պատմություն պատմելուն: Նորից վեցերորդ ու տասնվեցերորդ անգամ մարդկային պատմությունները պատմելը այլևս իմաստ չունի: 

Գալիս է մի պահ, որ մարդկային պատմությունները ուղղակի հայելային կրկնում են իրար:

Ի՞նչն է ամենազդեցիկը, որը կարող է անել լրագրողը:

Այսօր ազդեցիկ են այն պատմությունները, որոնք բաց ենք թողել և որոնք ամբողջական պատմության կարևոր մասերն են՝ հարյուրավոր կամավորների հավաքագրումը, ժողովրդի էվակուացիան:

Մենք լուսանկարիչ Էրիկ Գրիգորյանի հետ առաջին օրերին Հադրութում էինք, երբ կամավորների մի խումբ պատրաստվում էր զինվորական հանդերձանք հագնել ու մեկնել առաջնագիծ: Շատ փխրուն ու կարևոր պահ էր, նրանք քաղաքացիներից դառնալու էին զինվոր ու գնալու թեժ կետ: Սահմանային պահ էր բոլորի համար, և բոլորն էլ հասկանում էին, որ կյանքը փոխվել է ու հենց հիմա իրանք դառնում են այլ մարդ: Այդ կերպարանափոխությունը մենք նկարեցինք, մանավանդ, որ հենց այդ տղաներն էին խնդրում իրենց լուսանկարել՝ ցանկանալով մի քիչ ցրվել անհայտությունից:

Մենք դա չենք հրապարակում, բայց դա կարևոր էջ է:

Այսօր քաղաքները դատարկվում են, և մենք չունենք այդ դատարկվելու շղթայի փաստերը: Եվ երբ դրանք պետք լինեն, դիմելու՞ ենք BBC-ին:

Անգամ մտածում էի, որ եթե գնայի որևէ արտասահմանյան լրատվամիջոցի համար ֆիքսեր աշխատելու, ավելի լայն հնարավորություն կունենայի, քան երբ ներկայացնում եմ հայաստանյան մեդիա: Մանավանդ, որ EVNReport-ը միակ անգլալեզու լրատվամիջոցն է: Եվ պետական կառույցները մեծ օգուտ կարող էին ստանալ մեզ հետ համագործակցելով:

Իհարկե, հասկանում եմ, որ պաշտպանական ինստիտուտները շատ գործ ունեն և լրագրողներին «ոչ» ասելն իրենց համար ևս մեկ մտահոգությունից ձերբազատվելու քայլ է, բայց դա ճիշտ լուծում չէ:

Այո, տեսնում ենք ու հպարտանում ժպտացող զինվորների դիմանկարները, որոնք տարածվում են, բայց դա իրականության ընդամենը մի մասն է:

Նորից եմ ասում՝ թող թողնեն աշխատենք, բայց ոչ հենց հիմա հրապարակենք: Անիմաստ է ցենզուրա մտցնելը, երբ մեր ինքնացենզուրան լրիվ բավարար է: Իսկ հավելյալ ցենզուրան արդեն բարկություն ու անկարողություն է առաջացնում:

Որպես դաշտում աշխատող լրագրող, ես, իհարկե, կգերադասեմ աշխատել դեպքի վայրում, այլ ոչ թե նստեմ գրասենյակում ու թարգմանություններ անելով՝ փորձեմ օգտակար լինել: Վերջիվերջո, կան ինձանից լավ թարգմանիչներ, իսկ լրագրողներս պիտի նաև փաստագրական գործ անենք:

Օրինակ, Էրիկ Գրիգորյանի ֆոտոներն այնքան տարածվեցին, որ հասան մինչև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու ներառվեցին հաշվետվությունների մեջ՝ փաստելով իրավունքների խախտման մասին: Դա կարևոր է… 

Իմ արած ստենդ ափերը շատ դիտումներ ունեցան, քանի որ դրանք հենց դեպքի վայրից էին ու անգլերենով: Եվ հաճախ մենք դառնում էինք աղբյուր միջազգային լրատվամիջոցների համար, մեզ էին հղում անում:

Լավ, մեզ շատ չեն ճանաչում, բայց կան շատ պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք միանշանակորեն վստահելի են՝ հազար ու մի ներքին սահմանափակումներով են մաղում ինֆորմացիան և որոնք հիմա պատռոտում են իրենց՝ աշխատելու համար:

Ամեն պարագայում, այս խնդիրների հետևանքները մենք կհասկանանք ավելի ուշ, երբ պատերազմը վերջանա և մենք բավարար արխիվ չենք ունենա: 

Օրինակ, չենք ունենա Ռուբեն Մանգասարյանի պես հայացք պատերազմին: Իսկ այսօր 1990-ականների պատերազմը մենք հիշում ենք, քանի որ Մանգասարյանի պես լուսանկարիչներ են եղել դեպքի վայրում ու ամեն օրն են վավերացրել: Եվ այդ նույն լուսանկարները մենք մինչև այսօր ենք գործածում: Իսկ այս պատերազմից հետո մենք նման ֆոտոներ չենք ունենա: Այս տեսողական դարաշրջանում վիզուալ դոկումենտացիան շատ պետք է:

Իհարկե, կան բաներ, որոնք միանշանակորեն պետք է թողնես պաշտոնյաներին: Ի վերջո, ամեն ինչը չէ, որ պետք է մինչև վերջ փորփրել և հենց հիմա: 

Հաճախ հայաստանցի լրագրողները տարրական ֆիզիկական անվտանգության կանոններին լավ ծանոթ չեն: Փորձն է քիչ լուսաբանելու աշխարհի տարբեր թեժ կետերում: Քո փորձը Բեյրութում օգնու՞մ է:

Իհարկե, ես մեծացել եմ՝ իմանալով, թե ինչ է հրետակոծությունն ու միշտ պատրաստ լինելով իջնել ապաստարան:

Երբ խոսում ենք միայն մեր մասին ու միայն մեզ համար, դա նաև մեր լրատվական դաշտի սահմանափակ լինելու ապացույց է: Դա մեծ խնդիրն է:

Տարբեր մարդիկ կարող են պատմել նույն պատմությունը և կստացվի տարբեր տեսակետ: Նույն փլատակը Ստեփանակերտից տարբեր լրագրողների մոտ տարբեր իմաստ կստանա: Կարող է հակադիր տպավորություն էլ լինել՝ ստեղծվի տպավորություն, որ քաղաքը կանգուն է, կամ քաղաքը արդեն չկա՝ վերածվելով քարակույտի: 

Բայց անհեթեթ է, երբ արգելում են նկարահանել Ստեփանակերտի քաղաքացիական հիվանդանոցի շենքը: Եվ դա այն դեպքում, երբ հսկայական տարբերություն կա առաջին օրերի ու այսօրվա վիճակի հետ: Առաջին օրերին դա նորմալ տեսք ունեցող հիվանդանոց էր, հետո հայտնվեցին ավազե պարկերով փակված պատուհանները, և հիվանդանոցը վերածվեց ռազմական տեսք ունեցող, պաշտպանված շինության: Բայց դրսից անգամ դա նկարելն էր արգելված: Երկար ժամանակ կռիվ եմ տվել, որ հասկացնեմ, թե սա վավերագրելը անհրաժեշտ է:

Պարզ է չէ՞, որ իմ նկարելով ոչինչ չէր որոշվելու, քանի որ Ադրբեջանը վաղուց արդեն գիտե թե՛ հիվանդանոցի տեղը, թե՛ հիվանդանոցի այսօրվա տեսքը: Ի՞մ նկարելուց պիտի իմանար, երբ կան Գուգլի քարտեզները, հիվանդանոցի կայքը ու օդից արված նկարահանումները:

Չեմ ասում, որ ներս եմ ուզում մտնել, ուզում եմ փաստել, թե ինչպես է փոխվում իրավիճակը դրսից: Եվ այն պահին, երբ քեզ արգելում են անգամ դուրսը նկարել, տեսնում ես, որ ներսից օտարերկրացի լրագրողներ են դուրս գալիս, բնականաբար մեծ ջանք է պետք հավասարակշռությունը պահպանելու համար: 

Ասում ենք, որ կարիք կա դատական համակարգը վեթինգ անելու: Վստահ եմ, որ վեթինգ պիտի արվի նաև մեդիա դաշտում: Կան պրոֆեսիոնալներ, մարդիկ, որոնք շատ են պետք:

Լավ, թող ինձ չթողնեն նկարել, ես հեչ կարևոր չեմ, բայց հաստատ կան լրագրողներ, որոնք դա պիտի անեն: Ու կանեն շատ լավ:

Եվ հետաքրքիր է, որ հիմա պրոֆեսիոնալ աշխատող լրագրողներն ավելի ըմբռնող են, քան պետական կառույցները նրանց հանդեպ: Այս արգելքները կարող էին մեծ աղմուկ առաջացնել, որը չեն բարձրացնում հենց լրագրողները՝ իսկապես շատ լավ հասկանալով իրավիճակը: Եվ նրանց գործը քիչ է կարևորվում: Շատ ավելին կարող էին անել, քան անում են:

Եթե ակնկալվում է, որ պետք է նստենք ապաստարաններում ու դուրս չգանք, դա ուժերի վատնում է:

Միջազգային մեդիան ցուցադրաբար օբյեկտիվ է, երկու կողմերի պաշտոնական կարծիքները պարզապես մեջբերվում են ու նետվում լրատվական դաշտ, առանց սեփական հետաքննությունների ու իրավիճակը խորը հասկանալու: 

Հիմա չի կարող լինել լիարժեք օբյեկտիվություն: 

Իմ բախտը բերել է, որ մինչ այս պատերազմը բավականին մեծ ծավալի հետազոտություն էինք արել ղարաբաղյան շարժման մասին: Եվ շատ երիտասարդ լրագրողների խնդիրն այն է, որ բավարար տեղեկատվություն չունեն, նրանց լեզուն կապ է ընկնում, երբ զրուցում են միջազգային փորձագետների հետ: Օրինակ, այն, որ ղարաբաղյալ շարժումը թափ առավ ոչ թե Սումգայիթի դեպքերից, այլ Սումգայիթի դեպքերի մեղավորների դատավարության պատճառով, երբ մեղավորները չեն պատժվել: 

Նման ժամանակագրություն մտքում ունենալը շատ կարևոր է, որ չլինենք անտեղյակ մանրամասնություններից, երբ խոսում ենք հատկապես միջազգային մեդիայի հետ: Իմանանք, որ, օրինակ, Ադրբեջանը 1923-ին հրաժարվել է իր տարածքներից: Եվ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

Հիմա ես նաև չեմ մերժում տարբեր լրատվամիջոցների առաջարկը մեկնաբանելու իրավիճակը: 

Թեև շատ բարդ է որպես լրագրող խոսել այնպես, որ չստացվի, թե կողմնակալ ես ու ակտիվիստ: Այդ բալանսը պահպանելը բացարձակապես անտանելի է ինձ համար: Ատամները կրճտացնելով ու լեզուն կծելով ես խոսում, որ տեղ հասնի քո ասածը:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Լուսանկարները Էրիկ Գրիգորյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *