2018.07.10,

Տեսակետ

«Կեղծ լուրերի աշխարհում թանգարանները կարող են ապահովել մեդիագրագիտությունը»

author_posts/adrineh-der-boghossian
Ադրինե Տեր-Պողոսյան

Ջերմեռանդ հեծանվորդ, դժկամ լրագրող եւ միշտ ձգտող գրող

Բարբարա ՄաքՔոմեքը NewseumED– ի՝ Վաշինգթոնում գործող Newseum ինտերակտիվ թանգարանի, կրթական նախագծերի փոխնախագահն է:

NewseumED- ի նպատակն է «բարձրացնել հասարակական կարծիքը ազատ մամուլի և ԱՄՆ Սահմանադրության առաջին լրացման մասին»:  

NewseumED- ը անվճար տրամադրում է ուսումնական գործիքներ և ռեսուրսներ, որոնք լրացնում են դպրոցական ուսումնական ծրագիրը: Բարբարան NewseumED- ի դերը համարում է ուսուցիչներին աջակցելը և հավատում է, որ թանգարանները մեդիագրագիտությունն ու կրթությունը ապահովող եզակի հարթակ են:

«Ժողովուրդը կորցրել է վստահությունը մեդիայի և որոշ ՀԿ-ների հանդեպ, բայց թանգարաններին ընդհանուր առմամբ վստահում է, քանի որ մենք քաղաքականացված չենք և հետազոտություններ ենք անում` նախքան մեր ուսումնական ծրագրերը տեղադրելը: Ահա, թե ինչու Newseum-ը մեծ ջանքեր է գործադրում հասարակությանը օգնելու և կրթելու համար», – ասաց նա Թվապատում մեդիա կոնֆերանսի իր ելույթում:

Երևանում գտնվելու ժամանակ Բարբարա ՄաքՔոմեքը media.am-ի հետ խոսեց կրթության կարևորության (մանավանդ այսօրվա ֆեյք լուրերի աշխարհում) և թանգարանների դերի մասին, որոնք կարող ենք նպաստել հանրային ներգրավվածությանը:

Ինչպիսի՞ դեր ունեն թանգարանները մեդիագրագիտության բարձրացման գործում:

Մեր դերը աջակցելն է ուսուցիչներին, քանի որ նրանք ունեն ուսուցման չափանիշներ: Ունեն թեմաներ, որոնք պետք է դասավանդեն դասարաններում, և մենք նրանց համար ստեղծում ենք ազատ ռեսուրսներ, որոնք համապատասխանում են չափանիշներին ու օգնում հետաքրքրել երեխաներին:

Մեր ծրագրերը կառուցում ենք մեդիագրագիտության, պատմության ու Սահմանադրության առաջին լրացման շուրջ:

Շատ թանգարաններ աջակցում են կրթական համայնքին: Սովորաբար ուսուցիչների ֆինանսավորումը ու աղբյուրների հասանելիությունը սահմանափակ է, նրանք նաև բավարար ժամանակ չեն ունենում սեփական աղբյուրները ստեղծելու, և մեր աշխատանքը ուսուցիչների հետ հանդիպելն է այնտեղ, որտեղ նրանք դասավանդում են:

Դա օգնում է հասկանալ, թե ինչպիսի գործիքներ են նրանց պետք դասարանային ուսուցման համար:

Ինչպիսի՞ գործիքներ ու ռեսուրսներ եք առաջարկում:

Օրինակ, առաջարկում ենք դաս կա՛մ օնլայն, կա՛մ հենց համայնքում: Ստեղծում ենք դասի պլաններ և ունենք առաջնային աղբյուրներ: Ուսուցիչները, հատկապես նրանք, ովքեր դասավանդում են մեդիա գրագիտություն, առաջնային աղբյուրները պետք է հասանելի լինեն ուսուցիչներին, բայց հեղինակային իրավունքի պատճառով միշտ չէ, որ կարողանում են դրանցից օգտվել:

Մենք աշխատում ենք ուսուցիչների համար դրանց անվճար օգտագործելու իրավունք ստանալ (դոնորների միջոցով), հետո տեղադրում ենք կայքում: Դա է մեր դերը: Տալիս ենք դասերի պլաններ, կազմում ենք դասեր՝ օգտագործելով առաջնային աղբյուրները:

Նաև պատրաստում ենք տեսանյութեր՝ ներառելով մեր ունեցած թանգարանային նմուշները, և տեղադրում դրանք ինտերնետում՝ ազատ և անվճար օգտագործման համար: Կամ էլ կիրառում ենք որպես ուսուցման նյութ հենց թանգարանում:

ԱՄՆ-ում ուսուցիչները 30 տարի ուսուցանում են մեդիագրագիտության ձևերը: Որոշ գրադարանավարներ և ուսուցիչներ այն ներառում են իրենց ուսումնական ծրագրերում:

Իհարկե, տեղեկատվության գրագիտությունը, հավաստի լուրերի որոնումը նոր պահանջ չէ, և գրադարանային ծառայությունները միշտ էլ ուշադրություն են դարձրել դրան: Փոխվել է թվային գրագիտությունը, միջավայրը, պլատֆորմները:

Բայց հիմա ավելի շատ շեշտադրումն արվում է լուրերի առաքման և մոլորեցման տեխնոլոգիայի վրա:

Ի՞նչ բացասական հետևանքներ կլինեն, եթե կառավարությունները և ընկերությունները (Ֆեյսբուքի ու Թվիթերի նման) միջամտեն և փորձեն պայքարել կեղծ տեղեկատվության դեմ: Տեսնու՞մ եք օրենսդրական կամ էթիկական բախում խոսքի ազատության և կեղծ տեղեկատվության միջև:

Սահմանադրության առաջին լրացումը պաշտպանում է և՛ լավ, և՛ վատ տեղեկատվությունը: Եվ հենց այդտեղ են սահմանագծերը: Առաջին լրացումը պաշտպանում է նաև ատելության խոսքը: Դա մի տող է, որ շատ մարդիկ դժվարությամբ են հասկանում: Ես առաջին լրացման անաղարտության կողմնակից եմ, և ուրեմն ուզում եմ պաշտպանել բոլորի իրավունքը:

Այն փաստը, որ ունեմ ատելության խոսք ասելու իրավունք, չի նշանակում, որ պատրաստվում եմ դուրս գալ փողոց ու ատելություն հրահրող ճառեր ասել:

Բայց մենք պաշտպանում ենք ատելության խոսք ասողներին, քանի որ ուզում ենք պաշտպանել նաև լավ խոսքը, որը որոշ մարդիկ կարող են ցանկանալ լռեցնել, եթե դրա հետ համաձայն չեն:

Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է տեղեկացված քաղաքացիներից:

Ամեն անգամ, երբ որևէ մեկը մեր փոխարեն որոշի, թե որն է լավը և որը՝ վատը, մենք կունենանք խնդիր: Մեր փոխարեն որոշում կկայացնի մեկ ուրիշը: Այնպես որ, ուզում եմ, որ սպառողները կարողանան կայացնել սեփական որոշումները:

Իհարկե, գիտենք, որ ոչ բոլոր սպառողներն են ողջամիտ, բայց գուցե հաճախակի անցկացվող սեմինարների, դասընթացների, քննարկումների միջոցով նրանք սկսեն մտածել և ավելի բաց լինել այլ գաղափարների համար: Անգամ այն գաղափարների, որոնք հակասում են նրանց տեսակետին: Հույս ունեմ, որ այդպես է:

Բայց եթե չպատրաստենք սպառողին՝  ո՞վ պիտի որոշում կայացնի: Ո՞վ կլինի այն անձը, որը ճիշտ որոշումներ է ընդունելու: Կարծում եմ, դա փխրուն սահմանագիծ է:

Եվ կառավարությունը ոչ թե պետք է որոշումներ ընդունի, այլ օգնի կարգավորել տեխնոլոգիական ընկերությունների աշխատանքը՝ այն դարձնելով ավելի թափանցիկ:

Կարգավորման միջոցով ուզում եմ տեսնել թափանցիկության պահանջ, որպեսզի սպառողները կարողանան հասկանալ, թե ինչ են որոնում և ինչպես է ինֆորմացիան իրենց հասնում: Եվ ոչ թե լսեն, որ այս բանը կարող են ասել իրեն, իսկ մյուսը՝ ոչ:

Ուզում եմ, որ սպառողները նույնպես խելացի ու պատասխանատու լինեին այս իրավունքի համար:

Ձեր կարծիքով, ո՞րն է հանրային ներգրավածության լավագույն մոդելը:

Չեմ կարծում, որ ճանապարհը մեկն է: Պետք է մոտեցումների ու գործիքների ձեր հավաքածուն ունենաք՝ խաղեր, իրական դեպքերի օրինակներ, ուսումնասիրություններ և այլն:

Մարդիկ սիրում են ուսումնասիրել իրական վիճահարույց դեպքերը և հետո քննարկել դրանք: Եվ ուրեմն ցույց տվեք, որ պետք է մաքրել իրադարձության վրա գոյացած շերտերը, հարգալից զրույց սկսեք, հիշեցրեք, որ շատ կարևոր է վերադառնալ իրական փաստերին, քննարկել դրանք՝ զերծ մնալով էմոցիաներից:

Այսպիսով, անհրաժեշտ են բազմազան և տարբեր գործիքներ:

Ցանկալի է հանդիպել մարդկանց այնտեղ, որտեղ նրանք գտնվում են: Օրինակ, եթե կլանված են իրենց սարքավորմամբ, ուրեմն այդ սարքին ուղարկեք տեղեկություն ու այնտեղ հանդիպեք նրա հետ: Կամ՝ դասարանում: Կամ՝ գրադարանային ծրագրում: Կամ թանգարանային քննարկումներում:

Մենք պետք է դա անենք բազմազան վայրերում և առաքման տարբեր եղանակներով: Գիտենք, որ բովանդակության թագավորը վիդեոն է, բոլորը սիրում են տեսանյութեր նայել: Եվ ուրեմն, հանդիպենք այնտեղ, որտեղ կարող եք:

Խոսեք որևէ գործընթացի մասին, հատկապես դեռահասների հետ, քանի որ այդպես քննադատական մտածողության հիմք եք դնում: Այդ մասին լավ խոսք ասաց Պոլ Միհաիլիդիսը (ԱՄՆ-ի Էմերսոն քոլեջի քաղաքացիական մեդիայի և լրագրության դասախոս-խմբ), Թվապատում մեդիա կոնֆերանսի ժամանակ:

Նա նշեց, թե ինչու է կարևոր իրադարձությունը ներկայացնել որպես ընթացք: Դա օգնում է երեխաների մեջ արթնացնել կարեկցելու՝ էմպատիայի զգացումը, հասկանալու, ըմբռնելու ուժը: Դա ճամփորդելու պես մի բան է:

Ինչու՞ ենք աշխարհով մեկ ճամփորդում: Որպեսզի հասկանանք, տեսնենք ու անմիջականորեն զգանք այլ մարդկանց փորձառությունը: Դա է պատճառը: Դա է կարևորը:

Newseum- ի նպատակը Սահմանադրության առաջին լրացման արժեքները պաշտպանելն է (մամուլի, կրոնի, հավաքների, խղճի և խոսքի ազատությունը):

Առանց մեդիա գրագիտության լուրջ ուսուցման այդ բոլոր հիմնական արժեքներն ու ազատությունները վտանգված են: Եվ այդ պատճառով է դասավանդվում մեդիա գրագիտությունը:

Մենք չենք կարող սկսել կենսական նշանակության խոսակցություններ, որոնք ազդում են մեր աշխարհի և կարևոր սոցիալական խնդիրների վրա, եթե չունենանք փաստերի հավաքածու ու չկարողանանք աշխատել դրա հետ

 

Հարցազրույցը Ադրինե Տեր-Պողոսյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *