Մամիկոն Հովսեփյանը ղեկավարում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը, որն ավելի հայտնի է որպես Փինք Արմենիա՝ Public Information and Need of Knowledge (Pink Armenia): Այն զբաղվում Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանությամբ և գենդերային հիմնախնդիրներով:
Մամիկոն Հովսեփյանը կարծում է, որ անհանդուրժողականությունն ու անգամ ատելությունը ԼԳԲՏ անձանց հանդեպ նման է խաղաքարտի, որը օգտագործում են խոշոր տերություններն իրենց շահերի առաջխաղացման համար: Եվ շատ հաճախ մեդիայից է կախված, թե ինչպիսի կլինի հանրային վերաբերմունքը և որքան կնվազի հոմոֆոբիայի աստիճանը:
Մեդիա հարթակներն ու լրատվամիջոցները Հայաստանում շատ են: Դա թու՞յլ է տալիս ասել, որ ազատություն կա:
Դաշտը լայն է, հնարավորություններ կան, բայց որակյալ տեղեկատվություն ապահովելու ու տարածելու դաշտը ավելի է նեղացվում: Իշխանությունների կամ օլիգարխների կողմից ստեղծվում են կայքեր, որոնք լսարան են հավաքում, դառնում մեյսնսթրիմ՝ սկանդալ ու սարսափ շրջանառելով, իսկ իրական ինֆորմացիա տարածող լրատվամիջոցների ձայնը կորչում է:
Իսկ ո՞րն է սկանդալի բացասական դերը:
Սկանդալի, կեղծ հրատապության պատճառով ուշադրությունից դուրս են մնում շատ կարևոր խնդիրներ՝ սոցիալական, առողջապահական, բնապահպանական և այլն:
Լսարանը որպես սպառող այդ թեմաներով քիչ է հետաքրքրվում՝ նախընտրելով ավելի կարճ, պատկերավոր, երբեմն էլ՝ վերլուծությունից զուրկ նյութերը:
Փաստացի, որակյալ նյութերը կորչում են սկանդալների մեջ: Նոր կայքերը ծլում են անհայտ տեղերից ու իրենց հերթին ավելացնում սկանդալի չափաբաժինը:
Շատ դեպքերում հենց լսարան հավաքելու նպատակով են գրում ԼԳԲՏ թեմայով՝ դարձնելով այն պրովոկացիայի առիթ: Մարդիկ սեղմում եմ այն նյութերի վրա, որտեղ կան «գեյ», «համասեռամոլ» կամ «նույնասեռական» բառերը:
Ստեղծվել է «ազգի թշնամիների» մի կերպար, որը մի կողմից կապ ունի պատերազմական իրավիճակում գտնվող հարևան պետությունների հետ, իսկ մյուս կողմից՝ կրոնական, սեռական և այլ փոքրամասնությունների: Փորձում են ներշնչել, որ փոքրամասնությունները վտանգում են ազգային ինքնությանը (կարծես երբեք չեն եղել, և միայն հիմա մեր աչքերը բացվեցին):
Սովորաբար, երբ բարձրանում է որևէ թեմայի մասին իրազեկումը, ուժեղանում են նաև հակադարձողները: Հիշում եմ, որ 10-15 տարի առաջ ԼԳԲՏ անձանց մասին լռություն էր, չկային ո՛չ առանձնապես կողմ, ո՛չ դեմ կարծիքներ, և մեր նպատակը հենց լռությունը ճեղքելն էր, քննարկում սկսելը, քանի որ անգամ բացասականն ու ոչ կոմպետենտն է դառնում քննարկման առիթ:
Ոչ միայն սեռական տարբեր կողմնրոշում ունեցող մարդիկ, այլև հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցողներն են պնդում տերմինների պատշաճ օգտագործումը: Դա կարևո՞ր է:
Սխալ տերմինների օգտագործումը կարող է լինել կա՛մ միտումնավոր, կա՛մ պարզապես չիմացության պատճառով: Ամեն դեպքում՝ դա ոչ միայն լրագրողի գրագիտության հարց է, այլ լրատվամիջոցի քաղաքականության: Եթե կա նպատակ լավ նյութ պատրաստելու, ուրեմն պետք է վիրավորական տերմինները կողք դրվեն:
Կան բառեր, որոնք կոնկրետ վիրավորանք են պարունակում: Ես ինքս չեմ դժգոհում, երբ ասում են՝ միասեռական, գեյ կամ հոմոսեքսուալ: Բայց երբ սկսում են բառերի մեջ ակնարկնել մոլուցքը՝ ավելացնելով «մոլ» մասնիկը, տերմինը դառնում է վիրավորական: Երբեմն նաև ուղիղ հայհոյանքներ են լինում:
Այսինքն, կարծում եք, որ վերաբերմունքը կփոխի՞, եթե այլ բառեր օգտագործվեն:
Նաև այդպես: Բայց կարող է լինել հակառակը՝ կառչելով տերմիններից, կորցնենք թեմայի կարևորությունը: Ոչինչ, որ բառը ճիշտ չի բնութագրում, կարևոր է, որ այն վիրավորական չլինի:
Վիրավորելու դեպքերը հաճա՞խ են հասնում դատարան:
Մենք դատի տվեցինք «Իրավունք» թերթին, երբ հրապարակեցին իրենց գեյ-լոբբիստների սև ցուցակները: Պարզ է, որ ցանկացած սև ցուցակ ունենալու փաստն արդեն դատապարտելի է, բայց այդ հոդվածը լի էր զրպարտությամբ, ատելության ու խտրականության կոչերով:
Մենք պարտվեցինք դատարանում (ասվեց, որ Հայաստանում խոսքի ազատություն է), հիմա գործը Եվրադատարանում է:
Բայց հետաքրքիր էր, որ մեր հայցից մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը «Իրավունք» թերթին շքանշան տվեց, և դա ընկալվեց որպես հստակ նշան:
Ես վստահ եմ, որ մեր հասարակությունում լուրջ խնդիր է սեռանակություն զսպումը, վանումը: Մարմինը հակադրվում է հոգևորին ու միշտ պարտվում է:
Դա կոնսերվատիվ հասարակությունների խնդիր է: Հենց խոսում ենք սեռանակությունից, հայտնվում են սահմանափակումները՝ կեղտոտ կամ մաքուր, թույլատրելի կամ արգելվող սեքս:
Երբ աշխատում էի որպես սեռական առողջության խորհրդատու, տեսնում էի, որ շատ երիտասարդներ զզվում են սեռական օրգաններից, և անգամ վախենում էին դիպչել: Մի երիտասարդ ասաց, որ եթե դիպչի սեռական օրգանին, «կկոտրվի»:
Երևի պատճառն այն է, որ մեզ մանկուց սովորեցնում են, որ կան մաքուր ու կեղտոտ մարմնի մասեր: Բոլորը սիրում են իրենց դեմքը՝ խնամում եմ, լվանում, սափրում, ամեն դեպքում՝ գեղեցկացնում են: Կան մարմնի մասեր, որոնք «կեղտոտ» են:
Կարծում եմ, հարկավոր է անել այնպես, որ երեխաները դեռ դպրոցական տարիքից ճանաչեն իրենց մարմինն ու սիրեն այն:
Սովորաբար ամոթանքն էլ հիմնականում մարմնի հետ է կապված, ծաղրանքի է ենթարկվում ու նվաստացվում է ֆիզիկական հատկանիշները՝ գեր, կարճահասակ լինելը:
Եթե մարդու իրավունքների պաշտպանությունը շատ լայն դաշտում դիտարկվի, կարևոր կետեր կկորեն: Եթե կան փոքր խմբեր, որոնք խոցելի են դառնում իրենց հատկանիշների պատճառով, նրանց պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել:
Կանայք էլ խտրական վերաբերմունքի են արժանանում, և ստիպված որոշ մարդիկ սկսում են պաշտպանել ճնշված վիճակում գտնվող կնոջը՝ հավասարեցնելու համար կանանց ու տղամարդկանց իրավունքները:
Իսկ ո՞րն եք համարում ամենաազդեցիկ միջոցը իրավունքների մասին հիշեցնելու համար:
Եթե նախկինում հաջողված տարբերակ էին գեյ-շքերթները, ապա հիմա դրանք այդքան էլ ազեդցիկ չեն: Շքերթները, երթերը հիմա ավելի շուտ ոչ թե բողոքի արտահայտումներ են, այլ կառնավալներ են, որոնք տոնում են տեսանելիությունը, հավասարության հաղթանակը:
Ամենից կարևորը հանրային վերաբերմունք է: Կողք կողքի ապրող մարդիկ պետք է իրար հասկանան: Օրենքնրը տանիք են, կարևորը, ոչ շենքի հիմքը թույլ չլինի:
Ազդեցիկը դեմ առ դեմ զրույցներ են, որոնց ընթացքում մարդիկ միմյանց ճանաչում են: Եվ բնակաբանար, կարևոր դեր ունի մեդիան, որի շնորհիվ մեկ անձը կարող է իր խոսքը հասցնել հազարավոր լսարանին: Եվ նշանակություն չունի, թե այդ խոսքի տերը ով է՝ բացահայտված նույնասեռական, դասախոս, թե սովորական մի մարդ: Կարևոր է, որ նույնասեռականները չերևան որպես երեքգլխանի դևեր կամ առնվազն տարօրինակ էակներ:
Երբ իր գենդերային ինքնության ու մանկության մասին սկսեց խոսել Մել Դալուզյանը, դա ազդեց հասարակության վրա: Շատերը նրան ընդունեցին, բայց հենց նրանով էլ սահմանափակվեցին:
Այսօր հեռուստատեսությամբ կա՛մ լիակատար լռություն է, կա՛մ թյուր տեղեկություն: Հիշում եմ, որ հանրային հեռուստատեսությունը մի հաղորդման մեջ պատմում էր նույնասեռականության մասին, բայց ցույց էր տալիս տրանս-անձանց: Եվ հարցադրում էր անում՝ դա շեղու՞մ է, թե՞ հիվանդություն: Այսինքն, նշված էին միայն երկու բևեռներ, որոնք իրականությունից շատ հեռու են:
ԼԳԲՏ թեման նաև պետական գաղափարախոսության մեջ է շահարկվում:
Արևելք-Արևմուտք կռիվներում ԼԳԲՏ համայնքը դարձել է զենք: Այդ թեմայի շահարկումով է Ռուսաստանը հակադրվում Ամերիկային ու Եվրոպային: Եվ ստացվում է, որ մի խումբ մարդիկ դարձել են գործիք գերտերությունների կռվում:
Տարբեր ժամանակներում այդպիսի գործիք եղել են կանայք, ազգային կամ կրոնական փոքրամասնությունները, հիմա գերտերությունների խաղալիքը դարձել են ԼԳԲՏ անձիք:
Ստեղծում է մի մթնոլորտ, երբ անգամ մարդիկ, որոնք առանձապես հետաքրքրված չեն ԼԳԲՏ համայնքով, սկսում եմ վախենալ, ատել կամ հետ մղվել այդ մարդկանց:
Նախկինում էլ կային բամբասանքներ, բայց այս աստիճանի լարվածություն չէր նկատվում: Երբ Ռուսաստանը ընդունեց օրենք նույնասեռական քարոզի դեմ օրենք, սկսվեց շեշտվել ու վախ ներշնչել, որ որ դա արևմտյան ազդեցություն է, իբրև թե ընտանիքներից երեխաներին խլում են ու տալիս են նույնասեռականներին: Մարդիկ շատ դեպքերում չեն էլ ուզում ստուգել նման կեղծ ինֆորմացիան:
Հայաստանում էլ շատերը հենց այդ աղավաղված ինֆորմացիայի հույսին են:
Վախի մթնթլորտը օգնում է կառավարել, քանի որ մարդիկ վախենալով են սկսում ինչ-որ բան սիրել և ինչ-որ բան ատել: Եվ դրա հաշվին խոշոր պետությունները առաջ են տանում իրենց շահերը:
Մենք փորձում ենք բացատրել, որ չկա «ուրիշ» հասկացություն, բոլորն էլ ուրիշ են:
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: