2020.06.10,

Տեսակետ

«Կորոնավիրուսի երկարատև լուսաբանումը կվնասի քաղաքացիների մեդիաիմունիտետին»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Գևորգ Թոսունյանը ակտիվ լրագրող է, աշխատում է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունում: Նրա հոդվածները հաճախ են դատական վեճերի կամ հանրային քննարկումների առիթ դառնում, որովհետև ընտրում է սուր և զգայուն թեմաներ:

Կորոնավիրուսի օրերին ֆեյսբուքյան իր էջում նա հաճախ է պատմում վիրուսի դեմ պայքարի իր փորձառության մասին: Անձամբ է փնտրում ու գտնում դիմակներ, ախտահանիչ նյութեր և անգամ շինարարական ակնոցներ: 

Ամսական մոտ 23 հազար դրամ է ծախսում պաշտպանիչ միջոցների ձեռքբերման համար և սեփական փորձով հասկանում, թե որ միջոցն է ավելի էֆեկտիվ: Այդպես ոչ միայն իրեն ու հարազատներին է պաշտպանում վիրուսից, այլև գործընկերներին ու զրուցակիցներին:

Կորոնավիրուսի առաջին փուլում, երբ հայտարարվեց արտակարգ դրություն,  ի՞նչ ապրումներ ունեիք հատկապես մարդկանց հետ շփման ժամանակ: 

Վերջին չորս ամիսները զգացմունքային առումով տարբեր էին։ Մենք՝ լրագրողներս, բուժաշխատողների համեմատ շփման ավելի քիչ ու նվազ վտանգավոր շրջանակ ունենք, բայց այդ շփումները ևս վտանգ են պարունակում, առավել ևս բազմամարդ ակցիների կամ ցույցերի լուսաբանումը։ 

Իմ առաջին սթրեսը մարտի 1-ին էր, այդ օրը Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակակիրը փետրվարի 28-ին Իրանից ժամանած քաղաքացի էր: 

Այդ օրը ես եղել էի օդանավակայանում և, մարտի 1-ի առավոտյան իմանալով դեպքի մասին, ներքուստ լարվեցի: 

Հիշում եմ, որ լուսաբանումից առաջ մտել էի չորս դեղատուն և չէի գտել ոչ մի ռեսպերատորով դիմակ և որոշեցի շինանյութի խանութից ձեռք բերել FFP2 դիմակ։ Դա մի փոքր սփոփում էր, բայց լարվածությունը շարունակում էր բարձր մնալ: 

Այնքան էի լարված, որ մարտի 1-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը լուսաբանելիս մուտքի դիմաց հենց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացա առաջին հոգեբանական խորհրդատվությունը: 

Լարվածության պատճառով անգամ սխալ ձևակերպեցի միտքս ու նախարարը կարծեց, թե ես այդ ինքնաթիռի մեջ եմ եղել, միանգամից հորդորեց գնալ տուն:  Այդ ընթացքում Թորոսյանը զանգ ստացավ և մինչ նա պատասխանում էր զանգին, ես լսում էի սրտիս բաբախյունները: 

Երբ ավարտեց զրույցը, բացատրեցի, որ ոչ թե եղել եմ ինքնաթիռում, այլ օդանավայանում լուսաբանել եմ ժամանումը, նախարարը միանգամից հանգստացրեց՝ ասելով, որ մտահոգվելու կարիք չկա: 

Այդպես դեպքերը գնալով ավելանում էին, իսկ վախերը՝ նվազում։ Այժմ գիտակցում եմ՝ այսօր ավելի վտանգավոր է, քան մեկ ամիս կամ մեկ շաբաթ առաջ, բայց իմ վերաբերմունքն է փոխվել, հիմա ավելի հանգիստ եմ ու սթափ։ 

Ինչպես եմ ես աշխատում ու փորձում չվարակվել, ասեմ կետերով՝

  • Կրում եմ ռեսպերատորով դիմակներ,
  • Գնահատում եմ ռիսկն ու հարկ եղած դեպքում կրում ակնոց,
  • Ձեռքերս ախտահանում եմ ամեն 5-7 րոպեն մեկ կամ ինձ համար անծանոթ մակերևույթին դիպչելուց հետո, եթե հոսող ջուր կա, անընդհատ լվացվում եմ,
  • Մշտապես պահպանում եմ առնվազն մեկ մետր սոցիալական հեռավորություն,
  • Պարբերաբար ախտահանում եմ հեռախոսս, իհարկե, այնպես որ այն շարքից դուրս չգա,
  • Ամեն առավոտ աշխատասեղանը մաքրում են ալկոհոլ պարունակող հեղուկով,
  • Տուն հասնելիս մեքենայի մեջ փչում եմ այդ նույն սփրեյը,
  • Խանութից տուն մտնելիս պարտադիր սփրեյի միջոցով ախտահանում եմ նաև տոպրակներն ու դրանց մեջ գնվածը, իհարկե, խոսքը մրգերի մասին չէ,
  • Բացարձակապես չեմ մասնակցում հարսանիքների, ծնունդների կամ մարդաշատ այլ միջոցառումների, միայն ընտանիքի նեղ շրջապատով ենք հանդիպել,
  • Ընկերներիս հետ շուրջ չորս ամիս գինարբուրքի չենք եղել, շփվելիս էլ պահպանում ենք առնվազն երկու մետր սոցիալական հեռավորություն,
  • Լավատես եմ, շուտով այս ամենը կավարտվի։

Փաստորեն բավականին ժամանակ եք ծախսում այս գործողությունների համար, ինքներդ եք մշակե՞լ այս քայլերը:

Հենց վարակը մտավ Հայաստան, սկսեցի ընթերցել գիտական հոդվածներ, ընդ որում՝ պարտադիր հավաստի աղբյուրներից: Մշտապես ստուգել եմ հոդվածի սկզբնաղբյուրը, հավաստիացել, որ հետազոտություն իրականացրած կազմակերպությունը վստահելի է։ 

Իմ ուսումնասիրության արդյունքում հասկացա, որ պետք է պաշտպանվել՝ օգտագործելով բացառապես ռեսպերատորով դիմակներ, հարկ եղած դեպքում էլ կրել ակնոցներ: 

Oրինակ, Էջմիածնի փակվելուց հետո, երբ մարդիկ խուսափում էին այնտեղ այցելել, ես գնացի նկարահանման, օպերատորս հենց քաղաքից էր: Վարորդն այնքան էր լարված, որ երեք ժամ տևած նկարահանման ընթացքում ոչ մի անգամ մեքենայից դուրս չեկավ, անգամ չծխեց։ 

Այդ օրը պաշտպանվել եմ ամբողջ ընթացքում՝ կրելով դիմակ, ակնոց և ալկոգելով անընդհատ ձեռքերս ախտահանելով: Ի դեպ, ակնոցը շինանյութի խանութից էի գնել, քանի որ բժշկական ակնոցներ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհնարին է գտնել դեղատներում։ Իսկ շինարարական ակնոցով կարողանում ես հերմետիկ փակել դեմքդ։ 

Նախորդ ամիս, իմ գործընկերներից մեկը վարակվեց, ես նրա հետ առավոտյան 11-ից մինչև 17:00-ն նկարահանման էի, ընդ որում՝ տարբեր փակ տարածքներում։ Ամբողջ ընթացքում եղել եմ ռեսպերատորով դիմակով: Հետագայում, իմանալով նրա վարակման մասին, թեստավորվել եմ, արդյունքը եղել է բացասական: Թեստավորումից առ այսօր անցել է 25 օր և ես որևէ ախտանշան չունեմ։ 

Այս դեպքն էլ ավելի ամրապնդեց կարծիքս, որ հարկավոր է միշտ դիմակ կրել, ընդ որում՝ ռեսպերատորով։

Պաշտպանիչ միջոցների մեծ «զինանոց» ունեք և հաճախ եք սոցցանցում խոսում այդ մասին:

Կորոնավիրուսից պաշտպանվելու իմ «զինանոցում» ունեմ 10 ռեսպերատորով դիմակ:

Հանրային հեռուստաընկերությունում մեզ պարբերաբար տալիս են սովորական բժշկական դիմակներ և ալկոգել, դրանք ևս պաշտպանում են, սակայն ոչ բավարար մակարդակով, նախընտրում եմ ինքս գնել դիմակներ: 

Անցած ամիսների ընթացքում տարբեր դիմակներ եմ ձեռք բերել, դրանցից ավելի որակյալները պահում եմ, քանի որ ներկայում դժվար է նման դիմակներ գտնել: 

Բացի այդ, նախորդ ամիս Չինաստանից պատվիրել եմ N95 տեսակի հեծանվային դիմակ՝ իր ֆիլտրերով: Ամեն շաբաթ գնում եմ կես լիտր ալկոգել, իսկ երկու շաբաթը մեկ սպառվում է սփրեյ ախտահանիչը: Ունեմ նաև չորս շինարարական, թափանցիկ ակնոց: Ընդհանուր առմամբ, ամսական մինչև 23 հազար դրամի նման գնումներ են անում:

Կորոնավիրուսը փոխե՞լ է լրատվության հոսքի տրամաբանությունը:

Հիմա լրագրությունը կորցրել է  հեռուստադիտողի, ընթերցողի ու ռադիոլսողի ուշադրությունը: Ավելի պատկերավոր ասեմ, երբեմն որևէ իրադարձություն կարող է մագնիսի պես ձգել քաղաքացիների հետաքրքրությունը, ինչպես օրինակ, SpaceX-ի առաջին անգամ տիեզերք տիեզերագնացներ ուղարկելը։ 

Նման թեմաները իրադարձության կատարման պահին ձգում են հեռուստադիտողին, այս իրադարձությունը կորոնավիրուսի պատճառով քիչ ուշադրության արժանացավ։

Առնվազն երկու ամիս հեռուստադիտողը կորոնավիրուսից բացի այլ բան պարզապես չէր ցանկանում լսել։ Այսօր էլ հանրային հետաքրքրությանը մեծամասամբ ուղղված է այս վարակի լուսաբանումը։ 

Շատ հետաքրքիր ռեպորտաժներ մնում են լուսանցքից դուրս։ Բացի այդ, մենք գնալով կորցնում ենք դեմ առ դեմ շփումների անմիջականությունը։ 

Հնարավո՞ր է անվերջ լուսաբանել վարակի թեման, ե՞րբ կձանձրանանք:

Անվերջ կամ բավականին տևական ժամանակ, օրինակ 2-3 տարի լուսաբանումը, միայն ու միայն կվնասի մարդկանց։ Ի վերջո, այն կվնասի քաղաքացիների մեդիաիմունիտետին։ 

Վարակը ձևավորել է իր օրակարգը։ Այս իրողությունն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: 

Դրականն այն է, որ ամենօրյա ռեժիմով իրազեկելով մարդկանց վարակի տարածման տեմպերի, ռիսկերի ու կանխարգելիչ քայլերի մասին, մենք նպաստում ենք հանրության պաշտպանությանը: 

Բացասական է, սակայն, որ մյուս՝ առավել կարևոր թեմաները մնացել են լուսանցքում: Վարակի տարածման առաջին երկու ամիսներին, գրեթե անհնարին էր մարդկանց մատուցել այլ տեղեկություն. նրանք պարզապես չէին հետաքրքրվում այդ ռեպորտաժներով: 

Բայց մոտ ապագայում, կարծում եմ, լրատվական դաշտը դուրս կգա այս օրակարգից և կշարունակի ակտիվորեն իրազեկել քաղաքացիներին այլ իրադարձությունների, փոփոխությունների և խնդիրների մասին:

Հարցազրույցը Գայանե Ասրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *