Օֆելյա Սիմոնյան
Լրագրող, փաստեր ստուգող
Անձրևի աղոթքի արարողությունը Իրանի Մաշհադ քաղաքում, 2025 թվական, նոյեմբերի 13: Լուսանկարը՝ iranintl.com-ի:

Իրանը բախվել է աննախադեպ ջրային ճգնաժամի։ Թեհրանն ապրում է վերջին տասնամյակների ամենաչոր աշունը։ Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրի մակարդակով երկարաժամկետ տեղումները նվազել են ավելի քան 80%-ով, իսկ Թեհրանում այն գերազանցում է 90%-ը։ Ջրի պակասի պատճառով կառավարությունը որոշել է պարբերաբար դադարեցնել 10 միլիոն բնակչությամբ Թեհրանի ջրամատակարարումը, իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին ջրի պաշարներ կուտակել։ Մասնավորապես ռեկորդային ցածր տեղումների պատճառով մի շարք ջրամբարներ գրեթե դատարկ են։

«Ստուգված է»-ն Planet հարթակի միջոցով ուսումնասիրել է Իրանի լճերի և ջրամբարների արբանյակային պատկերները։ Դրանք բացահայտում են երկրի ջրային ճգնաժամի մասշտաբները և ցույց տալիս, թե ինչպես է ջրի մակարդակը կտրուկ նվազել նախորդ տարվա համեմատ։

Նման տեսք ուներ Լարի ջրամբարը 2022 թվականի հունիսին։

Պատկերը՝ Google Earth-ի:

Գիլան նահանգում Սեֆիդ Ռուդ գետի վրա կառուցված այս ջրամբարը ոռոգում է հսկայական գյուղատնտեսական հողեր։

Ամիր Քաբիրի ջրամբարը կառուցվել է Քարաջ գետի վրա։ Իրանի առաջին բազմաֆունկցիոնալ ջրամբարն է։

Ռուդբալ ջրամբարը գտնվում է Ռուդբալ գետի վրա։ ՀԷԿ-ի հզորությունը կազմում է 450 ՄՎտ։ Այն ապահովում է տեղական համայնքների ջրամատակարարումը։

Ուրմիան Մերձավոր Արևելքի երբեմնի ամենամեծ աղի լիճն է, այժմ այն մեծ մասամբ չորացել է՝ թողնելով հսկայական աղային շերտ։

Ուրմիա լիճը 2007 թվականին:Պատկերը՝ Google Earth-ի

Գոլեսթանի ջրամբար՝ կառուցված Գոլեսթան գետի վրա։

Թեհրանի ջրամբարները սովորաբար ապահովում էին մայրաքաղաքի ջրի 70%-ը, իսկ մնացած 30%-ը ապահովում էին ստորգետնյա ռեսուրսները։ Սակայն տեղումների ցածր քանակը և գոլորշիացման աճը նվազեցրել են ջրամբարների ջրի բաժինը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այս տարվա նոյեմբերի 6‑ին զգուշացրել էր, որ եթե մինչև ազար ամիսը* տեղումներ չլինեն, ստիպված կլինեն սահմանափակել բնակչությանը տրվող ջուրը կամ նույնիսկ տարհանել մայրաքաղաք Թեհրանը։

*«Ազար» ամիսը իրանական օրացույցով համընկնում է նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածին:

Նախագահը շեշտել էր ջրային և էներգետիկ ռեսուրսների ավելի լավ կառավարման և պահպանման անհրաժեշտությունը՝ Թեհրանում ստեղծված իրավիճակը որակելով որպես «տագնապալի»։

Թեհրանի տարածաշրջանային ջրային ընկերության գործադիր տնօրեն Բեհզադ Պարսան ստեղծված իրավիճակը անվանել է «աննախադեպ»։

Նա հայտարարել է, որ Ամիր Քաբիր ջրամբարի հետևում պահվում է ընդամենը 14 միլիոն խորանարդ մետր ջուր, որը համարժեք է դրա հզորության 8%-ին։

Իրանական աղբյուրները աննախադեպ երաշտի տարբեր գործոններ են նշում։ Նախ կլիմայական փոփոխություններ, որի հետևանքով՝ միջին տեղումների քանակի աստիճանական նվազում, տեղումների ժամանակային բաշխման փոփոխություն, երկարատև չորային շրջանների աճ: Հիշատակվում է նաև ջրային ռեսուրսների վատ կառավարումը, ստորերկրյա ջրային ավազանների անվերահսկելի շահագործումը, ոռոգման ոլորտում ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը: Թեհրանն ամեն տարի օգտագործում է 2.55 միլիարդ խորանարդ մետր ստորգետնյա ջուր, որը գնում է հիմնականում գյուղատնտեսության ու արդյունաբերության կարիքները հոգալու համար։

Իրանում կա նաև տարածված կարծիք, թե երաշտը արտաքին միջամտության հետևանք է, ինչը պաշտոնապես բազմիցս հերքվել է։

Իրանում հոգևորականների հորդորով նաև կազմակերպվել էին անձրև խնդրելու աղոթքներ։

Ուղարկեք մեզ նյութեր, որոնք ստուգման կարիք ունեն

ուղարկել