2017.04.06,

Տեսակետ

«Եթե տիրապետողը հիվանդությունն է, ապա առողջ ու ողջամիտ խոսքը փոքր հատվածում է հայտնվում»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններն անցան առանց աչք ծակող խախտումների ու բռնության դեպքերի, բայց հուսահատ մթնոլորտում:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ այդ մթնոլորտը ոչ միայն մտահոգիչ, այլ ահազանգ պահանջող է: Ըստ նրա՝ վտանգված է մարդու գոյության հիմնարար սկզբունքը՝ արժանապատվությունը, մարդկային էության այն նվազագույն շեմը, որից ներքև իջնել արդեն չես կարող: Երբ մարմնից հանում ես ողնաշարը, մարդը վերածվում է ամորֆ մի նյութի, և այդ վիճակում գտնվող մարդուց արդեն չես կարող ակնկալել արժանապատիվ վարք:

Տպավորություն է, թե ընտրություններից հետո առաջացել է ճնշված հոգեբանական վիճակ: Այդ տպավորությունը հիմք ունի՞:

Քվեարկության ընթացքում տեսանք նյութականացված վիճակում այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք՝ անպատժելիություն, անպատասխանատվություն, կոռուպցիա ու անարդարություն: Անգամ ահազանգել ենք, որ այդ վիճակը կարող է խիստ վտանգավոր նշանակություն ունենալ արդեն կենսական մակարդակի վրա:

Մեծ առումով փոփոխությունների ակնկալիք չունեինք, բայց միևնույն է հուսով էինք, որ մարդը (թեկուզ չքավոր, թեկուզ անազատ, թեկուզ վախեցած) որոշում կկայացնի ու իսկապես արժանապատվորեն ընտրություն կկատարի:

Վերջին հաշվով, մարդն է որոշիչը: Բայց որ տեսնում ես, թե որքան է խորացել շրջապատի ազդեցությունը, հասկանում ես, որ ընտրության ողջ պրոցեսը կարելի է նմանեցնել քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցող ընտրության հետ:

Ինչու՞:

Խնդիրը վարքագծի միահամուռ  ու միատեսակ լինելն է: Քվեախցիկում ոչ ոք ոչ մեկի ձեռքը չի բռնել ու թելադրել, թե ինչպես քվեարկել: Բայց մարդը՝ ելնելով անազատության, և ամենակարևորը, հոգեբանական ենթարկվածության վիճակից,  քվեարկում է ուղղորդված կերպով:

Քվեարկում է, զգալով իրեն անօգնական՝ անարդար ու անպատժելի համակարգի առջև: Այդ ենթարկվածության վիճակը իրականում սարսափելի է:

Եվ դա արդեն մարդաբանական, անգամ՝ քաղաքակրթական խնդիր է, քանի որ համակարգը հասցրել է վարակել մարդուն: Մշտապես եղել է գոնե ընդվզում, իսկ հիմա այն չկա:

Համակարգը, որն ուզում է պահպանել իր իշխանությունը, որպես կանոն՝ հանդիպելով դիմադրության, ստիպված է լինում դիմել բռնության ու ուժային մեթոդների, բայց հիմա մտահոգիչը այդ դիմադրության բացակայությունն է:

Դա վախի՞ հետևանք է:

Սովորաբար վախենում ես ինչ-որ բան կորցնելուց (ասենք, ինքդ քեզ): Բայց հիմա տեսնում ենք, որ մարդիկ այդ վախը չունեն, չեն էլ մտածում, որ կորցնելու բան ունեն:

Ի վերջո, կուսակցություններն ու քաղաքական ուժերը շատ լավ գիտեն, թե ինչպիսին է իրավիճակը: Բոլոր ուժերն էլ գործ ունեն նույն ընտրազանգվածի հետ: Եվ հարց եմ տալիս նրանց՝ իսկ դուք ի՞նչ եք արել, որպեսզի ձեր ընտրողն այս որակի չլինի:

Չէ՞ որ այս մթնոլորտում ու իրավիճակում խորհրդարանական մանդատներին արժանանալն ու տեր կանգնելը լրացուցիչ մտահոգություն է: Այն կարելի է դիակապտություն անվանել: Այո, դիակների վրայով գնում են ու դիակների հաշվին ստանում ինչ-որ արտոնություններ:

Քաղաքացիական դիմադրողականությունը հասցվել է նվազագույնի, իսկ իշխող ուժը չի կարող ակումուլացնել հանրային բազմազան ակնկալիքներն ու պահանջները, ավելին՝ դրանց ուշադրությունն էլ չի դարձնում:

Եվ այս իրավիճակում ընտրողը ընտրության հնարավորություն չունի: Ոչ մի ուժ չի ներկայանում որպես միավորող, և ընտրողին դարձնում է այնպիսին, ինչպիսին ինքն է:

Ձեր կարծիքով՝ այս անտարբերության վիճակին չի՞ նպաստել մեդիան՝ իր ուղերձներով:

Ե՛վ այո, և՛ ոչ: Մեդիան չի կարող խոսք սինթեզել, այն իր տեքստերով ներկայացնում է հանրության մեջ արդեն իսկ եղած խոսքը:

Նկատի ունեմ բոլոր տեսակի մեդիան՝ թե՛ հանրային հեռուստատեսությունը, թե՛ ինտերնետային լրատվամիջոցները, որտեղ շատ քիչ տոկոս են կազմում միտք արտահայտող տեքստերը:

Մեդիան ներկայացնում է օբյեկտիվ իրականությունը, բայց մեր իրականությունն արդեն այնքան է փոխված ու խեղաթյուրված, որ մեդիայից շատ բան սպասել չենք կարող: Եթե տիրապետողը հիվանդությունն է, ապա առողջ, ողջամիտ ու արժանապատիվ խոսքը փոքր հատվածում է հնչում: Եվ նույնքան փոքր հատվածով էլ հայտնվում է մեդիայում:

Մեդիան չի կարող արհեստականորեն ավելացնել ողջամիտ խոսքի ծավալն ու դրան ավելի մեծ տեղ հատկացնել, քան իրականում այն ունի:

Բայց մյուս կողմից՝ կա նաև պատասխանատվության հարց: Մենք մինչև հիմա հանրային տեղեկատվական դաշտում չափորոշիչ չունենք: Բոլորիս մեղքն է, որ հանրությունը չկարևորեց Հանրային հեռուստաընկերությունը ու չդիտարկեց այն որպես տեղեկատվական դաշտում չափանիշներ ձևավորող կառույց:

Հանրային հեռուստատեսությունը նախևառաջ իր ծագումնաբանության տեսակետից պետք է հանրային լինի, քանի որ մեր հարկերի հաշվին է ապրում և ունի ամենամեծ լսարանը: Շատ վայրերում միայն այդ ալիքն են նայում: Իսկ մնացած հարյուրավոր մեդիա միավորումներով այդ բացը լրացնել չի ստացվի, բոլոր նման փորձերը կլինեն ընդամենը ակումբային նախաձեռնություններ:

Ցանկացած բռնապետական համակարգի համար առաջնային գործոնը տեղեկատվական աղբյուրներն են: Ռուսաստանում էլ ավտորիտար պետությունը սկսվեց ռուսական մի քանի առանցքային ալիքների կառավարումից:

Չափանիշների հարցում մենք անընդհատ տանուլ ենք տվել: Ավելի լավ կլիներ, որ Հանրային հեռուստատեսությունը մնար պետական, այդպես գոնե չէր աղավաղվի «հանրային» հասկացությունը:

Այն ոճը, որը ստեղծվում է Հանրայինում, սկսում է շարունակվել ու տիրաժավորվել այլ մեդիայում: Անունով դա մեդիա է, բայց իրականում՝ պրոպագանդայի միջոց է: Դեռ Գեբելսն է ասել, որ եթե անընդհատ կրկնես սուտը, այն, ի վերջո, կընդունվի որպես ճշմարտություն:

Այս ընտրությունները բացահայտեցին դա: Նախընտրական քարոզչության ժամանակ տրամադրվող խոսքի ելքերով չստացվեց կոմպեսացնել ու վերացնել երկար ժամանակվա պրոպագանդան: Տեսանք, որ կա կարծիքների պսևդո-բազմազանություն, որն ուներ միայն թվաբանական արտահայտում, բայց բովանդակային տեսակետից դատարկ էր:

Միևնույն է, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հանրային հեռուստատեսությամբ չենք տեսնում: Եվ խնդիրն այն է, որ դա չենք համարում խոսքի սահմանափակում:

Իսկ իրականում հենց հանրային ալիքը պետք է այդ խոսքի ազատության երաշխավորողը լիներ, քանի որ հանրային ռեսուրսների հաշվին է ապրում: Եվ սա ոչ թե էթիկայի, այլ ուղղակի պատասխանատվության հարց է:

Այս քվերկության թվային արդյունքները փաստեցին, թե որքան խորը ազդեցություն է ունեցել ոչ միայն խոսքի ազատության սահմանափակումը, այլև խոսքի բովանդակության աղճատումն ու միակողմանի պրոպագանդումը (այսինքն, հանուն ինչ-որ նպատակների):

Ընդհանրապես, քվեարկությամբ արձանագրեցինք մի քանի լուրջ համակարգային խնդիրների երկարատև ազդեցության արդյունքը: Հասել ենք մի վիճակի, երբ ամեն ինչը (տնտեսությունը, մշակույթը, կրթությունը, քաղաքականությունը) տեղավորվում է մեկ կուսակցական համակարգի տրամաբանության մեջ:

Կարծես ավելի շատ մարդաբանական, քան հետընտրական խնդիրների մասին խոսեցինք:

Այս պահին անգամ հետաքրքիր էլ չէ, թե տարբեր տեղամասերում որքան էր խախտումների տոկոսը, որքանով սահմանափակվեց խոսքի ազատությունը կամ էլ ինչ կասեն միջազգային դիտորդներն իրենց զեկույցում: Դրանք անցած փուլ են: Այո, տեղի է ունեցել վարչական ռեսուրսների կազմակերպված ու զանգվածային չարաշահում:

Բայց ես ուզում եմ ոչ թե արձանագրել ընտրակաշառքների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա, այլ հասկանալ, թե ընտրակաշառքը ինչու պետք է ազդեցություն ունենա:

Ընտրակաշառքի պատճառներն ավելի մտահոգիչ են, քան ինքնին փաստը: Փաստերը ընդամենը արտաքին մակերեսում գտնվող բան են, իսկ պատճառները, որոնք հանգեցրել են այս վիճակին, շատ ավելի խորն են:

Բա հետո ինչպե՞ս ենք ապրելու: Էպիզոդիկ բողոքների դեպքում կարելի է հասկանալ քայլերի հաջորդականությունը, բայց սա արդեն մեկ մարդու բողոք չէ: Սա մարդկային էության հարց է, որը անմիջականորեն առնչվում է մարդու ողնաշարի հետ: Պատկերացրեք, որ այդ հիմք-ողնաշարը հանում ես մարդու միջից: Այդ դեպքում մարդը դառնում է ամորֆ ինչ-որ էակ:

Եթե նույնիսկ շատերին այս խոսքը դուր չի գալիս, միևնույն է այն պետք է արտահայտվի: Եվ հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ պետք է արտահայտվի: Խոհանոցու՞մ, փակ սենյակներու՞մ, Հանրային հեռուստատեսությունու՞մ…

Ինձ համար ամենասարսափելին այսօրվա քաղաքակրթական դեգրադացիայից օգտվելու կարողությունն է: Ինչպե՞ս կարող են քաղաքական ուժերն օգտվել այդ դեգրադացիայի պտուղներից: Դա թերևս արդեն ինքնասպանության նման մի երևույթ է:

Տրիվիալ արտահայտություն է, բայց իրոք՝ հույսը վերջինն է մեռնում: Իսկապես պետք է փնտրել ելքի տարբերակները:

Նույն վիճակում գտնվող մարդկանցից ընդամենը մի քանիսը կարող են իրենց ներքուստ ազատ ու արժանապատիվ զգալ: Եվ հենց նրանք են կարողանում  մարդկային ստանդարտը պահել: Այսինքն, լինել ազատ անազատության պայմաններում:

Իհարկե, նրանց կարելի է ոչնչացնել, բայց նրանց չնյութականացված ստանդարտը (արժանապատվությունը) մնալու է:

Ազատությունը մարդու բնական ձգտումն է, բայց այն մեզ մոտ խեղված է ու ըմբոստության չի հանգեցնում:

Կարծես տեղի է ունենում  էներգիայի կորուստ, սկսած Էլեկտրիկ Երևանի ըմբոստությունից:

Էներգիայի կորուստ տեղի ունեցավ, երբ խոսք գնաց էլեկտրիկ Երևանի ցույցերը չքաղաքականացնելու մասին: Դա էր կորուստը:

Նման բան տեղի ունեցավ նաև այս քարոզարշավի ժամանակ, երբ մի քաղաքացի, դիմելով Գագիկ Ծառուկյանին, սկսեց քննադատել Սերժ Սարգսյանին, իսկ Ծառուկյանը պատասխանեց՝ եկեք չքաղաքականացնենք:

Սա իրականում եզակի պատասխան է, որը ուղղված է հենց էներգիան մսխելուն:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *