2018.02.23,

Տեսակետ

«Լսարանը լրատվամիջոցին պատվիրում է գլադիատորական մարտեր»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեր իրականությունում կան կարծրացած ու որպես «ազգային ավանդական» գնահատվող կաղապարներ, որոնք դժվար են ենթարկվում կազմաքանդման: Կանանց դերի ու դիրքի ընկալումն այդպիսի անտեսանելի, բայց ամուր կաղապարներից է, որից դուրս գալու համար տակտիկական քայլեր են հարկավոր:

Ֆեմինիստ Նվարդ Մանասյանը կանանց խնդիրներն ու դրանց արտացոլումն ու վերարտադրումը մեդիայում համեմատում է այն օձի հետ, որը ատամներով բռնել է իր պոչն ու փակ շրջան ստեղծել:

Կանայք լրատվական դաշտում հիմնականում կա՛մ խղճահարություն են առաջացնում (աղքատ են, միայնակ, բռնության ենթարկված), կա՛մ քննադատվում են: Իսկ եթե իշխանության մաս են, ապահովում են վեհ ճառերի որոշակի քանակ: Կարծես այլ տիպարներ չկան:

Կինը հանրային քննարկումներում ու մեդիայում հիմնականում երկու դերով է ներկայանում՝ կամ որպես զոհ, կամ որպես ատիպիկ վարքագծի կրող (տղամարդկանց գծած սահմաններից դուրս), այսպես ասած՝ կին-տղամարդու կերպարով, որը և խարազանվում է: Ստացվում է, որ կամ լաչառ ես, կամ կին-տղամարդ, ուրիշ դեր չունես:

Կարող են ասել, բա դա հայ կնոջը կամ մորը հարի՞ր պահվածք է: Դիմում են մոր ֆունկցիային, որի մեջ էլ ուզում են պահել կնոջը:

Եվ հետաքրքիր է, որ երբ դուրս ես գալիս այս կերպարից, քեզ շատ նուրբ ձևերով հիշեցնում են քո դերի մասին հենց կանայք, իսկ տղամարդիկ պատրաստ են պատժամիջոցներ կիրառել:

Եվ հենց դա էլ միանգամից ֆիքսվում է տեսախցիկով և բառերով ու շրջանառվում: Անպայման կգտնվեն մարդիկ, որոնք դերից շեղվելու մասին խոսակցությունները կդարձնեն իրադարձություն:

Քաղաքապետարանի ակցիայից հետո էլ լրատվական դաշտում ավելացան կշտամբանքները՝ բա դա սազու՞մ էր հայ կնոջը:

Որքան տեսնում եմ, գործի է դրվում ստանդարտ լրագրողական գործիքակազմը:

Նախ՝ լրագրողը պիտի պրոֆեսիոնալ լինի, և հետո էլ՝ խմբագրությունն ունենա իր կանոնները, գաղափարական ֆիլտրերը, որոնցով կարող է ներկայանալ ու ասել՝ ես այսպիսի լրատվամիջոց եմ, սա եմ հրապարակում և սա էլ համարում եմ կարևոր:

Կարծրատիպերը կվերարտադրվեն մինչև նորություններում չլինի բավարար հղումներ բոլոր կողմերին, իսկ եթե կարծիքները հակադարձ են, հավասարակշռվեն խորքային գիտելիք ունեցող փորձագիտական խոսքով:

Ես կարծում եմ, որ լրագրությունը ֆորմալ մասնագիտություն է, այսինքն, մինչ լրագրող դառնալը պետք է առնվազն մեկ մասնագիտություն ունենալ, քանի որ լրագրողը ոչ թե բովանդակության, այլ ֆորմայի մասնագետ է:

Պաշարով պետք է գալ լրագրություն ու պրակտիկայով սոցիալացվել:

Ի վերջո, լրագրողը ֆորում ստեղծող է, և որոշ իմաստով՝ սանկցիաներ է կիրառում իրադարձության հանդեպ: Եթե լրագրողը չգիտի խնդրի շրջանակը և ստրատեգիկ չի վարվում այդ շրջանակի հետ՝ չունենալով լայն պատկերացում, թե ում է իրականում ներկայացնում, վերջ: Ամեն ինչը դառնում է երկրորդական, անգամ եթե պահպանվում են բոլոր լրագրողական նորմերը:

Լրատվությունը կարծես անընդհատ մեզնից ժամանակ է տանում, ինչպես արագ սպառվող, ախմախ փոփ-մշակույթը, որը հետագայում չես էլ հիշելու:

Չեն թողնում, որ սպառողը հասունանա ավելի դասական գործերով, քանի որ քիմքը զբաղեցնում են աղբով: Եվ աղբ արտադրողները շատ են:

Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ բոլորը ինչ-որ բան են ուզում լրագրողներից: Լսարանը դարձել է  քմահաճ ու սեթևեթ և վստահ է, որ կարող է իր ուզածը գտնել լրատվական դաշտում՝ թեկուզ միայն գլխագրերը կարդալով:  

Պրոֆեսիոնալ լրագրողների գործը, իրոք, բարդացել է:

Միգուցե հիմա լրագրության ուժը վավերագրությու՞նն է: Օրինակ, քաղաքապետարանի դեպքերը հետաքրքիր էին ոչ թե որպես մեկնաբանություն, այլ՝ տեսագրված փաստ:

Բայց ես վստահ չեմ, դա մաքուր վավերագրություն էր: Միգուցե փերֆորմա՞նս էր: Իհարկե, ուղիղ եթերը հիմա մեծ առավելություն է: Բայց եթե այս ամբողջ ծամծմելու պրոցեսում մեդիան լինի պարբերաբար կրթողի, իրադարձության մշակույթի կրողի դերում, շատ ավելի ուժեղ դիրքում կհայտնվի:

Կանանց  հաճախ նետում են առաջնագիծ (և բառիս բուն իմաստով, և փոխաբերական՝ ասենք, մեծարելով ու ծաղկի հետ համեմատելով): Կինը լա՞վ գործիք է:

Այդպես եղել է միշտ: Հիշում եմ, որ 1988-ին էլ պարբերաբար ասում էին, որ հավաքների ժամանակ թող առաջին շարքում կանգնեն կանայք, կարծես դա պիտի օգներ, որ կանանց չխփեին:

Իրականում, այդ ավելի էր խորացնում անհավասարության իրավիճակը, քանի որ անգամ քո ախոյանը քեզ հավասարի պես չէր ընկալում: Եվ ընդհանրապես պատմությամբ կինը չի արժանացել ու չի վերցրել հավասարության իրավունքը:

Տղամարդը կնոջն իր տարածքում կարող է տեղ տալ, բայց դա միևնույն է իր տարածքը կմնա:

Կինն իր կյանքը, իր տարածքը իր ուժով, իր ընտրությամբ չի փորել: Նրան պարզապես տղամարդկանց տարածքում որոշակի տեղ են տվել, և հետևաբար նա ստորադաս արտոնյալ է: Նրան անգամ մահվան չեն արժանացնում: Թշնամուն ընդունելով են սպանում, իսկ կնոջը առավելագույնը գերեվարում ու բռնաբարում են:

Իսկ ինչո՞ւ են իշխանություն ու պաշտոններ ունեցող կանայք հիմնականում վանող: Երբ մտածում ես, որ եթե սա է դեպի վերև տանող գինը, չեմ ուզում վերևում լինել:

Իհարկե, կանանց կերպարներ կան, որոնք սարքած են ու հանձնարարված: Հատուկ կարծես ընտրել են ու առաջադրանք տվել:

Չի ստացվում քաղաքականության մեջ լինել արտոնագրված: Ես հիմա այլևս չեմ հավատում, որ կա քաղաքական օրակարգ, քանի որ իմ մաշկի համար կարևոր խնդիրները ես դրանով չեմ կարող հաղթահարել:

Չեմ պատկերացնում, որ կարելի է պայքարել հայրենիքի, Հայ Դատի համար, եթե չեմ կարող իմ սեռի տարրական խնդիրները լուծել:

Քաղաքականությունը պետք է քո որոշումը լինի, ոչ թե պատվերը: Այլապես դա կեղծ ճանապարհ է:

«Ազգ-բանակ» կարգախոսն էլ հստակ ցույց տվեց կանանց դերը: Նրանք զինվոր ծնող են: Որքա՞ն կարելի է նեղացնել ապագայի սահմանները:

Այն դիտվեց նեղ սահմաններում, քանի որ այդպես էլ նախատեսված էր: «Ազգ», «բանակ» կաղապարները ստիպեցին, որ գնանք ծնելու և մորթվելու, ողբացող մոր կերպարը սրբացնելու ուղղությամբ:

Եվ եթե «ազգ-բանակ» շլացուցիչ կաղապարը չդրվեր, բանակում ծառայելը կհամարվեր պարտավորություն, քանի որ բանակը սոցիալական կոնտրակտի երաշխավորողն է (դա է բանակի միակ գործառույթը), այլ ոչ թե մեր կաշին պաշտպանելը:

Մեր կաշին պաշտպանողը մենք ինքներս ենք, և այդ պաշտպանության բոլոր ձևերը պարտավոր ենք իմանալ փոքր տարիքից: Դա զենք չէ, այլ հոգեբանական, ինտելեկտուալ պատրաստվածություն, որն օգնում է լայնացնել մտահորիզոնը ու ճանաչել իրադարձությունը: Մեծ իմաստով պաշտպանությունը ռիսկերը գնահատելն է:

Իսկ դա նույնն է, ինչ ազատությունը: Բայց հիմա ազատությունը հակադարձվում է պաշտպանությանն ու դրանից բխող անվտանգությանը:

Կարծում եմ, դա վտանգավոր դիսկուրս է, քանի որ բոլորը պատրաստ են հանգիստ ընդունել, որ երեխաները երազում են զինվոր կամ ազատամարտիկ լինել: Եվ դա անում են լայն ժպիտով: Օրինակ այսպիսի ռեպորտաժներով:

Եվ դրան զուգահեռ կա մի ստվար մարդկանց զանգված, որը մտածում է, թե ինչպես ազատել իր երեխային բանակից և պատրաստ է ամեն քայլի դիմել հանուն դրա: Եվ այսպես ամեն ինչն է երկակի:

Հանրության համար ներկայանում ենք պաստառապատ դեմքով, քանի որ վախենում ենք, որ մեզ կարող են օտարել: Իսկ մեզ համար այլ դեմք ենք պահում:

Այդ պատճառով էլ կարևոր է, որ լինեն ուղենիշներ, վարքագծային որակ սահմանող անհատներ: Բայց նրանք տեսանելի չեն և ոչ մի բնագավառում:

Երբ օրինակ, ասում ես, որ լրագրողները պետք է իրենք որակ սահմանող լինեն ու ստանդարտներ պահպանեն, պատասխանում են՝ դա գրաքննություն է: Նույնը կրթության և այլ ոլորտներում է, որտեղ չեն գործում արժեքային ֆիլտրերը:

Հայերենում բառեր ունենք, որոնք մոռանում ենք: Օրինակ, սերելը, սերուցքը… Բայց կարծես բառերն էլ են նենգափոխվում ու դրանցից դուրս չի գալիս կոռուպցիան: Ժամանակը կրծում ու քայքայում է իմաստները, և բառերը գալիս-հասնում են մի դատարկ տեղ, որտեղ անիմաստ են դառնում:

Ու մարդիկ էլ սառած ու կաղապարված բարձրախոսի առջև խրոխտ ասում են՝ ազգ-բանակ, լավ ազգ, լավ բանակ, թշնամին վատ բան է, պետք է պաշտպանվենք, ուրեմն բանակը լավ բան է…

Հասկանում եմ, որ այս ասածներիս համար, կարող են ինձ «կախել», բայց բովանդակությունը գնում է դեպի նենգափոխված ընկալում:

Հետաքրքիր է, որ «ազատամարտիկ» բառն էլ է նենգափոխվում: Եվ եթե խորքային նայենք, կտեսնենք, որ ազատամարտիկը մարտ է դուրս եկել հանուն ազատության: Նա ազատության համար հանդգնածն է:

Տարօրինակ է, բայց կանանց իրավունքները պաշտպանող շատ կազմակերպություններ հաստատ սերուցքը չեն:

Ամեն ինչը փոխկապակցված է: Հենց մի հարց է առաջանում, բոլորի հայացքը թեքվում է դեպի շատ փոքր մարդկանց խմբերը և հենց նրանցից են գնահատական սպասում:

Եվ այդ մարդիկ էլ ստիպված են լինում իրենց ծավալից ավելի մեծ ծավալ ծածկել: Դա չի կարող չաղճատել նրանց ասածը:

Ընդունում եմ, որ մեղքի մեր չափաբաժինն ունենք, և մի քանի անգամ խոսք ասելով ստիպված ենք փորձագետի համբավ ստանձնել: Եվ պահպանողականներով, և ձախականներով հանդերձ կա վտանգ, որ բառերը կօգտագործվեն նեղ ու դոգմատիկ:

Եվ լրագրության դերն էլ հենց այն է, որ ջարդի այդ դոգմատիկ խոսքը, ստիպի, որ իրեն փորձագետ համարողը առերեսվի ուրիշ տեսակետի հետ ու դուրս գա իր հարմարավետ զոնայից:

Եթե դաշտ ու պահանջ անգամ լինի գրավոր տեքստերի, հեռուստատեսային բանավեճերի, քննարկող ձևաչափերի, փորձագիտական կարծիք հայտնողները կվարժվեն ու կմարզվեն:

Ի վերջո, բանավեճի իմաստը հաղթելը չէ, այլ լուծում գտնելը: Իսկ լուծումները միշտ իրավիճակային են, եթե որևէ մեկը «ջարդի» իմ խոսքը, ես էլ դուրս կգամ լրիվ այլ մի տեղ:

Հիմա դոգման դարձել է ավելի կարևոր, քան բուն որոնումը: Դոգմաները, անգամ գիտական, վերադրվում են մտքի ազատությանը՝ հանուն լուծման, հանուն անհավանականի մասին քննարկման:

Հաղթանակը կարևո՞ր չէ բանավեճերում:

Դա դիտարժան է դարձնում հաղորդումը ու ադրենալինի պաշար ապահովում:

Ատրակցիոնի տարրը թեև միշտ է պետք եղել, բայց տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, մեծացել է գլադիատորական խաղերից հաճույք ստանալու հնարավորությունը: Լրահոսն էլ է դրան ենթարկվում, լսարանն անընդհատ պատվիրակում է, որ լրատվամիջոցն իրեն տա գլադիատորական մարտ:

Դոկումենտալիզմն էլ է այդ տրամաբանությունը շարունակում: Օրինակ, քաղաքապետարանի ակցիայի տեսանյութերը բազմաթիվ «լայքեր» հավաքող հիթեր են: Լրատվամիջոցները գիտեն, թե ինչ են իրենից սպասում: Եվ տալիս են դա:

Լրատվությունը նույն քաղաքականությունն է, որտեղ կարևոր է, թե որքանով գործիչը պետք է հետևի ընտրազանգվածի պահանջներին և որքանով առաջնորդի այդ պահանջները:

Առաջնորդի ու հետևորդի միջև պիտի գտնվի ինչ-որ ոսկե միջին, քանի որ եթե խախտվի հավասարակշռությունը, լրատվամիջոցը կդառնա ընդամենը սպասարկող: Եվ դրանով կստեղծվի փակ շրջան (դա են ուզում, դա եմ տալիս, էլ ի՞նչ եք ուզում):

Ուզածը տալը պետք է ստրատեգիկ լինի, ներառի անցումները, որոնց միջոցով կարելի է դուրս գալ ծուղակներից:

Իդեալական կլիներ, եթե մեդիան ի լուր աշխարհի հայտարարեր՝ սա է իմ դավանանքը, սրանք ենք գաղափարները, և այսպիսի ձևաչափով էլ ուզում եմ հասնել իմ նպատակին: Այսինքն, իր խոսքի ու գործի տերը լինի:

Տեր լինելը, այդ թվում՝ սեփական մտքերի ու մարմնի, պայթյունավտանգ տեղ է տանում:

Յուրաքանչյուր քաղաքացի իր կյանքի տերն է, տիրությունը այստեղից է սկսվում: Բայց եթե ուզուրպացնող էլիտա ես, պիտի ընտրես ձոների ձևաչափը՝ հայությանը, մայրությանը, սրբությանը, Աստծոն, Մայրաստվածությանը:

Ամեն ինչը խառնես իրար ու մի սարսափ սարքես, բայց տիրոջ կեցվածքով այս տարածքի վրա իր արժանապատվությունը պահող մարդու ձոն չանես:

Դա իրավունքի հարց է: Եթե քո պրոբլեմը չունի իրավունքի ձևակերպում, այն ածանցված կմնա ու որոշ ժամանակ անց անպայման կկորչի:

Մարդու իրավունքների հռչակագրի բոլոր կետերը բերված են տարբեր Եվրոպական ազատությունների խարտիաներից, բայց այդ իրավունքները Եվրոպայում վաստակվել է արյամբ (անգամ լուսաֆոռի տեղադրումը), իսկ Հայաստանում  քաղաքացիական իրավունքը գրված չէ, մենք ուրիշից ենք վերցրել, արագ-արագ հարմարեցրել ենք՝ առանց մարսելու:

Մեր պատմության դասագրքում էլ ես տեսնում, թե իրավունքների նվաճումը որքան գեղարվեստական է, առանց դոկումենտալ փաստերի, որոնք կպատմեն տարբեր սոցիալական շերտերի փոքր պատմությունները: Օրինակ, համքարության (ինչպես եղավ, որ գտնվեց արհեստակցական լուծում):

Բանակցություն, իրավունք, ներկայացվածություն, դիրքորոշում… Այդ պատմությունները պետք է գրվեն:

Երևի ընդհակառակն է խրախուսվում՝ համախմբվել, ազգովի…

Հակակշիռը միայն մեկն է. ունենալ երես ու դիրք, և ասել այդ մասին:

Եվ դիրքդ ու արժեքդ չզիջելով՝ համատեքստում հասկանալ, թե այս պահին ամենաարդյունավետ քայլը որն է: Միայն տակտիկայի իմաստով կարող ես գործողությունների բազմազանությունը պահել: Իսկ ստրատեգիան մեկն է՝ սա ես եմ, դավանում եմ այսպիսի արժեքներն ու չեմ շեղվելու:

Երկու կյանք չեմ ապրելու՝ մեկը հասարակության, իսկ մյուսը՝ ինձ համար:

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *