2014.09.23,

Տեսակետ

«Տվյալների լրագրության շնորհիվ ավելի դժվար է դարձել որեւէ բան թաքցնելը»

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Ռոման Կուլչինսկին ուկրաինական TEXTY կայքի գլխավոր խմբագիրն է, որը հայտնի է հրապարակային տվյալների հիման վրա ստեղծված ուշագրավ լրագրողական աշխատանքներով եւ միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած ինտերակտիվ նախագծերով։

Ռոմանը Երեւանում էր լրագրողների համար տվյալների լրագրության դասընթացներ անցկացնելու նպատակով: Նա գտնում է, որ տվյալների լրագրությունը պետական պաշտոնյաների համար դժվարացրել է որեւէ բան թաքցնելը, իսկ լսարանի համար` հեշտացրել ինֆորմացիան ընկալելն ու ինքնուրույն վերլուծելը:

Ինչո՞վ է կարեւոր տվյալների լրագրությունը:

Տվյալների լրագրությունը կարեւոր է նրանով, որ այն ներկայացնում է փաստեր: Մենք շրջապատված ենք սոցիալական մեդիայով, բազմաթիվ կարծիքներով եւ տեսակետներով, սակայն այդ ամենի մեջ շատ քիչ են փաստերը: Տվյալների լրագրությունը գործ ունի հենց փաստերի, թվերի հետ: Այն ոչ թե իր կարծիքն է պարտադրում, այլ փորձում է ցույց տալ միտումները` հավաքագրված թվերի, փաստերի միջոցով: Իհարկե, թվերը նույնպես կարող են մանիպուլյացիոն լինել, ինչպես եւ լրագրության այլ տեսակներում: Կարեւոր է, թե լրագրողն ինչպես կներկայացնի դրանք` իսկապե՞ս ցույց կտա, թե դրանք ինչ են նշանակում, թե՞ կմոլորեցնի լսարանին:

Ինչպե՞ս է տվյալների լրագրությունը փոխել լրագրությունը:

Մենք ապրում ենք թվանշային աշխարհում, եւ ավելի ու ավելի շատ ենք տվյալներ հավաքագրում: Ինտերնետը, մեդիան, ամբողջը թվեր են, որոնք պետք է վերլուծել: Սոցիալական ցանցերի մեր կապերը, խորհրդարանական օրենքի նախագծերը նույնպես տվյալներ են, դրանք նույնպես կարելի է վիզուալիզացնել: Տվյալների լրագրությունը թույլ է տալիս լրագրողին պատմել այն մասին, ինչի մասին նա չէր կարողանա պատմել` առանց տվյալների լրագրության ընձեռած նոր գործիքները կիրառելու:

Ինչպե՞ս է տվյալների լրագրությունը կիրառվում հետաքննական լրագրության մեջ:

Ձեզ մի օրինակ բերեմ: Ուկրաինայում պետական տենդերների բոլոր արդյունքները ամսական երկու անգամ հրապարակվում են ինչպես տպագիր, այնպես էլ ինտերնետային տարբերակով: Բայց թե’ տպագիր, թե’ ինտերնետային տարբերակներում հնարավոր չէ որոնում կատարել: Այնտեղ գրված է, թե որ ընկերությունը որ նախարարության համար երբ եւ ինչ տենդեր է շահել: Սակայն հնարավոր չէ տեսնել, թե այդ

«Լրագրողը, ով ուզում է լրջորեն զբաղվել տվյալների լրագրությամբ, պետք է իմանա ծրագրավորում»

ընկերությունը քանի անգամ է տենդեր շահել, կամ` որ ընկերությունների հետ է աշխատում այս կամ այն նախարարությունը: Պաշտոնյաները դա անում են, որպեսզի հանրությունն ու հետաքրքրված անձինք չկարողանան վերլուծել իրենց գործունեությունը:

Մենք ծրագրավորման միջոցով տվյալների բազա հավաքեցինք, որոշակի ֆորմատի բերեցինք եւ հարմար տեսք (ինտերֆեյս) տվեցինք, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան վերլուծելու պետական գնումների վերաբերյալ տվյալները: Կարող եք մտնել կայք եւ տարբեր չափանիշներով որոնում կատարել, տեսնել, թե որ նախարարությունը ումից է, օրինակ, բենզին գնում: Սա տվյալների լրագրության դասական օրինակ է:

Տվյալների լրագրության շնորհիվ ավելի դժվար է դարձել որեւէ բան թաքցնելը:

Ի՞նչ խոչընդոտների են հանդիպում լրագրողները տվյալների լրագրության մեջ:

Ոչ բոլոր տվյալները կան, եղածներն էլ շատ անհարմար ձեւաչափով են, ասենք, pdf-ով: Օրինակ` պետական հաստատությունները, որոնք պարտավոր են տեղեկություններ հրապարակել իրենց կայքերում, այնքան խորն են թաքցնում դրանք, որ պաշտոնական կայքերում շատ բարդ է ինֆորմացիան միանգամից գտնելը, պետք է հստակ իմանալ, թե որտեղ է այն դրված:

Երբեմն տեղեկություններ ստանալու համար հարկավոր է լինում հարցում ուղարկել պետական հաստատություններին, նրանք էլ կամ պատասխանում են, որ նման ինֆորմացիա չունեն, կամ ասում են, որ պարտավոր չեն հավաքագրել հարցված ինֆորմացիան:

Հաջորդ խոչընդոտը տեխնիկական հմտություններն են: Շատ ցանկալի է, որպեսզի լրագրողն իմանա ծրագրավորում: Մեր նախագծերից մեկի

«Տվյալների լրագրությունը գործ ունի հենց փաստերի, թվերի հետ: Այն ոչ թե իր կարծիքն է պարտադրում, այլ փորձում է ցույց տալ միտումները` հավաքագրված թվերի, փաստերի միջոցով»

շրջանակում 34000 օրենքի նախագիծ ենք վերլուծել, վերլուծել ենք, թե ովքեր են դրանց հեղինակները, գտել ենք ընդդիմադիր եւ իշխանամետ պատգամավորների միջեւ կապը:

Այդ տվյալները վերլուծելու համար հատուկ ծրագիր ենք գրել, որովհետեւ գործնականում անհնար է 34000 օրենքի նախագիծ ձեռքով վերլուծելը: Լրագրողը, ով ուզում է լրջորեն զբաղվել տվյալների լրագրությամբ, պետք է իմանա ծրագրավորում:

Ի՞նչ ազդեցություն ունի տվյալների լրագրությունը լսարանի վրա:

Տվյալների լրագրությունը հանրության ուշադրությունը հրավիրում թվերի վրա: Որեւէ մեկնաբանություն չի տալիս, ընդամենը ցույց է տալիս միտումները, որոնք ֆիքսված են թվերով: Եթե մարդիկ ավելի շատ ուսումնասիրեն հենց չոր փաստերը, պաշտոնատար անձանց ավելի դժվար կլինի նրանց մանիպուլացնել:

Բացի այդ` լսարանը վիզուալիզացված ինֆորմացիան ավելի հեշտ է ընկալում: Եթե վերլուծեք պետական բյուջեն, որեւէ մեկն այդ մասին չի կարդա, բայց ինֆոգրաֆիկան, որտեղ առանձնացված կլինեն առանցքային կետերը, որում կընդգծվեն փաստերը, ավելի կգրավի մարդականց ուշադրությունը: Մարդկանց հոգեբանությունն է այդպիսին` մենք ինֆորմացիան ավելի հեշտ ենք ընկալում պատկերի միջոցով:

Լավ ինֆոգրաֆիկան նաեւ լավ է տարածվում սոցցանցերում:

Հարցազրույցը` Աննա Բարսեղյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *