2019.06.18,

Տեսակետ

«Ձևակերպվում են երկրորդ, երրորդ կարգի օրակարգեր և կարևորվում մամուլում»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն այս պատմական փուլում կարևոր է համարում հանրության ինքնակազմակերպումը:

Նա վստահ է, որ հեղափոխությունից ծնված մեծ համաժողովրդական ալիքը պետք է նյութականացնել՝ ստեղծելով մարդկանց ու գաղափարների հավաքագրման մոդելներ: Հակառակ դեպքում՝ էներգիան կմարի, իսկ քաղաքական ու լրատվական դաշտերը կհանձնվեն էքստրավագանտ կերպարներին:

Որպես մեկ տարվա ձեռքբերում նշվում է խոսքի աննախադեպ ազատությունը: Այդպե՞ս է:

Ցանկացած ազատություն, այդ թվում մամուլի, ունի իր ձևական ու բովանդակային դրսևորումները: Զուտ ձևականորեն, այո, մենք ունենք ազատ մամուլ:

Ընդ որում, վերջին տասը տարում այն եղել է քիչ թե շատ ազատ, այսինքն մամուլի սպառողը ունեցել է ընտրություն: Բայց դա նաև կեղծ ընտրություն էր, քանի որ չի եղել բովանդակային ազատություն և իրական ընտրություն, քանի որ մամուլը արտահայտել է, պայմանականորեն ասած, հասարակության 10%-ի կարծիքը:

Իրականում կան հասարակության շերտեր, որոնց ասելիքը ո՛չ ձևակերպվում է, ո՛չ էլ տեղ է հասնում: Ձևական ազատությունը դա է:

Նույնը քաղաքական դաշտում է. ունենք ընտրելու հնարավորություն, բայց այն ձևական է:

Իսկ դա պետությա՞ն խնդիրն է:

Իհարկե, իրական ընտրություն ապահովելը պետության խնդիրն է: Եվ դա չի նշանակում, թե ուզում ենք, որ իշխանությունները գծեն քաղաքական դաշտն ու սահմանների մեջ պահեն մամուլը: Խոսքը նման կոպիտ կացնային մեթոդների մասին չէ:

Շահերը պետք է արտահայտվեն ու նաև մրցակցեն իրար հետ թե՛ քաղաքական, թե՛ մամուլի դաշտում:

Պետությունը պետք է պայմաններ ապահովի, որ ներկայացուցչությունը քաղաքական պայքարում առնվազն լինի ազնիվ: Այլապես ընտրություն չի լինի, կամ ստիպված ընտրելու ենք նույն ուժին:

Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ժողովուրդը ուզի, նա ցանկացած պահի կարող է հեռանալ, դա այդքան էլ ճիշտ չէ: Կարծում եմ՝ նա կարող է հեռանալ միայն այն պահին, երբ ապահովված լինի իրական ընտրությունը: Միայն ընտրություն չկեղծելը բավարար չէ:

Կարծիք ձևավորողները, ազդեցություն ունեցողները հիմա այլևս միայն խոշոր լրատվամիջոցները չեն: Մեկ մարդը կարող է մեծ դեր խաղալ մեդիայում և ավելի հեշտ ու արագ: Արդյո՞ք նույնը չենք կարող ասել քաղաքականության մասին:

Մեկ մարդը հեշտությամբ կարող է կարծիք ձևավորել, ասենք, Ֆեյսբուքում: Բայց նրան վերահսկելն էլ է հեշտ: Մեծ ռեսուրսների տիրապետող ուժը կարող է նրան «կուլ տալ»՝ Ֆեյսբուքը լցնելով այլ բովանդակությամբ:

Այդպես եղավ 2009-ին, երբ սկսեց ակտիվորեն ձևավորվել Ֆեյսբուքի հայկական հատվածը: Այն ժամանակ իշխանությունների թևերից մեկը, որը նաև լավ տիրապետում էր տեխնոլոգիաներին ու գրագետ էր, արագորեն գրավեց դաշտը: Ֆեյսբուքն էլ դարձավ ոչ թե հանրության տեսակետների բազմազանությունը ներկայացնող, այլ կարծիքը վերահսկող ու մանիպուլացնող գործիք:

Եթե փող ունեցողը կարողանում է գրավել ամբողջ մեդիա դաշտը (կոպիտ հաշվարկով՝ վերահսկել մեդիա դաշտի 90%-ը), դա հանրության համար դառնում է խնդիր:

Տեխնոլոգիաները թույլ են տալիս որոշ չափով մրցակցել, բայց դա արդար մրցակցություն չէ, քանի որ չես կարող մի ողջ համակարգի դեմ դուրս գալ փոքր թիմով:

Կարող ես լինել ավելի արդյունավետ, բայց մրցակցել չես կարող:

Անկախ, ազատ անհատը, որը մրցակցում է իրենից լավ կազմակերպված ուժի հետ, չպիտի ի սկզբանե պարտված լինի:

Հարցը սա է. ինչպե՞ս անել, որ հանրության մեծամասնությունը, որը չի տիրապետում ռեսուրսների, կազմակերպված չէ, արտահայտի իր շահն ու տեսակետը:

Մինչև այժմ դա տեղի է ունեցել միայն մեծ հանրահավաքային շարժումների դեպքում (բայց դա ժամանակավոր գործողություն է) և ընտրությունների միջոցով (դրան հատկացված մեկ օրում):

Կարծիքի արտահայտման ուրիշ ճանապարհ չի եղել ու չկա, նույնիսկ, եթե իշխանությունը ձևավորվել է հենց մեծամասնության կողմից:

Մեծ հաշվով, աշխարհի ամբողջ կառուցվածքը դա է՝ անունով դեմոկրատիա, բայց իրական հանրային վերահսկելիության մեխանիզմների պակաս:

Կա՞ ցանկություն փոխելու կուսակցությունների մասին օրենքը, որ բազմանդամ, հսկա միավորումները տրոհվեն ու դառնան ավելի հասցեական:

Չեմ կարծում, որ մտածում են օրենքը այնպես փոխել, որ կուսակցությունը չլինի հանրության կազմակերպման միակ ձևը:

Որպես կանոն կուսակցությունները դառնում են շահերի միջնորդ խմբեր, որի անդամները կարող են ասել, որ իրենք «կլասիկ» քաղաքական գործիչ են ու ներկայացնում են տարբեր շահեր՝ օրինակ, բիզնեսմենների, այլ պետությունների, ոսկերիչների կամ լրագրողների:

Եվ բնական է, որ  ընտրում են ավելի խոշոր շահը, իսկ պայմանականորեն ասած՝ փոքր խմբերը, մնում են առանց ներկայացուցչի:

Եթե չլինեն հակակշիռներ, կուսակցական համակարգը անպայման վերածվում է կուսակցական օլիգարխիայի:

Հակակշիռների կազմակերպման ձևերից են, օրինակ, արհմիությունները: Եթե ուժեղ լինի, ասենք, լրագրողների արհմիությունը, այն այլևս չի դիմի կուսակցություններին, այլ ինքը կներկայացնի իր շահերը: Կարելի է խորհրդարանում բացել երկրորդ պալատ, որը կներկայացնի արհեստակցական միավորումների շահը: Եվ կուսակցությունը չի մնա միակ գործիքը:

Մարդիկ պետք է կարողանան իրենց շահը անմիջականորեն արտահայտել:

Ժամանակի գործոնը հիմա կարևո՞ր է:

Կարծում եմ՝ շատ կարևոր է: Ուզում եմ հասկանալ, հեղափոխական ալիքով դեպի ուր ենք գնում և արդյոք մեկ տարին արդյունավետ է օգտագործվել: Իսկ գուցե վստահությունը մսխվու՞մ է:

Շատերն ասում են՝ դե վերջ, արդեն մերն է իշխանությունն ու մենք այլևս գործ չունենք: Բայց հենց հիմա հանրային տարածքում շատ գործ կա, իսկ մարդիկ դա չեն զգում:

Ես հավատում եմ, որ փոքր թիմերը կարող են շատ ավելի արդյունավետ աշխատել, քան նույնիսկ պետական ապարատը: Ի վերջո, կա դրա փորձը:

Նախարարությունները դառնում են բազմամարդ, բյուրոկրատական հրեշ-կառույցներ, որոնց աշխատանքը կազմակերպելը բարդ է: Եվ եթե ցանկություն կա, օրինակ, կրթական ռեֆորմ անելու, կարելի է փոքր, ոչ ֆորմալ, հասարակական խումբ ձևավորել և ավելի լավ արդյունք ստանալ, քան դա կարող է անել պետական կառույցը: Առնվազն կոնցեպցիաներ մշակելու տեսակետից:

Բայց երևի դրա համար հարկավոր են նաև ուղերձներ՝ վերևից: Վերջին նման «միանալու» կոչը կապված էր դատարանները փակելու հետ, երբ մարդիկ պատնեշի միավորներ էին, ոչ ավելին:

Ես կասեի, որ այդ «միացումների» կոչերը քիչ են: Եթե ժողովրդական ալիքի վրա եկած իշխանությունները ուզում են իրականում վերակառուցել երկիրը, այլ ոչ թե մանր կոսմետիկ փոփոխոխություններ անել, ապա չեն կարող չօգտագործել ժողովրդական ալիքը:

Եթե այդ ալիքը պարզապես ուղարկում ես տուն, կամ երբեմն-երբեմն ես դիմում նրան, այն մարում է: Ըստ իս՝ հարկավոր էր ճիշտ կազմակերպել այդ ալիքը, որպեսզի ստեղծվեին փոքր բջիջներ, որոնք կդառնային նաև կադրային ռեզերվ:

Հիմա շատ են ասում, որ նոր ու թարմ կադրեր չկան, իսկ որտեղի՞ց պետք է նրանք ծնվեն:

Եթե նրանց փնտրում ես եղած քաղաքական դաշտում, բնականաբար չես գտնի, քանի որ քաղաքական դաշտը ենթարկվել է այլ տրամաբանությամբ սելեկցիայի: Նույնն էլ լրատվական դաշտում է:

Որտեղի՞ց պետք է հայտնվեն նոր մարդիկ, եթե նրանց չես հայտնագործել համաժողովրդական ալիքից ու նրանցով համալրել պետական ապարատը, կուսակցությունը կամ խմբագրությունը:

Բջիջները արձագանքում են արդեն ոչ թե տարերայնորեն, այլ իմանալով, թե ինչպես վարվել կոչի դեպքում: Գաղափար պիտի լինի, որ ուզում ենք երկիրը փոխել, ոչ թե կառավարել:

Նախկինում ընդդիմություն եղած ժամանակ մեծ հաշվով միայն մեկ միտք էինք ձևակերպել՝ իշխանությունը կփոխենք, չենք թալանի, չենք կեղծի, մնացածը ինքն իրեն կկարգավորվի: Բայց այդպես չի լինում:

Այս ընտրությունները չկեղծվեցին, բայց կարևորը հաջորդ ընտրություններն են: Ի վերջո, հեղափոխական ալիքի վրա չկեղծվեցին նաև 1991-ի ընտրությունները, կեղծվեցին հետո:

Բացի իմանալուց, թե ինչ չես անում, պիտի իմանաս, թե ինչ ես անում: Հիմա օրինակ, ձևակերպվում են երկրորդ, երրորդ կարգի օրակարգեր ու հենց դրանք են կարևորվում մամուլում (խաղատները բացենք-փակենք, ծխելը արգելենք-թույլատրենք և այլն):

Դրանք այն հարցերը չեն, որոնք առաջին հարկում պիտի լինեն ու ցույց տան մեծ ուղղություններ: Մեծ ալիքի վրա կարելի է դնել մեծ խնդիրներ ու նոր անելիք: Հիմա դա չի երևում:

Նոր ձևավորովող ընդդիմությունն էլ ընտրում է ավելի էքստրավագանտ ոճ, որը թույլ չի տալիս հասկանալ, թե ինչի շուրջ են բանավիճում:

Լրատվական առիթները ստեղծում են ու կենտրոնական դիրք են զբաղեցնում ծայրահեղական, էքստրավագանտ կերպարները՝ մարգինալ տեղերից, որոնք ժողովրդի համար անհասկանալի կռիվ են սկսում՝ հայհոյանքներով, մեղադրանքներով, «գժերի» նման (ասենք, Սորոսն ընդդեմ տեր Ղազարի):

Մարդիկ տեսնում են, որ մի քանի տասնյակ մարդ խոսում է «հայ ազգային արժեքներից» ու իսկական կրկեսի վերածում ամեն ինչը:

Չի երևում, թե որն է կենտրոնամետ դիրքը, որը միավորում է դեմոկրատականն ու ազգայինը: Ես տեսնում եմ, որ իշխանությունների դիրքը իրավիճակային է, նրանք ավելի շուտ լողում են ալիքներում, այլ ոչ թե օգտագործում են ալիքը:

Լրատվամիջոցները հիմնականում արտացոլում եմ որքան կարելի է սկանդալային, Ձեր ասած՝ էքստրավագանտ, միջադեպերը: Կարո՞ղ են իրենք թեմաներ ու ավելի կարևոր օրակարգ ստեղծել:

Ինքս էլ փորձում եմ հասկանալ, ունե՞նք արդյոք լրատվամիջոցներ, որոնք քաղաքական խմբակցությունների գործիքը չեն:

Որքան տեսնում եմ, հիմա լրատվամիջոցները աշխատում են փոխանցումներով՝ պասերով:

Միգուցե կարող են ասել, որ այդպես է բոլոր դեմոկրատական երկրներում, բայց զուտ մարդկայնորեն ինձ դա չի թվում արդար սիստեմ: Ի՞նչ բազայի հիման վրա կարող է ձևավորվել ավելի բարձր օրակարգ: Ո՞վ է լինելու պատվիրատուն:

Ես երբեմն նայում եմ 20-րդ դարի սկզբի հայկական մամուլը, որը շատ փայլուն ու շատ բարձր մակարդակի չէ, բայց անգամ եթե ներկայացնում է կուսակցական գզվռտոցները (ընդ որում՝ բոլոր թերթերը բաց կուսակցական էին), դա անում են «ավելցուկով»:

Ասենք, դաշնակցական թերթում կարող ես կարդալ նաև լավագույն հայ գրողներին կամ գիտական հոդվածներ: Կան նաև քաղաքական վերլուծություններ, սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք այսօր էլ ունեն արժեք:

Եվ մտածում եմ, թե ինչ կիմանան մեր ժամանակների մասին հարյուր տարի անց մեր մամուլը կարդացողները: Մենք այդ «ավելցուկը» չենք տալիս:

Հաճախ լսում եմ, որ ընթերցողը իբրև թե խելացի ու երկար բաներ չի ուզում կարդալ: Իրականում, դա փախուստի ձև է: Նախ՝ մեդիան է ընթերցող ձևավորում, և հետո՝ լսարանները տարբեր են: Ի վերջո, հարցը ոչ միան կայքի այցելություններ ապահովելն է, այլ իմիջը:

Կարևոր է նպատակ դնել ու չծուլանալ: Եթե լրատվամիջոցն ավելի բարձր դիրքերից է լրահոս ստեղծում, ձեռք է բերում նաև քաղաքական կապիտալ: Բայց կարծում եմ՝ քչերն են դա հասկանում:

Հակառակ կարծիք որոնելիս, լրատվամիջոցները անպայման կանգ են առնում անցյալի քաղաքական ուժերի վրա (հիմնականում ՀՀԿ-ի): Չկա՞ նոր ընդդիմադիր խոսք:

Կարծում եմ՝ դա ոչ այնքան լրատվամիջոցների, որքան քաղաքական հարց է: Ցանկացած իշխանություն ինքն է ձևավորում ու ընտրում իրեն ընդդիմություն (թեկուզ ոչ գիտակցված):

Իհարկե, պետք չի արհեստական ընդդիմություն բուծել, բայց ստացվում է, որ օբյեկտիվ պրոցեսը հանգեցրել է այն բանի, որ ներկայիս իշխանության հակապատկերը դա է: Ընդդիմությունը որոշ չափով իշխանությունների հայելին է:

Ինչ մակարդակի վրա դնում ես հարցերը, այն մակարդակում են քեզ փորձում պատասխանել: Եթե չես բարձրացնում մակարդակը՝ չես փոխում նաև ընդդիմախոսիդ:

Այսօր ողջ արևմտյան աշխարհում ծավալվում են պոպուլիստական շարժումներ, որոնք ժողովրդական են (առանց վատ իմաստի) ու հարցականի տակ են դնում իրեն սպառած էլիտայի գոյությունը: Եվ մեր թավշյա հեղափոխությունը որոշ չափով դրա մասն է:

Իսկ երբ գիտակցում ես, որ աշխարհի մի մասն ես, սկսում ես ինքնուրույն ձևակերպել մտքեր: Այլապես վախենում ես ու փորձում ես ստանդարտների մեջ մնալ:

Իրականում մեզ մոտ սովետական մոդեռնիզացիան բուլդոզերով քանդեց հանրային ինքնակազմակերպման ձևերը, իսկ նորերը չձևավորվեցին: Գրեթե չունենք ինքնակազմակերպման ինքնաբուխ ձևեր:

Դրանք հայտնվում են միայն էքստրեմալ, հրապարակային շարժումների դեպքում, իսկ ամենօրյա ռեժիմով չեն հայտնվում:

Երևի ինքնակազմակերպումը պիտի լինի ցանցի պես, ինչպես ֆորումներում՝ որոնենք, թե ինչպես կյանքն ավելի որակյալ դարձնել, ինչ եփել այսօր, ուր գնալ հանգստյան օրերին և ընդհանրապես ինչ անել մի քանի տարի անց: Օնլայնը բերել օֆլայն:

Այո, ունենանք տարբեր ինքնություններ ու ներկայացնենք դրանք:

Որքան շատ են ինքնությունները, այնքան ավելի պաշտպանված ենք:

Ի վերջո, մարդը կոլեկտիվ կենդանի է և փնտրում է ինքնակազմակերպման տարբեր մոդելներ, սկսած մեծից՝ համահայաստանյանից, վերջացրած փոքրով՝ անձնական հետաքրքրություններով:

Ինչպես անել դա, չգիտեմ: Միգուցե Անգլիայի նման, որի հիմքը ոչ ֆորմալ ակումբային համակարգն է:

Թեև մեզ մոտ բարդ է մարդկանց համախմբել մի գործի կամ գաղափարի շուրջ, թիմ հավաքել, հասարակության մեջ շարժ առաջացնել: Շարժումը պետք է արտադրի նաև մշակութային պրոդուկտ: Այդպիսի պրոդուկտ է մթնոլորտի փոփոխությունը, մշակութային մեծ տեսլականը:

Հասարակությունը ստանում է շանս ալիք ստեղծելու, հետո գնում է տուն ու նրա կյանքը ավտոմատ կերպով վերադառնում է նույն վիճակի, քանի որ այդ ալիքի վրա չի կարողանում կազմավորվել:

Հիմա սովորական տեխնիկական կառավարում է, այլ ոչ թե քաղաքականություն՝ արվեստի իմաստով:

Բոլոր դեպքերում քաղաքականության իմաստը կառավարումը չէ, այլ ստեղծագործելը: Եվ այս նորը ստեղծելու պրոցեսը հիմա չի երևում:

Երբ նայում ես պատմությանը, համոզվում ես, որ ցանկացած հեղափոխությունից հետո հասարակությունը առաջ է գնում փոքր խմբերի շնորհիվ, որոնք ձևավորվում են պոռթկումից հետո: Սովետում առաջին տասը տարիների ընթացքում շատ հետաքրքիր շարժ կար, որ թեև հետո փակվեց, բայց անհռելի բան փոխեց՝ մշակույթում, գիտության մեջ: Մարդիկ իրենք էին զգում դրա պահանջը:

Որոշ իմաստով դա նաև մեր մեղքն է: Այսինքն, այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ քննադատել են, բայց քիչ բան են տվել ապագայի լուծումների համար:

Ասել են միայն, թե ինչ չպիտի անել, բայց չեն ասել, թե ինչ անել:

Բացասականը ձևակերպել ենք, դրականը՝ ոչ: Եվ այսօր քաղում ենք այդ դրականի պակասի պտուղները: Եթե տարիների ընթացքում եղել ես քննադատողի դերում, ուրեմն այսօրվա համար պատասխանատվություն ես կրում:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *