2018.10.17,

Տեսակետ

«Լրատվամիջոցները խուզում են հիմնականում այն, ինչն ինքնատիպ է»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը վստահ է, որ կոմիտեն պիտի լինի բոլոր այն ոլորտներում, որտեղ դրսևորվում է լեզուն: Այսինքն, ամենուրեք:

Եվ բոլոր հնարավորությունները օգտագործի վերացնելու համար գրական ու խոսակցական լեզուների միջև առաջացած անջրպետը՝ նուրբ միջամտություններով ու սատարումով, այլ ոչ թե պատժամիջոցներով:

Լեզվի կոմիտեն, որտեղ այժմ 18 մարդ է աշխատում, փորձում է համագործակցել մեդիայի հետ (օրինակ, Հանրայինով թողարկվող «Ճիշտ թե սխալ» հաղորդաշարով), լինել ակտիվ սոցցանցերում ու խթանել բանավեճերը: Ավելի շուտ խորհրդատու լինել, որը հուշում է լեզվի գրավչության, այն տիրապետելու ու գործածելու հաճույքի մասին՝ խուսափելով ամպագոռգոռ կոչերից:

Դավիթ Գյուրջինյանի կարծիքով՝ անգամ սովորական լուրի տեքստում պետք է երևա լրագրողի աշխարհը, այլապես, եթե մի կայքը մյուսից արտագրի բառերը, առաջմղում չի լինի: Այդ թվում նաև՝ լեզվի:

Հանրային տեքստերի ու ելույթների լեզուն փոխվել է, դարձել է ավելի մարդամոտ, նաև հախուռն: Դա լա՞վ է:

Տարիներ շարունակ մարդն իր մտքինը լրիվ չէր ասում, որովհետև կաշկանդվում էր, վախենում: Որքան էլ հայտարարվում էր, որ կա խոսքի ազատություն, ամեն դեպքում մարդն ինքը վերահսկում և սահմանափակում էր իր ասելիքը:

Օդի մեջ, մթնոլորտում կար մտահոգություն, թե ինչպես կընկալեն, կմեկնաբանեն իր ասածը, արդյոք դա կազդի իր հետագա գործունեության վրա: Պաշտոնյայի համար կարևոր էր նաև, որ հանկարծ չսասանվի իր աթոռը:

Հետո եկան երիտասարդական հեղափոխական ուժերը և հիմա տեսնում ենք, որ կա որոշակի ազատություն նաև լեզվական միջոցների ընտրության հարցում:

Օրինակ, շատ քննարկվեց «դուխով» նշանաբանը: Իբրև գործածություն բառն իմ սրտով չէ, օտար բառ է, որին գումարվել է հայերեն վերջավորությունը ու այսպես ասած՝ հայերենացվել է: Բայց քանի որ այն շարժիչ դեր ուներ, ժողովուրդն այն ընդունեց, հավանեց, կիրառեց, բառը ստացավ «քաղաքացիության» իրավունք ու հիմա շարունակում է գործածվել արդեն պաշտոնյա դարձած մարդկանց կողմից:

Հռետորաբանությունը փոխվեց, երբ նորաձև դարձավ ոչ թե մտքերը թաքցնելը, այլ առավելապես բաց լինելը, ներքուստ չխմբագրվելը: Այստեղ վտանգ տեսնու՞մ եք: Հակադարձ էֆեկտ չի՞ լինի:

Մի պահ թվաց, որ կար վնասակար արդյունք, բայց ընդհանուր առմամբ այդ ազատությունը մի շատ կարևոր կարծրատիպ քանդեց: Երբ օրինակ, լսում ենք պետավտոտեսուչների կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, մենք անհատի չենք տեսնում, նույնիսկ երբ նրանք տարբեր քաղաքներում ու միջավայրում են խոսում:

Կարծես նույն մարդը լինի, որովհետև խոսում է կաղապարներով՝ չասելով ավելին:

Անհատին չէինք տեսնում, իսկ հիմա տեսնում ենք: Նշանակություն չունի վատ կամ լավ, մենք տեսնում ենք ազատ խոսք, որտեղ երևում է նաև անհատը:

Լսողը կռահում է նաև այդ մարդու մտածողությունը, լեզվական ճաշակը, կրթվածության աստիճանը: Լավ է, որ քանդվեց պաշտոնյայի անկենդան, անհոգի խոսքը, և հիմա լեզվական առումով տեղի է ունենում հետաքրքրական երևույթ:

Հայերենի զարգացման վիճակը բերել էր այն հանգրվանի, որ ունեինք գրական, երբեմն թորած ջրի նման մաքուր լեզու ու խոսակցականը, որը զարգանում էր իր բնական հունով՝ ժողովրդախոսակցական տարրերով:

Կարծես երկու տարբեր լեզուներ էին: Մարդը կարող էր բնական խոսել մի միջավայրում, բայց երբ նրան մոտեցնում էին ձայնագրիչը կամ տեսախցիկը, փակվում էր, և մենք այլևս տեսնում էինք ոչ թե մարդուն, այլ կաղապարը: Նրա բառապաշարում հանկարծ հայտնվում են բառեր, որոնք իրենը չեն, արհեստական են, երբեմն նույնիսկ կեղծ են, չունեն իրական բաբախուն հատկանիշ:

Խոսակցական և գրական լեզուների միջև անջրպետը այնքան էր խորացել, որ կարիք կար դրանք մոտեցնելու:

Փաստորեն, հեղափոխություն էր պետք:

Այո, սա հենց հեղափոխության ազդեցությունն ու հետևանքն է: Շատ լավ է, որ լեզվի այս երկու դրսևորումների միջև վիհը քիչ-քիչ վերանում է: Այլ խնդիր է, թե որ կողմն է ճնշում, իշխում ու գնում զիջումների:

Գրական հայերենը համարյա նմանվել էր օտար լեզվի, քանի որ ինքնաբուխ, ինքնահոս չէր: Օրինակներից մեկը հեռուստատեսային լեզուն է:

Մի կողմում խիստ մաքրամոլներն էին, որոնք ամեն ինչ անում էին լեզվի կանոնի համաձայն, բայց նրանց խոսքը վանում էր: Իսկ մյուս կողմում փողոցի լեզուն էր՝ հագեցած գռեհկաբանություններով ու օտարաբանություններով, որը բերվում էր հեռուսատեսություն ու վարակի նման եթերից լցվում հանրության գլխին:

Եվ թող չթվա, թե հեռուստացույցը կարող է անհետևանք մնալ: Պատանիներն ու դեռահասները ընդօրինակում էին լեզվի այդ մերժելի ձևերը ու ստացվում էր, որ զանգվածային լրատվամիջոցը վատ դեր էր կատարում:

Նկատի ունե՞ք սերիալները: Սերիալները հորինվածք լինելով, թերևս ավելի մոտ էին իրականությանը, քան լրահոսը, որը երկար տարիներ կտրված էր կյանքից:

Ավելի վատ բան եմ նկատել. սերիալները չէին ներկայացնում իրական կյանքը, դրանք ցածր լեզվական որակն ավելի էին ցածրացնում, միտումնավոր հորինում էին արտահայտություններ, կապակցություններ, բառեր, որոնք իրական կյանքում չկային:

Փաստորեն, ընդհանուր խոսակցական-ժողովրդական լեզվի փոխարեն ներկայացվում էր փողոցային լեզվի ամենացածր մակարդակի հորինված տեսակը:

Լեզվի կոմիտեն թե՛ նախկինում, թե՛ հիմա հետևում է սերիալների լեզվին: Հիմնականում նշվում է, թե որն է կանոնական և որը՝ ոչ, բայց իրականում լեզվի վերլուծությունը պիտի կատարվի այսպես. ուսումնասիրվի, թե հեռուստահաղորդումների ու ֆիլմերի որ տարրերն են դրական ազդում, իսկ որոնք մերժելի և խոտելի են:

Պարզապես վերլուծություն կատարողը պետք է բավականին լայնախոհ մեկը լինի ու հասկանա, որ հայերենն ունի հասարակական, սեռային, տարիքային տարբերակումներ, մասնագիտական զանազանություններ և այլն:

Բայց մեր սերիալներ ստեղծողները կարծես հայեր չլինեն ու անտեղյակ լինեն հայերենից:

Տպավորություն է, որ սերիալները փոխվում են:

Մի պահ դրանք ուղղակի հասան վայրենի, բարբարոս մակարդակի թե՛ գաղափարի, թե՛ լեզվական դրսևորման տեսակետից: Մարտնչող, հարձակողական, գռեհիկ, հակամարդկային հնչերանգը իշխող էր, և որքան զգում եմ, շեշտադրումները փոխվել են:

Անշուշտ, դա նաև հասարակական պահանջ էր:

Լեզվի կոմիտեն սկսեց ուսումնասիրել նաև լրատվական ծրագրերը: Ի՞նչ արդյունք եղավ:

Մենք մշտադիտարկեցինք մի քանի ալիքների երեքական լրատվական հաղորդում: Իհարկե, պարզ է, որ լրատվության լեզուն սերիալի լեզու չէ, բայց մենք վերլուծություն արեցինք ու ուղարկեցինք այն հեռուստաընկերություններ:

Դրանք հիմնականում խորհուրդներ էին՝ տրամաբանական շեշտերի, բառերի տարբեր գործածության վերաբերյալ:

Երևի բոլորին թվում էր, որ լրատվական հաղորդումները լեզվական տեսանկյունից անխոցելի ու անթերի են:

Այդ թվացյալ կանոնավոր մաքուր հայերենի մեջ շատ հետաքրքիր բացահայտումներ արեցինք: Ուզում էինք բարձրացնել գրական հայերենի որակը, որը նաև հասարակության և պետության խնդիր է ճիշտ այնպես, ինչպես սերիալների գռեհիկ լեզվի փոփոխությունը:

Մեր նպատակը հայերենի առաջմղումն է, որպեսզի այն համապատասխանի 21–րդ դարի հայ հասարակության իրական լեզվական վիճակին ու ակնկալիքներին: Լեզվի փոփոխությունը չպիտի լինի ճնշող, վարժապետական դիրքորոշմամբ, այլ աջակցելով, բացատրելով, ուղիներ նշելով և այլն:

Լեզվի կոմիտեի ֆունկցիան բավականին մշուշոտ է: Այդ կառույցի մասին սովորաբար հիշում էինք, երբ քննարկվում էին ոչ հայերեն ցուցակները: Փոխվելու՞ է այդ ընկալումը:

Լեզվի տեսչությունը կարծես դարձել էր լեզվի ոստիկանություն: Ինձ թվում է պայքարը (գնալ այս կամ այն ցուցանակի հետևից, չափել տառերը և այլն) դարձել էր գրեթե ինքնանպատակ: Սա տխուր փաստ է:

Կուզեի, որ այդ նեղմիտ դիրքորոշումը ավարտվեր, և ցուցանակները չհամարվեին առաջնային խնդիր հայերենի համար:

Թվային աշխարհում հայերենը հանդես է գալիս բոլորովին այլ դաշտերում, և ինքն է դառնում թվային գործիք: Մինչդեռ աղմկարար մարդկանց մի շրջանակ դեռ խոսում է ցուցանակների համար տուգանելու, դատական գործեր վարելու ու մարդկանց պատժելու մասին:

Փորձում եմ բացատրել, որ պետությունը հեղափոխությունից հետո նույնիսկ զիջել է ճանապարհային խախտումների համար տուգանքները: Տույժ-տուգանքը նվազել, ներվել ու ձևափոխվել է:

Ինձ համար շատ ավելի կարևոր է հայերեն տառի, գրության առկայությունը համացանցում, քան մի քանի փողոցային ցուցանակները:

Փորձում ենք անել այնպես, որ որոնման համակարգ մտնի հայատառ բառը ու բոլոր պետական մարմինները, դպրոցները և այլն ինտերնետում ունենան նաև հայերեն հասցե և .am-ի հետ կիրառվի նաև .հայ-ը:

Ի՞նչ խնդիր ունի ցանցում հայերեն գրողն ու որոնողը:

Եթե առաջներում, հինգերորդ դարից սկսած, կարողանում էինք տերմինները հայացնել ու հորինել հրաշալի բառեր, որոնք մինչև այսօր օգտագործում ենք, ապա հիմա փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ չենք հասցնում տերմինները փոխարինել համարժեք հայերեն բառերով: Նաև նեղ է ասպարեզը, որտեղ կարող ենք այդ նոր բառերը գործածել:

Կան բառեր, որոնք լավն են, բայց անկենդան, միայն բառարանների համար են:

Եթե բառը օգտագործում ես, այն դառնում է սովորական: Իսկ առանձին, միայնակ  կանգած բառը կարող է հմայել իր կազմությամբ, բայց կմնա ընդամենը հայտարարություն: Լիարժեք հայերեն կդառնա, միայն երբ գործածվի:

Լեզվական քարոզչությունը ոչ միայն ասելն է, որ հայերենը պետական լեզու է և պետք է գերակայություն ունենա (դա հստակ ու անբեկանելի է, ամրագրված սահմանադրության, մեր մտքի ու կամքի մեջ), այլև բառերի գործածության ապահովումը տարբեր հարթակներում, խմբերում:

Թերթերը, ամսագրերը, հեռուստատեսությունն ու ռադիոն պիտի լինեն իրապես բազմազան, խոսեն կյանքի տարբեր ոլորտների մասին, այլ ոչ թե սահմանափակվեն բամբասանքի նման զրույցով, որտեղ նոր բառերը անելիք չունեն: Բամբասանքը չի ենթադրում այդ որակը:

Նոր և բարձր մակարդակ է անհրաժեշտ, իսկ դա նշանակում է, որ լրագրողն էլ պետք է ունենա բարձր մակարդակ:

Կարծում եմ, ավելի շուտ լրատվամիջոցների սեփականատերերին է դա պետք հասցեագրել:

Լրատվականների ղեկավարները պետք է դուրս չթողնեն թեմաները, որոնք ենթադրում են նոր լեզվական միջոցների հայտնություն: Մարդիկ կան, որոնք շատ լավ են խոսում, բայց մենք նրանց չենք տեսնում:

Առաջ չենք գնա, եթե մի կայքը մյուսից արտագրի բառերը:

Կարևոր է լրագրողի պատրաստվածությունը, թե որքան է նրա ինտելեկտը, պաշարը, իմացությունը (նաև լեզվի): Իմացության պակասն է պատճառը, որ մեկը մի տափակություն է ասում, երկու օր հետո այդ տափակությունը կրկնում են մնացածը, հատկապես լրագրողներն ու պաշտոնյաները:

Եթե չունես հասկանալու պաշար, մտահորիզոն, ընդգրկուն հայացք, միանգամից մտածում ես՝ օ~, նոր բան է, ես էլ գործածեմ: Ու անգամ կես րոպե չես մտածում՝ արժե՞ այդ միտքը, բառը դնել շրջանառության մեջ, թե՞ ոչ:

Դա է պատճառը, որ գրեթե բոլոր կայքերը, լրագրողները նույն կերպ են խոսում ու գրում: Հիմնականում հաղորդում են փոքր նյութեր, որոնք կարծես ոստիկանական արձանագրություն են, կաղապարված, սահմանափակ բառապաշարով ու միգուցե նաև խմբագիրների կողմից խուզած:

Խուզում են հիմնականում այն, ինչն ինքնատիպ է, մինչդեռ հենց ինքնատիպությունն է բերում նոր բառեր, պատկերավորման, արտահայտման նոր միջոցներ: Հիմա այն ամենը կարծես հետին շարքերում է:

Լուրը չի նշանակում խուզած մի բան, որտեղ չպիտի երևա լրագրողի լեզվական աշխարհը: Դժբախտաբար, քիչ է պատահում, որ տարբերես լրագրողի ձեռագիրը: Իսկ դա նույնքան կարևոր է, որքան գրողների դեպքում:

Իհարկե, ասածս չի վերաբերում բոլոր լրագրողներին, բայց պետք է լինեն այնպիսիք, որոնց հասարակությունը կճանաչի ոչ միայն սկանդալային նյութերով, այլ հենց լեզվով ու ինքնատիպ մտածողությամբ:

Շատ բան է կախված դպրոցից, որտեղ լեզվի հետ խաղալը, հորինելն ու ձևափոխելը չի խրախուսվում, դեռ Սովետից պահանջվում է միայն տեքստեր անգիր անել:

Վախը, կաշկանդումը, որը տևեց Սովետից հետո ևս երեսուն տարի, գծեց մի քառակուսի շրջան, որից չենք կարողանում դուրս գալ: Դրա հիմնական պատճառը լեզվի ուսուցումն է՝ դպրոցում, բուհերում, որտեղից և սկսվում է խուզը, մարդու դրսևորվելու ու մտածելու ազատության սահմանափակումը:

Մեկ էլ տեսար, դուրս են գալիս ինկուբատորի ճուտիկներ, որոնք դրսևորում են նույն լեզվական որակը:

Սա բովանդակային, գաղափարական լուրջ խնդիր է, որը ներարկվել է տարիներով: Ստացվում են արտառոց բաներ, կարող ես խնդրել երեխային գրել աշնան մասին, իսկ նա կգրի հայրենասիրական թեմայով մի բան, քանի որ վստահ է, որ դա է պահանջվում:

Նույնն էլ անում են լրատվամիջոցները, ավելին՝ պսակում են այդ գործը:

Սոցցանցերում ոչ հայատառ գրողներից լսել եմ, որ տրանսլիտը հեշտ է, քանի որ տառասխալները չեն երևում: Պատճառը միայն ուղղագրակա՞ն է:

Նկատելի է, որ հիմա սոցցանցերում ոչ հայատառ գրողները քչացել են, և հետաքրքիր է, որ նրանց փոքր-ինչ վերևից են նայում, պախարակում են: Եվ լատինատառ կամ ռուսատառ գրողը կարծես մեկուսանում է ու փորձում ելքեր գտնել: Իսկ այդ ելքերը կան:

Ֆեյսբուքի իմ էջում մի քանի անգամ խնդրել եմ, որ չգրեն լատինատառ կամ այդ գրառումներին չեմ արձագանքում: Չեմ ճնշում, բայց կողքից մարդիկ ճնշում են, ասելով՝ գոնե այս տարածքում գրեք հայատառ: Հիմա եթե նման կղզյակները, հատվածները շատ լինեն, իրավիճակը կփոխվի:

Տեսնում եմ, որ սոցցանցերում մարդիկ լատինատառ գրողներին ասում են, որ պատրաստ են օգնել, եթե խնդիրները տեխնիկական են և այլն: Այսինքն, մարդկանց հետ խոսելու կերպը պիտի փոխվի:

Կարծում եմ, լեզվի քարոզչությունը պիտի շատ նուրբ լինի: Այն մուրճը ձեռքին հանդիպածի գլխին խփելով չի արվում:

Եվ չարժե կանգնել հրապարակում, շորերը պատռել ու գոռալ, որ հանուն հայերենի ու հայրենիքի պատրաստ ենք զոհվելու: Այդ մասին ճռճռան բաներ գրելու, կոչեր հնչեցնելու փոխարեն լավ կլինի աշխատել՝ ավելի նոր և նուրբ մոտեցումներով:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *