2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Կառավարությունն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 11-ին՝ չզեկուցվող հարցրի շրջանակում։
Սեպտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արարատը դրոշմի վրայից հանելու որոշմանը, ասաց, որ այն հայտնվել է 2004 թվականին և ակնարկեց, որ այդ որոշումը նպատակ է ունեցել լուծելու գործող իշխանության (Ռոբերտ Քոչարյանի) լեգիտիմության հարցը։
«Եթե մինչև 2004 թվականը այդ դրոշմը չի եղել, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի բացակայությունը։ Եվ երբ 2004 թվականին, եթե ես ճիշտ եմ հիշում թվականը, այդ դրոշմը հայտնվել է, ի՞նչ է նշանակել այդ դրոշմի հայտնվելը։ Ո՞րն է նախկինում այդպիսի դրոշմի բացակայության քաղաքական նշանակությունը և ենթատեքստը։ Ո՞րն է դրոշմի հայտնվելու քաղաքական նշանակությունն ու ենթատեքստը։ Ի՞նչ էր տեղի ունեցել 2004 թվականին։ Այդ ի՞նչ խնդիր էին ուզում լուծել այդ նորամուծությունը բերող պաշտոնյաները։ Գուցե լեգիտիմությա՞ն խնդիր էին լուծում»,- ասաց Փաշինյանը։
Սեպտեմբերի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստատեսության եթերում նշել էր, որ 2004-ին կնիքի վրա Արարատի պատկերը չկար, այն հայտնվել է միայն 2000-ականների կեսերից։
Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Արման Եղոյանը, սեպտեմբերի 16-ին Ֆակտոր TV-ի եթերում ասաց, որ կնիքի վրա Արարատի պատկերը կա ոչ թե տասնամյակներ, այլ 19 տարի։ Ստացվում է՝ լեռան ուրվագիծը, ըստ նրա, կնիքի վրա հայտնվել է 2006 թվականից։
Գործադիրի նոր որոշման մեջ նշված է, որ փոփոխություն և լրացում է կատարվել կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» N 702-Ն որոշման մեջ։ Այդ որոշումն ընդունվել էր 2008 թվականի հունվարի 17-ին։ Այնտեղ, ի թիվս այլնի, սահմանվել է, թե կնիքի վրա ինչ պատկերներ պետք է լինեն՝ «Ամսաթիվ-կնիքի վրա … պատկերված են Արարատ լեռը և օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային անցման կետի տարբերանշանը»:

Էկրանապատկերը՝ Կառավարության 2008 թվականի N 29-Ն որոշումից
«Ստուգված է»-ն գրավոր հարցմամբ դիմել էր նաև Հայաստանի կառավարությանը՝ հասկանալու, թե երբ է Արարատի պատկերն առաջին անգամ հայտնվել դրոշմանիշի վրա։ Հարցումը վերահասցեագրվել էր Ազգային անվտանգության ծառայությանը, որտեղից էլ պատասխանել են, որ պետական սահմանը հատողների անձնագրում դրվող կնիքի վրա Արարատ լեռան պատկերը առաջին անգամ նախատեսվել է ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 29-Ն որոշմամբ։
*Հարցման պատասխանի ստացման օրը պարզաբանման նպատակով ևս մեկ հարցում արեցինք ԱԱԾ-ին՝ հասկանալու, թե արդյոք պատասխանից ենթադրվո՞ւմ է, որ 2008 թվականից առաջ Արարատ լեռան պատկերը դրոշմանիշի վրա չի եղել։ Ի պատասխան՝ ծառայությունից հոկտեմբերի 13-ին արձագանքեցին, որ Արարատ լեռան պատկերով կնիքն օգտագործվել է 2006 թվականից, իսկ դրա ձևը սահմանվել է ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի N 29-Ն որոշմամբ։
Աստղանիշով նշված հատվածն ավելացվել է հոկտեմբերի 13-ին, 2025 թվական։