Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Նկարը ստեղծվել է արհեստական բանականության կիրառմամաբ

2025-ի դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` ընդհանուր 1218 տոննա АИ-95 տեսակի (պրեմիում) բենզինով։ Բենզինի երկրորդ խմբաքանակը մատակարարվեց 2026-ի հունվարի 9-ին․ ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, որ Բիլաջարի (Բաքու) կայարանից Հայաստան է ուղարկվել 1742 տոննա АИ-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք։

Այս իրադարձությունը քննադատության ալիք բարձրացրեց Հայաստանում։

Հունվարի 9-ին լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր (արխ․), թե դեռևս ԽՍՀՄ տարիներին Ադրբեջանում արտադրվում էր տետրաէթիլային կապար պարունակող բենզին, որը չափազանց էժան է, բայց խիստ վտանգավոր մարդկանց և մեքենաների համար։

«Կարո՞ղ ենք կասկածներ ունենալ, որ Ադրբեջանը չի հրաժարվել տետրաէթիլային կապար պարունակող բենզինի արտադրությունից և հենց դա է ուղարկում մեր երկիր»,- նշել էր Հոխիկյանը։

Նմանատիպ մտահոգություններ հայտնեցին ֆեյսբուքյան այլ օգտատերեր և էջեր ևս։

Այս պնդումները, սակայն, հիմնված չեն փաստերի վրա և կարող են մոլորեցնել մարդկանց։

Հեղինակավոր «The LEAD Group» միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանը դադարեցրել է էթիլացված բենզինի արտադրությունը 1997 թվականին։

2021 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը (UNEP) հայտարարել էր, որ աշխարհում վերջին երկիրը (Ալժիրը), որը դեռ օգտագործում էր էթիլացված բենզին, սպառել է իր պաշարները։

Հետևաբար չկա որևէ փաստ, թե Ադրբեջանը շարունակում է էթիլացված բենզինի արտադրությունը։

Էկոնոմիկայի նախարարությունից «Ստուգված է»-ին նաև ասացին, որ Ադրբեջանից ներմուծված բենզինն անցել է փորձաքննություն և որևէ խնդիր չի հայտնաբերվել։

Բենզինի որակը ստուգել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը՝ Հայաստանում, ըստ Էկոնոմիկայի նախարարության, նման իրավասություն ունեցող միակ հավատարմագրված կառույցը։

«Փորձաքննությունն իրականացվել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին համապատասխան։ Պարզվել է, որ նավթամթերքն ամբողջությամբ համապատասխանում է սահմանաված չափանիշներին։ Տվյալները փոխանցվել են մաքսային մարմիններին, որպեսզի թույլատրվի ներմուծումը։ Եթե կանոնակարգի որևէ խախտում լիներ, ապա նավթամթերքը երկիր չէր կարող ներմուծվել»,- ասաց նախարարության մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ 

Ներմուծված բենզինի մասին մեկ այլ պնդում արել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյաննը։ Նա 2025-ի դեկտեմբերին հայտարարել էր (արխ․), թե Ադրբեջանը АИ-95 տեսակի բենզինը լիարժեքորեն զարգացնելու հնարավորություն չունի։ Դրա ապացույցը, ըստ նրա, Ադրբեջանի՝ 2026 թվականի պետական բյուջեում АИ-95 տեսակի բենզինի արտադրությունը չներառելն է:

Խնդիրն այն է, որ 2025-ի նոյեմբերին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ գրել էին, թե Ադրբեջանը 2026-ին դադարեցնելու է АИ-95-ի արտադրությունը և ամբողջությամբ անցնելու է ներկրման։

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2025-ի դեկտեմբերին հերքել է տարածված տեղեկությունը՝ նշելով, որ 2026 թվականին Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում շարունակվելու է թե՛ АИ-95-92, թե՛ АИ-95-95 տեսակի բենզինի արտադրությունը։

2026 թվականի հունվարի 15-ի դրությամբ առկա պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը 2026 թվականին պլանավորում է շարունակել պրեմիում տեսակի բենզինի արտադրությունը:

Ադրբեջանի բենզինի շուկան

Հունվարի 8-ին լրագրող Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր (արխ․), թե Ադրբեջանի նավթամշակման գործարանը պրեմիում տեսակի բենզինը արտադրում է Հայաստանի համար, իսկ սեփական սպառման մեծ մասը Բաքուն ապահովում է այլ երկրներից, այդ թվում՝ Վրաստանից ներկրման շնորհիվ:

«Պաշտոնական տեղեկությունների համաձայն, արդեն 4 տարի է, ինչ Ադրբեջանը Վրաստանից Premium տեսակի բենզին է գնում: Ներկրելը իր համար ավելի ձեռնտու է, քան արտադրելը: Այդ դեպքում ի՞նչն է մեզ խանգարում բենզինը գնել Վրաստանից, այլ ոչ թե Ադրբեջանից: Մանավանդ, որ այս տարվա փետրվարից Կուլեվիի նավթամշակման գործարանը կսկսի Premium տեսակի բենզինի զանգվածային արտադրությունը»,- գրել էր լրագրողը:

Արտյոմ Երկանյանի գրառումն ունի մոլորեցնող կետեր։ Մասնավորապես՝ չկա որևէ փաստ, թե Ադրբեջանը արտադրում է պրեմիում տեսակի բենզին միայն Հայաստանի համար և թե 4 տարի է, ինչ Ադրբեջանը Վրաստանից է գնում պրեմիում տեսակի բենզին։

Ադրբեջանի
պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած «Ադրբեջանի էներգետիկան 2025» տարեգրքում ներկայացված են բենզինի արտադրության և սպառման ծավալները 2020-2024 թվականների համար։ Զեկույցից տեղեկանում ենք, որ Բաքուն պրեմիում բենզինի արտադրությունը սկսել է 2024 թվականին, սակայն АИ-92 (ռեգուլյար), АИ-95 (պրեմիում) և АИ-98 (սուպեր) բենզինների ծավալները գումարված են իրար և ներկայացված են որպես մեկ թիվ։

Առանձնացված տվյալներ АИ-95-ի մասին մեզ չհաջողվեց գտնել նաև Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի և Վրաստանի վիճակագրական կոմիտեի կայքերում։ Մեր ուսումնասիրությունը հիմնված է Ադրբեջանում բինզինի շուկայի ընդհանուր ցուցանիշների վրա։

Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Թբիլիսին ունի փոքր մասնակցություն Ադրբեջանի բենզինի ներկրման ընդհանուր ցուցանիշի մեջ։ Համաձայն ՄԱԿ-ի Comtrade Database-ի (տվյալները հասանելի են այստեղ)՝ 2020-2024 թվականների ընթացքում Վրաստանը երկու անգամ՝ 2021 և 2023 թվականներին է բենզին (տվյալների բազայում որոնման կոդը՝ 271012) մատակարարել Ադրբեջանին՝ ընդհանուր 2883 տոննա ծավալով։

Դրան հակառակ՝ 2020-2024 թվականներին Ադրբեջանը Վրաստան է արտահանել մոտ 77 տոննա բենզին։

Ինչ վերաբերում է 2025 թվականին, ապա, ըստ Վրաստանի վիճակագրական կոմիտեի, հունվարից-նոյեմբեր Ադրբեջանը Վրաստանից ներկրել է 9,541 դոլարի բենզին, իսկ արտահանել՝ 573,328 դոլարի։

Comtrade Database-ի համաձայն՝ 2020-2024 թվականներին Վրաստանից բենզին է գնել նաև Հայաստանը՝ ընդհանուր 1323 տոննա ծավալով:

Էկրանապատկերը՝ Comtrade Database-ի

Կարևոր է, որ Վրաստանն ինքը բենզինի զգալի մասը ներկրում է։ Հետևաբար, Ադրբեջան արտահանված ծավալները, ամենայն հավանականությամբ, վերաարտահանում (ռեէքսպորտ) են:

Որքան բենզին է արտադրում, որքան՝ սպառում Ադրբեջանը

Ադրբեջանի էներգետիկ ոլորտի վերջին 5 տարիների (2020-2024թթ.) վիճակագրությունը ցույց է տալիս, որ բենզինի մասով երկիրը չի կարողանում բավարարել սեփական կարիքները։

2020թ. արտադրությունը գրեթե հավասար է եղել սպառմանը։ Դեֆիցիտը կազմել է ընդամենը 3,700 տոննա։ Արտադրությունը ծածկել է պահանջարկի 99.6%-ը։

Սակայն 2020 թվականից ի վեր Ադրբեջանում բենզինի սպառումն աճել է։ Եթե 2020-ին սպառվել էր մոտ 1,170 միլիոն տոննա, ապա 2024-ին այդ թիվը հասել է 1,626 միլիոն տոննայի։ Հինգ տարվա կտրվածքով ներքին պահանջարկն աճել է մոտ 39%-ով։


Մինչդեռ բենզինի արտադրությունը նույն տեմպով չի աճել։ 2023թ. արձանագրվել է արտադրության պիկը, սակայն նույնիսկ այդ դեպքում դեֆիցիտը կազմել է 100,300 տոննա։


2024-ին պատկերը վատթարացել է՝ արտադրությունը նվազել է մինչև 1.251 մլն տոննա։ 2024 թվականին արտադրության և սպառման դեֆիցիտը կազմել է մոտ 375,000 տոննա։

Որքան բենզին է Ադրբեջանը արտահանում, որքան՝ ներկրում

2020-2024 թվականների ընթացքում Ադրբեջանն ավելի շատ ներկրել է բենզին, քան արտահանել։ Ըստ նույն Comtrade Database-ի տվյալների՝ 2024 թվականին ներկրումը հասել է գրեթե 380,000 տոննայի, ինչը կրկնակի ավելին է, քան 2023 թվականին։ Այս թիվը գրեթե հավասար է արտադրության և սպառման միջև առաջացած դեֆիցիտին։ Այսինքն՝ պակասող ամբողջ ծավալը գնվել է արտասահմանից։ Ստացվում է՝ 2024-ին Ադրբեջանի արտադրած բենզինը բավարարել է ներքին պահանջարկի 76.9%-ը։

Եթե 2020 թվականին Ադրբեջանը դեռ կարողանում էր արտահանել մոտ 64,000 տոննա բենզին, ապա 2024-ին այդ թիվը նվազել է մինչև չնչին 5,671 տոննայի։ Ադրբեջանի իշխանությունները ստիպված են եղել գրեթե ամբողջությամբ արգելափակել արտահանումը։

Ներկրման և արտահանման հիմնական ուղղությունները

2020-2024 թվականներին Բաքվի բենզինի հիմնական մատակարարը եղել է Ռուսաստանը։ Մոսկվան այդ ընթացքում Ադրբեջան է արտահանել 727,218 տոննա բենզին։

2024 թվականին Ադրբեջան ներկրված բենզինի մեծ մասը ձևավորվել է Ռուսաստանի և Բելառուսի միջոցով, սակայն Մոսկվան մեծ տարբերությամբ գերազանցել է երկրորդ տեղում գտնվող Բելառուսին՝ Բաքվին վաճառելով 191,442 տոննա բենզին։

Բացառություն է միայն 2021 թվականը, երբ Ադրբեջանին մատակարարած բենզինի ծավալով առաջինը Ռումինիան էր՝ 66,945 տոննայով։

2023 և 2024 թթ․ Թուրքիան դարձել է Ադրբեջանի բենզինի արտահանման թիվ 1 ուղղությունը։ 2023-ին արտահանման մոտ 67%-ը բաժին է ընկել Թուրքիային, 2024-ին այդ մասնաբաժինը էլ ավելի է մեծացել՝ կազմելով ընդհանուրի մոտ 74%-ը։

Վրաստանը միակ երկիրն է, որտեղ Ադրբեջանը վերջին տարիներին անընդմեջ բենզին է մատակարարել, սակայն ծավալներն այդքան էլ մեծ չեն։

Պատկերը 2025-ին

Trend․az-ի՝ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեից ստացված տվյալների համաձայն (արխ․)՝ 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր Ադրբեջանը վեց երկրներից ներմուծել է 105,300 տոննա АИ-25 բենզին, որի արժեքը կազմել է 89.7 միլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը նաև արտահանել է 4,200 տոննա АИ-25 բենզին՝ 2.8 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Արտահանման ուղղություններից է եղել (արխ․) նաև Վրաստանը։ Հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանը Վրաստանին է վաճառել 4,196 տոննա պրեմիում բենզին:

2025-ի դեկտեմբերին Report.az-ը, Վիճակագրական կոմիտեին հղումով, գրել էր, որ հոկտեմբերից Ադրբեջանը վերսկսել է պրեմիում բենզինի ներմուծումը Միացյալ Արաբական Էմիրություններից (ԱՄԷ): Նշվում էր, որ հունվարից հոկտեմբեր ամիսներին ԱՄԷ-ից ներմուծվել է 19,684 տոննա բենզին՝ 17,1 մլն դոլար արժողությամբ:

Ստացվում է, որ 2025-ին միտումը պահպանվել է. Ադրբեջանը շարունակում է մեծ ծավալներով պրեմիում բենզին ներկրել և չնչին ծավալներ արտահանել։

Ադրբեջանական լրատվականների համաձայն՝ 2025-ին Ադրբեջանում բենզինի արտադրության խնդիրները սկսվել է մարտ ամսին՝ Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի պատճառով, որի հետևանքով առաջին եռամսյակում ընդհանուր արտադրությունը նվազել է 12.3%-ով։

Այսպիսով, ստացվում է, որ
վերջին տարիներին Ադրբեջանում բենզինի սպառումը կտրուկ աճել է, իսկ արտադրությունը չի բավարարում պահանջարկը, ինչի պատճառով Բաքուն մեծ քանակի բենզին է ներկրում։ Սակայն, միևնույն ժամանակ, Ադրբեջանը նաև արտահանում է բենզին, ընդ որում նաև պրեմիում տեսակի։ Ուղղություններից մեկը Վրաստանն է։ 

Հայաստան, Վրաստանում և Ադրբեջանում պրեմիում բենզինի ներկրման և արտահանման ցուցանիշներին ծանոթանալու համար «Ստուգված է»-ն հարցում է արել պաշտոնական մարմիններին։ Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք այն։

Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում:

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել