«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանը հեռուստատեսային եւ բեսթսելերային դարաշրջանի ավարտը պայմանավորում է մշակությի նոր տեսակի ծնունդով: Յուրաքանչյուրս միաժամանակ ընկալող, վերաիմաստավորող եւ հաղորդող «ալիք» է, եւ բնական է, որ մեդիա դաշտը հագենում է սոցիալական խմբերի կուտակումներով:
Մեդիայի լեզուն փոխվել է: Ինչպիսի՞ն է այն դարձրել մարդուն:
Կարծում եմ՝ արագ հետադարձ կապի, նաեւ տեքստերի անմիջական մասնակիցը լինելու հնարավորությունը (մեկնաբանություն, բլոգ եւ այլն) փոխեց զրույցի տեսակի տիրապետող ձեւը: Մարդը ոչ միայն ընկալող արարած է, այլեւ հաղորդող «ալիք»: Սոցիալական մեդիան մշակույթի նոր տեսակ է առաջացնում, ինչը իսկապես նոր երեւույթ է: Երբ հասարակության մասնակցության աստիճանը փոխվում է, բնականաբար, փոխվում է նաեւ լեզուն:
Սոցիալական ցանցերում մի կողմից նոր սոցիալական ակտիվություն, հորդացող ստեղծագործական ոգի, նորարարության շունչ, իսկ մյուս կողմից`մարտնչող տգիտության և գռեհիկություն ահռելի հոսքեր կան: Եվ այդ ցանցի մասը լինելը շատ կարեւոր է, այդտեղից անձամբ ես ստանում եմ ներշնչանք, որն, ի դեպ, երբեք չեմ ստանում թերթ կարդալով կամ հեռուստացույց դիտելով:
Փաստ է, որ եթե մեդիա միավորը չկա համացանցում (հատկապես սոցիալական ցանցերում), կարելի է համարել, որ այն չկա ընդհանրապես:
Եթե ժամանակի շունչն ու ռիթմը չես զգում ու փորձում ես հին ձեւով աշխատել, անդառնալիորեն ետ ես ընկնում: Հին ձեւով աշխատող մեդիան, փախչելով իր նոր միջավայրից, խաղից դուրս է հայտնվում: Երբեմն որոշակի թյուրըմբռնում կա, որ վիրտուալը ինքնուրույն մի էություն է: Մինչդեռ վիրտուալը ոչ թե իրականի հակադրումն է, այլ իրականի նոր չափումը, ֆիզիկական աշխարհի մի մասը:
Եվ պետք չէ մոռանալ, որ լրատվամիջոցը գործում է ֆիզիկական տարածքում, որտեղ համակարգիչներ են տեղադրված ու մարդիկ էլ ֆիզիկական տարածքի մեջ են աշխատում (նույնիսկ եթե իրարից հեռու են): Իհարկե թերթը կարելի է շոշափել, բայց ո՞վ ասաց, որ շոշափելի չէ նաեւ մոնիտորի էկրանը: Ինչ ուզում ես, արա, բայց տեղեկատվություն ստանալու համար պետք է որեւէ ֆիզիկական կրիչ ունենաս:
Երբ ասում ենք, որ կիբերտարածքում համայնքներ են ձեւավորվում, դա հաճախ ենթադրում է, որ համայնքները պիտի իրենց
| Եթե ալիքները կարողանան նոր մեդիայի քերականությունն օգտագործելով մեր ինքնությունը վերարտադրել, իրենց լսարանը հետագայում չկորցնելու շանս կստանան |
մարմնավորումը ստանան նաեւ ֆիզիկական աշխարհում: Վիրտուալը միշտ ածանցյալ է, եւ մարդկանց գոյութենաբանական՝ էքզիստենցիալ հարցերը երբեք չեն վերանալու: Ի վերջո, արժեքավոր վիրտուալը պիտի ներբեռնվի` download լինի իրական կյանքում:
Իսկ այդ գործում ինչպիսի՞ դեր պիտի ունենա հեռուստատեսությունը:
Հեռուստատեսության վիճակը ողջ աշխարհում է ճգնաժամային: Դասական ալիքների նկատմամբ նախկինում եղած հետաքրքրությունը նվազում է, եւ հեռուստալսարանը դառնում է ֆրագմենտար՝ մասնատված: 20-րդ դարի ընթացքում ձեւավորված հեռուստատեսային կարգավորիչ միջավայրն արդեն չի աշխատում: Իրականում ալիքներն իրենք էլ չգիտեն ինչպես վարվել շրջապատում եղած ինֆորմացիայի հեղեղի հետ: Այդ իմաստով շատ ուսանելի է BBC-ի օրինակը, որը փորձում է, դասական հեռուստատեսության արտադրության ողջ շղթան տրանսֆորմացնելով, զուգահեռ նոր մեդիա ստեղծել: BBC-ն ազատ օգտագործման համար պիտանի (creative commons) է դարձրել իր ողջ արխիվը, ինչը ստեղծագործական նոր ալիք է առաջացրել:
Այսինքն՝ մարդիկ մասնակցում եմ արխիվը կրկին շրջանառության մեջ դնելուն, նրա լրացուցիչ հղկմանն ու մշակմանը: Եվ արխիվի տերը` հասարակությունը, դրանից միայն շահում է:
Իհարկե BBC-ն եզակի ալիք է բոլոր առումներով: Նրա վեբ կայքը աշխարհում լավագույններից մեկն է, դա բազմաթիվ կայքերից բաղկացած մեգա կայք է, որտեղ ամեն ինչ կա՝ էթնիկ երաժշտություն, մանկական վիրտուալ աշխարհ ու հարյուրավոր այլ կայքեր: Որպես կազմակերպիչ՝ BBC-ն շատ լավ հասկանում է նոր մեդիայի քերականությունը եւ օգտագործում է այն՝ դասական ալիքը շրջապատելով նոր մասնակցային հարթակներով: Լայն իմաստով՝ BBC-ն նոր հարթակ ստեղծողն ու պահողն է:
Իսկ մեր դեպքում ո՞րը կլինի լավագույն ելքը:
Քանի որ ֆիզիկական տարածությունը նոր (վիրտուալ) չափում է ստացել, մենք պետք է այդ չափման մեջ մեր ինքնության վերարտադրումն ապահովենք: Եթե ալիքները կարողանան նոր մեդիայի քերականությունն օգտագործելով գրավիչ ձեւով մեր ինքնությունը վերարտադրել, իրենց լսարանը հետագայում չկորցնելու շանս կստանան: Չարեցին, ավանդական հեռուստալսարանը կձուլվի այլոց (կուտիլիզացվի):
Արդյոք մեր հեռուստատեսությունը ուզո՞ւմ է ինքնության նշանների փոխանցողը լինել: Տպավորություն է, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը (ձուլվելու միտումը):
Անգամ սովետական շրջանի հայկական հեռուստատեսությունն իր մարմնավորման մեջ ազգային ինքնության որոշակի նշաններ էր կրում: Մենք ունեինք այնպիսի ղեկավարներ, որոնք, կոմունիստական կուսակցության մաս լինելով անգամ, կարողանում էին դա ապահովել: Բայց այսօր պատկերն այլ է: Նախ հարկավոր է իսկապես տիրապետել նոր մեդիայի քերականությանը եւ կապված լինել սեփական արմատներին: Ապազգային ղեկավարները արհամարհում են սեփական ինքնությունն ու հեշտությամբ անմիտ պատճենումներ են անում՝ էստեղից-էնտեղից հաղորդումներ գնելով (որոշ դեպքերում անգամ չթարգմանելով դրանք, ինչպես տեղի ունեցավ, օրինակ, «Ինչը, որտեղ, երբ» խաղի դեպքում):
Իսկ այդ խաղն ինչո՞ւ է ռուսերենով: Այդպես ավելի հե՞շտ է:
Երբ մարդը պարզունակ շահի ետեւից է ընկնում, վերածվում է վաշխառուի: Մարկանց այդ տեսակի համար նվիրական արժեքները դատարկ բառեր են, քանի որ եկամուտ չեն բերում: Իսկ Հայաստանի հեռուստատեսային ոլորտը ինքնուրույն չէ, ընդամենը ծառայում է իշխող քրեաօլիգարխիկ կլանների շահերին:
Ուզում եմ այլ ասպարեզից մի շատ ցցուն օրինակ բերել: Թվում է՝ Հայաստանում չի գտնվի որեւէ ուժ, որը շահագրգռված է եկեղեցիների պատերից մաքրել հազարամյա մեսրոպատառ արձանագրությունները: Դա անողը, թերեւս, պիտի թունդ հակահայ լինի: Բայց արի ու տես, որ Գոշավանքում հայատառ արձանագրությունները քերել-ջնջել են: Ուզում եմ հարցնել՝ ո՞րն է դրա տրամաբանությունը: Թշնամիները դա անում են մշակութային ժառանգությունը յուրացնելու համար: Իսկ մե՞ր դեպքում…
Այսինքն՝ միայն շահի ետեւից ընկնողը դառնում է նույնքան թշնամական մեր նվիրական արժեքեների նկատմամբ, որքան ամենաբարբարոս թշնամին: Երկուսն էլ նույն գործողությունն են անում՝ անապատացնում են հայրենիքը (ինչպես, օրինակ, անում են հանքերը շահագործողները): Մարդկային այդ տեսակը հայրենիքը դիտարկում է որպես հանք ու, անապատացնելով մշակութային ժառանգությունը, պարզեցնում է այն ու դարձնում ապրանք:
Իսկ ինչո՞ւ չիրականացավ հանրային հեռուստատեսության գաղափարը:
Տոտալիտար հասարակարգեր տեսած պետությունները (ասենք՝ Գերմանիան) շատ խստացրին հեռուստատեսության հանրայինի չափումը: Գերմանիայում, օրինակ, եթերի հանրային վերահսկումը շատ ավելի մեծ է, քան Ֆրանսիայում, քանի որ վարչության մեջ տեղ ունեն հասարակական կազմակերպությունները, եւ ոչ պետությունը:
Օրենքով մեզ մոտ էլ է այդպես:
Օրենքով՝ այո, բայց մեզ մոտ անգամ «հանրապետություն» բառն է պայմանական: Մենք ընդամենը նշանակովի եւ օտարի շահերը սպասարկող վարչակազմ, ավելի ճիշտ՝ «ադմինիստրացիա» ունենք: Իսկ հեռուստատեսությունն էլ սպասարկում է «ադմինիստրացիայի», այլ ոչ թե հանրության շահերը:
Երբ գիտակցենք, որ պետություն չունենք, միանգամից կսկսենք մտածել, թե ինչ է պետք այն ունենալու համար: Քրդերն, օրինակ, ամեն օր արթնանում են ու իրենք իրենց հիշեցնում՝ «Մենք պետություն չունենք, բայց պիտի ունենանք»: Ամեն օր ու
| Մոտավորապես 10-15 տարի հետո մարդը շփվելու է բացառապես մեդիական միջերես՝ interface ունեցող իրերի հետ: Եվ այդ միջերեսը պետք է տեղայնացնել, ազգային լեզվով դարձնել |
ամենուրեք քրդերի ինքնության մասնիկը համարող յուրաքանչյուր մարդ ծառայում է այդ գերխնդրի լուծմանը: Իսկ մենք կարծես գտնվում ենք «երրորդ հանրապետության» ծուղակում ու մոռանում ենք, որ պետությունը դեռ պետք է ստեղծվի: Ասում ենք՝ այլանդակ պետություն ունենք, բայց չենք կարողանում ընդունել, որ մեր ունեցածը ժառանգել ենք: Այն ի սկզբանե մերը չի եղել, բայց հիմա մեր անունից է հանդես գալիս: Այդ պատճառով է, որ, հեռուստացույց դիտելով, հասկանում ես, որ ամբողջությամբ ծուռ հայելիներով ես շրջապատված (տեսնում ես մի բան, որը կապ չունի իրականության հետ):
Նշում եք, որ բեսթսելարային դարաշրջանն ավարտվում է: Իսկ ի՞նչ է գալիս փոխարինելու:
Մինչ 1996 թվականը աշխարհի բոլոր գրախանութներում վաճառվող գրքերի 20%-ը բեսթսելերներ էին, իսկ 80%-ը այլ (նաեւ մասնագիտական) գրքեր: Բայց հենց բեսթսելերներն էին ապահովում եկամուտի 80%-ը: Եվ գրքերի վաճառքով զբաղվող «Ամազոն» ընկերությունը որոշեց հակառակ բիզնես մոդելն իրականացնել, որպեսզի ամենաշատ վաճառվող գրքերն ընդամենը 20% եկամուտ բերեն, իսկ մնացածի վաճառքի եկամուտը մոտենա 80%-ին: Օգտագործելով թվանշային դարի տված հնարավորությունը՝ «Ամազոնը» անեզր մի գրախանութ ստեղծեց՝ բավական էժան վայրերում գտնվող պահեստներով, առաքման ցանցերով: Յուրաքանչյուր մարդ ընդամենը որոնման կոճակի օգնությամբ կարողանում է գտնել իրեն հետաքրքրող գիրքը: «Ամազոնը» ցույց տվեց աշխարհին, որ բեսթսելերային, բլոկբաստերային մշակույթն ավարտվում է, քանի որ ցանկալի գրքերի շարքը փոխվել է:
Ի դեպ, բեսթսելերային մշակույթը հատուկ է հենց հեռուստատեսային դարաշրջանին: Չէ՞ որ ալիքների քանակը քիչ է, իսկ լսարանը՝ մեծ: Մարդիկ հիմնականում նույն բանն են տեսնում, լսում ու գնում: Իսկ «Ամազոնի» օրինակն ապացուցեց, որ մշակույթը կառուցվածքային փոփոխության է ենթարկվում, եւ զանգվածային մշակույթը տարրալուծվում է 80%-անոց «պոչի» մեջ, որը գնալով ավելի երկար ու բազմազան է դառնում: Մարդ միշտ կարող է գտնել այն, ինչ ուզում է՝ ընտրելով փոքր միջավայրները, սոցիալական խմբերի նոր համախմբերը: Հիշենք նաեւ, որ աշխարհում տեղի ունեցող քաղաքական բողոքները առաջանում են հենց փոքր խմբերի կուտակումներից: Հեղաբեկումները անում են ոչ թե «բեսթսելեր» կուսակցությունները, այլ փոքր սոցիալական խմբերի կուտակումները:
Ինքնություն ապահովող հայելիներից մեկը լեզուն է: Ինտերնետային բովանդակությունը հայերենով թարգմանող ծրագրեր ե՞րբ ենք ունենալու:
Մենք շատ լավ մասնագետներ ունենք, որոնք կարող են ու պատրաստ են առցանց թարգմանությունն ապահովել, սակայն խնդիրն այն է, որ կառավարությունը ինքնաշխատ թարգմանիչների տեղադրումը չի խրախուսում:
Մրցունակ լինելու համար հույսը պիտի դնենք միայն օտա՞ր լեզուների տիրապետման վրա:
Ներկա վարչապետը ինքնաշխատ հայերեն թարգմանիչները (նաեւ տարբեր մեքենայացված համակարգերը) բիզնեսի տեսակետից ոչ պետքական է համարում՝ նշելով, որ շուկան մեծ չէ: Եվ ռազմավարական այդ լրջագույն հարցի լուծումն անընդհատ հետաձգվում է:
Մեդիան իրականում շատ արագ հայտնվելու է բոլոր իրերի մեջ: Մոտավորապես 10-15 տարի հետո մարդը շփվելու է բացառապես մեդիական միջերես՝ interface ունեցող իրերի հետ: Եվ այդ միջերեսը պետք է տեղայնացնել, ազգային լեզվով դարձնել: Ի դեպ, դրանից շահելու է եւ՛ լեզուն, եւ՛ մշակութային միջավայրը: Մենք մեր լեզվի տերը պիտի լինենք: Վերջիվերջո, ցանկացած այլ լեզու Հայաստանում հյուր է, բայց տիրոջ կարգավիճակ տրված է միայն հայերենին:
Հայերենը կարծես ավելի շուտ ոչ թե տեր, այլ որբ է: Մեդիա դաշտին պիտի պարտադրվի՞ հայերենը:
Մեդիա դաշտում, ինչպես եւ մշակութային քաղաքականության մեջ, կարգավորիչ միջավայրի անհրաժեշտություն կա: Չես գտնի որեւէ զարգացած երկիր, որտեղ մշակութային կանոնի պարտադրում չլինի: Հոլանդիայի նման ազատական երկրում, օրինակ, քաղաքացի լինելու համար ոչ միայն պետք է հոլանդերենին տիրապետես, այլեւ մշակութային կանոնների քննություն հանձնես: Նման մշակութային քննություն պետք է անցնենք բոլորս:
Զրուցեց Նունե Հախվերդյանը