2019.03.22,

Տեսակետ

«Կան հարցեր, որոնք պետք է ոչ միայն ավագանու անդամները, այլև լրագրողները տան»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Երևանի քաղաքապետարանը՝ իր արվող-չարվող, քննարկվող կամ չքննարկվող որոշումներով ու որոշումների չեղարկումներով հաճախ է դառնում նյուսմեյքեր:

Բարդ ժառանգություն ստացած և նոր մարդկանց ապավինող քաղաքապետարանը պարբերաբար հայտնվում է իր քայլերը բացատրողի դիրքում: Երբեմն բացատրություններն ու հիմնավորումները հապաղում են կամ լիարժեք չեն լինում, ինչի պատճառով բացատրությունները դառնում են արդարացումներ:

Մեդիա դաշտի հետ հաղորդակցվելու (երբեմն PR անելու, իսկ երբեմն թքած ունենալու) նուրբ ու նրբանկատ արվեստին ավելի լավ տիրապետում են ավագանու ընդդիմադիր անդամները, որոնց խոսքը հատկապես արժեքավոր է դառնում, երբ հասունանում է կարիքը բացատրելու՝ առանց արդարացումների:

Երևանի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին մեդիան սիրում է և սիրով մեջբերում է նրա կարծիքները կարևոր հարցերի մասին:

Դավիթ Խաժակյանի մոտ լավ է ստացվում ասելիքն ու տպավորությունը համարժեք դարձնելը (օրինակ, շատերի հիշողության մեջ մնացել է նրա «Քուանշ…» հակիրճ մեկնաբանությունը):

Նա թեև շատ երիտասարդ է, բայց քաղաքապետարանի «հնաբնակ» է, քանի որ ավագանու անդամ է արդեն երկու տարի և ծանոթ է թե՛ նախորդ, թե՛ ներկա պաշտոնյաների աշխատաոճերին: Եվ վստահ է, որ բոլոր իրավիճակներում կարևոր է դառնալ խնդրի հասցեատեր:

Եվ  ուզում է, որ հեղափոխությունը չնույնացվի միայն մեկ քաղաքական ուժի հաղթանակի հետ:

Նոր քաղաքապետարանի՝ հանրային հնչեղություն ունեցող գրեթե բոլոր որոշումները մնում են կիսատ, թերևս բացի Օպերայի սրճարանների ապամոնտաժումից: Խոսվեց մետրոյի մասին, հետո խոսակցությունը կոծկվեց, հայտարարվեց, որ լրատվամիջոցները այլևս անվճար տարածք չեն զբաղեցնելու, հետո որոշումը անհետացավ: Ինչու՞ է դա տեղի ունենում:

Կարծում եմ՝ պատճառն այն է, որ քաղաքապետարանի քայլերը փոխկապակցված չեն: Այսինքն, չեն բխում տեսլականից, սկզբունքային դիրքորոշումից:

Եթե խոսենք մետրոյի մասին, բայց բաց թողնենք ողջ տրանսպորտային հանգույցը, կստացվի, որ հարցերին նայում ենք տեղայնացված:

Քաղաքապետարանը հաստատակամ է ապամոնտաժելու Օպերայի այգու սրճարանները, որոնք վարձակալվում են կա՛մ շատ ցածր վճարով, կամ ընդհանրապես անհատույց:

Ոչ ոք չի կասկածում, որ գործընթացը ազնիվ է, բայց մյուս կողմից՝ այն չի ենթարկվում որևէ սկզբունքի, որովհետև կան շատ այգիներ, որտեղ սրճարանները մեծ տարածքներ են զբաղեցնում և շատ ավելի ցածր վարձավճարներով: Ինչու՞ հենց Օպերան: Այդ հարցի պատասխանը քաղաքապետարանը պետք է ունենա:

Որևէ մեկը հետ չի կանգնելու իր որոշումից, իսկ դա նշանակում է նաև, որ եթե հաջորդ անգամ ապամոնտաժման փորձ լինի, կրկին կառաջանա լարվածություն, և հարկ կլինի այն հանգուցալուծելու:

Լրատվամիջոցներին տարածքի տրամադրումից հրաժարվելը նույնպես տեղի ունեցավ առանց տեսլականի, թե ինչ արդյունք էր ակնկալվում: Եվ երբ ծնվեց հակազդեցություն, հրաժարվեցին այդ մտքից՝ հասկանալով, որ հեշտ չի ստացվի:

Այսինքն, կատարված քայլի հետևանքը լավ չեն պատկերացնում և ստացվում է, որ երբ հանդիպում են խոչընդոտի, կարող են մտքիդ եկածը կանգնեցնել, որովհետև այն չի բխել ավելի խորքային պատկերացումներից:

Շատ հարցերում այդպես եղավ: Օրինակ, ուշացավ պարգևատրումների պարզաբանումը (իսկ ես հենց առաջին օրվանից էի ասում, որ պարգևներ ստացածների ցանկը պետք է հրապարակել), քաղաքապետի տեղակալը խրոխտ կերպով ասաց, որ անձնական տվյալներ չեն հրապարակի, բայց երկու օր հետո ցուցակն, ի վերջո, հրապարակվեց:

Եվ ես համոզված եմ, որ դա քաղաքապետի անձնական որոշումը չէր:

Թավշյա հեղափոխությունից հետո պահանջ էր առաջացել բարի լուրերի, դրական շարժի, բարեփոխումների: Ո՞րն եք համարում քաղաքապետարանի ամենահաջող քայլը:

Բարի լուրը շինթույլատվությունների գործընթացի պարզեցումն է: Ավելի ճիշտ, կոռուպցիայից զերծ գործարքի հնարավորությունը: Քաղաքացին կարող է իրեն պատկանող հողատարածքում կառուցել շինություն առանց լրացուցիչ գումար վճարելու, այսինքն, առանց կաշառքի:

Բայց դրան հակառակ կա ուրիշ գործընթաց. բազմաթիվ գործարքներ, որոնք նախկինում արվում էին օրենքների շրջանցումով, բայց հօգուտ քաղաքացու, հիմա չեն արվում: Եթե օրենքը չի նախատեսում, քաղաքապետարանը չի անում, և գործընթացը բարդանում է, երբեմն՝ կանգ առնում:

Նախկինում մարդիկ պայմանավորվելով էին գործարքներ անում, իսկ հիմա երբ դա պետք է կարգավորել օրենքով, պարզվում է, որ լավ չի կարգավորվում:

Իհարկե, լավ է, որ հիմա մարդիկ ազատ կարող են մասնակցել աճուրդների, ձեռք բերել տարածք առանց մտահոգությունների, հեշտ եղանակով ստանալ շինթույլտվություն:

Շփումը լրագրողների հետ հեշտացե՞լ է:

Քաղաքապետարանի շենքի ներսում միանշանակ հեշտացել է, նախկինում լրագրողներին ներս հրավիրելը կպահանջեր շատ թղթաբանություն: Տեխնիկապես հեշտացել է շփումը:

Բացասական էր քաղաքական դաշտի բաժանումը սևերի ու սպիտակների, հիմա նույն տրամաբանությամբ բաժանվում է նաև լրատվական դաշտը:

Հույս ունեմ, որ իշխանությունները չեն փորձի ապատեղեկատվության ու ֆեյքերի դեմ պայքարում օգտագործել գործիքակազմ, որը ուղղված կլինի նաև լրատվամիջոցների դեմ:

Որքանո՞վ է «Լուսավոր Հայաստանի» համար կարևոր համակիր մեդիա ունենալը: Տեսնում ենք, որ մեդիա արշավներ են կատարվում կոնկրետ մարդկանց դեմ կամ հանուն:

Հայաստանում պիտի լինի ազատ լրատվական դաշտ, բայց դա բարդ է, քանի որ կապիտալը միշտ կենտրոնացված է եղել մի քանի անձանց ձեռքում:

Հայաստանում լրատվամիջոց ունենալը, պահելն ու զարգացնելը կապված է մեծ ֆինանսական միջոցների հետ: Դա առանձնապես եկամտաբեր բիզնես չէ:

Մեզ համար կարևոր է մեր ձայնը տեղ հասցնել՝ առանց աղավաղելու: Անկեղծ ասած՝ մշտապես դա ստացվել է: Վստահ եմ, որ երբ տեսակետդ հստակ է, անկախ մանիպուլյացիաներից, տեղ կհասցնես ասելիքդ ամբողջ ծավալով: Մեկ կամ երկու լրատվամիջոց կարող է փորձել խոսքդ խեղաթյուրել, բայց մի քանիսը, որոնք պատկանելիություն չունեն, չեն անի դա:

Իհարկե, այն լրատվամիջոցները, որոնք նպատակադրված սկսում են այս կամ այն քաղաքական գործչի դեմ աշխատել ու կազմակերպել մեդիա արշավներ, կատարում են իրենց դերը:

Բայց նաև դժվար է հասկանալ, դրանք կազմակերպվա՞ծ են լինում, թե՞ ոչ, քանի որ սոցիալական ցանցերի ֆեյքերի տարափի դեպքում, դա պարզելը դժվար է:

Կարծում եմ՝ բոլոր դեպքերում դրա դեմ պայքարել կարելի է միայն սեփական աշխատանքով, ոչ թե ֆեյքերի դեմ ուղղված քայլերով:

Սոցցանցերի գրառումներն ու լայվերը օգնու՞մ են:

Երբ ֆեյսբուքի էջը դառնում է յուրովի լրատվամիջոց, դա մտահոգում է լրատվամիջոցներին, որոնք ստիպված վերահրապարակում են այդ լայվերը առանց միջամտության:

Ժամանակակից տեխնոլոգիաներն անընդհատ փոխում են լրատվամիջոցների, քաղաքական գործիչների շփման տրամաբանությունը:

Դեռ բարդ է հասկանալ, թե ինչ հնարավոր պայքար կարող է լինել ապատեղեկատվության դեմ և որքանով է ժամանակակից լրատվությունը փոխելու իր տրամաբանությունը սոցցանցերի համատեքստում:

Տեղի են ունենում տրանսֆորմացիաներ:

Երբ գրառում եմ անում իմ ֆեյսբուքի պատին, այն հայտնվում է նաև շատ լրատվականների էջերին: Ժամանակին պետք էր լինում լրատվամիջոցներին մամլո ծանուցում ուղարկել փոստով, իսկ հիմա պատին գրելը բավականացնում է, որ գրեթե բոլոր լրատվամիջոցները օգտվեն:

Բայց չէի ասի նաև, որ մեր բարձրացրած խնդիրները լրատվամիջոցների համար դառնում են լուրջ հետաքննությունների նյութ: Կարող եմ օրինակ բերել «Կամազ»-ների գնումը, որը կազմել է 1 մլրդ 314 մլն դրամ և տեղի է ունեցել այնպիսի տեխնիկական բնութագրերով, որ բացառվել է մյուս կազմակերպությունների մուտքը:

Իհարկե, ուրախ եմ, որ թեման գոնե լուսաբանվեց՝ կապված իմ անձի հետ, բայց լուրջ հետաքննություն չեղավ:

Երբ թեման բացվում է, ենթադրվում են որոշակի հարցեր: Բայց ես չտեսա, որ որևէ լրագրող հարցնի քաղաքապետից՝ ինչու՞ էիք գրել գնումները սահմանափակող բնութագրեր, և արդյո՞ք դրա համար որևէ մեկը կրելու է պատասխանատվություն:

Կան հարցեր, որոնք պետք է ոչ միայն ավագանու անդամները, այլև լրագրողները տան: Ի վերջո, այդ հարցերը պետք է միմյանց ուղղեն նաև պետական մարմինները: Օրինակ, պետական վերահսկողության ծառությունը փորձեր պարզել, թե ինչու են տեխնիկական բնութագրերը գրված այնպես, որ կարողանա հաղթել միայն մեկ կազմակերպություն:

Լրագրողների հարցերի պակասից է նաև, որ պետական պաշտոնյան իրեն շատ հանգիստ է զգում, քանի որ վստահ է, որ իրեն այդ հարցերը չեն տալու:

Եվ մեծ հաշվով պաշտոնյաների սխալները մնում են անհետևանք:

Երևի գերադասելի է լինել ընդդիմություն, քանի որ այդ դիրքից հարմարավետ է քննադատելը:

Թեև միշտ ասել եմ ուզածս առանց կաշկանդվելու (նաև Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելու ժամանակ), բայց ինձ համար միշտ կարևոր է եղել, որ պաշտոնյան, որին ուղղված է քննադատությունը, ինձանից անձնապես չվիրավորվի: Որ հանկարծ չմտածի, թե ես գիտեմ ճշմարտությունը, բայց այլ կերպ եմ ներկայացնում:

Իհարկե, քննադատության նյութ կա միշտ, բայց հավատացեք, միշտ չէ, որ քննադատելը հարմարավետության նշան է:

Նախկինում, երբ որևէ ոլորտի շուրջ քննադատություն էինք հասցեագրում, անմիջապես հետևում էր քաղաքապետարանի տվյալ պաշտոնյայի զանգը ու փորձում էին բացատրել, թե ինչպես է այդպես եղել:

Անկախ ամեն ինչից կար մտահոգություն, թե ինչպիսի ինֆորմացիա է հնչում իրենց մասին: Իհարկե, միգուցե պատճառներից մեկը այն էր, նախկին իշխանությունները լեգիտիմ չէին, բայց արդեն նոր իշխանությունների համար անգամ անհատական մակարդակում հնչած քննադատությունը չի արժանանում հետադարձ կապի:

Անգամ երբ անցնում ես հանրային հարթակ, էլի զգում ես, որ այսօրվա պաշտոնյան առանձնապես մտահոգված չէ քննադատությամբ:

Մտահոգվում են, երբ արդեն տեսնում են, որ լավ չի ստացվում ու առաջանում է հարց՝ իսկ ինչու՞:

Ինչու՞ է պետք խնդիրներ ստեղծել, իսկ հետո սկսել մտածել, թե ինչպես դրանք լուծել:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *