2020.05.22,

Տեսակետ

«Հիմա առավել քան երբևէ կարևոր է ուսումնասիրել կառավարության յուրաքանչյուր ծախս»

Կորոնավիրուսի համաճարակը ստեղծել է լիովին նոր իրականություն, որին փորձում է հարմարվել ամբողջ աշխարհը: Լրագրողներն ունեն մեծ դերակատարում այս իրավիճակում: Ինչպե՞ս հաղթահարել մարտահրավերները, որոնց բախվում են լրատվամիջոցներն ու լրագրողները: Ի՞նչ պիտի անեն լրագրողներն ամբողջ աշխարհում համաճարակի ժամանակ ու դրանից հետո: 

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի Հարավային Կովկասի տարածաշրջանային խմբագիր Դեյվիդ Բլոսը խորհուրդ է տալիս առողջապահական ոլորտի լուսաբանումը սահմանել որպես առաջնահերթություն: 

Ու հատկապես այս օրերին հետաքրքրության առանցքում պահել ու ուշադիր լինել կառավարության յուրաքանչյուր ծախսի հանդեպ: 

Իսկ հարցազրույցներն օգտագործել տեղեկատվություն, ոչ թե էմոցիաներ ստանալու համար:

Ամենատարածված արտահայտությունը, հատկապես քաղաքական գործիչների, այն է, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ: Ինչպե՞ս կարող է այս իրավիճակն ազդել լրագրության վրա՝ սկսած տեղեկատվության հավաքման ու հրապարակման փուլերից մինչև սոցիալական ցանցերում դրանց մոդերացում: 

Կարծում եմ, որ լրագրողների համար ամենամեծ մարտահրավերը գիտակցումն է, որ առողջապահական թեմաների լուսաբանումը պետք է լինի առաջնահերթություն:

Դա նշանակում է՝ հարցեր տալ գիտնականներին ու պաշտոնատար անձանց  պատրաստվածության ու պատասխանատվության բաշխման վերաբերյալ մինչև առողջապահական ճգնաժամի ի հայտ գալը՝ միևնույն ժամանակ մշակելով աղբյուրները:

Դա նշանակում է տեղեկատվության ստացման բավականաչափ հարցումներ ուղարկել մինչ առողջապահական ճգնաժամը, որպեսզի ձեռք բերվի ոլորտի պատրաստվածության մասին իրական պատկերը և բոլոր հոդվածներում ունենալ ելման կետ հենց ճգնաժամը սկսվի:

Պետք է իմանալ մարդկանց, որոնք կարևոր են, և թվերը, որոնք կարևոր են:

Որո՞նք են լրագրողների համար այս իրավիճակից բխող հնարավոր դրական ու բացասական փոփոխությունները:

Դրականն այն է, որ մեդիայից օգտվողների քանակն աճում է աննախադեպ արագությամբ, և այն լրատվամիջոցները, որոնք վայելում են ընթերցողների, դիտողների մեծամասնության վստահությունը, ունեն հնարավորություն պահպանելու այդ բարձր ցուցանիշները:

Բազում մեդիա շուկաներ կարող են աշխատել առողջապահական ոլորտից գովազդային եկամուտներ ներգրավելու ուղղությամբ:

Բացասականն այն է, որ երկրները կարող են հայտարարել արտակարգ իրավիճակ ու իրականացնել առանց մրցույթի կամ մեկ հայտով գնումներ՝ խուսափելով մեդիայի ու հանրության վերահսկողությունից:

Արտակարգ դրությունները կարող են տևել ավելին, քան հանրային առողջությանը սպառնացող վտանգները:

Ի հեճուկս առողջապական ոլորտի մասնագետների զգուշացումներին, որ մարդկությունը գործ ունի վտանգավոր վիրուսի հետ (դրա` արագ տարածման պատճառով) կան մի խումբ մարդիկ, որոնք կասկածամիտ են ու չեն հավատում խնդիրը լուծելու ջանքերին: Շատանում են նաև դավադրության տեսությունները: Ինչպե՞ս կարող են լրագրողները հաղթահարել այս խնդիրը՝ հաշվի առնելով նաև որոշակի տեղեկատվության անհասանելիության հարցը:

Երբեք մի ընդունեք տեղեկատվության հասանելիության սահմանափակումները:

Երբ հասանելիությունը սահմանափակված է, հայտնեք լսարանին այն մարդկանց անունները, որոնք թաքցնում են տեղեկատվությունը, որպեսզի հանրությունն իմանա, թե ովքեր են նրանք:

Չկա բավարար ժամանակ ու ռեսուրս յուրաքանչյուր դավադրության տեսություն հերքելու համար, նմանատիպ քննարկումներում ներքաշվելը ժամանակի ու ռեսուրսների վատնում է:

Ի պատասխան դավադրության տեսություններին, որոնք իսկապես առկա են հանրային քննարկման դաշտում, լիովին բավարար է գիտական մեկնաբանության և հավաստի տվյալների վրա հիմնված կարճ ու անկողմնակալ պատմությունը:

Պետք է կենտրոնացնել ուշադրությունը այն բանի վրա, թե ինչ է տեղի ունենում, ոչ թե գոյություն չունեցողի:

Տեսնո՞ւմ եք պետությունների կողմից ոչ հաշվետու լինելու և սխալվելու ռիսկեր, որոնք հետաքննող լրագրողները սովորաբար ուսումնասիրում ու կանխարգելում են:

Ծախսված գումարների չափերն ու տնտեսություններում փոփոխությունները ցնցող են ամբողջ աշխարհում:

Կառավարությունների կողմից յուրաքանչյուր ծախսի դիտարկումը երբևէ այսքան կարևոր չի եղել: Արդյո՞ք ծախսերը կյանքեր են փրկում: Արդյո՞ք գումարները վատնվում են կամ գողացվում` այդպիսով վնաս հասցնելով տնտեսություններին, որոնք արդեն իսկ փլուզման եզրին են:

Ի՞նչ սպառնալիքներ եք տեսնում հետաքննական լրագրողների համար համաճարակային ու հետհամաճարակային ժամանակաշրջաններում: Օրինակ, լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումները, տեղեկատվության աղբյուրների հետ դեմ առ դեմ շփման բացակայությունը, ինչպես նաև պետությունների կողմից արտակարգ դրության հաստատումը, որով վերահսկվում է մեդիան ու սահմանափակվում է ազատ խոսքը, ինչպե՞ս կարող են ազդել լրատվամիջոցների աշխատանքի վրա:

Սրանք բոլորն էլ սպառնալիքներ են: Լրագրողները պետք է պահանջեն ազատ տեղաշարժի իրավունքի պաշտպանություն՝ միևնույն ժամանակ պահպանելով անվտանգության կանոնները թե՛ իրենց, թե՛ իրենց տեղեկատվություն փոխանցողների համար:

Լրագրողները պետք է շեշտադրեն, որ հանրությունը թափանցիկ տեղեկատվության կարիք ու պահանջ ունի և լուսաբանման մի մասը պետք է լինի մատնանշումը այն մարդկանց, որոնք տեղեկատվությունը թաքցնում են:

Շարունակեք ուղարկել հարցումներ և արտակարգ դրությունը մի համարեք որպես անպատասխան մնացած հարցերի պատրվակ:

Այդ տեղեկատվությունը պաշտոնյաները կարող են տրամադրել տնից աշխատելով:

Երբ տեղեկատվությունը ստացվում է առցանց, արդյո՞ք, լրագրողները բաց են թողնում որևէ կարևոր բան:

Դեմ առ դեմ հաղորդակցությունը լավագույն տարբերակն է, որովհետև ոչ վերբալ հաղորդակցությունը տալիս է թեման խորացնող հարցերի հնարավորություն: Բայց առցանց վիդեո հարցազրույցները մեծամասամբ կարող են ցույց տալ ոչ վերբալ վարքը:

Ավելի մեծ ուշադրություն պիտի հատկացնել ժամանակին վստահելի տվյալներ ստանալուն: Ոչ մի հարցազրույց հիվանդության և մահվան օգտին չէ:

Հարցազրույցներն օգտագործեք տեղեկատվություն, ոչ թե էմոցիաներ ստանալու համար:

Հարցազրույցը Անի Նազարյանի (Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) Մուլտիմեդիա լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցի ուսանող )


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *