2016.10.07,

Տեսակետ

«Մեդիա էֆեկտներից շատերը ուղեղում առաջացնում են կենսաբանական փոփոխություններ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեդիավերլուծաբան, լրագրող, մենեջեր և ֆուտուրոլոգ Վասիլի Գատովը ուսումնասիրում է այսօրվա մեդիա դաշտը և այն իրականությունը, երբ սուտն ու ճշմարտությունն արդեն դժվար ճանաչելի են:

Նա գործածում է «պոստճշմարտություն» տերմինը՝ բացատրելու համար, որ մանիպուլյատիվ մեդիա հնարքները ոչ այնքան ստի վրա են հիմնված, որքան այն ենթատեքստի, թե ճշմարտությունը նշանակություն չունի:

Մեդիան ու քաղաքական գործիչները հաճախ են ստում (միշտ են ստել և ստելու են), խնդիրն այն է, որ հանրությանը միևնույն է` նրանք ճշմարտությունն ասում են, թե ոչ:

Վասիլի Գատովը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հաղորդակցության Անենբերգ կենտրոնի աշխատակից է, հանդես է գալիս բանախոսություններով և հրապարակումներով և փորձում է կանխատեսել, թե ինչպես է տրանսֆորմացվելու մեդիան:

«Թվապատում» մեդիա կոնֆերանսում նա ներկայացրեց իր հետազոտությունները ապագայի մեդիայի, նոր թրենդերի և լրագրողական տեքստերի հետևում թաքնված ուղերձների մասին:

Եվ քանի որ հիմա ապրում ենք մի իրավիճակում, երբ կարևորվում են ճշմարտությունը իմանալուց հետո արված որոշումներն ու քայլերը, Վասիլի Գատովի հետ խոսեցինք տարբեր մեդիա մանիպուլյատիվ գրոհների մասին, որոնք տարբերակելը կարող է, ի վերջո, օգնել չմոլորվել պոստճշմարտության ժամանակահատվածում:

Պրոպագանդան շատ մեծ դեր ունի գրեթե բոլոր երկրների լրահոսում: Որքա՞ն նուրբ է այն սահմանագիծը, որն անցնում է չոր փաստերի և ուղղորդված տեղեկության միջև:

Պրոպագանդայի մասին հեշտ խոսել չի ստացվի: Այն հասկանալու և բնորոշելու համար պետք է հաշվի առնել և՛ պատմական դեպքերը, և՛ ժամանակակից հաղորդակցության միջոցները, այսինքն՝ այն, ինչը հիմա կատարվում է զանգվածային մեդիայում և միջանձնային ու խմբակային հաղորդակցության դաշտում:

Գոյություն ունի նաև պրոեկցիոն ասպեկտը, որն օգնում է հասկանալ, թե ինչ կարող է կատարվել, եթե մենք չգտնենք պրոպագանդային հակազդելու միջոցներ:

Մեզանից առաջ այդ հարցով զբաղվող վերլուծաբաններն ու քարոզչությամբ մտահոգ քաղաքական գործիչները կարողացան բացատրել և նկարագրել, թե ինչպես է աշխատում պրոպագանդան: Բայց խնդիրն այն է, որ այդ դասերը շատ վատ են յուրացվել:

Որոշ իմաստով՝ պրոպագանդայի մասին պատմությունը նման է կրկին և կրկին փոցխի վրա կանգնելու սովորությանը:

Կարելի է հիշել մի քանի անուններ՝ լորդ Արթուր Փոնսոնբիին, որը ռազմական պրոպագանդայի մասին է գրել իր «Սուտը պատերազմի ժամանակ» հայտնի աշխատությունում, նաև Պրոպագանդայի վերլուծության ինստիտուտի համահիմնադիր Քլայդ Միլլերին, որը ձևակերպել է քարոզչության յոթ սկզբունքները:

Մենք պարզապես մոռացել ենք, որ բոլոր քարոզչական հնարքները (հռետորական բաղադրիչները, մանիպուլյացիայի միջոցոները և այլն) առանձնացվել, ուսումնասիրվել ու նկարագրվել են դեռ Երկրորդ աշխարհամարտից առաջ:

Մեծ հաշվով՝ հետպատերազմյան հաղորդակցության տեսությունը շատ քիչ բան է ավելացրել արդեն եղածին:

Ստանդարտ, գեբելսյան պրոպագանդան ոչ մի տեղ չի կորել և գործուն ազդեցություն է ունենում:

Վասիլի Գատով <br> Լուսանկարը՝ Անի Հակոբյանի

Զանգվածային հաղորդակցության միջոցները նույնպե՞ս գեբելսյան սկզբունքներով են աշխատում:

Պրոպագանդայի նոր թափը կապված է հեռուստատեսության հայտնության հետ: Հեռուստատեսությունը հավելեց պրոպագանդան էմոցիաներով:

Իհարկե, ռադիոն էլ գործ ունի էմոցիաների հետ, բայց ռադիոն օբյեկտիվորեն ասած՝ փող չի աշխատում:

Իսկ հեռուստատեսությունը փող աշխատում է շնորհիվ սերիալների, ծայրաստիճան էմոցիոնալ թոք-շոուների, ինֆոթեյնմենթի շնորհիվ:

Լուրերը հանրային նշանակություն ունեցող տեղեկությունից վերածվում են զվարճանքի:

Այդ նոր իրականությունը վերլուծվեց 1960-1980 թթ., այդ թվում՝ նաև Հաղորդակցության Անենբերգ կենտրոնի կողմից: Ջորջ Գերբները, Լարրի Գրոսը, Դենիս Մաքքուելը և այլ մասնագետներ առանձնացրին մեդիա մանիպուլյացիայի նոր տարրերը:

Եթե պրոպագանդան ուժեղ ներգործող մեդիա էֆեկտների կիրառումն է (օրինակ՝ ֆրեյմինգը, փրայմինգը), ապա գտնվեցին նաև թույլ ներգործող էֆեկտները:

Առաջին հերթին դա, իհարկե, օրակարգի կառավարումն է՝ agenda setting-ը:

Հեռուստատեսությունը միայն կառավարու՞մ է, թե՞ նաև ինքն է օրակարգ ստեղծում՝ լուրերի առաջնահերթություն սահմանելով:

Հեռուստատեսությունը կարող է ոչ գիտակցաբար ստեղծել օրակարգ: Այսպես է, օրինակ, ամերիկյան կոմերցիոն հեռուստահեռարձակման դեպքում:

Չկա ո՛չ վարչության նախագահ, ո՛չ էլ նախագահի մամուլի քարտուղար, որոնք կարող են զանգահարել և ասել՝ սա պիտի լինի եթերում, իսկ սա՝ ոչ:

Իսկ մյուս դեպքերում օրակարգի կառավարումը տեղի է ունենում գիտակցաբար և միջնորդավորված: Հաշվի է առնվում, թե այս կամ այն լուրը ինչ տեղ է զբաղեցնում ընդհանուր լրահոսում, մեծ նշանակություն է ձեռք բերում խմբագիրների կարծիքները և հաղորդավարների վերաբերմունքը, խոսելաոճը, խոսքի տեմպը և այլն:

Ուղիղ և ավելի գործուն մանիպուլյացիայի օրինակները շատ են հատկապես ռուսաստանյան հեռուստատեսությունում:

Դրանք ցայտուն երևացին Մոսկվայում տեղի ուենցած բողոքի ցույցերի ժամանակ, երբ ալիքների լուրերի հիմնական թողարկումներն այսպիսի տեսք ունեին՝ Պուտինը գնաց, Պուտինը հանդիպեց, Պուտինն անցավ գետի կողքով, Պուտինը մտավ գետը:

Այդ ժամանակ Պուտինն ամեն ինչ էր ու ամենուրեք, անգամ եղանակի տեսության թողարկումներում:

Իսկ սա արդեն ոչ թե օրակարգի կառավարում է, այլև ուղիղ մանիպուլյացիա, երբ որոշ թեմաներ լրահոսից դուրս են մնում, իսկ որոշ թեմաներ՝ բռնի ուժով ներառվում օրակարգում՝ առանց հաշվի առնելու՝ դրանք ունեն հանրային նշանակություն, թե չունեն, հետաքրքիր են, թե հետաքրքիր չեն:

Վասիլի Գատով <br> Լուսանկարը՝ Անի Հակոբյանի

Դա արվեց, քանի որ այդպես ուզում էին իշխանությունները՝ համարելով, որ այդպես ամրապնդում են սեփական կայունությունն ու նվազեցնում ընդդիմության ներգործության հնարավորությունը:

Իսկ ինչի՞ վրա է հիմնված լսարանի հավատը հեռուստատեսության հանդեպ:

Ավելի թարմ հետազոտությունները բացահայտել են օքսիտացինա-կորտիզոլային խնդիրը: Այսինքն՝ առաջ քաշեցին քիմիական բացատրությունը:

Վերջին տարիներին շատ մեծ քայլերով զարգացավ ուղեղի ուսումնասիրությունը, և պարզ դարձավ, որ մեզ ծանոթ ու արդեն նկարագրված մեդիա էֆեկտներից շատերը (պրոպագանդայի տեսությունը, օրակարգի կառավարման մեխանիզմները, նաև կուլտիվացիայի տեսությունը) ուղեղում առաջացնում են փոփոխություններ՝ կենսաբանական մակարդակում:

Առաջինը դա կռահեց կոգնիտիվ դիսոնանսի տեսության ստեղծող Լեոն Ֆեսթինգերը, որը հայտարարեց, որ ամեն ինչի հիմքում քիմիան է:

Գրեթե 60 տարի պահանջվեց, որպեսզի այդ քիմիան տեսանելի դառնա:

Իհարկե, հայտնի էր, որ ուղեղի աշխատանքը կառավարում են հորմոնները: Հայտնաբերված էր, օրինակ, սերոտոնինը, բայց օքսիտացինի և կորտիզոլի դերը դեռ պարզաբանվում էր:

Պարզաբանմանը մեծապես նպաստեց այդ հորմոնները չափող գործիքի ստեղծումը:

Նախկինում հորմոնների մակարդակը չափելու համար մի քանի օր էր պահանջվում, իսկ հիմա թքագեղձի արտադրանքի դետեկտորները չափում են հորմոնների տատանումները գրեթե իրական ժամանակում, ընդամենը մի քանի րոպե հապաղումով:

Եթե կոպիտ ասենք, կստացվի, որ մեդիա էֆեկտները թմրամիջո՞ց են:

Կոպիտ ասելու խնդիր չկա, դա հենց այդպես է:

Երբ սպառում ենք քարոզչական մեդիա արտադրանք, մեր ուղեղում կատարվում են ճիշտ այն փոփոխությունները, որոնք կկատարվեին, եթե օգտագործեինք թույլ հալյուցինագեն թմրամիջոցներ:

Ի՞նչ արած, մեր ուղեղի կապերն այնպես են գործում, որ եթե ունեք ձեր ճշմարտությունը, իսկ ձեր ուղեղի մեջ հեռուստատեսությամբ մխրճում են մեկ այլ ճշմարտություն, կարող եք ընտրել միայն մեկ տարբերակը:

Ռեդուկցիան կա՛մ դեպի իրական կյանքն է, կա՛մ դեպի վիրտուալ, հեռուստատեսային:

Եվ որպեսզի ուղեղն ընտրի վիրտուալ կյանքը, գործի է դրվում այն գործիքը, որն ավանդապես գտնվում է դավադրության տեսությունների ոլորտում:

Մեդիան անընդհատ հուշում է լսարանին, որ իրեն չի ասվում ողջ ճշմարտությունը:

Ասենք՝ գաղտնի է պահվում, թե ով է սպանել նախագահ Քենեդիին, կամ հայտարարվում է, որ չկան ապացույցներ, որ ամերիկացիները եղել են Լուսնի վրա:

Սա էլ է ճշմարտության և պոստճշմարտության խնդիրը, որի մասին հաճախ եմ խոսում:

Այն պահին, երբ, որպես տեղեկատվության սպառող, զգում եք, որ ի հայտ է գալիս ուղիղ հակասություն կյանքի մասին անձնապես տեսած (սեփական աչքերով), լսած (սեփական ականջներով), շոշափած (սեփական ձեռքերով) իմացության և դրան հակառակվող այն պնդման միջև, թե «այդ մասին բոլորը գիտեն», վերջ…

Այդ պահից սկած ձեզ կօգնի միայն «անջատել» կոճակը:

Անջատեք հեռուստացույցը: Դա է միակ դեղամիջոցը:

Վասիլի Գատովը՝ Թվապատման ելույթի ժամանակ <br> Լուսանկարը՝ Սոնա Քոչարյանի

Կոնֆերանսի ժամանակ ասացիք, որ զանգվածային մեդիան դադարել է նոր տեխնոլոգիաների պատվիրատու լինել, այն չի պատվիրել, օրինակ, ինտերնետը: Կարելի՞ է ասել, որ զանգվածային մեդիան լուրջ լրագրողների պատվերն է կրճատել:

Այդպես ասել, իհարկե, չի կարելի: Լրագրությունը նման է մի մեծ հովանոցի, որի տակ հավաքված են ինֆորմացիայի հետ գործ ունեցող տարբեր մասնագիտություններ:

Եվ այդ մասնագիտությունների մի մասը հիմնված է առաքելության գաղափարի վրա:

Գոյություն ունի սոցիալական պայմանավորվածություն զանգվածային լրատվական միջոցների և հասարակության միջև: Եվ նշանակություն չունի, թե այդ հասարակությունն ինչպիսին է (կարող են լինել նաև տոտալիտար կարգեր):

Միևնույն է, բոլոր իրավիճակներում երկու կողմերը պայմանավորվում են, որ լրագրողները պարտավոր են տեղեկացնել, վերլուծել, լուսաբանել, լուսավորչական աշխատանք կատարել, նաև վերափոխել լեզվի մշակութային տարածքը, որը մոդեռնացվում է յուրաքանչյուր բովանդակության հետ:

Այո, այսօր ոչ թե գրականությունը, այլ լուրերն են մոդեռնացնում լեզուն:

Այդ առաքելության գաղափարը ոչ ոք չի կարող բացառել:

Իհարկե, գոյություն ունեն փոփքոռն և գոնզո լրագրության տեսակներ, որոնք առաքելության և պատասխանատվության հետ ոչ մի կապ չունեն:

Ընդ որում՝ դրանք կարող են ունենալ շատ գեղեցիկ տեսք, հաճելի ֆորմա և իրականում լինել բացառապես ճշմարիտ (այսինքն՝ անդրադառնալ իրականությանը չհակասող պրոբլեմներին):

Բայց դրա հետ մեկտեղ՝ կարդաք այդ նյութերը, թե չկարդաք, ոչինչ չի փոխվի: Փայլուն ամսագրերի լրագրողական նյութերի մեծ մասը բացառապես փոփքոռն է, այսինքն՝ հեռանկարային տեսակետից անօգուտ:

Գոյություն ունի նաև լրագրողական զբաղմունքի երրորդ խումբը: Դա հենց պրոպագանդան է, որը ձևացնում է, թե լրագրություն է:

Այն կարող է օգտագործել դասական հետաքննական լրագրության կամ նույնիսկ փայլուն ամսագրերի ֆորմատները, որպեսզի տպավորություն ստեղծի, որ լրագրություն է:

Իրականում այն մաքուր պրոպագանդա է:

Հայաստանում, կարծում եմ՝ նաև Ռուսաստանում, լրագրողի մասնագիտությունը բավականին վարկաբեկված է: Տհաճ իրավիճակ է…

Ամբողջ աշխարհում է այդ իրավիճակը, բացառությամբ մի քանի երկրների, որտեղ մեդիայի պատմությունը այդ երկրների դեմոկրատիայի պատմությունն է:

Ավելին՝ մեդիան կարևոր ռազմաճակատ էր, որի օգնությամբ կառուցվում էին բազային գիտելիքները քաղաքացիական իրավունքների, խոսքի ազատության, քաղաքականության մասին:

Ինչպես ցույց է տալիս փորձը, վարկաբեկված լրագրության իրավիճակը հաղթահարելի է:

Որոշ ժամանակ անց վատ ու ծախված լրագրողների կերպարները դուրս են մղվում այն մարդկանց շնորհիվ, որոնք իրենց աշխատանքն անում են պրոֆեսիոնալ, ազնվորեն և պատասխանատվությամբ:

Եվ հիմա, երբ ի հայտ է եղել պոստճշմարտության, այսինքն՝ փաստին հաջորդող ճշմարտության ուղղությունը, լրագրողների դերը մեծացել է:

Մի կողմից՝ բոլոր երկրների քաղաքական գործիչները սովոր են ասել՝ ես վատն եմ, բայց տեսեք, որքան ավելի վատն են իմ մրցակիցները:

Նրանց ձեռնտու է տարածել այն միտքը, որ եթե իրենք չլինեն իշխանության կրողները, ապա կգան լրիվ հրեշները (Ռուսաստանում, օրինակ, ասում են՝ եթե ոչ Պուտինը, ուրեմն կատուն):

Իսկ մյուս կողմից՝ տեսնում ենք, որ սպառողները ֆրուստրացիայի վիճակում են, չեն կարողանում հոգեբանորեն բավարարել իրենց սպասելիքները և ուժեղ բացասական էմոցիաներ են վերապրում:

Այնպես որ, լավ լրագրողները շատ են պետք:

Հարցազրույցը` Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *