2020.07.17,

Տեսակետ

«Փաստ-ֆոտոն արդեն դառնում է երկրորդական»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Ժամանակը վարկ չէ, որը վերցրել ես ու ամեն ամիս պիտի փակես: Ժամանակը շատ անձնական միավոր է, որը բոլորս հիմա վերաիմաստավորում ենք»,- ասում է PAN Photo գործակալության համահիմնադիր, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը:

Ինքնամեկուսացումը Վահանի համար առիթ է ժամանակի հետ երկխոսելու և ոչ միայն ֆոտո, այլև երաժշտական նախագծեր անելու: Օրինակ, Տիգրան Համասյանի բարդ ու արխիվային ոճով տեսահոլովակը, որը սկիզբ էր առել տասը տարի առաջ, բայց կարանտինը օգնեց այն ի մի բերելու (այն նվիրված է Արտավազդ Փելեշյանին, ավելի ճիշտ օմմաժ է նրա մոնտաժի տեխնիկային): 

Կամ կազմակերպել մասնակցությունը SOUQ երաժշտական փառատոն-մարաթոնին, երբ 39 ժամ բեմում էին (օնլայն) հայ երաժիշտները:

Վահան Ստեփանյանը փորձում է հասկանալ, թե որն է այսօրը: Եվ ո՞վ կարող է խոսել այսօրվա մասին և այսօրվա անունից: 

Այդ նույն տրամաբանությամբ էլ մոտենում է ֆոտոյին:

Պան ֆոտոն տարիներ շարունակ համագործակցում է գրեթե բոլոր խոշոր միջազգային լրատվական գործակալությունների հետ՝ փոխանցելով նրանց օրվա կարևոր ֆոտո փաթեթները: 2020-ի հուլիսի 12-ից հետո այդ փաթեթում են հայ-ադրբեջանական սահմանագծում արված ֆոտոները:

Վահանն ասում է, որ բացի այն բանից, որ լուսանկարները պիտի լինեն ստույգ, տեխնիկապես առավելագույնս անթերի, պարտադիր է էմոցիոնալ ֆոնն ու ամենակարևորը՝ ուղեկցող տեքստը: 

Միայն ֆոտոն բավարա՞ր չէ, պիտի լինի տեքստ, որ ճիշտ հասկացվի:

Լուսանկարն ու կարճ նկարագրությունը՝ քեփշընը, միասին են հայտնվում աշխարհի մեդիայում: Իսկ դա նշանակում է, որ մեր ուզած ֆոտոն հայտնվելու է հազարից ավելի մեդիայում միայն մեր ուզած տեքստով: Դա մեծ տեղեկատվական ձեռքբերում է, քանի որ այդպես Հայաստանն է ստեղծում համատեքստ:

Իհարկե, ցանկացած տեքստ խմբագրում ենք անգամ տառ առ տառ (օրինակ, որտեղ գրել Լեռնային Ղարաբաղ, որտեղ՝ Արցախ, որտեղ՝ անկախ հանրապետություն): Շատ կարևոր է, թե ֆոտոն ինչ տեքստով է դուրս գալիս աշխարհ:

Շատ լավ հասկանում ենք, թե ինչ ազդեցիկ գործիք է ֆոտոն:

Ի վերջո, ի՞նչ է ֆոտոն: Ֆոտոն բացի ինֆորմացիա լինելուց, առավելևս լրագրողական ինֆորմացիա, կարողանում է դիպչել տարբեր հուզական կետերին: Հիմա, երբ պատերազմական գործողություններ են, մարդիկ  ուզում են տեսնել ոչ թե սպանված կամ արնաթաթախ սպային, այլ ձեռքերը հաղթանակած վեր պարզած զինվորին, որը հիմա Տավուշում իր գործն է անում:

Ֆոտոն կարողանում է ստեղծել էմոցիոնալ դաշտ, վիդեոն դեռ դա չի կարող անել: Միգուցե կանի մի քանի տարի հետո, երբ բոլորի ինտերնետի արագությունը կամ հեռախոսի հզորությունը հերիքի:

Այսօր ուժը ֆոտոն է: Եվ կուզենայի, որ մենք իրոք գնահատենք ֆոտոն:

Կարծում եմ, լավ է գնահատվում:

Չէի ասի: Այսօրվա դրությամբ, լուսանկարիչները, կարծես, իրենք են համոզում պետական մարմիններին օգտագործել իրենց գործը, կարողություններն ու կապերը: Բնականաբար, մենք մեր փողերով գնում ենք սահման, կրակոցների տակ նկարում այնպիսի կադրեր, որոնք հետո պիտի մեծ տարածում ստանան ինտերնետում:

Ու այո, ֆոտոները, որոնք դուրս են գալու աշխարհ, պիտի ցույց տան, թե որքան կարևոր ու մարտական է մեր բանակը: Ընդ որում՝ հենց սահմանին:

Եվ հետաքրքիր է, որ այդ սահմանը ոչ միայն ֆիզիկական է, այլև էթիկական: Միգուցե այն շատ փխրուն սառցե շերտի պես է, բայց դա շատ կարևոր շերտ է:

Իսկ ո՞ր ֆոտոն է պահանջված միջազգային մեդիայում:

Միջազգային մեդիան շատ հստակ գնահատում է քո վերաբերմունքը աշխատանքին: Նախ՝ պիտի լինես արագ:

Իսկ արագ լինելուն անձամբ ես շատ լավ եմ ընտելացել: Ու ունեմ իմ բանաձևը՝ եթե կա մեկ ժամ նկարելու համար, ես կես ժամը կտրամադրեմ բուն նկարահանմանը, իսկ առաջին կես ժամը կմտածեմ, թե ոնց նկարեմ: Ցայտնոտի մեջ չեմ ընկնում: Մեկ րոպե ունե՞մ: Ուրեմն կես րոպեն կմտածեմ:

Միշտ կիսում եմ հատկացված ժամանակը, որ կարողանամ մտքում zoom in անել, խոշորացնել ժամանակը, կադրը:

Պատկերացնենք, որ ունենք հնարավորություն անվերջ խոշորացնելու կադրը, որ հասնենք մեկ պիքսելի: Շատ լավ վարժություն է:

Դա արդեն Մալևիչի «Սև քառակուսին է»:

Իրականում, ամենակարևոր հարցը, որը բոլորս իրար տալիս ենք այն է, թե ի՞նչն է մեզ կապում: Ի՞նչն է, որ թույլ է տալիս նստել կողք կողքի ու խոսել, իմանալով, որ դա լավ առիթ է՝ օրդ, շաբաթը, կյանքդ լավ անցկացնելու համար: Կարծում եմ՝ հենց այդ պատասխանից էլ կախված է ամեն ինչը: Չգիտեմ, միգուցե պետք է ստացվի արժեհամակարգերի համընկնում:

Եվ եթե հետ գանք ֆոտոյի թեմային, կստացվի, որ պետք է շատ հստակ իմանալ, որ լրագրողական ֆոտոն, առավելևս այսօրվա իրականության մեջ, պետք է լինի ավելին, քան պարզապես լավ «բռնացրած» կադր:

Այսօր ցանկացած մարդ իր գյուղի տան բակում կարող է նկարել կարևոր բան՝ առանց որակյալ օբյեկտիվի, տեխնիկայի: Պարզապես նկարել, թե ոնց է պայթում մի անօդաչու սարք՝ մտքում մտածելով՝ կպավ: Եվ մեկ այդ կադրը հերիք է, որ հետո ռազմական մասնագետներն այդ ֆոտոն խոշորացնեն, մաքրեն ու տեսնեն, թե ինչի հետ գործ ունենք:

Ինֆորմացիան հենց այդ պահն է, այդ «կպավ»-ը, որը բոլորը տարածում են և քննարկում՝ նշելով նաև ոչնչացված սարքի գինը՝ 30 մլն դոլարը:

Եվ այդտեղ հասկանում ես, որ փաստ-ֆոտոն, որտեղ ինչ-որ բան է կրակում ու ինչ-որ բան է պայթում, մի խոսքով՝ տեղի է ունենում որևէ գործողություն, դառնում է արդեն երկրորդական:

Այսօր ֆոտոպատմության էմոցիոնալ ընկալումը շատ ավելի թանկ է: 2016-ին, օրինակ, երբ առաջին գծում նկարում էինք ապրիլյան պատերազմը, միշտ ուզում էի նկարել ոչ թե ավերածությունները, պայթյունները, այլ տղաների դիմանկարները: Մարդկային գործոնը անասելի ավելի կարևոր է, քան սահմանին տեղի ունեցող գործողությունները:

Հիմա եթե մոտենանք Երևանում քայլող երեխաներին ու հարցնենք, թե որտեղ է Տավուշը, շատերը չեն իմանա: Բայց հաստատ կիմանան, որ Տավուշում զինվորներն իրենց դիրքերում են: Եվ ուրեմն պետք է ցույց տալ զինվորներին, ոչ թե Տավուշը, որը շատ ընդգրկուն է (համ Դիլիջանն է, համ Այգեպարն ու Իջևանը):

Վերջերս շատ էի բարկացել, որ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի հոբելյանը աննկատ անցավ: Ի վերջո, 90-ամյակը առիթ էր նրան արժևորելու: Մենք գնացինք Գյումրի, թանգարանից հանեցինք արխիվային ֆոտոները (շշմելու կադրեր կային նրա ընտանեկան ալբոմներում) ու որոշեցինք գոնե շաբաթը մեկ pan.am-ով մի նյութ հրապարակել:

Կա տխրության մի մակարդակ, որը ֆունդամենտալ է: Եվ այդ տխրությունը երևում է նրա ֆոտոներում՝ առաջացնելով ֆանտաստիկ զգացում:

Հիմա վերադառնամ սահման: Զինվորի դիմանկար կարող է անել յուրաքանչյուր լուսանկարիչ: Ու բոլոր նկարներն էլ կլինեն տարբեր:

Բայց հոգեբանական խորը շերտ կստեղծի այն լուսանկարիչը, որն իրան կզգա իրավիճակի մի մասը, այլ ոչ թե կլինի պարզապես լույսի, ստվերի, քիմիական ու մաթեմատիկական հաշվարկ անող:

Իհարկե, բոլոր տեխնիկական բաղադրիչները, կոմպոզիցիան և այլն կարևոր են, բայց դրանք անցած փուլ են:

Իսկ հիմա՞:

Հիմա կարևորը քո ներքին համոզմունքն է, որ իրավիճակի մաս ես ու ընդհանրապես… իրավունք ունես նկարելու:

Տարիների ընթացքում հազարավոր, միլիոնավոր ֆոտոներ ենք անում, բայց ցույց ենք տալիս ընդամենը մի քանիսը: Կարող ենք լցնել ցանցը մեր արածով ու տասն անգամ շատ լայքեր կամ դիտումներ հավաքել: Բայց չենք անում, իմաստ չկա:

Չգիտեմ, ոնց ասեմ, որ շատ պաթետիկ չլինի, բայց պատասխանատու ես ոչ միայն արարքիդ, այլև արարքիդ արդյունքի համար:

Ինչ սկսվել է լարվածությունը սահմանին, շատ լրատվամիջոցներ օգտագործում են իմ նկարած զինվորի դիմանկարը, որի մեջքին զենքեր են: Ու թեև դա արվել է 2016-ին, բայց միևնույն է հենց այդ լուսանկարն է ամենաճիշտը փոխանցում իրավիճակի սիմվոլիզմը:

Պան ֆոտո 2016 ապրիլ

Դա պատերազմի նկար չէ, բայց պատերազմը դա է: Կուտակված ինֆորմացիա, որը մեկ կադրով է դատարկվում դիտողի վրա:

Ճի՞շտ է, երբ արգելվում է լրագրողների մուտքը սահմանային գոտի:

Շատ ճիշտ է: Բացի նրանից, որ իրավիճակը անկանխատեսելի է (սա հարձակման փորձ է ընդամենը), կան շատ նրբություններ՝ գիտե՞ս, թե ուր ես դնելու ոտքդ, եթե պետք լինի վազել, ունե՞ս բավարար ֆիզիկական պատրաստվածություն, ի վերջո, ի՞նչ կոշիկ ես հագնելու:

Ռոյթերսում, օրինակ, պատերազմ լուսաբանող լրագրողները տարին մեկ պարտադիր անցնում են ստուգումներ՝ հանձնելով զինվորական նվազագույն նորմատիվներ: Եթե մեր բոլոր մեդիա կազմակերպությունները մեկական լուսանկարիչ ուղարկեն սահման, պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա:

Ճիշտ է, որ պատրաստված լուսանկարիչներն անեն իրենց գործը և ֆոտոները բաց տրամադրեն բոլորին: Եվ եթե անգամ չեն ուզում նշել լուսանկարչի անունը, Աստված նրանց հետ, թող չնշեն:

Կուզեի նաև, որ լրագրողները միշտ շեշտեն, որ 2016-ին պատերազմական գործողությունները Ղարաբաղում էին, իսկ 2020-ին Հայաստանում: Դա կարևորագույն կետ է՝ մենք առաջին անգամ խոսում ենք Հայաստանի մասին: Եվ շատ կարևոր է լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի աշխատանքն առաջին օրերին՝ սահմանամերձ գյուղերում:

Նա ֆոտոյով ցույց տվեց՝ տեսեք, հիմա այս գյուղերում մարդիկ են, երեխաներ, առօրյա: Նրանք մեր կողքին է, նրանք մենք ենք:

Եվ նրանք ընդամենը կես ժամվա ճանապարհին են, ասենք, դեպի Վրաստանի սահման: Այդ մոտ լինելու զգացումը աշխարհը տեսավ:

Մոտ լինելուց բացի, նաև արագ ենք արձագանքում:

Վիզուալ ընկալման արագությունն է փոխվել: Հիշենք, թե ոնց էինք թերթում վիրտուալ էջերը ֆորումների ու լայվ ջոռնալի դարում՝ դանդաղ, երկար-բարակ նայելով:

Հետո հայտնվեց Ֆեյսբուքը, որտեղ նկարները անհամեմատ շատ էին, ու մենք սկսեցինք ավելի արագ թերթել, մի քանի նկարի վրա կանգնում ենք, բայց մեծ մասի վրայով սքրոլ անում: Դրան գումարվեց միայն վիզուալ առաջարկող Ինստագրամը: Հիմա հայտնվել է ՏիկՏոկը, ու ես տեսել եմ, թե ոնց են դա թերթում երեխաները, ուղղակի վազում են էջերի վրայով՝ կատաղի արագությամբ:

Ընդամենը քսան տարում հասանք այն բանի, որ արդեն ամեն մեկն իր մաշկի վրա է զգում, թե ինչ արագության մեջ ենք ապրում:

Բայց միևնույն է, կարևորը ոչ թե տեխնիկան է ու տեխնոլոգիան, (ցանկացած հեռախոսով էլ կարելի է նկարել, վստահ եմ, որ մարդկանց մեծ մասը օգտագործում է իրենց հեռախոսի հնարավորությունների մոտ 20 տոկոսից ոչ ավելի), այլ հարցը, թե ինչ ես ուզում:

Բոլորը հիմա նկարում են ու ընթացքում հմտանում: Եվ ես շատ ուրախ եմ, որ լուսանկարիչը վաղուց արդեն չունի ֆոտո անելու մենաշնորհ, որովհետև հենց այդ կետից հետո է երևում տարբերությունը:

Իսկական լուսանկարիչը մի քիչ առաջ է ընկնում իր ժամանակից: Այսինքն, կադր որոնելիս հաշվարկում է ոչ թե ներկա պահը, այլ հաջորդը, որը և նկարելու է:

Իրավիճակային լուծումները բերել են իրավիճակային ֆոտոներ: Այսինքն, տեսնում ես ու նկարում ես: Վա~յ ուտելիք, նկարեմ ուտելիք: Վա~յ շատրվան, նկարեմ ինձ շատրվանի մոտ:

Ֆոտոն և առհասարակ կյանքը դարձել են իրավիճակային: Եվ այդ պատճառով՝ ցանկացած լուսանկարիչ շատ մեծ առավելություն ունի, քանի որ ինքն է ստեղծում իրավիճակ ու հետո նկարում այն:

Մի կարևոր բան էլ՝ միշտ կա ընտրություն՝ նկարե՞լ, թե՞ չնկարել, նկարվե՞լ, թե՞ չնկարվել: Ի վերջո, կարող ենք գիտակցել, որ կարելի է պարզապես չնկարել հերթական լուսանկարը:

Կամ չգրել հերթական ստատուսը…

Իրավիճակային ենք մտածում՝ առանց մի վայրկյան ավելի մտածելու: Երբեմն մեկ վայրկյանը հերիք է, որ գիտակցենք՝ իրո՞ք ուզում ենք կիսվել այս ֆոտոյով կամ այս մտքով: Եվ այստեղ սկսվում է այն բարդ խոսակցությունը, թե որն է քո անձնական տարածքը, և որը հանրայինը:

Եվ որտեղ ես դու:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *