2016.03.31,

Տեսակետ

Հայաստանի թերթերի ապագան. «Սևան»

Media.am-ը շարունակում է թերթերի գլխավոր խմբագիրների հետ հարցազրույցների շարքը՝ Հայաստանում տպագիր մեդիայի խնդիրների և գոյատևման հեռանկարների շուրջ: Շարքի ավարտին կամփոփվեն ընդհանուր միտումները:

Մեր զրուցակիցը «Սևան» տարածքային թերթի գլխավոր խմբագիր և տնօրեն Պապ Հայրապետյանն է:

 

«Սևանցին ուզում է ինքն իրեն տեսնել թերթում, և դա ի շահ մեզ է»

 

«Սևան» թերթ

Հիմնադրվել է 1939թ.:
Լույս է տեսնում ամիսը երկու անգամ:
Տպաքանակը՝ 1000:
Տպագրություն՝ սև և սպիտակ, 8 էջ:
Գինը՝ 200 դրամ:
Ֆինանսական աղբյուրները՝ բաժանորդագրություն, սուբսիդիա ՀՀ կառավարությունից ՝տարեկան 500 հազար դրամ, եւ ընթացիկ դրամաշնորհ Սեւան համայնքից` կատարված ծառայությունների դիմաց, հատավաճառ (շատ քիչ), գովազդ (շատ քիչ), օգնություն և նվիրատվություններ՝ հիմնականում համայնքների ղեկավարներից և գործարարներից
Ինտերնետային տարբերակը՝ շուտով:

 

Մրցակցություն կա՞ հանրապետական թերթերի հետ:

Չկա, որովհետև մեր խնդիրն ուրիշ է, իրենցն՝ ուրիշ: Մենք սենսացիաներից աշխատում ենք մի քիչ հեռու մնալ՝ ի տարբերություն մայրաքաղաքային թերթերի: Մենք խոսում ենք տարածքի բնակչության դարդուցավից, ներկայացնում նրանց խնդիրները:

 

Ո՞րն են ավելի շատ կարդում Սևան համայնքի և տարածքի ինը գյուղերի բնակիչները, որոնց համար տպվում է ձեր թերթը. մայրաքաղաքայի՞նը, թե՞ տեղականը:

Իհարկե, տեղականը, որովհետև իրենց հուզող կոնկրետ հարցերին ենք անդրադառնում: Այս առումով մենք շահեկան կարգավիճակում ենք: Հանրապետական թերթերը մեր շրջակա բոլոր գյուղերին հասնում են, թե ոչ՝ հաստատ չգիտեմ, բայց մենք մերը բոլորին հասցնում ենք, և դեռ ավելին ենք ուղարկում՝ անվճար բաժանելու համար, որովհետեւ կարդալ ցանկացողները շատ են, բայց հնարավորություն չունեն բաժանորդագրվելու:

 

Ֆինանսական վնաս կրելո՞վ եք ավելին ուղարկում:

Մի տեղից օգուտ ենք ստանում, մյուս տեղից վնասվում ենք…

 

Ումի՞ց եք օգուտ ստանում:

Ասենք, գործարար մարդկանցից, հաճախ՝ միջազգային կազմակերպություններից: 1998թ. Բաց հասարակության հիմնադրամից համակարգչային տեխնիկա ենք ստացել, որով նաև մարզային թերթին ենք օգնել և «Ափ» ամսագրին: Դրամաշնորհներ ենք ստացել նաեւ «Եվրասիա» հիմնադրամից, ԱՄՆ դեսպանատնից, ԶԼՄ-ների աջակցման ProMedia ծրագրից, «Այրեքս» ամերիկյան կազմակերպությունից:

 

Իսկ գործարարների՞ց ովքեր են:

Օրինակ, հացի գործարան ունենք, որի տնօրենը` Աշոտ Ավետիսյանը, մեզ շատ է օգնում:

 

Առանց որևէ ակնկալիքի՞:

Առանց որևէ ակնկալիքի: Ինքը նույնիսկ չի համաձայնում, որ թերթը իր գործարանի վերաբերյալ որևէ տեղեկություն տպագրի, և օգնում է անշահախնդիր: Ավելացնեմ, որ նման մարդիկ շատ են:

Ի դեպ, 2015-ին առաջին անգամ մենք տարին շահույթով փակեցինք: Մինչ այդ միշտ վնասով էինք աշխատել: Իհարկե, շահույթը մեծ չէր, բայց տարածքային թերթի՝ օգուտով աշխատելը մեծ բան է և խոսում է առաջընթացի և կայունության մասին:

Պապ Հայրապետյան

Թերթի՝ ձեր բերած համարներում նայում եմ, գովազդ չկա: Պատահակա՞ն է, թե՞ ընդհանրապես չեք տեղադրում գովազդ:

Գովազդ ունենու՞մ ենք, որ տեղադրենք: Շատ հազվադեպ է պատահում, որ մեզ գովազդ տան: Մեծ ակնկալիք էլ չունենք, որովհետև տարածքում տնտեսությունը, մասնավորապես արդյունաբերությունը քնած է, կարելի է ասել՝ ընդհանրապես չկա:

Գիտե՞ք, մեզ շատ է խանգարում այն, որ մեր թերթի պարբերականությունն է փոքր: Սովետական տարիներին թերթը տպագրվել է շաբաթը երեք անգամ: Այսօր՝ ամիսը երկու անգամ, ֆինանսական շատ սուղ հնարավորությունների պատճառով՝ երբեմն մեկ անգամ. դա քիչ է: Մենք չենք կարողանում եղած ինֆորմացիան օպերատիվ հասցնել ընթերցողին: Դա մեզ համար խնդիր է, և այս ուղղությամբ աշխատում ենք:

 

Տեղական հեռուստատեսությունը ձեր թերթին մրցակի՞ց է:

Այո, մարզային «Գեղամա» հեռուստաընկերությունը մեզ մրցակից է, և դա բնական է, քանի որ, օգտագործելով իր հնարավորությունները, վերջինս կարողանում է օպերատիվ տեղեկություններն արագ հասցնել հեռուստադիտողին: Շուտով մեր ինտերնետային կայքն ենք բացելու, օպերատիվության հարցը դրանով կլուծենք, կարծում եմ: Եվ, ի դեպ, գովազդը որ թերթից գնաց, հեռուստատեսության «մեղքն էր» նաև:

Մյուս առումներով մեզ մրցակից չէ հեռուստատեսությունը. հիմա եթե դուք մտնեք Սևանի ցանկացած հիմնարկ-ձեռնարկություն, գյուղական համայնք, իրենց սեղաններին կտեսնեք «Սևան» թերթը: Որովհետև տպագիր մամուլն ուրիշ է. հեռուստատեսությունը ցուցադրեց՝ անցավ-գնաց, իսկ էդ սեղանինը մնում է, մարդիկ կարդում են, փոխանցում են: Թերթը նաեւ ընտանիքից ընտանիք է անցնում: Այս առումով կարելի է ասել, որ թերթի ընթերցողների թիվը հասնում է մի քանի հազարի:

 

Որտե՞ղ է տպագրվում ձեր թերթը:

Երևանի «Սամարկ» տպարանում, ինչպես տարածքային շատ այլ թերթեր: Սա մեզ համար բավական ծախսատար ու ժամանակատար խնդիր է. թերթի ամբողջ աշխատանքն անում ենք Սևանում, պատրաստի շուռտիպները մեքենայով ուղարկում ենք Երևան, հետո ամբողջ տպաքանակը բերում Սևան:

Ամբողջ մարզում տպարան չկա. նախկինում այդ բոլոր քաղաքները տպարաններ ունեին: Սովետական տարիներին նաեւ Սևանում տպարան կար, սեփականաշնորհվեց, ու նրանից ոչինչ չի մնացել: Միայն շենքը կա, բայց սարքավորումները չկան:

 

Տեղական նոր տպարանի հեռանկար չկա՞:

Իրեն չի արադարացնի: Ի՞նչ պիտի տպագրեն, որ գոնե մի քիչ շահույթ ունենան:

 

Ֆինանսականից բացի՝ ուրիշ ի՞նչ խնդիրներ ունի տարածքային թերթը:

Լրագրողների: Մեր լրագրողները նաև այլ տեղերում են աշխատում: Երիտասարդ լրագրողները չեն գալիս թերթ:

 

Բա ու՞ր են գնում լրագրության ֆակուլտետ ավարտած սևանցիները: Չկա՞ն նորավարտներ:

Կան, շատ կան. տարեկան 2-3 հոգի գալիս է մեր թերթ՝ մասնագիտական պրակտիկայի: Բայց ավարտելուց հետո Երևանում են տեղավորվում աշխատանքի: Որովհետև մեզ մոտ աշխատավարձը ցածր է, չենք կարողանում հրապուրել:

Թղթակիցներին 50-60 հազար դրամ ենք տալիս, որը շատ քիչ է: Երևանում ավելի շատ են տալիս: Երևանի լրագրողներից ոմանք կարողանում են աշխատավարձից զատ իրենց համար այլ «եկամուտներ» ապահովել, ինչը տարածքային թերթերում չի կարող լինել, հնարավոր չի:

Ցեղասպանության թանգարանում: Ձախից աջ՝ Ֆահրադ Ափուջանյան (Սպիտակի «Լուսարձակ» թերթի խմբագիր), Հարութ Սասունյան (ԱՄՆ, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր), Պապ Հայրապետյան և Ֆելիքս Գևորգյան (Կալինինգրադ, լրագրող):

Այսինքն՝ պատվե՞ր կատարելը նկատի ունեք:

Ինչու չէ: Հանրապետական թերթերի լրագրողները, մարզ գալով, առանց որևէ գումարի ո՛չ հոդված կգրեն, ո՛չ էլ այդ հոդվածը կտանեն, կտպագրեն:

 

Քննադատական հոդվածներ լինու՞մ են «Սևան» թերթում:

1984-ից եմ այս թերթում աշխատում, 1997-ից խմբագիրն եմ. թերթի էջերը ես եմ ձևավորում, ես եմ էջկապ անում, լուսանկարներ անում, սրբագրում… Եվ մի մշտական, անխախտ սզբունք ունեմ՝ թերթի ամեն համար պիտի 60-70 տոկոս քննադատական հոդվածներ պարունակի, որպեսզի ընթերցողը կարդա:

Հաջողված եմ համարում թերթի այն համարը, երբ որ տպագրելուց հետո մի քանի հոգի քեզ զանգահարում է և նեղանում, թե՝ էս ի՛նչ ես գրել: Թերթը պետք է ատամ ունենա, իսկ եթե չունեցավ, ես չեմ գնահատում:

 

Համայնքների ղեկավարների՞ն էլ եք քննադատում: Ինչպե՞ս են արձագանքում:

Այո: Եվ արձագանքում են շատ նորմալ: Պետք է կարողանալ սովորեցնել, որ քննադատական հոդվածն էլ ընդունեն, դրականն էլ ընդունեն:

 

Քանի՞ տարի պահանջվեց, որ սովորեցնեք:

Դեռ սովորեցնում ենք:

Խնդիրներ շատ են եղել, հատկապես կրթության բնագավառում՝ դպրոցների տնօրենների հետ, մարզպետարանի հետ:

Պահեր են եղել, որ իրար չենք կարողացել հասկանալ, նույնիսկ դատարանով են սպառնացել: Բայց մենք կարողացել ենք համոզել, հասկացնել, որ լավն էլ է իրենց համար, վատն էլ է իրենց համար, որ պետք է սովորեն նաև քննադատություն ընդունել, իհարկե, երբ առողջ է քննադատությունը:

 

Ովքե՞ր են ձեր ընթերցողները:

Հիմնականում ավագ տարիքի մարդիկ են: Ցավոք սրտի, շատ քիչ երիտասարդներ են մեր թերթը կարդում, բայց մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ երիտասարդությանը բերել մեր դաշտ, կարողանալ նրանց դարձնել մեր ընթերցողը:

Տարիներ առաջ ԱՄՆ-ի դեսպանատան դրամաշնորհով ուսումնասիրեցինք մեր ընթերցողական լսարանը, հասկացանք, թե թերթից ինչ ակնկալիքներ ունի երիտասարդությունը: Եվ մեր հրապարակումներում փորձում ենք ընտրել այնպիսի թեմաներ, որոնք երիտասարդությանը կգրավեն:

 

Փաստորեն, 77 տարվա ավանդույթներ ունի ձեր թերթը:

Այո, դրա համար եմ ասում, որ մեր թերթը տարածքի տարեգիրը, կենսագիրն է: 1939 թ.-ից տպագրված մեր բոլոր համարները պահվում են խմբագրության արխիվում: Տարբեր անուններով է թերթը լույս տեսել՝ «Ստալինյան խոսք», «Լենինյան դրոշով»…, նաև սովետական տարիներին է «Սևան» կոչվել, և մենք երբ որ վերագրանցվում էինք 2001թ., որոշեցինք, որ անպայման պիտի «Սևան» անունը պահենք, որովհետև այն հոգեհարազատ է դարձել տարածքի բնակչությանը:

Ինչ վերաբերում է թերթի՝ 77 տարիների համարներին, գրողները հիմա այնքան են շատացել. ամեն մեկն օրը մի գիրք է տպում, և գալիս, օգտագործում են մեր թերթի արխիվը:

 

Արխիվն ինչու՞ վճարովի չեք դարձնում:

Մենք ապրում ենք փոքր քաղաքում: Դուրս ես գալիս քաղաք, բոլորը՝ ծանոթ, բարեկամներ, ընկերներ. իրենցից գումա՞ր պահանջեմ:

Իրենք էլ մեզ ուրիշ ձևով են օգնում, բաժանորդագրվում են թերթին, ծանոթներին են խորհուրդ տալիս: Երբ թերթի համարը բերում ենք տպարանից, մարդիկ գալիս են` խնդրում: Երևի մի 50-60 օրինակ հենց այնպես բաժանում եմ: Կարիքավոր մարդկանց շատ եմ թերթ տալիս: Թերթի հավատարիմ բաժանորդներն են, որոնք էսօր գումար չունեն: 1000 օրինակով տպաքանակն ինձ գումար չի բերում. մի 200-ը անվճար բաժանում ենք:

 

Տարածքի 25-26 հազար բնակչության համար այդ 1000-ը քիչ չէ՞:

Եթե դուք ուսումնասիրեք մյուս տարածքային, շրջանային թերթերի, նաեւ, ինչու՞ չէ, հանրապետական թերթերի տպաքանակները, կհամոզվեք, որ այդ 1000-ն էլ քիչ չէ, եւ եղածը պահելը մեզ համար մի տեսակ հերոսության նման բան է դարձել: Աշխատում ենք, որ դեռ մի բան էլ կարողանանք ավելացնել:

Այն դժվար տարիներին տպաքանակը կտրուկ պակասեց, թերթն անգամ չտպվելու վտանգի առջև է կանգնած եղել: Սակայն պետք է ասել, որ «Սեւանը», ի տարբերություն նախկին շատ ու շատ շրջանային եւ քաղաքային թերթերի, որոնք փակվեցին եւ վերացան, երբեք չի դադարեցրել իր տպագրությունը եւ այսօր Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում միակ տարածքային թերթն է:

Մենք հիմնականում բաժանորդագրության վրա ենք աշխատում: Տարածքում եղած բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները՝ և՛ ինձ հարգելով, և՛ թերթը հարգելով, բաժանորդագրվում են, օգնում են:

Համայնքապետարաններն են բաժանորդագրվում, քաղաքապետարանը, դպրոցները, մսուր-մանկապարտեզները… Անհատ բաժանորդներ էլ ունենք, բայց ավելի շատ տեղական ինքնակառավարման մարմիններն են բաժանորդագրվում, քան բնակչությունը: Փորձում ենք ավելի շատ անհատ մարդկանց ներգրավել:

 

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան կդիմանա «Սևան» թերթը:

Դիմանալը բոլոր թերթերի համար էլ այսօր մեծ խնդիր է, բայց մեզ համար, կարծում եմ, խնդիր չի, սևանցին ուզում է ունենալ իր թերթը: Մեր թերթը բացելով՝ նրա էջերում նա իրեն է տեսնում և ուզում է, որ անընդհատ ինքն իրեն տեսնի: Եվ դա նաև ի շահ մեզ է:

Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *