2012.02.13,

Տեսակետ

«Լրագրողները լսելի են»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Telekritika.ua մուլտիմեդիա կայքի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Նատալյա Լիգաչովան վստահ է, որ հեռուստաքննադատությունը թեև բավականին սպեցիֆիկ, սակայն հեռանկարային ու շատ հետաքրքիր ժանր է: Նա շեշտում է, որ իրենց հրապարակումներն առաջին հերթին  անհրաժեշտ են լրագրողներին, քանի որ «քննադատել» նշանակում է ուշադրություն դարձնել:

Ուկրաինական հեռուստաեթերը մշտական ուշադրության տակ պահող Telekritika-ն մի քանի ենթաբաժիններից կազմված (վիդեոտեկա, մեդիա տաբլոիդ, մեդիա շուկա, մեդիա քերականություն և այլն) հեղինակավոր մեդիա ամսագիր է, որն արդեն 10 տարվա կյանք ունի: Սկզբում այն գործում էր որպես տպագիր, իսկ հետո որպես ինտերնետային ամսագիր: Այդ ինֆորմացիոն պորտալը հեռուստատեսային ոլորտին անդրադարձող ամենախոշոր, ամփոփ ու բազմաֆունկցիոնալ կայքն է Եվրոպայում:

Վերջերս Նատալյա Լիգաչովան հայաստանցի հեռուստաքննադատների համար թրեյնինգ անցկացրեց՝ նշելով, որ մեդիա դաշտում հեղինակություն ձեռք բերելը երկարատև ու բարդ գործ է: Գրեթե նույնքան բարդ, որքան հեռուստատեսությունը չքննադատելը:

 

Քննադատությունը սովորաբար ջերմորեն չի ողջունվում, հատկապես հեռուստատեսային աշխատակիցների կողմից:  

Ճիշտն ասած՝ Telekritika-ի ստեղծման նպատակը եղել է օգնել լրագրողներին լավագույնս դրսևորել իրենց քաղաքացիական առաքելությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում լրագրողների հետ հետադարձ կապ պահպանելու վրա: Լրագրողները, ում աշխատանքին անդրադառնում ու քննադատում է մեր կայքը, պարբերաբար արձագանքում եմ մեր հոդվածներին:

Ընդհանրապես մեդիա համայնքում աշխատող լրագրողներին չի կարելի նույնացնել ալիքների թոփ մենեջերների հետ, որոնք ամեն ինչ չափում են վարկանիշներով: Լրագրողները բոլորովին այլ դերակատարություն ունեն հասարակության մեջ:

Եվ երբ մենք ստանում ենք հեռուստատեսային լրագրողների արձագանքներն ու մեկնաբանությունները (նշանակություն չունի՝ համաձայն են մեզ հետ, թե ոչ, սիրում են մեզ, թե ատում), դիալոգ է տեղի ունենում:

Մեր կայքը բանավեճերի հարթակ է, որտեղ կարող են երկխոսել լրագրողները, փորձագետները, քննադատներն ու իշխանությունը: Այստեղ լրագրողները լսելի են:

Եվ նրանց լսո՞ւմ են:

Լսում են: Այլ հարց է՝ արդյոք լսելով ընկալո՞ւմ են: Բայց մենք ամեն պարագայում հանդես ենք գալիս մեդիա դաշտի, այլ ոչ թե իշխանությունների շահերի անունից: 

Իսկ բարդ չէ՞ արդյոք քննադատել գործընկերներին:

Մենք փորձում ենք հաշվի առնել մեդիա տարածքի ներքին կանոնները, այսպես ասած՝ «խոհանոցը», այլ ոչ թե ուղղորդվում ենք միայն հանդիսատեսի կարծիքով: Եվ ինձ համար առավել արժեքավոր են այն հոդվածները, որոնց հեղինակները հաշվի են առնում հեռուստաարտադրանքի պատրաստման յուրահատկությունները:

Լինում են դեպքեր, երբ հեռուստատեսային աշխատողները շատ ցավագին են ընդունում մեր քննադատությունը, սակայն կարծում եմ՝ դա չափազանցություն է:

Ես նրանց խորհուրդ եմ տալիս հիշել, որ որակյալ քննադատությանը սովորաբար արժանանում է որակյալ արտադրանքը:

Ամեն դեպքում մեդիակրիտիկան խաղի տարրեր ունի, ինչպես և ողջ հեռուստատեսությունը: 

Երկար տարիներ հեռուստաէկրանը որպես ինֆորմացիայի միակ աղբյուր է ընկալվել: Ձեր կարծքիքով հիմա իրավիճակը փոխվե՞լ է:

Պետք չէ անտեսել հեռուստատեսության զանգվածային բնույթը: Իհարկե, մոտ ժամանակներում ավելի ու ավելի մեծ դեր է խաղալու ինտերնետը, սակայն հեռուստատեսությունը, միևնույն է, շարունակելու է միաժամանակ ընտրական հզոր գործիք ու զվարճացնող հարթակ մնալ: 

Կարող եմ մի շատ ցայտուն օրինակ բերել. շատերը վստահ են, որ 2004 թվականի «նարնջագույն հեղափոխությունը» Ուրկաինայում տեղի չէր ունենա, եթե չլիներ ընդդիմադիր «Հինգերորդ ալիքը», որը այլընտրանքային ինֆորմացիա փոխանցող միակ ալիքն էր ողջ հանրապետությունում:

Այդ ալիքի գոյությունը թույլ տվեց մեծ հեռուստալսարանին հասցնել այն ուղերձները, որոնք հետագայում դարձան հեղափոխության հենակետերը:

Նույն դերը հաստատ չէր կարող խաղալ ինտերնետ կայքը կամ առցանց ալիքը: Հանրապետության ողջ տարածքում հեռարձակվող «Հինգերորդ ալիքի» տեղեկատվությունը միավորեց մարդկանց ու որոշ իմաստով կազմակերպչական օղակի դեր կատարեց, քանի որ միայն այստեղ էին երևում թեժ ու սուր բանավեճերը, որոնք, վերջիվերջո, խթանեցին հասարկության բողոքը:

Այնպես որ հեռուստատեսությունը չի կարելի թերագնահատել, այն ահռելի ազդեցություն ունի:

Մեզ մոտ ընդդիմադիր ալիք չկա, իշխանություններին հաջողվեց բացառապես միանման ու «անատամ» ալիքներ ստեղծել:

Այսօրվա Ուկրաինայում ընդդիմադիր «TVI» ալիքը նույնպես շատ խնդիրներ ունի: Իշխանությունը նրան կապուղի չի տրամադրում՝ ստիպելով փակվել: Պատճառը մեկն է՝ իշխանությունը հասկանում է՝ ինչ կարող է անել հեռուստատեսությունը:

Ինտերնետն ամեն դեպքում կարծիքներ առաջնորդողների հարթակ է, իսկ հեռուստատեսությունը՝ լայն զանգվածի, էլեկտորատի: 

Իսկ ինչպե՞ս է Ձեր կայքը արձագանքում ընտրությունների թեմաներին: 

Մենք պարբերաբար հեռուստանորությունների, թոք շոուների ու վերլուծական ծրագրերի մոնիթորինգներ ենք անցկացնում՝ հետևելով բովանդակությանը (այդ թվում՝ նաև թաքնված): Այդպիսով մենք ֆիքսում ենք բոլոր ինֆորմացիոն մանիպուլիացիաները, ինչը շատ կարևոր են համարում հենց լրագրողները, որոնք մեր վերլուծությունները քննարկում են իրենց ալիքների ժողովներում:

Դա թույլ է տալիս լրագրողներին դիմադրել ալիքների մենեջերներին, որոնք հաճախ ստիպում են իրենց խախտել հեռուստատեսային օրենքները:

Լրագրողների համար մեր կայքը պրոբլեմները հնչեցնելու հարթակ է: Հաճախ հենց իրենք են մեզ զանգահարում ու խնդրում այս կամ այն խնդրի վրա ուշադրություն դարձնել:

Օրինակ՝ ասում են, որ լուրերի սարսափելի թողարկում է սպասվում, ու խնդրում են անդրադառնալ դրան: Մյուս կողմից էլ՝ մեր վերլուծությունները պետք են դիտորդ մարմիններին, որոնք հետևում են ընտրությունների դեմոկրատիզմին:

Ընտրությունների ինֆորմացիոն ուղեկցությունը, խոսքի ազատությունը մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքականության, այլ լրագրողական կանոնների տեսակետից: Իսկ յուրաքանչյուր քաղաքական կոնֆլիկտ լուսաբանվում է մեդիայի պրիզմայով: 

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *