Արթուր Աթանեսյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, ղեկավարում է Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնը:
Այս օրերին մասնակցում և ուշադիր հետևում է քաղաքական և քաղաքացիական շարժման զարգացումներին: Համոզված է, որ տեղի ունեցող իրադարձությունները ուսումնասիրությունների և վերլուծությունների պարարտ հող են ստեղծում, որտեղ հատկապես կարևորներից է մեդիայի դերակատարումը:
Ա. Աթանեսյանը նկատել է, որ ինֆորմացիոն հոսքերի տարածման ծավալներն ընդլայնվել են, ավանդական մեդիայից բացի ընդգրկել համացանցային հարթակների և սմարթֆոնների միջոցով տեղեկատվություն փոխանակողներին: Հաղորդակցության ալիքների բազմազանության, բաց և հանրամատչելի լինելու հետ միասին փոխվել է նաև տարածվող տեղեկատվության բնույթը:
Այսօրվա հայաստանյան մեդիա գործունեությունն ուղղակիորեն կապված է իրականության հետ՝ պակաս գրաքննվելով և ավելի անմիջականորեն ազդելով քաղաքական որոշումների ընդունման վրա:
Ի՞նչպիսի մեդիաքայլեր եք նկատում #Իմքայլը շարժման ընթացքում:
Տեղեկատվական հարթակներն ակտիվորեն օգտագործվել են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր ուժերի և դրանց առանձին ներկայացուցիչների կողմից:
Սակայն պետք չէ մոռանալ, որ քաղաքական որևէ գործընթաց հնարավոր չէ մինչև վերջ իրականացնել միայն տեղեկատվական, այդ թվում` վիրտուալ հարթակում, դրա համար անհրաժեշտ են իրական տարածության և ժամանակի մեջ գտնվող, իրական գործունեություն ծավալող և միասնաբար գործող մարդիկ` իրենց կարծիքը հրապարակավ բարձրաձայնող, մեքենաներ վարող և փողոցի մեջտեղում կանգնող, սուլող և բղավող, իրենց ուսերին դրոշը կրող:
Հայաստանում վերջին տասնամյակում արմատացած քաղաքական մշակույթն առաջնորդներին գրեթե ամբողջությամբ տեղափոխել էր մեդիահարթակ` թույլ տալով քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին խուսափելու իրենց ընտրողների հետ ուղղակի, անմիջական առնչություններից:
Արդյունքում նվազել է այդ գործիչների պատասխանատվությունն իրենց գործելակերպի, պետական գործերի հետ կապ չունեցող «էլիտար» կյանքի տեսանելիությունն ու մեծացել հասարակությունից «վերնախավի» կտրվածությունը:
Այն, ինչ այսօր անում է ընդդիմությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հակառակ գործընթաց է` վիրտուալ դաշտից քաղաքականության վերադարձը դեպի իրականություն` հրապարակներ և փողոցներ, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների գործարկում:
Մեդիայի հնարավորություններն ինչպե՞ս են օգտագործվում այս օրերին:
Լրագրողներն այսօր աննախադեպ հնարավորություն են ստացել աշխատելու ինտենսիվ, բազմակողմանի, զգոն, և միևնույն ժամանակ պակաս կողմնակալ:
Թեև, իհարկե, անկողմնակալ լրագրությունը գոյություն չունեցող ֆենոմեն է:
Մերօրյա աննախադեպ քաղաքական գործընթացների պայմաններում հայաստանյան մեդիա գործունեությունն ուղղակիորեն կապված է իրականության հետ, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների ազդեցության արդյունքում ավելի քիչ է գրաքննվում, և ավելի անմիջական կերպով է ազդում քաղաքական որոշումների ընդունման վրա:
Մերօրյա իրողությունները, երկրի համար մի շարք օբյեկտիվ սպառնալիքների հավանականության պայմաններում ներքաղաքական և քաղաքացիական գործընթացներում ուղղակի ընդգրկվածությունն ու դրանք լուսաբանելու ընձեռնված հնարավորությունը մեդիա գործունեության համար մասնագիտական դրախտ է:
Սկսնակ լրագրողների համար մերօրյա գործընթացները սովորելու և գիտելիքները կիրառելու պրակտիկ դաշտ են, իսկ մասնագետների համար` իրենց գիտելիքներն ու հմտությունները գործարկելու հնարավորություն:
Իհարկե, ինչպես հասարակության տարբեր խմբերի, այնպես էլ լրագրողական համայնքի ներկայացուցիչների վրա է տարածվում կարևոր հորդորը` միմյանց հանդեպ լինել հանդուրժող, չաշխատել միմյանց դեմ, չօգտագործել ստեղծված փոփոխական իրավիճակը միմյանց հետ մասնագիտական մրցակցության մեջ որոշակի անձնական արդյունքների հասնելու:
Սա ոչ միայն հորդոր է, այլ նաև մասնագիտական էթիկայի կարևոր սկզբունք:
Այս համատեքստում անհրաժեշտ է նաև, որպեսզի, անկախ որոշակի կարծիքների գերակայությունից, ԶԼՄ-ներով լուսաբանվեն հասարակության մեջ առկա բոլոր տեսանկյունները:
Այսօր առավել քան կարևոր է հասարակական կարծիքի բևեռացման վտանգից խուսափումը, անհրաժեշտ է ոչ միայն լրագրողներին հորդորել խուսափել ատելությունից և անհանդուրժողականությունից, այլ նաև ամրագրել տեղեկատվական հարթակների (այդ թվում համացանցի) օգտատերերի համար անհրաժեշտ էթիկական չափանիշներ:
Հակառակ պարագայում, ինքնուրույն տեղեկատվական աղբյուր դարձած յուրաքանչյուր անձ այսօր զբաղվելու է համացանցում քաղաքական գործընթացների իր, հաճախ իրականությունից և գիտելիքներիրից հեռու մեկնաբանումներով, որոնք «յուրային»-«օտար» սկզբունքով կպառակտեն հասարակությունը:
Ի՞նչ այլընտրանքային ուղիներով են տարածվում տեղեկությունները և ի՞նչ որակով:
Այսօր գրեթե հավասարվել է ավանդական ԶԼՄ-ների և սոցցանցերի ազդեցության ծածկույթն ու սպառումը, ինչը նշանակում է, որ նախկինում այլընտրանքային մեդիա համարվող սոցցանցերն ու համացանցային կայքերն այսօր այլևս այլընտրանքային չեն:
Մերօրյա իրողությունների պայմաններում նկատելի է նաև ավանդական ԶԼՄ-ների մասնագիտական գործունեության որակն ու հավասարակշիռ հուզականությունը:
Մինչդեռ սոցցանցերում մեր հայրենակիցներից շատերը տրվել են զուտ զգացմունքային լեզվախաղերի, ակտիվորեն քննադատում և վիրավորում են անձանց, պահանջում իրենց հրաժարականը:
Սոցցանցերում կարևորագույն իրադարձությունների քննարկման մակարդակը հաճախ հեռու է Նիկոլ Փաշինյանի` սիրո և հանդուրժողականության կոչերից:
Այսինքն, գործ ունենք ծայրահեղացված մեդիահարթակների հետ:
Ինչպես ասացի, մեդիադաշտն այսօր էապես ավելի մոտ է իրականությանը, օպերատիվ և այդ պատճառով ավելի քիչ գրաքննվող, քան նախկինում, ինչը նշանակում է, որ ուղիղ եթերի և քիչ գրաքննվելու արդյունքում այն ավելի օբյեկտիվ է:
«Լռության պարույրի» էֆեկտի համաձայն` այսօր տեսնում ենք մոդայիկ և պոպուլյար տեսակետների ճնշումը այլ կարծիքների հանդեպ: Օրինակ` ընդդիմությանը քննադատելն այսօր նույնքան վտանգավոր է, որքան նախկինում` իշխող ուժերին:
Սա չի կարող դրական երևույթ լինել, և հանրային կարծիքը գցում է մեկ ծայրահեղությունից դեպի մյուսը:
Հեռուստատեսությունը կարծես մրցակցությունից դուրս է մնում, էլ ի ՞ նչ փոփոխություններ եք նկատում մեդիադաշում:
Հեռուստատեսությունն իրեն չի սպառել: ԱԺ-ում մայիսմեկյան քննարկումների հեռուստատեսային հեռարձակումների սպառումն ակնհայտորեն փաստեց դա:
Մարդիկ, հրապարակում և տներում, հեռուստաէկրանների մոտ հետևում էին քաղաքական կարևոր դեբատներին: Հեռուստաեթերի հետ համեմատ համացանցով նիստերի հեռարձակումը հետ էր մնում, և ակնհայտ էր այդ մեթոդով նիստին հետևողների արձագանքների ուշացումը:
Իհարկե, զանգվածային լրատվամիջոցներն իշխանության գործիքներն են, նաև որոշ իրադարձությունների պայմաններում` իշխանության ինքնուրույն ինստիտուտները:
Այս օրերին իրականացվում է ուղիղ ժողովրդավարությանը հատուկ գործընթացների համախումբ:
Այն է` ընդդիմադիր գործիչների ուղիղ հրապարակային շփումն իրենց աջակցողների հետ, որտեղ նվազում է մեդիա միջնորդների դերակատարումը:
Միևնույն ժամանակ, շատացել է մեդիա իրադարձությունների թիվը, գրեթե բոլոր ներկայիս իրադարձություններն էքսկլյուզիվ` բացառիկ են դարձել, ինչը խթանում է հանրային ուշադրությունը մեդիա արտադրանքին:
Հարցազրույցը՝ Գայանե Ասրյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: