2020.09.17,

Տեսակետ

«Գալիս է մի պահ, երբ հասկանում ես՝ պետք է գրել կարևորի մասին»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Բելառուսում արդեն մեկ ամսից ավելի է ցույցեր, բողոքի երթեր ու պայքար է՝ 26 տարի անընդմեջ նախագահ ընտրվող Ալեքսանդր Լուկաշենկոյի ևս մեկ նախագահական ժամկետի դեմ:

Ուժայինների կոշտ ու ոչ համաչափ արձագանքի ֆոնին (երբ հազարավոր մարդիկ ծեծի են ենթարկվում, կալանավորվում ու խոշտանգվում), բողոքի ալիքը չի դադարում: Դիմակավոր ուժային խմբերի դաժան գործելաոճը հիմա մի քիչ թուլացել է, բայց բելառուսցիները պատրաստ են տարբեր սցենարների: 

Բելառուսցի լրագրող Դարյա Ամելկովիչը պատմում է, որ դիմադրության շարժման առանցքը կանանց երթերն էին, որոնք թույլ տվեցին բելառուսցիներին հաղթահարել վախը: «Իհարկե, անհայտ է, թե ինչ է լինելու, իհարկե, վախենալու է: Բայց այսպես շարունակել ապրել պարզապես հնարավոր չէ»,- ասում է նա:

Դարյա Ամելկովիչը բռնությունների ալիքը, ճնշումները ազատ խոսքի ու արտահայտվելու իրավունքի հանդեպ համեմատում է կորի հետ: Այդ կորը կիզակետին հասավ օգոստոսի 9-11-ը, հետո մեղմացավ (անգամ Ներքին գործերի նախարարը ներողություն խնդրեց անհամաչափ գործողությունների համար), սակայն, ըստ շատ բելառուսցիների, նորից աճելու է:

Եվ բոլորը Բելառուսում հասկանում են, որ դիմակայելը երկարաժամկետ աշխատանքն է:

Շարժման առաջին օրերին տեսանք, որ Բելառուսում ինտերնետ չկար, արգելափակվել էին շատ հարթակներ: Որքա՞ն կարևոր էր սոցիալական ցանցերի դերը:

Եթե չլիներ ինտերնետն ու սոցիալական մեդիան, ոչինչ չէր լինի, դա հաստատ է: Բելառուսում դժգոհության ալիք կար 2010-ին, 2016-ին, բայց այն ժամանակ սոցցանցերի ազդեցությունը մեծ չէր: Իսկ հիմա մարդիկ ակնթարթային արագությամբ էին արձագանքում՝ նկարահանում տեղի ունեցածն ու փոխանցում ցանցերով: Շատ մեծ դեր ունեցան Տելեգրամ ալիքները, որոնք բողոքի առաջին օրերին, օգոստոսի 9-12-ը, երբ պետությունը արգելափակեց ինտերնետը, միակ ինֆորմացիոն աղբյուրն էին:

Իսկ դա շատ կարևոր օրեր էին, քանի որ մարդկանց բերման էին ենթարկում՝ դաժան ծեծուջարդով ու ստորացնելով: Եվ այս պայմաններում միակ հնարավորությունը Տելեգրամն էր, որը կարող է աշխատել անգամ թույլ ինտերնետի պայմաններում: Օրինակ, այդպես եղավ «Նեխտա» («Nexta») ալիքի դեպքում, որն առաջին օրերին ընդհանրապես միակ ինֆորմացիոն ալիքն էր, որին հետևելով կարելի էր տեղեկություն ստանալ ու կոորդինացնել սեփական գործողությունները:

Բերման ենթարկվածների մասին տեղեկությունները հարկավոր էր ի մի բերել մի հարթակում, քանի որ կցկտուր փաստեր էինք իմանում այս կամ վայրում տեղի ունեցող կալանավորվածների մասին ու փորձում արագորեն փոխանցել միմյանց:

Այնպես որ եթե չլինեին սոցիալական ցանցերը, հեղափոխություն չէր լինի: Վստահ եմ դրանում:

Իսկ այս ողջ ընթացքում ինչպե՞ս էին աշխատում և ինչպիսի՞ ուղերձներ էին փոխանցում ավանդական լրատվամիջոցները:

Օգոստոսի 9-11-ը, երբ փողոցներում իսկական կռիվ էր, պայքար կամ մարդաշատ հավաքներ, իսկ հատուկ ջոկատայինները հարձակվում էին մարդկանց վրա, ավանդական լրատվամիջոցները պարզապես լռում էին: 

Նրանք ոչինչ չէին ասում ներկայի մասին և նույնը անում են նաև հիմա: 

Պետական ոչ մի լրատվամիջոց չգրեց ուժայինների բրուտալ գործողությունների ու խոշտանգումների մասին:

Բելառուսի մեդիա դաշտը պատկերացնելու համար ուզում եմ օրինակ բերել տպագիր թերթերը, որոնք իրականում քիչ չեն և կան նաև անկախները: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, առաջինն էր, որ տեղեկություն փոխանցեց ծեծված անձանց մասին: Թերթի առաջին էջում ծեծված մարդու լուսանկարն էր և Ներքին գործերի նախարարության հայտարարությունից մեջբերում, որ իրականում ոչ մի ծեծված մարդ չի եղել: 

Թերթի այդ համարը շատ արագ ամբողջովին սպառվեց, բայց արդեն հաջորդ երկու համարները խմբագրությունը չկարողացավ տպագրել, քանի որ հանկարծ պարզվեց, որ Մամուլի տանը, որտեղ գտնվում էր տպագրատունը, փչացել էր տպագրական հաստոցը:

«Նարոդնայա վոլյա» անկախ թերթն էլ չկարողացավ լույս տեսնել, քանի որ էլի տեխնիկական խնդիրներ ծագեցին և խմբագրությունը ստիպված տպագրում էր թերթը Մոսկվայի մոտակայքում գտնվող ինչ-որ տեղ, հետո տեղափոխում ու տարածում Բելառուսում:

Այդպիսով իշխանությունները առաջին հերթին փորձում էին վերահսկել տպագիր լրատվամիջոցները, որոնք ունեն իրենց հստակ սպառումը հազվադեպ ինտերնետից օգտվող բելառուսցիների մոտ:

Բայց տպագրությանը խոչընդոտելն ու ինտերնետն անջատելը անգամ ծիծաղելի է:

Համաձայն եմ, ծիծաղելի է: Իսկ հեռուստատեսությունը չեմ էլ հաշվի առնում: Օրինակ, մեր BT ալիքը վաղուց արդեն դարձել է պետական պրոպագանդայի հոմանիշ:

Եղավ մի պահ, որ այդ ալիքի մի քանի լրագրողներ ու հաղորդավարներ փորձեցին գործադուլ անել՝ պահանջելով, որ ասվի ճշմարտությունն ու վերանա գրաքննությունը:

Բայց այդ ամենը վերջացավ նրանով, որ անհամաձայններին հեռացրեցին աշխատանքից, իսկ նրանց փոխարեն աշխատանքի ընդունեցին ռուսաստանցի լրագրողներին: 

Այդ պրոցեսի գլխին կանգնեց «Ռաշա Թուդեի» ղեկավար տիկին Սիմոնյանը:

Երևի ոչ ոք ավելի լավ չի վարկաբեկում մարդուն, քան հենց ինքը, երբ խոսում է հրապարակավ: Օրինակ, այդպիսին էր արդյունքը Սիմոնյանի հետ հարցազրույցից հետո, երբ լսելով Լուկաշենկոյին, հասկանում ես, որ նա չի տիրապետում իրավիճակին ու փորձում է իր հետադիմական մտքերը ներկայացնել որպես միակ ճիշտը:

Մեզ մոտ անգամ կատակում ենք, որ լուրջ կասկածներ կան, թե Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը իրականում շատ խելացի է աշխատում, քանի որ հանրայնացնում է այնպիսի բաներ, որոնք ի ցույց դնելով, ապացուցում է Լուկաշենկոյի, մեղմ ասած, ոչ ադեկվատությունը:

Օրինակ, երբ տեսանք, թե ինչպես է նա զենքով պաշտպանում իր նստավայրը խաղաղ ցուցարարներից, որոնք եկել էին ծաղիկներով, խաղալիքներով ու դրոշներով, շատերը տարակուսեցին: Մանավանդ, որ զենքով ու համազգեստով էր նաև նրա որդին:

Այդ դրվագը մեզ մոտ սկիզբ դրեց տարբեր մեմերի ու հումորային մեկնաբանությունների:

Ընդհանրապես, երևի գալիս է մի պահ, երբ առաջնորդի ասածների մասին կարելի է միայն կատակել: Ասենք, ինչպե՞ս լուրջ ընդունել նրա մեկնաբանությունը Ալեքսեյ Նավալնու թունավորման կամ գաղտնալսումների մասին:

Հումորի միջոցով էին նաև բելառուսցիները հաղթահարում վախը: Օրինակ, Լուկաշենկոյի ասածները մոնտաժում էին «Ոզնին մառախուղում» հայտնի մուլտֆիլմի կադրերի հետ, որտեղ Պուտինը ոզնին էր, Լուկաշենկոն՝ ձիուկը:

Երբ լուրջ զրույց է, իսկ դիմացինդ ասում է, որ գաղտնի ինֆորմացիա է ստացել, բարդ է պահպանել դեմքի լուրջ արտահայտություն: Երևի Լուկաշենկոյի նման գործընկեր ունենալով, հարկավոր է մտածել՝ իսկ արդյոք արժե՞ նրա հետ որևէ ընդհանուր գործ ունենալ:

Երբ 2018-ին Հայաստանում հեղափոխություն էր, շատ կարևոր էր միջազգային լուսաբանումը: Որքանո՞վ եք բավարարված միջազգային մեդիայի անդրադարձներով: Նաև պահանջվա՞ծ են բելառուսցի լրագրողները որպես ինֆորմացիայի կրողներ:

Կարծում եմ՝ այն, ինչ կատարվում է մեզ մոտ, իրոք աննախադեպ է: Եվ շատ հեղինակավոր միջազգային լրատվականների առաջին էջերը Բելառուսի մասին են եղել: Ցանկը երկար է՝ Լը Մոնդ, Շպիգել, Նյու Յորք Թայմս, Գարդիան և շատ-շատ այլ լրատվականներ: Գարդիանը նաև գրեց կանանց ցույցերի մասին՝ շեշտելով երթերի խաղաղ բնույթը:

Իհարկե, եթե չլիներ միջազգային  լրատվականների ուշադրությունը, մեր հաջողությունն ու հույսն էլ կլիներ փոքր: Բայց այդ ուշադրությունը կա, և դա ոգևորում է:

Ես ինքս էլ, օրինակ, հեռացա այն մեդիայից, որտեղ երկար տարիներ աշխատում էի: Թեև դա մշակութային պարբերական էր, ու կարելի էր կարծել, որ մշակույթը որոշակի «անվտանգ» թեմատիկ կղզի է, բայց իրականում գալիս է մի պահ, որ հասկանում ես՝ պետք է գրել կարևորի մասին:

Շատ գործընկերներ ունեմ, որոնք նույնպես դուրս եկան պետական լրատվամիջոցներից հենց այդ պատճառով:

Հիմա բավականին շատ են առաջարկները գրելու մեր երկրի իրավիճակի մասին, մեկնաբանելու տեղի ունեցածը: Եվ մենք՝ բելառուսցի լրագրողները, զգում ենք, որ ինֆորմացիայի հոսքերը այդ թվում նաև մեզանից են կախված: Եվ դա շատ հաճելի զգացողություն է:

Վերջերս, օրինակ, ես հոդված գրեցի շվեդական լրատվականի համար այն մասին, թե ինչպես են մշակութային ակցիաները ներառվում դիմադրության շարժման մեջ ու ընդգծում, որ գրաքննությունը, բռնությունը, ընտրությունների կեղծումը բխում են մեկը մյուսից:

Երբ հասարակությունը շատ ավելի զարգացած, հեռանկարներ տեսնող ու վերլուծող է, քան իր առաջնորդը, միշտ տեղի է ունենում պայթյուն: Միշտ: Բայց հետաքրքիր է, որ Բելառուսում պայքարի ավանգարդում կանայք են:

Իրոք այդպես է: Իրականում, կանայք կարողացան կանգնեցնել կոշտ բռնության ալիքն ու ուժայինների ամենաթողությունը: 

Օգոստոսի 9-ից սկսած, երբ մարդկանց ասացին, որ Լուկաշենկոյին ընտրել է 80%-ից ավելի քաղաքացի, տեղի ունեցավ այդ պայթյունը: Դա ակնհայտ սուտ էր, հաշվի առնելով համավարակի դեմ անարդյունավետ պայքարը (պետությունը ոչ մի կանխարգելիչ միջոցառում չէր իրագործում ու բուժօգնություն չէր ապահովում) ու նաև նախորդող սկանդալը կապված ջրի թունավորման հետ (Մինսկում արտակարգ իրավիճակ էր, որը սակայն մարդիկ իրենք էին լուծում, առանց պետության միջամտության): 

Եվ այդ իրավիճակում քվեների 80%-ը պարզապես ապտակ էր հասարակությանը, որին դիմանալ իրականում ոչ ոք չէր կարող:

Օգոստոսի 9-ին հաջորդած երեք օրերը սահմանագիծ էր, որը փոխեց ամեն ինչ: Այն դաժանությունը, որին ականատես եղանք, ոչ ոք այլևս պատրաստ չէր մոռանալ, բայց նաև հասկանալի չէր, թե ինչպես կարելի է պայքարել:

Եվ այդ պահին փողոց դուրս եկան կանայք՝ ծաղիկներով, սպիտակ զգեստներով: Նրանք սկսեցին խաղաղ ցույցերը՝ բաց ձեռքերով ցույց տալով ուժայիններին, որ զինված չեն: Օրեր շարունակ նրանք կանգնում էին, քայլում, շատանում, և դա բեկումնային պահ էր: Ընդհանրապես այդ երթը շատ լի էր ստեղծարարությամբ, անգամ կառնավալային տարրերով:

Ուժայինները նրանց ձեռք չէին տալիս, իսկ բերման ենթարկելու ժամանակ էլ դաժանորեն չէին վարվում, ինչպես տղամարդկանց հետ:

Իշխանությունները շփոթվեցին կանանց համառությունից, դա անսպասելի ու ազդեցիկ քայլ էր, որը նպաստեց նաև, որ ազատեն շատ բերման ենթարկվածների, տեղեկություն հաղորդեն կորած մարդկանց մասին և այլն: 

Դիմադրության առաջին շաբաթն, իհարկե, պատմական էր, քանի որ այդ շաբաթն ավարտվեց խաղաղության երթով, որը  կրկնվում է արդեն մեկ ամիս: Շաբաթ օրը դուրս են գալիս կանայք, իսկ կիրակի՝ արդեն բոլորը:

Դրանք այն գեղեցիկ ու խաղաղ երթերն են, որոնցով հպարտ ենք բոլորս: Այդպես հիշում ենք ու հիշեցնում, որ մենք չենք մոռանալու, թե ինչ արեցին իշխանությունները մեր ընկերների ու մտերիմների հետ:

Կարելի՞ է սպասել, որ Լուկաշենկոն կարող է նորից կոշտ ճնշումների անցնել: 

Առաջին երթերի ժամանակ ընդհանրապես ոչ մեկի չէին բռնում: Իսկ Մինսկի վերջին երթի ժամանակ, երբ հավաքվել էր մոտավորապես 200 հազար, բերման ենթարկվեցին մոտ 500-ը:

Այնպես որ, եթե առաջին երթերը առավելապես անվտանգ էին, ապա հիմա իրավիճակն այլ է:

Սովորաբար մարդկանց բռնում են ոչ թե երթի ժամանակ, այլ երթի գնալու կամ վերադառնալու պահին, երբ փոքր խմբերով են լինում: 

Ուժայինները չեն համարձակվում բուն երթից «որսան» մարդկանց, սպասում են, որ ամբողջականությունը մասնատվի:

Նաև հետաքրքիր է, որ ուժայինների ու բացահայտ բանդիտներին պարտադրում են բացել դեմքը՝ հանելով նրանց դիմակները:

Ի դեպ՝ այն կնոջը, որը պոկեց բանդիտի դիմակը, հիմա առաջադրվել է մեղադրանք՝ հարձակում ուժային կառույցի ներկայացուցչի վրա: Նրան անգամ սպառնում է կալանք:

Երբ փակում ես դեմքդ, ուրեմն թաքցնում ես ինքնությունդ: Եթե ոստիկանը դիմակավոր է, ուրեմն իր գործողությունների համար պատասխանատվություն կրել չի ուզում:

Բնական է, որ ուժայինները վախենում են, որ իրենց կհետապնդեն ու կքննադատեն: 

Եվ որքան տեսնում ենք, բռնությունների կորը վերջին օրերին նորից աճում է: Արդեն սկսել են բերման ենթարկել կանանց երթերի մասնակիցներին, ուսանողներին ու մյուս խաղաղ ցուցարարներին:

Եվ վերջում մի հարց լեզվի մասին: Որքանո՞վ է այս բողոքի ալիքը կապված մայրենի լեզվի հետ: Հիշելով նաև Լուկաշենկոյի արհամարհական կարծիքը բելառուսերենի մասին:

Լեզվի հարցը շատ բարդ է, մենք էլ անընդհատ բանավիճում ենք, թե որ պահերին է մայրենի լեզուն դառնում բազային իմաստ ինքնության համար: Կամ հակառակը, լեզուն միևնույն է մնում է երկրորդական գործոն:

Բայց բոլոր դեպքերում բելառուսերենը այն նշանային կետերից չէ, որից սկսվեց դիմադրության շարժումը, ինչպես օրինակ, Ուկրաինայում էր, երբ անցումը ուկրաիներենի սարսափեցրեց ռուսախոս ուկրաինացիներին:

1990-ականներին, երբ փլվեց Սովետական միությունը, բուհ ընդունվելու համար կարելի էր ընտրել, թե որ լեզվով հանձնել քննությունները՝ ռուսերեն, թե բելառուսերեն: Այն ժամանակ ցանկացողները մոտավորապես հավասար էին, իսկ վերջին տարիներին, այո, ռուսերեն ընտրողները մի քանի անգամ ավելի շատ էին: Եվ դա մտոհոգիչ էր:

Բայց տվյալ պահին մեզ համար կարևոր է, որ մարդիկ (նշանակություն չունի, թե որ լեզվով են նրանք խոսում ու կարդում) ուզում են քաղաքական փոփոխություններ, ուզում են, որ Լուկաշենկոն հեռանա ու տեղի ունենան արդար ընտրություններ:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “«Գալիս է մի պահ, երբ հասկանում ես՝ պետք է գրել կարևորի մասին»”
  1. Kristine says:

    Ինչ լավ նյութ էր )

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *