2015.02.17,

Տեսակետ

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի երիտասարդները սկսեն լուրեր դիտել»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ի ղեկավարությամբ գործող ալիքներում 2015 թվականի սկզբից կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին: Այդ փոփոխությունների ու ընդհանրապես մոտ ապագայում հեռուստատեսության տրանսֆորմացիաների մասին հոլդինգի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն իր հստակ պատասխանն ունի:

Նա առաջարկում է հրաժարվել ավանդական տերմինաբանությունից, քանի որ շատ հասկացություններ վերջնականապես հնացել են:

Երկար տարիներ հեռուստադաշտում աշխատող Արմեն Արզումանյանը եզրակացնում է, որ մեր հասարակության մեջ հեռուստատեսության դերը գերագնահատված է. «Միգուցե որպես մենեջեր նման բան ասելու իրավունք չունեմ, բայց իրոք այդպես է: Հեռուստատեսությունը տեղեկություն ստանալու ու ժամանացը կազմակերպելու ուղիներից մեկն է ընդամենը: Կան նաև այլ, ոչ պակաս հետաքրքիր ուղիներ»:

Ինչպե՞ս կարելի է բնութագրել հոլդինգի կազմում եղած ալիքների վերադասավորումները:

Այս պահին երեք հեռուստաընկերություններից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ խնդիրն ունի: «Արմենիա»-ն պետք է հեռուստաշուկայում պահպանի առաջատարի իր դիրքը, բայց և բարեփոխումների միջոցով դառնա սոցիալապես ավելի պատասխանատու ալիք:

«ԱԹիՎի»-ն պիտի փորձի ընդլայնել իր ազդեցությունը՝ դառնալով լիարժեք ընտանեկան հեռուստաընկերություն: Այդպիսի ալիքի տեղը որոշ իմաստով թափուր է մեր հանրապետությունում:

«Արմնյուզ»-ը որոնումների մեջ է: Այն այժմ անցում է կատարում մաքուր լրատվականից դեպի երիտասարդական-ժամանցային, լրատվական հեռուստաընկերություն: Ինտերնետի դարում հեռուստատեսությունը պիտի փորձի վերագտնել իրեն:

Ի վերջո, հիմա գծային լրատվությունն այդքան հետաքրքիր չէ, որքան ինտերնետային լրահոսը, որի մեջ հայտնված մարդը մի քանի վայրկյանում կարող է պատկերացում կազմել (գոնե տեսականորեն), թե ինչ է կատարվում աշխարհում:

Իսկ հեռուստատեսության դեպքում դիտողը ստիպված է առնվազն կես ժամ հեռուստացույց դիտել՝ օրվա պատկերը հասկանալու համար:

Այդ պատճառով էլ լրատվական հեռուստաընկերության համար ճգնաժամ է ամբողջ աշխարհում: «Արմնյուզ»-ը նույնպես որոնում է իր տեղը:

Այս չորս տարիների ընթացքում չստացվե՞ց հասկանալ այդ տեղը: Ի վերջո, ալիքը մի փաթեթով առաջարկում էր և՛ լուրեր, և՛ ժամանց՝ աշխատելով ինֆոթեյնմենթ ժանրում:

«Արմնյուզ»-ն, իհարկե, որոշակի տեղ զբաղեցրեց, բայց կարծում եմ՝ լրահոսի մատուցման նոր ձևեր են պետք: «Արմնյուզ»-ը 24-ժամյա սովորական տեղեկատվական հեռուստաընկերության տեսակ էր, որի նմանները շատ են աշխարհում: Բայց, որպես կանոն, նման ալիքներ կարող են ունենալ միայն մեծ երկրները:

«Արմնյուզ»-ի տնօրեն նշանակելով շոու-բիզնեսի ոլորտի պրոդյուսեր և ռեժիսոր Հրաչ Քեշիշյանին՝ ի՞նչ եք այժմ սպասում այդ ալիքից: Խնդիր չե՞ք տեսնում, որ արտոնագիրը տրվել է լրատվական ալիքին, բայց  ուղղվածությունը փոխվում է:

Քանի դեռ մարդիկ ուզում են հեռուստացույց դիտել, մենք կփորձենք ավելի երիտասարդ լսարանի համար գրավիչ դառնալ: Եվ Հրաչ Քեշիշյանին խնդրել ենք էքսպերիմենտներ անել՝ ալիքը դարձնելով երիտասարդական-ժամանցային -լրատվական: Բնականաբար, ալիքը գործելու է արտոնագրի սահմաններում:

Փոխվելու են միայն լրատվական թողարկումների միջև հեռարձակվող հաղորդումները:

Այսպես ասեմ՝ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի երիտասարդները սկսեն լուրեր դիտել:

Դա է մեր հիմնական ցանկությունը, քանի որ շատ լուրջ տարիքային կտրվածություն է առաջացել: Ուզում ենք գտնել այն միջոցը, որը երիտասարդներին կմղի լուրեր դիտել ոչ միայն ինտերնետում, այլև հեռուստաէկրանին:

Հատկապես ի՞նչ քայլերով եք նախատեսում դա անել: Ի վերջո, ծերացող լսարանը խնդիր է բոլոր հեռուստամենեջերների համար:

Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի: Վստահ չեմ, որ բոլոր ցանկությունները հեշտությամբ կիրականանան, բայց փորձարկելու ենք մի քանի տարբերակ:

Հեռուստատեսության գծայնությունը և՛ առավելություն է, և՛ թերություն:

Գաղափարն այն է, որ լուրերի միջև եթեր հեռարձակվեն այնպիսի հաղորդումներ, որոնք մարդկանց կդրդեն նաև լուրեր դիտել: Մինչ այդ «Արմնյուզ»-ում ամեն ինչ լուրերի շուրջ էր կառուցված, իսկ հիմա կգումարվի նաև շոու բիզնեսի ոլորտը:

Հնացած չէ՞ արդյոք այն պատկերացումը, որ երիտասարդներին հետաքրքիր է շոու բիզնեսը: Գուցե ավելի գրավիչ է քաղաքական խոհանո՞ցը…

Հիմա ինտերնետում կան շատ կայքեր, որոնք համակցում են քաղաքականությունն ու շոու բիզնեսը, և «Արմնյուզ»-ի նոր ղեկավարության առջև այդ փորձն օգտագործելու խնդիր է դրված:

Ընդհանրապես ես համարում եմ, որ ինտերնետը մեր մրցակիցը չէ: Դա ընդամենը մեդիայի տարածման ձև է: Ի վերջո, հաղթում են ստեղծողները, բովանդակություն արտադրողները: Ցանկացած ժամանակաշրջանում էլ այդպես է եղել:

Ասենք՝ մեծ հաշվով նշանակություն չունի Մովսես Խորենացին որտեղ է գրել՝ ինտերնետում, թե մագաղաթի վրա: Կարևոր է, թե ինչ արագությամբ է դա հասցվում մարդկանց:

Ինտերնետը, հեռուստատեսությունը, ռադիոն, մագաղաթը, տպագիր գիրքը և թերթը ընդամենը տեղեկության տարածման միջոցներ են: Այդ իմաստով ինտերնետը չի կարող մրցակից լինել, քանի որ այն արտադրող չէ, այլ գործիք է, ճանապարհ, որով տարածվում է  բովանդակությունը:

Մենք չենք պայքարում ինտերնետի դեմ, այլ ուզում ենք այնտեղ էլ լինել: Եվ շատ ուրախ ենք, որ մեր արտադրանքը պահանջված է նաև ինտերնետում:

Իսկ երբ ամենից շատ դիտումների է արժանանում, մեղմ ասած, ոչ բարձրորակ հաղորդումը կամ սերիալը, դա չի՞ վնասում ալիքի իմիջին:

Մարդիկ սիրում են «Կոկա-կոլա» ու «ֆասթ ֆուդ»: Հիմա դա վա՞տ է, թե՞ լավ: Եթե դուք «ՄաքԴոնալդսի» սեփականատերը լինեինք, դա կհամարեի՞ք իմիջի վնաս:

Ասածս այն է, որ հեռուստաընկերությունը (հատկապես մասնավոր, կոմերցիոն) ստեղծում է զանգվածային սպառման ապրանք:

Իհարկե, բաղադրիչների որակը, գեղեցիկ ու ճաշակով փաթեթավորումը նույնպես կարևոր են, բայց, ի վերջո, դա պիտի լինի այնպիսի ապրանք, որը մարդիկ սիրում են ու ուզում են սպառել:

Ավելի առողջարար ապրանք շուկային առաջարկելու նպատակ չկա՞: Ասենք, ոչ թե հետևել շուկային, այլ պահանջարկ ձևավորել:

Դա երկկողմ գործընթաց է, որտեղ հակասություն չկա: Դա արհեստական վեճ է, քանի որ երկու կողմերն էլ փոխազդում են միմյանց վրա:

Այդպիսի վեճ կարելի էր վարել 1990-ականներին, երբ հաճախականությունները սահմանափակ էին, իսկ հիմա կարևոր չէ, թե ինչպես ես հասցնում քո արտադրանքը՝ օդով, թե ինտերնետով: Ամեն ինչ պարզ է՝ արտադրի՛ր քո որակյալ բովանդակությունն ու հասցրու՛ լսարանին:

Հիմա մարդիկ իմանում են նորություններն անկախ նրանից՝ այդ մասին ասել է հեռուստատեսությունը, թե ոչ: Կարծում եմ՝ մենք պիտի փորձենք նոր ժամանակներին համընթաց փոխել նաև հարցադրումները:

Հեռուստատեսությունը բիզնես է: Բիզնես ասելով՝ նկատի չունեմ միայն փողը: Հաճախ այնքան կարևոր չէ մոնետիզացիան, որքան ներկայանալու, հեղինակություն ձեռք բերելու, լսարանը ընդլայնելու կարողությունը:

«Արմենիա»-ն, օրինակ, Հայաստանում ամենաորակյալ (full HD որակի) հեռուստապատկերով է հայտնի, որը շատ կարևոր ձեռքբերում է: Ալիքը լավագույն հումորային հաղորդումներն ու սերիալներն է պատրաստում: Հիմա նաև լրատվության առաջատարը լինելու հավակնություն ունի։

Վստահ եմ, որ հեռուստատեսությունը պիտի ստեղծի ապրանք մեծամասնության համար:

Հեռուստաընկերությունների ֆինանսական աղբյուրները, որպես կանոն, գաղտնիք են: Դժվար է պարզել, թե ինչ (կուսակցական, բիզնեսի) միջոցներով են գոյատևում դրանք, և հետևաբար ինչպես են այդ աղբյուրները ազդում (թեկուզ անուղղակի) բովանդակության վրա: Ալիքների ֆինանսական հաշվետվությունները փա՞կ ինֆորմացիա են:

Հեռուստաընկերությունները Հայաստանի ամենաբաց ու թափանցիկ աշխատող հիմնարկներն են: Նրանց եկամուտներն ամեն օր եթերում ցուցադրվում են գովազդի տեսքով: Եվ այն, ինչը տեսնում եք, հենց հեռուստաընկերություների ֆինանսական աղբյուրն ու հաշվետվությունն են:

Միայն գովա՞զդը:

Այո, և դա փոքր գումար չէ: «Արմենիա» հեռուստաընկերությունն, օրինակ, շուկայի առաջատարն է ու խոշոր գովազդային հոսքեր ունի (իհարկե, Հայաստանի տնտեսության համատեքստում):

Կարելի է հաշվել գովազդային հոլովակների տևողությունն ու պատկերացնել, թե որքան է եկամուտը:

Իսկ մնացած ենթադրություններն ավելի շուտ կաղապարված կարծիքի արդյունք են:

Իսկ ինչպիսի՞ն կլինի հեռուստատեսության ապագան:

Ավանդական հեռուստատեսությանը դժվար ապագա է սպասվում ամբողջ աշխարհում: Ինտերնետը տարբեր կրթական մակարդակ ունեցող մարդկանց ու սոցիալական խմբերի համար տեղեկություն ստանալու ու ժամանցը կազմակերպելու շատ ավելի հարմար ձև է:

Այն, ինչ քսան տարի առաջ անում էր հեռուստատեսությունը, հիմա անում է ինտերնետը: Եվ դիտողն էլ չգիտի, թե ումից է պետք դժգոհել: Եթե նրան ինչ-որ բան դուր չէր գալիս հեռուստաեթերում, նա գիտեր` ում դիմել:

Հիմա այդպես չէ, հարցադրումներն են փոխվել: Հեռուստատեսության դերը գերագնահատված է:

Ցանկացած կայք, որը վիդեո է պատրաստում, արդեն հեռուստաընկերություն է, և ոչնչով չի տարբերվում արտոնագիր ստացած ալիքից:

Նույնիսկ արտոնագիրն է հին հասկացություն, քանի որ 4-5 տարի հետո անգամ դրա կարիքը չի լինի, կարծում եմ:

Դիտումների նվազման կորը աշխարհի բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարներն ամեն օր են տեսնում և հասկանում են, որ եթե այդպես շարունակվի, հեռուստադիտող չեն ունենալու և օրերից մի օր վերանալու են: Հետևաբար քայլեր են ձեռնարկում, որպեսզի այդպես չլինի:

Վստահ եմ, որ ձևերը գտնվելու են: Աշխարհի առաջատար հեռուստաընկերությունները հատուկ ինստիտուտներ ունեն, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես է պետք դիմակայել այս վտանգներին:

Եզրակացությունը հետևյալն է. նշանակություն չունի, թե որտեղ ես նայում (հեռուստաէկրանին թե Յություբում), կարևորը` ինչ ես նայում և ով է այն արտադրել:

Բայց Հայաստանի տարածքում արագ ինտերնետ կապը ոչ ամենուրեք է և այդքան էլ արագ չէ տեսագրությունն առանց խափանումների դիտելու համար, իսկ հեռուստատեսությունը գեղեցիկ ու արակյալ պատկերով գալիս է ուղղիղ մարդկանց տուն:

Երբ 1997-ին բջջային օպերատորները մտան Հայաստան, ոչ ոք չէր պատկերացնում, որ մի քանի տարի անց բոլորը ձեռքի հեռախոսներ կունենան: Այդ տրամաբանությունը հիմա էլ է գործում:

Ինտերնետն ավելի արագ է զարգանում, հետևաբար մոտ ժամանակներս բոլորն անխտիր ինտերնետ կապ կունենան:

Ավելի քան 700 հազար մարդ Հայաստանում Ֆեյսբուք է մտնում, ինչը ենթադրում է, որ այս պահի դրությամբ մեր բնակչության առնվազն մեկ քառորդը ինտերնետ ունի: Եվ արագությունն էլ օր օրի աճում է:

Երկու ուղղություններն էլ զարգանում են՝ ինտերնետն է արագանում, հեռուստատեսությունն էլ կարողանում է փոքր արագությամբ պատկեր փոխանցել:

Ասացիք, որ բարձրանալու է «Արմենիա» հեռուստաալիքի սոցիալական պատասխանատվությունը: Ինչպե՞ս:

Օրինակ, մեծ ուշադրություն ենք դարձնում Վիքիպեդիայում մեկնարկած «Ամեն հայ, մեկ հոդված» նախագծին, որի կայացման գործում մենք մեծ դերակատարություն ենք ունեցել և լուրջ արդյունքների հասել: Հայերենով հոդվածների քանակը հիմա կտրուկ աճել է, մենք առաջատարն ենք տարածաշրջանում:

Սիրիահայերին աջակցող ծրագիր իրականցրինք (և շարունակում ենք), որի շրջանակում սիրիահայերի հիմնած փոքր բիզնեսի կամ ծառայությունների մասին ռեպորտաժներ ու հոլովակներ էինք պատրաստում և հեռարձակում:

Ի վերջո, բարեգործությունը միայն անվճար սնունդ բաժանելը չէ, այլև օգնելը, որ մարդիկ ոտքի կանգնեն ու նոր միջավայրում արմատավորվեն:

Ալիքը նաև ընտանեկան բռնությունների դեմ պայքարի շրջանակում պատրաստել և հեռարձակել է սոցիալական հոլովակներ:

Հայերենով վիրտուալ հանրագիտարանը շատ արդիական է: Կարիք չկա՞ դադարեցնել ռուսերենով ֆիլմերի հեռարձակումը:

Ռուսերեն ֆիլմերի ցուցադրումը մի քանի մեկնաբանություն ունի: Կան ազգային փոքրամասնություններ, որոնց համար նույնպես պիտի հեռարձակում լինի:

Դա բացատրությու՞ն է:

Բացատրություններից մեկն է: Արևմուտքում, օրինակ, ֆիլմերը օրիգինալ լեզվով ու անհրաժեշտ լուսագրերով են ցուցադրվում: Համաձայն եմ, որ գուցե արժե այդպես անել: Պետք է փորձել:

 

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *