Կառավարման մասնագետ, երաժիշտ Կարեն Հակոբյանը ակտիվ մասնակցում է տարբեր քաղաքացիական ակցիաների և վստահ է, որ բարդագույն խնդիրը սոլիդարություն ստեղծելն է:
Նա վստահ է, որ համերաշխությունը խաթարվում է, երբ չեն քննարկվում ու չեն վերլուծվում քաղաքացիական պայքարի օրինակները, որոնք ավարտվել են պարտությամբ: Եվ չեն տրվել հարցեր՝ դավաճանության, կոմպրոմիսի, լսելի չլինելու մասին:
Իսկ հետո գալիս է աշխատանք փնտրելու, այսինքն, տեղավորվելու ժամանակը՝ հանուն վաստակի, ապրուստի, պարզագույն ապահովության.
«Իսկ երբ տեղավորվում ես ու սկսում պայմանավորվել, սկզբունքային պայքարի էներգիան, հետո նաև՝ համերաշխությունը վերջանում են»:
Կարեն Հակոբյանը մի քանի դեմք-դիմակ ունի (մասնագիտություններ և աշխատանք), որոնք փորձում է չմիաձուլել:
Բացատրում է. «Ինքդ քեզ համար հնարում ես տարբեր դերեր, որ հետո դրանք սկսեն իրար հետ երկխոսել: Միգուցե դեռ անհանգիստ եմ, որ մի դերը կարող է խանգարել մյուսին: Կուզեի այդպես չլիներ»:
Անհանգստությունը, նաև որոշակի մոլորված վիճակը այս զրույցի առանցքը դարձան ակամայից:
Զգույշ ենք դարձել թե՛ քննադատելիս, թե՛ կարծիք հայտնելիս:
«Շատերն են զգույշ են անգամ իրենց սոցցանցային գրառումներում՝ չուզելով հայտնվել հարձակումների տակ: Իսկ այդ հարձակումները հաստատ կլինեն ու երկու կողմից էլ»,- ասում է Կարենը:
«Մոլորված մեդիա դաշտում»՝ երևի այսպես կարելի է ասել բոլորիս մասին, քանի որ սուզվում ենք մեծ ու փոքր իրադարձությունների, շահերի, նպատակների մեջ և բոլորին պետք է մեր ուշադրությունը:
Երևի մոլորվածությունը սկսվում է, երբ փոքրը ձևակերպված չէ կամ էլ մեծը ձևակերպված է այնքան մեծ, որ մոռացվել են մանրուքները, և մենք մանրուքների հետ բախվելիս, մոլորվում ենք:
Օրինակ, նույն օրերին, երբ Ֆիրդուս թաղամասի հարցը ակնհայտորեն օրենքի խախտումներով և նախկին իշխանությունների պայմանավորվածությունները ամեն գնով իրականացնելու միտումով է բարձրանում, զուգահեռաբար ազատ է արձակվում Քոչարյանը, և դատարանում չի հիմնավորվում Ծառուկյանի կալանքը:
Եվ շատ դժվար է հասկանալ՝ եթե արդարադատության համակարգում փոփոխություն չի եղել, ինչպե՞ս ենք վստահ, որ դատարանը կայացնում է արդարացի որոշում: Եվ մյուս հարցն այն է, թե ինչպե՞ս կարող են նոր ալիքով եկած իշխանությունները՝ բիզնեսի շահից ելնելով, փոխել մի ողջ թաղամաս:
Ստացվում է, որ կարող են, որովհետև ըստ էության՝ չկան մանր (բայց իրականում շատ կարևոր) քայլերը:
Հիմա իրոք կա մոլորվածություն, քանի որ այս պահին չենք կարող հասկանալ՝ քաղաքացին ո՞վ է: Ստացվում է մենք բոլորս թե՛ դատավոր ենք, թե՛ մեդիա, թե՛ ուղերձ փոխանցող, թե՛ ուղերձին հետևող, թե՛ պայքարող և պաստառ բռնող:
Ես, լինելով երաժիշտ, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է բեմում երգել, եթե փողոցում բռնություն է: Եվ տարիներ առաջ ստիպված էի փողոցում պաշտպանել ոչ թե անձամբ ինձ վերաբերող, այլ ավելի կարևոր՝ բռնություններին արձագանքելու հարցը: Չարձագանքելն էր սարսափելի:
Քաղաքացու ու ակտիվիստի միջև հավասարության նշանը հիմա էլ է պե՞տք:
Նույնիսկ երբ մեր գործողությունների արդյունքում ձևավորվեց նոր իշխանություն, և նոր տեքստը պիտի դառնար հիմնական գործելաոճը, միևնույն է տարբեր հարցերում պիտի լինենք և՛ պայքարող, և՛ ստեղծող, և՛ քննադատող, և՛ չքննադատող: Եվ դա դառնում է անվերջանալի շղթա:
Մոլորված վիճակի պատճառը նաև այն է, որ շատ քաղաքացիական ակտիվիստներ, որոնց ձայնը լսելի էր և որոնց կարծիքը կարևոր էր երկու տարի առաջ, հիմա Ազգային ժողովում են կամ գործադիր մարմիններում: Եվ նրանց առանձին ձայնը այլևս լսելի չէ:
Թվում էր, որ հիմա նրանք պետք է ավելի շատ ֆունկցիոնալ հնարավորություններ ունենան փոփոխություններ իրականացնելու, բայց դա տեղի չի ունենում:
Իսկ մյուս ակտիվ քաղաքացիներն իշխանական օղակներում հայտնված իրենց ընկերների հասցեին անգամ փոքր քննադատական ստատուս գրելուց առաջ, տասն անգամ հաշվում, հաշվարկում են, մտածելով՝ արդյոք սրանով չե՞նք խանգարի մարդկանց իրենց գործն անել ենթադրաբար սոլիդարության համատեքստում:
Այդ իմաստով՝ բարդ իրավիճակ է, մանավանդ որ իրար են խառնվել նաև «Ու՞մ ես դեմ»-ն ու «Ու՞մ ես կողմ»-ը:
Լրատվամիջոցներն ու տարբեր տրամաչափի ցանցային հեղինակությունները լավ օգտագործում են այդ դեմ-կողմ ճոճանակը: Քննադատությունը իշխանությունների հասցեին պահանջված ապրանք է մեդիայում:
Այս իրավիճակում սկզբունքային հարց է, թե ում ես տալիս հարցազրույց կամ որ հարթակում ես կարծիք հայտնում: Կարևոր է, որ խոսքդ չհայտնվի ծախված և վաղուց պրոպոգանդայով զբաղվող հարթակում:
Այդպես նաև կարող ես հույս ունենալ, որ միտքդ կներկայացվի առանց կոնտեքստից կտրելու:
Հիմա ցանկացած քննադատություն իշխանությունների հասցեին կարող են միանգամից օգտագործել, եթե զգում են, որ քո քննադատությունը համընկնում է այն տեսակետների հետ, որոնց հետ շատերս ենք խուսափում հայտնվել նույն տեքստային դաշտում:
Դիմակ կրել-չկրելու հարցն, օրինակ, նման «մանրուքներից» էր, որը այնքան անտեսվեց, որ հիմա վարչապետն անձամբ է փողոցում դիմակ բաժանում ու մարդկանց շնորհակալություն հայտնում՝ դիմակ կրելու համար (թեև դա ուշացած ակցիա է):
Բայց այդ մանրուքը սկիզբ առավ, երբ վարչապետը դիմեց «ՀՀ հպարտ քաղաքացիներին»՝ առանց ձևակերպելու, թե ինչ է նշանակում լինել հպարտ և ինչ է նշանակում լինել քաղաքացի:
Ենթադրվեց, որ դա ասելով՝ բոլորը նույն բանն են պատկերացնում:
Պարզվեց, որ այդպես չէ: Շատերի համար, ցավոք, հպարտությունը քաղաքացիական իրավունքների ճնշման դրսևորում էր:
Հիմա հպարտությունը չափազանց ազատորեն է մեկնաբանվում՝ բացելով մանիպուլյացիոն դաշտ, որտեղ խաղարկվում է նաև հպարտությամբ դիմակ չկրելը:
Ցավոք «քաղաքացին» զիջեց «հպարտությանը»:
Իսկ դա կարող է առաջացնել ֆաշիստական էյֆորիա, հրճվանք՝ դիմացինին ճնշելու ու բռնանալու տրամաբանության ներքո: Սրանք պետք է բացառվեին համակեցության տարածքում:
Կա երկու բևեռ՝ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ փոխվել է: Արանքում ասածը, իրոք, լսելի չէ:
Շատ կարևոր է, որ չմոռանանք հարցեր տալ: Եվ դա անենք, մինչ արագորեն տեղից թռնելն ու մեկի վրա հարձակվելը:
Ցավոք, մենք չենք սիրում հարց տալ: Օրինակ, հայտարարում ենք, որ երկրում այլևս կոռուպցիա չկա, կամ չկան օլիգարխներ, իսկ մարդու իրավունքները պաշտպանված են: Բայց չէ՞ որ այդպես ենթադրելն ինքնին վտանգավոր է, որովհետև բացառվում են հարցերը:
Իհարկե, ունենում ենք հարցեր, որոնք ոչ թե երկխոսության, այլ ռեակցիոն պատասխանների սկիզբ են:
Մեդիայի մեծ մասին վճարում են այն աղբյուրները, որոնք ձգտում են անել մանիպուլյացիաներ: Դրանք փող ունեցող և փոփոխություններ չուզող մարդիկ են, արդյունքում մեդիան ձևակերպում է հետադիմական իմիջներ, որոնք շղթայական են տարածվում:
Եվ նորից ստացվում է, որ վերլուծելը, հասկանալը, գիտակցելն ու համապատասխան գործողություններ կատարելը թողնված է միջին քաղաքացու վրա, որից պահանջվում է առնվազն վերլուծական հիմնարկի կարողություններ, որպեսզի կարողանա տարբեր մեդիա լսելով ու կարդալով տարբերակել, թե որոնք չեն խոսում հանրային շահի տրամաբանությունից և որոնք են ստեղծված հատուկ մարդկանց ընկճելու համար:
Խնդիրն այն է, թե ու՞մ են տալիս հարցերը: Ասենք, պսևդո վերլուծաբաններին, ագրեսիվ ու ամեն ինչից տեղյակ փորձագետներին, ժամկետանց խմբավորումներին: Արդյունքում լրատվական դաշտը դառնում է փրփուր:
Դիրիժոր Արամ Ղարաբեկյանը մի անգամ ասաց, որ Հայաստանում չկա հեղինակության կայացման սանդղակ:
Երևի պետք է հաշվի առնենք, որ փորձագետը, գիտնականը կամ կայացած մասնագետը կարող է չցանկանալ պոպուլյար լինել մեդիա դաշտում և խոսել ամեն տեղ ու ամեն առիթով: Նրանց ճանաչելը նաև հասարակության խնդիրն է:
Երբ հանկարծ հայտնվում են նորելուկ, փորձ չունեցող, բայց իրենց փորձագետ կամ վարպետ կոչող մարդիկ, իսկական մասնագետները շարունակում են մնալ անհայտ: Եվ տարիներով կուտակված գիտելիքով ու փորձով կիսվելու հնարավորություն նորից չի ստեղծում:
Այդ խնդիրը եղել է միշտ, քանի որ տարբեր պատմական փաստերից ելնելով սերնդափոխությունը եղել է ոչ թե բնական, այլ ռեպրեսիվ մեխանիզմներով: Գլխատվել է փորձն ու ստեղծվել ֆրագմենտար սերնդափոխություն:
Փաստորեն մի շարք սխալ, էռորային պատկերացումներով իմիջներ են ստեղծվում, հետո դրանք տարածվում են մեդիայով: Արդյունքում չունենք այն հիմքը, որի վրա կարող ենք հենվել, թեկուզ սխալների ուղղում անելու կամ երկխոսելու համար:
Իհարկե, իշխանություններին միշտ պետք է քննադատել, առանց դրա կստացվի, որ մեզ նախապես մտցրել ենք բանտ, նույնիսկ եթե բանտում միայն մեր մտքերն են:
Եթե դիմացինդ ասի «Ես չգիտեմ, թե ինչպես, ո՞վ կարող է ինձ օգնել», ուրեմն կա հնարավորություն օգտակար լինելու: Բայց եթե դիմացինի մտքով չի անցնում դա հարցնել, ստացվում է, որ նա լավ էլ գիտե, որ սխալ է անում և շարունակում է սխալ անել:
Նկատել եմ, որ հիմա հարցազրույց կամ ասուլիս տվող շատ պետական պաշտոնյաների բառապաշարում հայտնվել է «Եթե չեմ սխալվում» արտահայտությունը: Տարբեր ոլորտների պատասխանատուները տեքստ ասելուց կամ թվեր մեջբերելուց ասում են դա:
Եվ ես նստած մտածում եմ՝ իսկ ո՞վ պիտի լինի այդ մեկը, որը հաստատ չի սխալվելու: Ի վերջո, կամ գիտես պատասխանը, կամ չգիտես: Եվ եթե չգիտես, իրավունք չունես ասելու՝ եթե չեմ սխալվում:
Եթե ամեն մարդ հիմա մի վերլուծական կենտրոն է իր համար, ինչպե՞ս կարելի է իմունիտետ ձեռք բերել ու չթաղվել անդադար գլխին թափվող ինֆորմացիայի տակ:
Կարծում եմ՝ Հայաստանի բնակչությունը ինֆորմացիան ֆիլտրելու որոշակի իմունիտետ արդեն ունի, մանավանդ Սովետ տեսած սերունդը, որը կարողանում էր դուրս բերել ճիշտը տողատակեր կարդալով: Դա խաղի պես էր:
Նման իմունիտետ չունի ավելի երիտասարդ սերունդը, որն ավելի փոփ-արձագանքի է սովոր՝ նոր գույներով ու ձևաչափերով:
Նույնիսկ եթե ենթադրենք, որ մեդիա դաշտում կան հետաքրքիր և օգտակար վերլուծություններ, ես վստահ չեմ, որ այդ վերլուծությունները հայտնվում են որոշումներ ընդունողների օրակարգում:
Այսինքն, հասնում են նրանց, ում ուղղված են:
Վերջիվերջո, քաղաքական կամ տնտեսական վերլուծությունները աշխատանքի գնացող կամ գյուղում գործ անող միջին վիճակագրական մարդուն մեծ բան չես տալիս, բացի թերևս զրույցի թեմա դառնալուց: Շատ ավելի կարևոր է, մեդիայում հայտնվող վերլուծականները հայտնվեն որոշումներ կայացնողների սեղանին:
Եվ եթե այս կապը գոյություն չունի, ըստ էության՝ իմունիտետ չի ձևավորվի:
Ես համենայնդեպս, չգիտեմ, վերլուծաբանների մի խումբ, որն ուղղիղ ազդեցություն ունի որոշումներ կայացնողների վրա: Եվ եթե մենք նոր հասարակություն ենք, արդեն պիտի սկսեինք մի պրոցես, որտեղ Հանրայինը, տարբեր անկախ հարթակները տային մեզ մեր ուզած վերլուծական մտքերը:
Ճիշտն ասած, չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դա չեղավ:
Երևի դա բարդ ճանապարհ է, որին պատրաստ չեն:
Եվ ի՞նչ անենք: Հասարակական ուժերով (այսինքն, ով, ինչ ունի, հավաքի), ստեղծե՞լ հարթակ, որտեղից փորձ կարվի հուշել, թե ինչ ճանապարհներ կան: Հուշել, հուշել այնքան ժամանակ, մինչև լսելի լինե՞նք:
Կարելի է, իհարկե, նախաձեռնել, ուժերը լարել, բայց կա վտանգ, որ քեզ կշարունակեն դիտարկել որպես ընդդիմադիր ևս մեկ ուժ: Այսինքն, էլի ասածդ տեղ չի հասնի:
Չէի ուզենա ֆատալիստական հնչեր և պնդում եմ, որ իրենց տեղում գործ անող, մտածող մարդիկ շատ են, նրանց սիրտը ցավում է, և նրանք բոլորովին պատրաստ չեն վաճառվել և ենթադրել, որ նախկին իշխանությունները կարող են որևէ ձևով վերադառնալ:
Այդ մարդիկ դեռևս կան և պատրաստ են օգտակար լինելու, որ քաղաքացին լինի հպարտ, բայց նախևառաջ դառնա քաղաքացի և պայքարի Սահմանադրության համար՝ իր ունեցած ստեղծագործական գործիքներով՝ տեքստերով, երաժշտությամբ, կեցվածքով, հարգանքով դիմացինի նկատմամբ:
Օրինակ, Իսլանդիան անցյալ տարի ստեղծեց Սահմանդրության նոր տեքստ՝ ընդգրկելով յուրաքանչյուր քաղաքացու:
Այդպես լսելի է դառնում նա, ով իրականում բան ուներ ասելու, իսկ նա, ով ասաց խելացի բան՝ համընկնելով մյուսների կարծիքի հետ, արդեն ստեղծում է մի ուրիշ հանրային վիբրացիա, որտեղ ձևավորվում են նոր խոսք ասողներ, ապագա պատգամավորներ: Իսկ, ասենք, այն լրագրողը, որը սովոր է մանուպուլյացիոն նյութեր գրել, ձայնը կտրում է ու կողք քաշվում:
Սահմանադրության շուրջ բաց խոսելը (ոչ կոմիտեներով ու հանձնաժողովներով) պիտի փոխանցվի ժողովրդին:
Եթե մենք բոլորս անհատական վերլուծական կենտրոն ենք, ուրեմն ինքներս պետք է ձևակերպենք մեր երկրի Սահմանադրությունը:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: