Գրող Նարինե Աբգարյանը ժամանակակից ռուսալեզու գրականության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում: Նրա գրքերը կարծես հիշեցնում են, որ ողջ տիեզերքի կարգուկանոնը՝ միլինովոր տարիներ ձգվող, բայց մինչև վերջ անըմբռնելի շրջապտույտներով, շատ հանգիստ ու գեղեցիկ տեղավորվում է փոքր հայկական Բերդ քաղաքի առօրյայում:
Նարինե Աբգարյանը դրվագային կառուցվածք ունեցող ու խորամանկորեն միահյուսված տեքստերով վերստեղծում է հպարտ, խիստ ու վիրավոր քաղաքի ճակատագիրը, որը հազար ու մի ճյուղավորումներով հասնում-դիպչում է մարդկային սրտերի նուրբ լարերին: Թախիծը, հումորը, երջանկությունն ու ողբերգությունը գալիս հատվում են այն կետում, որը պայմանականորեն կարելի է անվանել «նախաստեղծ»:
Դա այն կետն է, որի առկայությունը մարդ էակին դարձնում է մարդ (վերլուծող և երախտապարտ), աշխարհից կտրված և բարձր սարերի մեջ մոլորված քաղաքը՝ հայրենիք (միշտ քեզ հետ տեղաշարժվող), իսկ աղմկոտ ու ըմբոստ ընտանիքը՝ սիրո պաշար (ալեկոծվող, բայց անանց):
Նրա պատմությունները բարի, ջերմ ու ճանաչելի են բոլոր (անգամ հայկական միջավայրին լրիվ անծանոթ) ընթերցողների համար: Զգացվում է, որ հեղինակի հոգին ցավում է ամեն մարդու, ծառի, ծիլի և քարի համար, որոնք բախտի բերումով եղել են ու կան նրա կողքին: Դա է շռայլորեն ցայտում նրա գրքերից, կարճ պատմվածքներից և սոցցանցերում արված գրառումներից :
Նարինե Աբգարյանը սկսել է իր ուղին որպես բլոգեր, և հիմա էլ իր մեծաքանակ հետևորդների համար դեպի Հայաստան տանող, ծանոթացնող ու ոգևորող մի արահետ է: Եթե հայտնվում ես այդ արահետում, անպայման ստանում ես հուզական լիցքեր, որոնք օգնում են գնահատել ունեցածդ ու անգամ չունեցածդ: Միայն երազածդ…
Սոցիալական մեդիան մեծ դեր է խաղացել Ձեր կյանքում: Որքանո՞վ է այն օգնում և որքանո՞վ պարտավորեցնում:
Սկսեմ նրանից, որ ցանկացած հեղինակ, որն ունի բլոգ և մեծ թվով հետևորդներ, իր համար տարբեր մեդիա ռեսուրսներում ապահովում է հսկայական գովազդ: Անձամբ ես երբեք չէի կայանա որպես գրող, եթե ժամանակին չբացեի էջ «Կենդանի մատյանում» (Live Journal): Հրատարակչությունը ինձ գտավ հենց «Կենդանի մատյանի» միջոցով ու առաջարկեց գիրք հրատարակել:
Կարծում եմ` սոցիալական մեդիան ոչ միայն առաջխաղացման ու գովազդի միջոց է, այլև հեղինակի ալտեր էգոն: Գրառումներ անելով՝ ինքդ քեզ ես բնութագրում:
Այդ իմաստով՝ դա, իհարկե, խիստ պարտավորեցնող է:
Իմ բախտը պարզապես բերեց, քանի որ մեծ թվով հետևորդներ ունեի ռուսալեզու սոցիալական մեդիայում, և երբ սկսեցի գրքեր գրել, արդեն հարկավոր չէր հատուկ գովազդային արշավներ նախաձեռնել: Գրում էի իմ էջում ու միանգամից տեղեկացնում, որ նոր գիրքս է լույս տեսնելու:
Սոցիալական մեդիան նաև թակարդ է: Եթե հանրային մարդ ես, ստիպված ես օրական մի քանի բան գրել, որպեսզի քեզ չմոռանան:
Իհարկե, կարող են մոռանալ, բայց, ամեն դեպքում, կարևորը հավասարակշռության պահպանումն է: Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք ոտքով-գլխով մտան իրենց բլոգների մեջ ու անտեսեցին հիմնական աշխատանքը:
Ես պարբերաբար ինքս ինձ զսպում եմ ու դնում շրջանակների մեջ՝ լավ հասկանալով, որ առաջնայինը գրքերն են:
Եվ չնայած շատ հարգալից վերաբերմունք ունեմ սոցիալական մեդիայի նկատմամբ (որն էլ հանրաճանաչ է դարձնում հեղինակներին, նկարիչներին, դերասաններին, մի խոսքով՝ բոլորին), այնուամենայնիվ, հասկանում եմ, որ դա այն տարածքն է, որտեղ պետք է սուզվել ու շատ արագ դուրս գալ ջրի երես:
Եթե փոքր-ինչ երկար մնացիր խորքերում, այլևս դուրս չես գա: Այսինքն՝ սոցիալական մեդիան որոշ իմաստով քաղցր թակարդ է:
Երեխաները, որոնք թվային սերունդ են, բառիս բուն իմաստով ապրում են ցանցում և այն պատրանքով, որ իրենց հասկանում են: Ձեր կարծիքով՝ նրանց հոգեբանությունը փոխվու՞մ է:
Մենք բոլորս էլ ապրում ենք տոտալ միայնության դարաշրջանում: Մեդիա տարածքը՝ բլոգները, սոցցանցերը փոխարինում են մարդկային շփումը: Այդ թվում՝ նաև պատանիների կյանքում, որոնք երբեմն շատ բարդ հարաբերություններ են ունենում իրենց ընկերական շրջապատում, դպրոցում կամ էլ ընտանիքում:
Նման բան տեղի ունեցավ նաև իմ որդու հետ, որը մի ժամանակ իր համադասարանիցիների հետ շփվում էր բացառապես բլոգում: Նույնիսկ կատակում էի՝ ասելով, եթե իրականում հանդիպեք, չեք էլ ճանաչի միմյանց: Անգամ անունները չեք հիշի, քանի որ բլոգներում սովոր եք կեղծանուններով զրուցելուն:
Բայց ամեն դեպքում, դա մի իրավիճակ է, որին պետք է վերաբերվել ըմբռնումով, քանի որ այն չենք կարող բացառել կամ վերացնել: Ի վերջո, դա էլ անձի կայացման փուլերից մեկն է:
Ձեր շնորհիվ ռուսական սոցիալական մեդիայում շատ վառ զգացվում է հայկական հետքը: Ինչպե՞ս է հաջողվում դիմակայել թրոլինգին ու քարոզչկան մեկնաբանություններին:
Երբ սոցցանցերում որևէ քաղաքական տեքստ եմ գրում (օրինակ՝ ապրիլյան պատերազմի օրերին), շատ սպառնալիքներ եմ ստանում: Լինում են նաև անձնական հաղորդագրություններ, հատկապես ադրբեջանական օգտատերերի կողմից:
Կարծում եմ՝ դրանից վախենալ պետք չէ: Հենց սկսում ես վախենալ ու զգուշանալ, ակամայից ինքդ ես փոխվում ու կորցնում ես սեփական դեմքդ:
Եթե պատրաստ ես մեդիա անձ լինել, պետք է պատրաստ լինես դիմանալ հարվածներին: Իսկ եթե վախենում ես հարվածներից, ավելի լավ է ցանցից դուրս գաս:
Ամեն դեպքում ես միշտ խորհուրդ եմ տալիս բոլոր բլոգերներին՝ մի կորցրեք ձեր դեմքը: Դա, թերեևս, մարդկային հաջողության գլխավոր նախապայմանն է: Ինքներդ ձեզ մի դավաճանեք, մնացածը դատարկ բաներ են:
Ազատ ու անաչառ լրատվամիջոցներ գրեթե չկան: Կարծում եմ՝ Ռուսաստանում իրավիճակն ավելի վատ է, քան Հայաստանում:
Լիովին համաձայն եմ Ձեզ հետ:
Որքանո՞վ է այդ անաչառության պակասը ազդում Ձեր ամենօրյա կյանքի վրա: Ասենք՝ լրահոսին ծանոթանալիս կամ հեռուստատեսություն դիտելիս:
Ամեն ինչ կախված է մարդու ընտրությունից: Կամ դիտում ու կարդում ես այն, ինչ քեզ մատուցում են շատ վատ մեկնաբանությունների սոուսով, կամ էլ չես դիտում ու կարդում:
Ավաղ, հիմա այնպիսի ժամանակներ են, երբ ահռելի քանակի մարդիկ դիտում են ռուսաստանյան դաշնային հեռուստատեսության հաղորդումները, որոնք ինֆորմացիան ներկայացնում են միայն իշխանություններին հաճելի տեսանկյունից:
Իհարկե, ուրախացնում է, որ դեռևս գոյություն ունեն ինֆորմացիոն փոքր աղբյուրներ ու առվակներ, որոնք պահպանում են իրենց որակը: Միշտ հարկավոր է զուգահեռ աղբյուրներից ինֆորմացիա ստանալ, որպեսզի պարզ լինի, թե իրականում ինչ է տեղի ունենում:
Օրինակ` «Սասնա ծռեռ» խմբի հետ կապված վերջին դեպքերը այնքան կցկտուր էին ներկայացված հայաստանյան լրատվամիջոցներում, որ մենք, գտնվելով Հայաստանից հեռու, պարզապես մոլորված վիճակում էինք և չէինք կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում:
Անձամբ ես փորձում էի շատ զգույշ լինել ու չխճճել իրավիճակն իմ մեկնաբանություններով, մինչ այն պահը, երբ դադարեցին ցուցարարների ու ոստիկանների բախումները: Չի կարելի ապրել մի պետությունում, որտեղ դասախոսներին կամ նկարիչներին ծեծում եմ երկաթյա ձողերով: Դա անթույլատրելի է:
Ռուսաստանյան դեպքերին այդպես սրտացավ չեք արձագանքում:
Իհարկե, ես ապրում եմ ու կայացել եմ Ռուսաստանում, բայց Ռուսաստանի մասին չեմ գրում մի պարզ պատճառով. ես Ռուսաստանի քաղաքացի չեմ: Այդ փաստը կարծես թե մանևրելու տեղ է թողնում, այսպես ասած` իրավունք տալիս ըստ ցանկության գրել կամ չգրել: Եվ հետո էլ, երբ համեմատում եմ Հայաստանի և Ռուսաստանի կյանքի մակարդակը, հասկանում եմ, որ եթե պետք է քննադատել, ապա առաջին հերթին՝ մերոնց: Թեկուզ միայն այն պատճառով, որ նվազագույն երաշխավորված բժշկական փաթեթը, որն իր քաղաքացիներին առաջարկում է Ռուսաստանը, Հայաստանը չի առաջարկում: Եվ դրանից սիրտս պայթում է:
Բոլոր առումներով՝ Հայաստանն ինձ համար հարազատ է, և դա այսպես ասած՝ ներմաշկային զգացում է:
Ձեր միտումնավոր պարզ կառուցվածք ունեցող տեքստերը հուզական ուժեղ էֆեկտ ունեն: Ինչպե՞ս եք հաշվարկում էմոցիայի չափաբաժինը, որպեսզի ավելորդ զգացմունքայնությունը չսպանի միտքը:
Տեքստերը երկար աշխատանք են պահանջում: Կարճ տեքստերը գրում եմ մոտավորապես 7-10 օրում: Սկզբում գրում եմ, հետո կրճատում, իսկ հաջորդ փուլում արդեն հրաժարվում եմ էմոցիաներից:
Երբ հայը գրում է Հայաստանի մասին, գրեթե միշտ ուռճացնում է զգացմունքները:
Այնպես որ՝ էմոցիաներից ազատվելը ուղղակի անհրաժեշտություն է:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: