Արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը մարդ-«զարթուցիչ» է, ով միշտ պատրաստ է պրովոկացիայի ենթարկել դիտողին, մտորելու ու իրականությունը վերաիմաստավորելու դրդել նրան: Նրա ստեղծած ցանկացած գործ կարելի է մասմեդիայի դաշտին ուղղված ինտերվենցիա համարել, քանի որ Գրիգոր Խաչատրյանի համար հումք են այն իդեաները, իրավիճակներն ու մարդկային տեսակները, որոնք զավեշտի ու պաթոսի եզրագծում են հայտնվել (այսինքն՝ զանգվածային են դարձել): Իսկ երբ շինծու ու պաթետիկ իդեաները սրում ու ուռճացնում ես, դրանք, ի վերջո, պայթում են: Ու մեկ էլ տեսար՝ հայտնվում են իրենց ճիշտ տեղում:
Օրինակ՝ «Պաշտոնական հանդիպումներ» շարքում (որը ստեղծում է 1970-թվականներից մինչ այսօր) խաղարկվում են իշխանական ատրիբուտները՝ բարձրախոսը, զինվորական համազգեստը, մրցանակների շնորհումը։ Իշխանությունը տարածվում է մեդիա կերպար ստեղծելու ու օգտագործելու միջոցով, եւ պատահական չէ, որ Գրիգոր Խաչատրյանի աշխատանքներում մեծ տեղ ունեն տարբեր ԶԼՄ-ների ֆորմատները, որտեղ նա ծածուկ հայտնագործություններ է անում՝ օգտագործելով մեդիա գործիքները (պլակատը, վիդեոն, ինստալյացիան, ռեպորտաժային պարոդիան եւ այլն) եւ ուրախ մանիպուլիացիաների ենթարկում դրանք: Նրա աշխատանքների առաջին շերտը միշտ «խոխման» է (իր ձեւակերպմամբ), քանի որ զավեշտը օգնում է գաղափարները տեղադրել մարդու կողքին, այլ ոչ թե դնել պատվանդանի վրա ու նրա գլխավերեւում ճոճել դամոկլեսյան սրի պես:
Գրիգոր Խաչատրյանը հայտնի է նաեւ որպես «Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի» հիմնադիր, եւ հենց այդ պարադոքսալ հաստատության ստեղծումով էլ ապացուցում է՝ կարելի է պլանավորել ամեն բան (եղանակից ու քաղաքականությունին էլ անդին), քանի որ անձեռնմխելի ոչինչ չկա:
Այժմ նա ղեկավարում է «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին» կից գործող «Մեդիակենտրոնը» եւ շարունակում է հուշել, որ արթուն վիճակը միշտ գերադասելի է հաճելի թմբիրից՝ հատկապես, երբ ընտրության առջեւ ես կանգնած:
Նախընտրական քարոզը մեդիա քաղաքականություն է, որը դրսեւորվում է կարգախոսների, հոլովակների, դրոշների, պլակատների, թեկնածուների կերպարների տիրաժավորման մեջ: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն է նախընտրական պատկերը:
Դիտելով նախընտրական հոլովակները՝ անգամ ծիծաղել չես ուզում, այնքան տխուր է ամեն ինչը:
Ավելի կոնկրետ կասե՞ք:
Նկատելի է, օրինակ, որ ՀՀԿ-ն իր նախընտրական հոլովակներից ու պլակատներից հանել է մարդկային դեմքերը՝ հուշելով, որ իրենք դրա կարիքը չունեն, որ իրենք անդեմ ուժ են: Իսկ հեռվից նայելով այդ կուսակցության պաստառներին՝ տեսնում ես, որ ՀՀԿ-ի նշանը մանրադրամի շարվածք է հիշեցնում: Եվ դիտողի մոտ այդ կուսակցությունը ակամայից ասոցիացվում է փողի հետ, քանի որ անդեմ լոզունգ է ու փողի ուրվագիծ: Իսկ «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը ես կանվանեի ներշնչանքի փորձ: Այդ կուսակցությունը կարծես ինքն իրեն ու հետո հասարակությանը փորձում է ներշնչել, որ փոխվելու պահանջ կա: Էս ամենի մեջ ապրանքը վաճառելու տենդենց կա, ընդ որում՝ ժամկետանց, հոտած մի ապրանք, որը մեծ իմաստով ոչ մեկին պետք չէ, բայց այն անպայման պետք է վաճառել: Իհարկե, ողջ կյանքը (նաեւ քաղաքականությունը) առեւտուր է: Այս կամ այն պատգամավորության թեկնածուն իր համար ռեսուրս է գտնում (քրեական, վարչական, անտեր մնացած) իր ապրանքն իրացնելու համար: Բայց այդ անպետք ու նեխած ապրանքը, որը հիմա հայտնվել է մեր քաղաքական դաշտում, ցավոք, անպայման պետք է վաճառվի ժողովրդին հենց ժողովրդի մասնակցությամբ:
Եվ ստացվում է, որ մարդը մասնակցում է իր իսկ ինքնասպանությանը: Չէ՞ որ ժամկետանց դեղորայք կամ փտած մթերք գնելով՝ նա լավ գիտակցում է, որ շուտով թունավորվելու եւ մահանալու է:
Իսկ ինչո՞ւ է գնում:
Որովհետեւ գնելով կարճաժամկետ ապրանք (2-3 րոպեանոց կամ, ինչպես ասում են, 5 հազար դրամանոց) թեթեւության պատրանք է ստանում: Մեր հասարակության մեջ մարդկային տեսակներ կան, որոնք ամենափոքր գումարի համար անգամ պատրաստ են կյանքը զոհաբերել:
Արդյո՞ք չէր կարելի ավելի արդյունավետ ու կրեատիվ քարոզչական հնարքներ կիրառել:
Վստահ եմ, որ քարոզչական հոլովակներ պատրաստողներն այդ գործառույթին մասնակցում են պարզապես իրենց դրամը ստանալու համար, իրենք ընդամենը կոնկրետ պատվիրատուի շահի բավարարողներն են: Իսկ պատվիրատուն հաճախ լավ չի հասկանում, թե որն է այդ շահը: Կատարողը սովորաբար ավելի բանիմաց է, քան պատվիրատուն, բայց նրանից ընդամենը ապրանք վաճառել է պահանջվում, ու նա էլ փող ստանալու համար այդ ապրանքը սարքում է:
Քաղաքական քարոզը բավականին ագրեսիվ ու շտամպերով լի է: Կեցվածքը խրոխտ է, խոսքն էլ ազգանվեր:
Այդ խրոխտ մոդելը հատկապես «Ժառանգությունն» ու ՀՀԿ-ն են օգտագործում: Ընդհանրապես մեդիա գործիքների ագրեսիվ կիրառումը ավելի շատ խոսում է ոչ պրոֆեսիոնալիզմի մասին:
Իսկ խրոխտությունը, հերոսականությունը, սիգապանծությունը մեզ հետ են վաղեմի ժամանակներից: Դարեր շարունակ մեր մշտական ուղեկիցն է հերոսական վեհափառությունը: Բայց դրա հետ մեկտեղ լրիվ հակառակ պատկերն ու ակնդեմ հոմանիշներն են աղքատությունը, հուսահատությունը, ստրկամտությունը: Եվ որքան ընկնում է մարդու կյանքի մակարդակը, այնքան ավելի խրոխտ ու սիգապանծ բառերով են փորձում այն բարձրացնել:
Մեդիաներն անկասկած շատ լավ գիտակցում են, թե որն է իրական արժեքը: Բայց մարդիկ հեռանկարներով չեն ուղղորդվում, անգամ ոչ թե այսօրվա, այլ ավելի քան այսօրվա օրով են ապրում: Դա միգուցե կարելի է քրիստոնեական կեցվածք անվանել (էսօրվա հոգսը մեզ բավական է), բայց շատերը հիմա ոչ թե մեկ օրով, այլ այդ մեկ օրի կես ժամով են ապրում՝ մտածելով, եթե, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու, ավելի լավ է՝ ես իմ 5 հազար դրամը վերցնեմ ու տուն տանեմ: Եվ այս գիտակցությունը հանգեցնում է ինքնասպանության:
Սպասելի էր, որ հատկապես ընդդիմությունը պետք է այլընտրանքային մեդիա քարոզչություն վարի, օրինակ՝ գործի դնի ժամանակակից արվեստի ճկունությունը:
Կարծում եմ՝ ՀԱԿ-ն էլ լուրջ չի մոտեցել նախընտրական քարոզին: Այդ ուժն ունի մշակութային հանձնախումբ (ես էլ ժամանակ առ ժամանակ մասնակցում եմ այդ քննարկումներին), որի վրա հիմնվելով, կարելի էր շատ պրոֆեսիոնալ նախընտրական գովազդային կամպանիա կազմակերպել, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ:
Ես առավել կարեւորում եմ պլակատի դերը: Շատ հետաքրքիր սկզբունքներ կան, որոնց վրա հնարավոր էր կառուցել անձերի դիմանկարները: Բայց ՀԱԿ-ը կարծում եմ՝ նախընտրեց ստերեոտիպերի ետեւից գնալ: Երբ հարց է ծագում՝ ինչպիսի՞ն պիտի լինի դեպուտատը, ինչպիսի՞ հայացք, վարվելաձեւ ունենա, միանգամից շտամպեր են առաջ գալիս: Միանգամից աչքիդ առաջ հայտնվում է խրոխտ, ակնդետ հայացք, շքեղ ավտոմեքենաներ ու հագուկապ ունեցող դեպուտատի կերպարը: Կարծում եմ՝ հենց ՀԱԿ-ը պիտի փորձեր առանց այդ շքեղության ներկայանալ՝ փորձելով ավելի պարզ, մարդկային դիսկուրսի մեջ մտնել ընտրողի հետ: Սովորաբար երբ քաղաքական ուժերը քարոզչության շրջանակներում հասարակության հետ հանդիպումների են գնում, նրանք ներկայանում են ոչ թե ծառայի, այլ իշխանի կեցվածքով:
Թեեւ միգուցե մեր հասարակության համար միակ ընկալելին հենց իշխան-դեպուտատի կերպարն է, իսկ հասարակ հագնված ու պարզ խոսող թեկնածուն ընտրողի մոտ հարց է առաջացնում՝ էս ո՞վ ա, որ իրան ընտրեմ:
Իրականում այդ երկընտրանքը միշտ կա: Եվ շատ նման է նրան, որ մի անտուն մյուսին ասում է՝ բոմժ: Նա էլ պատասխանում է՝ բոմժը դու ես: Ես եղել եմ հոգեբուժարանում ու տեսել, որ այնտեղ էլ մոտավորապես նույն խոսակցությունն է: Մի հիվանդ մյուսին ասում է՝ գիժ, մյուսն էլ հակադարձում է՝ գիժը դու ես: Եվ այստեղ ճիշտը երրորդն է, որը միանում է նրանց ու ասում է՝ բոլորս ենք գիժ, քանի որ հոգեկան հիվանդություն ունենք ու այստեղ ենք բուժման նպատակով:
Կարծում եմ՝ թեկնածուները փորձում են ներկայանալ այն կերպարով, որը հասարակությունն ուզում է տեսնել: Այսինքն՝ ապրանքը ծախելու համար հաշվի են առնում պահանջարկը: Եվ ընդդիմությունն էլ ավտոմատ կերպով նույնն է անում ու մեդիա դաշտում ոչնչով չի տարբերվում իշխանություններից:
Եթե քաղաքական ուժի ֆունկցիան մարդկային տեսակի ստերեոտիպերը փոխելն է, ապա կարծում եմ՝ պետք է սկսել պատգամավոր-իշխանին փոխել պատգամավոր-ծառայով: Մարդը, իր քվեն տալով, դեպուտատին ( կամ էլ նախագահին) աշխատանքի է ընդունում եւ իր ընտրած մարդկանց վրա իրավասություն ձեռք բերում: Բայց հասարակությունը դեռեւս ոչ թե իրեն ծառայող, այլ իրեն ղեկավարող է ուզում ընտրել:
Այս օրերին հեռուստատեսությունը կարծես թե բոլոր քաղաքական ուժերին խոսքի հնարավորություն է տալիս…
Մենք շատ լավ գիտենք, որ մեր հեռուստատեսությունը իշխանական վերահսկման տակ է, եւ ինչ էլ անեն ընդդիմադիր անձերը, միեւնույն է, իշխանությունները դա օգտագործելու են ի շահ իրենց:
Եթե մենք ազատ հեռուստատեսություն ունենայինք, մարդիկ միգուցե այդքան ստրկամիտ չէին լինի: Չէ՞ որ հասարակությունը ձեւավորվում է էկրանին ասելու բան ունեցող անհատների հայտնվելով նաեւ: Իհարկե, հասարակության շատ թե քիչ գիտակից հատված կա (որը հիմա «Ֆեյսբուքում» է), բայց, միեւնույն է, հիմնական զանգվածը շարունակում է տարանջատված մնալ բարձր գիտակցություն կրող որակյալ անձնավորություններից: Անդնդային իրավիճակ է. մի բեւեռում առաջադեմ գաղափարների կրողներն են, իսկ մյուսում՝ հլու-հնազանդ, անգիտակից, վախեցած մարդիկ են:
Այդ հարաբերակցությունը (սարի ու ձորի), երեւի թե, միշտ է եղել: Եվ միշտ հիշատակվել ու օգտագործվել են ազգային հպարտության բազմաթիվ նշաններն ու սիմվոլները, բայց միեւնույն ժամանակ հասարակության մի ստվար զանգված լրիվ այլ՝ շատ ցածր ու մութ բեւեռում է գտնվել: Եվ այսօր էլ նույն վիճակն է. մենք կարող ենք հպարտանալ համաշխարհային արժեք ունեցող մեր մեծերով, բայց հասարակության այն միջին օղակը, որը բարոյական արժեքներն ու բարձր գիտակցությունը սովորաբար կապել է մյուս կողմի («ձորի») հետ, պարզապես չկա: Միայն շատ բարձր ու շատ ցածր կետեր են, ուրիշ հարթություն գոյություն չունի:
Լավ մեդիա գործիք է հատկապես պլակատը, որը եւ՛ արվեստի ժանր է, եւ՛ պատմություն, եւ՛ գովազդ: Պլակատները հենց Գրիգոր Խաչատրյանի ստեղծագործական դաշտն են: Հայտնի է, որ Դուք պլակատի տարբեր միջազգային մրցույթների մասնակից եք եղել: Չե՞ք փորձում հիմա նոր պլակատներ ստեղծել:
Որոշ բաներ տեղադրում եմ «Ֆեյսբուքում»: Իհարկե, ավելին կարող էի անել, բայց աշխատանքս «Մեդիակենտրոնում» գրեթե ազատ ժամանակ չի թողնում:
Շատ եմ ափսոսում, որ Հայաստանում պլակատը որպես ժանր, որպես գործիք երբեք չդրսեւորվեց, ինչպես ասում են՝ «չաշխատեց»: Պլակատը կարեւոր է որպես հասարակական ազդանշան, որպես ենթագիտակցական ուղերձ: Կարող եմ ասել, որ երբ Հայաստանում որեւէ մեկը պլակատ է պատվիրում (ասենք իր լուսանկարով), նախօրոք դրա դիզայնը արած է գալիս արվեստագետի մոտ եւ հետո էլ նրա արածն իրեն դուր չի գալիս:
1988-ին արված Ձեր պլակատները շատ ազդեցիկ էին…
Համարյա 60 տարի այստեղ ապրելով՝ տեսնում եմ, որ ոչինչ չի փոխվում: 60 տարի պայքարում եմ, ու տպավորություն է, որ ուրիշ անելու բան այստեղ պարզապես չկա: 1988-ին մեզ բոլորիս թվաց, որ շատ կարեւոր հարց լուծեցինք ու կարելի է առաջ գնալ: Բայց բանից պարզվեց, որ այդպես չէ. ազգային արժանապատվության, պետականության ու էլի շատ ու շատ խնդիրներ դեռ լուծված չեն:[[wysiwyg_imageupload:256:]]
Ընտրությունները տեղի են ունենալու տեխնոլոգիական սարքերով զինված պայմաններում (ամեն բան հնարավոր է հեռախոսով նկարել, արագ տարածել, տեղեկացնել): Մեդիա գործիքները կարո՞ղ են լուրջ զենք դառնալ:
Բայց դրանք արդեն զենք են ու լավ էլ աշխատում են: Տեսագրելու ու ձայնագրելու ունակ գործիքները կարող են ցանկացած փաստ ֆիքսել ու արագ տարածել: Որեւիցե մեկի արարքը չի կարող աննկատ մնալ: Այդ գործիքները որպես արվեստ չեն «աշխատում», ավելի շուտ նման են փողոցում տեղադրված տեսախցիկների, որոնց նպատակը երթեւեկության խախտումները ֆիքսելն է: Շատ վաղուց մի գիտաֆանտաստիկ վեպ էի կարդում, որի հերոսները որոշել էին բոլորի բնակարաններում տեղի ունեցածը նկարահանել ու բաց դիտման դնել: Ասեմ, որ դրա մեջ վատ բան չեմ տեսնում ու չեմ համարում, որ դրանով խախտվում են մարդու իրավունքները:
Երբ 1996-ին փորձում էի իմ թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին, առաջարկեցի, որ տեսախցիկը օրվա 24 ժամն իմ բոլոր գործողությունները նկարահանի: Ուզում էի ապացուցել, որ անձնական (կամ նեղ անձնական) կյանքում չկա մի դրվագ, որը չի կարելի ցուցադրել: Ընդհանրապես գաղտնիքներ չպիտի գոյություն ունենան. եթե որեւէ բան թաքցնում ես, դրա մեջ ավելի շատ նեգատիվ է երեւում, քան երբ լրիվ բաց ես:
Իսկ ինչո՞ւ հրաժարվեցիք նախագահի պաշտոնի համար պայքարելուց:
Այն ժամանակ փորձում էինք հեռուստատեսությունը (խոսքս «ԱՐ»-ի մասին է) դիտարկել որպես հասարակական գիտակցության վրա ազդող գործիք: Իսկ հետո «ԱՐ»-ը փակվեց, քանի որ եղած ալիքների մեջ այն ամենաանկանխատեսելին էր: Եվ այդ պահից սկսած Հայաստանի երկրորդ նախագահը սկսեց կիրառել ալիքներ փակելու մեխանիզմները եւ ընդամենը 2 տարի հետո բոլոր ալիքները դարձրեց վերահսկելի: Ալիքները բարձվեցին որոշ գործարարների վրա ու սկսեցին ասել ու ցուցադրել միայն այն, ինչը ձեռնտու է նախագահականին: Այդ պրոցեսի վերջին մոհիկանը «Ա1+»-ն էր: Ասեմ, որ «Ա1+»-ում մամուլի տեսություն վարող (եւ շատ լավ վարող) Աննա Իսրայելյանին այն տարիներին ես հանձնեցի իմ անվանական «Գրիգոր Խաչատրյան» մրցանակը:
Իսկ հիմա ազատ հեռուստադաշտ կարելի՞ է ստեղծել:
Հեռուստատեսության ազատականացումը տեղի կունենա միայն այս իշխանությունների վախճանից հետո: Իսկ այս իրավիճակում հեռուստատեսությունը չի կարող զարգանալ: Երբ, օրինակ, ստեղծվում էր «Արարատ» մշակութային ալիքը, ես փորձում էի ասել, որ դա անհնարին գործ է, քանի որ արվեստը կա՛մ ժամանակակից է լինում, կա՛մ էլ ընդհանրապես չի լինում: Իսկ ժամանակակից արվեստը միշտ քաղաքականացված է ու կանգնած է մարդու կողքին: Ինչպե՞ս կարող է արվեստն իր անունից խոսել, ու այդ խոսակցությունը եթերում հայտնվի: Դա պարզապես հնարավոր բան չի: Եւ այդպես էլ ստացվեց, այդ ալիքը մնաց որպես մի սարսափելի փորձ:
Ընդհանրապես բոլոր մեր հեռուստաընկերությունները լուրջ գոյապայքարի մեջ են (եթե չհաճոյանան իշխանություններին, կփակվեն): Բայց վստահ եմ, որ հեռուստատեսությունը շատ արագ ոտքի կկանգնի, եթե դաշտը ազատականացվի: Լավ ռեժիսորների, օպերատորների, սցենարիստների, լրագրողների կամ արվեստի քննադատների պակաս մենք չունենք, նրանք պարզապես չեն կարող ինքնադրսեւորվել այս պայմաններում ու լավագույն դեպքում «Ֆեյսբուքում»-ում են տեղ գտնում: Իսկ «Ֆեյսբուքի»-ի հասանելիությունը փոքր է, Հայաստանի բոլոր գյուղերը շարունակում են դիտել այս իշխանություններին գովազդող զանգվածային հեռուստատեսությունը ու երազում են հայտնվել Տիգրան Կարապետիչի աշխարհում, ով, ի դեպ, ամենահետաքրքիրն էր բոլորի մեջ, քանի որ հավերժացնում էր «փառք՝ մի քանի րոպեները» ֆորմատը:
Ինտերնետային հեռուստատեսությունը բավականին դանդաղ է զարգանում: Ինչո՞ւ:
Երբ ֆինանսներ չկան, դժար է լիարժեք աշխատող ստուդիա ստեղծել: Առանց այն էլ արժեքավոր բաները հիմա հիմնվում են միան էնտուզիազմի վրա: Հեռուստատեսության հանդեպ մոտեցումը պետք է փոխվի, որը շատ հին, ապուշ, ստանդարտ ֆորմատներով է աշխատում: Անգամ երբ մի նոր բան ես տեսնում (ասենք՝ օրիգինալ նկարահանում կամ խոսք), հասկանում ես, որ դա ոչ թե կոնցեպցիա է, այլ պարզապես՝ վրիպակ:
Իսկ «Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնը» ընտրությունները պլանավորո՞ւմ է:
Պատահականությունների պլանավորումն իրականում կապված է ոչ թե պատահականությունների, այլ գաղտնիքի հետ: Իսկ գաղտնիքը չես կարող բացահայտել ու տիրապետել, այն պետք է ընդունես ու դրա մասնակիցը դառնաս: Եթե նույնականանում ես գաղտնիքի հետ, այն քո առջեւ բացվում է: Ասածս այն է, որ պատահականությունների պլանավորման մուտքը ներսի կողմից է: Պատահականությունը մեզ զարմացնում է, երբ նրա մասը չես: Եթե դարձար նրա մասը, ուրեմն պլանավորեցիր այն:
Չէ՞ որ մարդիկ որեւէ դեպքի մասին խոսելիս հաճախ ասում են՝ էդպես էլ գիտեի: Ժամանակակից գիտությունն ապացուցում է, որ, իրոք, այդպես է, որ մարդը զգում է, թե ինչ է կատարվելու:
Միստիկա՞ է:
Ոչ մի դեպքում, դա շատ իրական զգացողություն է: Իսկ մարդկային զգացողությունները ենթարկվում են չափումների (դա կապված է նոոսֆերաներում տեղի ունեցող երեւույթների ու ամպլիտուդաների հետ): Պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանում մարդիկ դադարեցին հավատալ բացարձակ ճշմարտությանը, այլեւս ոչ մի բան բացարձակ ու միանշանակ չի (այդ իմաստով պոստմդեռնիզմը շատ աղերսներ ունի քվանթային ֆիզիկայի հետ): Բազմաթիվ հավատներ կան, հարցը ընտրության մեջ է:
Հավատա՞նք, որ ընտրենք:
Ժամանակին մի գործ էի արել. ՆՓԱԿ-ում ընտրել էի մի դատարկ տարածք, այն առանձնացրել ժապավենով ու անվանել «Գրիգոր Խաչատրյանի կողմից ընտրված, շրջափակված տարածք»: Իմ գործը համարել էի հենց ընտրության ակտը:
Երբ սուբյեկտն ընդունում է օբյեկտին, նրանք նույնականանում են: Չէ՞ որ դու նա ես, ինչ ընտրում ես: Մենք միշտ ընտրության առջեւ ենք կանգնած, եւ յուրաքանչյուրս իր արժեքային համակարգով ու գաղափարներով է ընտրում: Ընտրություն միշտ կա՝ նույնիսկ հաշվի առնելով այսօրվա խաբեության, կեղծիքի դոզան: Հույս էլ կա:
Հիմա ասում եմ դա ու զգում, որ այդ բոլոր բառերը (հավատը, հույսը, վստահությունը) հնացել, մաշվել ու մի տեսակ… կեղտոտվել են: Մարդիկ տերմինները, էպիտետները անընդհատ շատացնում ու շատացնում են…
Զրուցեց Նունե Հախվերդյանը
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: