Հոկտեմբերի 7-ի ասուլիսում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռին, ասաց, որ որոշման հիմնական մեխն այն է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։
«110 էջանոց փաստաթղթի մեջ «սպանություն» բառը չկա, կա մահվան դեպքեր։ Կարծում եմ՝ մինչև հարցը տալը, եթե այդ թեմայից եք հարցնում, արժեր գոնե կարդալ։ Եվրադատարանի որոշումը հետևյալի մասին է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։ Այդ հայցը եղել է 2011 թվականին, ես արդեն երեք տարի նախագահ չէի, և 11 թվականից մինչև այսօր պետությունը բավարար ջանքեր չի գործադրել «մահվան դեպքեր» բացահայտելու համար»,- ասել էր Ռոբերտ Քոչարյանը։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզել է, որ հայտարարությունը մոլորեցնող է, քանի որ ՄԻԵԴ-ի՝ 2025թ․-ի սեպտեմբերի 18-ին հրապարակված վճռում արձանագրվել էր նաև, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների մեծ մասի դեպքում Հայաստանը խախտել է նրանց կյանքի իրավունքը։
Դատարանը միաձայն որոշմամբ արձանագրել էր, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում՝ բոլոր դիմումատուների հարազատների նկատմամբ՝ բացառությամբ Սամվել Հարությունյանի և Զաքար Հովհաննիսյանի։ Այդ դեպքերով պարզապես բավարար ապացուցողական բազա չէր հայտնաբերվել։
Այս գործին վերաբերող ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ զոհերը սպանվել են ոստիկանական ուժերի կողմից արձակված արցունքաբեր գազային նռնակներից կամ մարտական փամփուշտներից, իսկ ոստիկանության գործողությունները եղել են վատ պլանավորված, անհամաչափ և անհետևողական։ Օգտագործվել են բարձր մահաբեր զինատեսակներ՝ AK-74 ինքնաձիգներ, Մակարով ատրճանակներ, Չերեմուխա-7 արցունքաբեր նռնակներ, որոնք կիրառվել են սխալ եղանակով։
«Մահացու ուժի կիրառումը կարող է արդարացվել որոշակի հանգամանքներում՝ Եվրոպական կոնվենցիայի համաձայն, այդ թվում՝ անկարգությունը կամ ապստամբությունը ճնշելու համար: Սակայն, ցուցարարներին վախեցնելու և ցրելու համար 1405 միավոր 5.45 մմ լուսարձակող փամփուշտներ արձակելը, ինչպես մանրամասն նկարագրված է Կառավարության կողմից ներկայացված քիչ թվով փաստաթղթերից մեկում, խիստ անհամաչափ էր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վճռում նշվում է նաև, որ Հայաստանի իշխանությունները չեն իրականացրել զոհերի մահվան հանգամանքների արդյունավետ և լիարժեք քննություն։ Նշվում է, որ քննությունը ստեղծել է քաղաքական կողմնակալության տպավորություն, քանի որ ուղղված էր քաղաքական ընդդիմությանը, այլ ոչ թե ոստիկանության գործողություններին։
Մատնանշվել է նաև հանրային վերահսկողության և քննությանը արդյունավետ մասնակցության պակասը: Ըստ վճռի՝ դիմումատուները գործնականում բացառվել են ներպետական վարույթներից և գրեթե ամբողջությամբ տեղյակ չեն եղել որևէ զարգացման մասին՝ բացառությամբ որոշ նախնական դատաբժշկական փորձաքննությունների:
Այսպիսով, պնդումը, թե Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի որոշման հիմնական մեխն մահվան դեպքերի անբավարար քննությունն է, մոլորեցնող է։ Իրականում վճռի մեջ արձանագրված է ինչպես արդյունավետ քննությանն ու արդար դատաքննության բացակայությունը, այդպես էլ պետության կողմից՝ զոհերի դեմ անհամաչափ ուժի կիրառումն ու կյանքի իրավունքի խախտումը։