2012.03.06,

Տեսակետ

«Գրեթե չկա հաղորդում, որի համար ամաչում եմ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը համոզված է, որ ընտրությունների ընթացքում լուրջ քաղաքական բանավեճեր կազմակերպելը շատ բարդ գործ է:

Նա նշում է, որ Հանրայինի եթերում քայլ առ քայլ ավելանում են հանրային բնույթի հաղորդումներն ու կրթական սերիալները, ինչպես նաև «Հ1» դիտողների քանակը:

ՀՀ խորհրդարանական քարոզարշավը մեկնարկում է: Արդեն հայտնի է, որ «Հ1»-ում քաղաքական գովազդի մեկ րոպեի գինը արժենալու է 80.000 դրամ: Իսկ ինչպե՞ս է բաշխվելու անվճար եթերաժամանակը:

Մենք առաջնորդվելու ենք ՀՀ «Ընտրական օրենսգրքի» և «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի պահանջներով:

Ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին տրամադրելու ենք վճարովի ու անվճար եթերաժամանակ՝ Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգի համաձայն:

Եվ չնայած վերջին վեց ամսվա կտրվածքով Հանրային հեռոստաընկերության եթերում առևտրային գովազդի մեկ րոպեի միջին գինը շատ ավելի բարձր է, քան սահմանված 80.000 դրամը, այսուամենայնիվ, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշել է պահպանել նախորդ երկու համապետական ընտրությունների ժամանակ սահմանված գինը:

Ո՞ր հաղորդումներն են ներգրավվելու քաղաքական գովազդի մեջ:

Մեր լրատվական ծրագրերը կլուսաբանեն բոլոր քաղաքական կուսակացությունների նախընտրական ծրագրերն ու հայտարարությունները:

Իսկ Նվեր Մնացականյանի վարած «Հարցազրույց» հաղորդմանը կմասնակցեն քաղաքական ուժերի ղեկավարներն ու ներկայացուցիչները: Այդ նույն հաղորդումը նաև բանավեճերի ու քաղաքական դեբատների հարթակ կդառնա, եթե, իհարկե, դա հնարավոր լինի կազմակերպել:

Հանրայինի եթերում հիմնականում հենց դեբատներն են պակասում: Ինչո՞ւ է այդպես:

Դա ոչ թե մեզանից, այլ կուսակցություններից է կախված:

Եվ՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրությունների ժամանակ դեբատների կազմակերպումը միշտ էլ դժվար գործ է եղել:

Երբ խոսքը երկու ուժերի բանավեճի ծրագրման մասին է, միանգամից հարցեր են ծագում՝ ով ում հետ է ուզում հանդիպել, ով ում հետ չի ուզում հանդիպել:

Եվ այդ անհամաձայնությունը վերաբերում է միաժամանակ թե՛ կուսակցություններին, թե՛ անհատներին:

Ամեն դեպքում, մենք միշտ էլ փորձել ենք դեբատներ կազմակերպել: Իսկ եթե ինչ-որ բան չի ստացվել, դրա պատճառը կուսակցությունների անհամաձայնությունն է եղել:

Ասեմ, որ բոլոր քաղաքական ուժերը հիմնականում ուզում են բանավիճել հանրապետության նախագահի հետ, իսկ կուսակցությունների երրորդ կամ չորրորդ դեմքերի հետ հանդիպումներից խուսափում են:

Բայց այդ բանավեճերը շատ դիտարժան ու նաև ճանաչողական կարող են լինել:

Համաձայն եմ, բայց հանրապետության նախագահը պարտավոր չէ բոլորի հետ բանավիճել: Մանավանդ եթե հաշվի առնենք, թե քանի գրանցված կուսակցություններ ունենք:

Հատուկ նախընտրական հաղորդում լինելո՞ւ է:

Ոչ: Հաշվի առնելով, որ «Հ1»-ը և՛ անվճար, և՛ վճարովի եթեր է տրամադրելու ընտրությունների մասնակիցներին, ինչպես նաև լուսաբանելու է քարոզարշավը լրատվական թողարկումներում ու «Հարցազրույց» ամենօրյա ծրագրում, ստացվում է, որ նախընտրական շրջանում պրայմ թայմն ամբողջությամ լցված է լինելու քաղաքական գովազդով և նախընտրական հաղորդումներով:

Ամեն օր երեկոյան ամենադիտվող ժամերը (6-10) քաղաքական են լինելու:

Չեմ կարծում, որ հանրությունն ավելին կուզի:

Կյանքը ցույց է տալիս, որ լուրերի հիմնական թողարկումներում այսպես թե այնպես իշխող կուսակցությունների գովազդն է արվում: Երբեմն դա հենց լուրի, այլ ոչ թե գովազդի տեսքով է ներկայացվում: Արդյոք դա թաքնված գովազդ չէ՞:

Մենք տարբեր կուսակցությունների միջոցառումները ևս լուսբանում ենք (լինի ՀԱԿ-ի ներկայացուցչի ասուլիսը, թե կոալիցիայի մաս կազմող որեւէ կուսակցության հանդիպումը):

Լուրերը ինֆորմացիոն առիթից են ծնվում ու լուսաբանում են կուսակցությունների գործունեությունը՝ հանրավաքները, ասուլիսները, հանդիպումները: Եվ դա թաքնված գովազդ չի կարող համարվել:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գովազդին, ապա ասեմ, որ այն կհայտնվի միայն հատուկ հատկացված ժամերին՝ անվճար ու վճարովի սկզբունքով:

Իսկ ձեր նշած թաքնված քաղաքական գովազդի օրինակների դուք, երեւի, այլ հեռուստաընկերությունների եթերում եք հանդիպել:

Հաճախ կարելի է լսել, որ հանդիսատեսը «Հայլուրը» համեմատում է վիրտուալ հեքիաթի հետ, քանի որ «Հայլուրը» մի իրականություն է արտացոլում, իսկ կյանքը բոլորովին այլ է: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:

Կարող եմ ասել, որ այդպես չէ: Նախևառաջ՝ «Հայլուր» չկա, «Առաջին լրատվական» ծրագիր կա: Եվ հետո էլ՝ եթե ասում են «Հայլուրի» Հայաստան, ուրեմն պետք է ասեն նաև՝ թերթերի կամ էլեկտրոնային լրատվամիջոցների Հայաստան:

Յուրաքանչյուր լրատվամիջոց իր լրատվական քաղաքականությունն ունի:

Կարող եմ վստահորեն ասել, որ չի եղել որևէ իրադարձություն (վատ կամ լավ), որը տպագիր կամ էլեկտրոնային լրատվամիջոցները լուսաբանել են, իսկ «Առաջին լրատվականը»՝ ոչ:

Եվ դա ոչ միայն մեր մոնիտորինգներ են ապացուցում, այլև միջազգային դիտորդ մարմինները, որոնք մեզ տևական մոնիտորինգի տակ են պահում:

«Հ1»-ն այսօր ամենամեծ հեռուստալսարանն ունի. ըստ վարկանիշային ցուցանիշների՝ մեր լրատվական ծրագրերը, սերիալներն ու շատ հաղորդումները ամենադիտվողն են:

Հանրային ալիքի համար բարձր վարկանիշ ունեցող հաղորդումներ ստեղծելը առաջնայի՞ն է:

Աշխարհի որևէ հեռուստաընկերություն չի կարող չուղղորդվել վարկանիշներով, քանի որ դրանք հստակորեն ցույց են տալիս, թե որքան մարդ է տվյալ պահին դիտում տվյալ հաղորդումը:

Այդ ցուցանիշը մանրամասն ներկայացնում է, թե ովքեր են դիտողները (կին, տղամարդ, երեխա, նրանց կրթության աստիճանը): Վարկանիշային ցուցանիշները իրական պատկեր են ստեղծում, որը չի կարելի անտեսել:

Քանի որ հիշատակեցինք երեխաներին, հետաքրքիր է իմանալ՝ հատկապես ո՞ր հաղորդումներ են հասցեագրված նրանց:

Երեխաները «Հ1»-ում դիտում եմ տարբեր հաղորդումներ:

Օրինակ՝ «Հայ ասպետ» ծրագիրը, Ռոբերտ Սահակյանցի պատրաստած կրթական մուլտֆիլմների շարքը, որոնք, ի դեպ, դիտում են նաեւ մեծահասակները:

Ընդհանրապես շատ դժվար է տարբերակել լսարանը: Երեխաները միգուցե լուրերի թողարկումներ չեն դիտում, բայց ֆիլմեր ու հեռուստասերիալներ են դիտում:

Սերիալների դիտումը արդյոք խրախուսելի՞ է մանկական լսարանի համար:

Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: «Հ1»-ը  հիմա կտրուկ նվազեցրել է սերիալների քանակը (ի տարբերություն օրական 4-5 սերիալ ցուցադրող այլ ալիքների՝ մենք ընդամենը երկու ամենօրյա սերիալ ունենք):

Եվ հետագայում նախատեսում ենք էլ ավելի կրճատել սերիալների քանակը՝ բարձրացնելով նրանց որակը:

Համենայնդեպս, այս պահին «Հ1»-ի սերիալները հանգիստ կարող են դիտել մեր երեխաները, քանի որ դրանք մանկական հոգեբանության համար վտանգ չեն ներկայացում, ընդհակառակը՝ կրթական դեր են կատարում:

Բանակի թեմային նվիրված «Գեներալի աղջիկը» սերիալն, օրինակ, լավ արձագանքների է արժանացել և՛ Զինված Ուժերի, և՛ դերասանների ու ռեժիսորների, և՛ հեռուստալսարանի կողմից:

Դա վկայում է այն մասին, որ մենք սկսել ենք արտադրել բոլորովին նոր տիպի սերիալ, որն աչքի է ընկնում որակյալ նկարահանումներով, մշակված սցենարով ու փայլուն դերասանական խաղով: Եվ գործողությունն էլ այդ սերիալում ձգձգված չէ. «Գեներալի աղջիկը» ավարտվելու է սեպտեմբերի 21-ին:

Իսկ Ձեր երեխաները դիտո՞ւմ են «Հ1»-ի սերիալները:

Իմ երեխաներին այս կամ այն բանը դիտել երբեք չեմ արգելում: Եթե իրենց հետաքրքիր է, դիտում են:

Անձամբ ես ուրախ կլինեի, եթե իմ երեխաները դիտեին «Գեներալի աղջիկը», քանի որ դա հայրենասիրական ու դաստիարակչական հեռուստապատում է (անգամ սերիալ էլ չէ), որը կրթական նշանակություն ունի:

Ընդհանրապես աշխարհում չեք գտնի որևէ լուրջ, խոշոր հեռուստաընկերություն, որը սերիալներ չի արտադրում ու չի ցուցադրում: BBC-ն ասածիս վառ օրինակն է:

«Հ1»-ը ոչ միայն սերիալներ, այլև ֆիլմեր է արտադրում: Եվ միակ հեռուստատեսությունն է, որը էկրանավորում է գրական ստեղծագործությունները:

Սերիալները հաճախ են քննադատվում: Ձեր կարծիքով դա անհի՞մն է:

Միշտ պետք է հաշվի առնել «Ովքե՞ր են դատավորները» հարցը:

Իմ կարծիքով՝ դատավորը հեռուստադիտողն է: Եվ եթե «Գեներալի աղջիկը» դիտում է լսարանի 70%-ը, ուրեմն ոչ ոք իրավունք չունի ասել, որ այդ աշխատանքը պետք չէ:

Կարող եմ բազմաթիվ շնորհակալական զանգեր ու նամակներ ցույց տալ, որոնք ստացվում եմ սերիալի յուրաքանչյուր մասի հեռարձակումից հետո:

Ես հասկանում եմ, որ մեզանում և՛ քաղաքական, և՛ մշակութային որոշ գործիչները հաճախ ողջ ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնելու իրավունք են իրենց վերապահում:

Սակայն եթե այս պահին ժողովուրդը ցանկանում է լավ սերիալներ դիտել, ուրեմն ժողովրդի այդ իրավունքը պետք է հարգել:

Դուք արդեն բավականին երկար եք ղեկավարում «Հ1»-ը: Այդ տարիների ընթացքում ալիքը դարձա՞վ այնպիսին, ինչպիսին ցանկանում էիք:

Աստիճանաբար դառնում է: Իմ ղեկավարման ժամկետին ընդամենը մեկ տարի է մնացել, և կարծում եմ, որ «Հ1»-ը ճիշտ ճանապարհ է ընտրել:

Դա կատարելագործման ճանապարհն է:

Իսկ ի՞նչը չի ստացվել իրագործել:

Կուզեի, որ գրական գործերի էկրանավորումներն ավելի շատ լինեին: Ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով շատ բան չի հաջողվել անել:

Բայց շուտով սկսելու ենք էկրանավորել Նար-Դոսի «Մեր թաղը» և Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը», ինչպես նաև բանակին նվիրված ֆիլմը:

Ի՞նչը չի հաջողվել անել… Իրականում շատ բան չի հաջողվել, բայց կարող եմ ասել, որ այսօր Հանրային հեռուստատեսությունում գրեթե չկա հաղորդում, որի համար ամաչում եմ:

Նկատելի է, որ շատ մասնագետներ, այդ թվում՝ հաղորդավարներ հեռանում են «Հ1»-ից: Դա չի՞ թուլացնում Հանրայինի դիրքերը:

Դա միամիտ հարց է: Հանրայինը միշտ էլ պատրաստել է կադրեր, որոնք համալրել են այլ ալիքների աշխատակազմը:

Ոմանք հեռանում են, գալիս են նորերը: Այդ փաստի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում:

Անգամ չեմ էլ առարկում, երբ «Հ1»-ի «երկրորդ թարմության» ու հանդիսատեսին էլ մի քիչ ձանձրացրած այսպես կոչված աստղերը հայտնվում են այլ հեռուստաընկերություններում և ուժեղացնում են նրանց հաղորդումները:

Հանրայինը դրանից չի թուլանում, ընդհակառակը՝ ամրապնդվում է: Մարդիկ միշտ են հեռացել, բայց նոր եկողներն իրենց նախորդներից ավելի լավ մասնագետներ են դարձել:

Կարծում եմ՝ Հանրայինի ֆունկցիաներից մեկը կադրերի դարբնոց լինելն է:

Ամեն դեպքում, լավագույն մասնագետները «Հ1»-ում են: Օրինակ՝ Հայաստանի 12 լավագույն օպերատորներից 8-ը մեզ մոտ են աշխատում:

Մեզ մոտ են աշխատում նաև Հայաստանի ամենագեղեցիկ աղջիկները: Սա, իհարկե, մի փոքր հումորով ընկալեք:

Սակայն «Հ1»-ը նաև այլ ալիքներից է հեռուստադեմքեր վերցնում:

Նվեր Մնացականյանն ու Գևորգ Ալթունյանը բացառիկ օրինակներ են:

Մենք աշխատում ենք մեր սեփական կադրերը (նաև՝ աստղերը) պատրաստել:

Դա վերաբերում է հաղորդավարներին, դերասաններին, լրատվական հաղորդումների հեղինակներին: Հանրայինում անփոփոխ դեմքեր չպիտի լինեն, միշտ պետք է ձգտել թարմության: Շուտով մեր եթերում նոր աստղեր կհայտնվեն, նոր հաղորդումներ կհայտնվեն:

Կարող եմ նշել հայաստանցի ու սփյուռքահայ երգիչների մասնակցությամբ «Երկու աստղը», ռուսական ֆորմատի «Սպասիր ինձը», իտալական «Իմ տաղանդավոր ընտանիքը» նախագծի հայկական տարբերակը, «Աստղերի ֆաբրիկա» հոլանդական ֆորմատը եւ այլն:

Կարելի՞ է ասել, որ «Հ1»-ի ծրագրերի ցանցում հանրային կարևորություն ունեցող հաղորդումները մեծ տեղ են զբաղեցնում: Տպավորություն է, որ այդպես չէ:

Մենք ունենք հանրային բնույթի հաղորդումների բազմապիսի շարքեր, որոնք կարող են բավարարել տարբեր խմբերի՝ Ռաֆայել Հավհաննիսյանի երեք հեղինակային հաղորդումները, մեր ազգի մեծերի մասին պատմող Արթուր Բախտամյանի «Հայոց հարց»-ը, համահայկական սեր վայելող «Երգ երգոցը», «Ազատ գոտի» երիտասարդական շոուն:

Ունենք վավերագրական ֆիլմերի շարք, ինչպես նաև «Ինչու է աղմկում անցյալը» հաղորդաշարը:

Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր քննարկում ու քննադատություն պետք է առարկայական լինի:

Եթե քննադատությունը կոնկրետ չէ, ես ակամայից սկսում եմ պաշտպանել Հանրայինը, ինչի կարիքը Հանրայինը չունի:

Ի դեպ, ես նկատել եմ, որ հեռուստատեսությունից դժգոհություն (չեմ ուզում ասել՝ խանդ) ունեն հատկապես տպագիր լրատվամիջոցները:

Իհարկե, հասկանալի է, որ տպագիր թերթերն օրական հազիվ են կարողանում վաճառել 100 օրինակ, բայց դա հաստատ հեռուստատեսության մեղքով չէ:

Դա ողջ աշխարհի զարգացումն է, և հեռուստատեսությունը մեղավոր չէ, որ ամենամեծ լսարանն ու ազդեցությունն ունի:

Իսկ շարքային քաղաքացին կարո՞ղ է հանրային ալիքի ֆինանսական հոսքերի մասին տեղեկություն ստանալ, օրինակ, իմանալ՝ ինչ արժե այս կամ հաղորդումը:

Իհարկե, կարող է: Մեր կայքում տեղադրված են ֆինանսական հաշվետվությունները:

Բացի դրանից՝ մենք ամեն տարի մանրամասն տեղեկատվություն ենք ուղարկում Ազգային ժողով, որը հետո տպագրում ենք:

Խոսքը ոչ միայն պետական, այլև մասնավոր ու այլ աղբյուրներից ստացված գումարների մասին է: Անցյալ տարվա հաշվետվությունը մենք կներկայացնենք ապրիլին:

 Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *