2025.01.06,

Ստուգված է

Ինչու արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն՝ չնայած անձնագրի առկայությանը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

2023 թվականին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար անձ է բռնի տեղահանվել ու ժամանակավոր պաշտպանություն (ԺՊ) ստացել Հայաստանում, սակայն 2024 թվականի տարեվերջի դրությամբ քաղաքացիության համար դիմել է նրանցից միայն 6682-ը, իսկ փաստացի քաղաքացիություն ստացել՝ 5510-ը։

Մենք նախկինում անդրադարձել էինք հարցին, թե ինչու են արցախցիները խուսափում ընդունել ՀՀ քաղաքացիություն և որքանով են այդ մտահոգություններն արդարացված։ Այժմ կներկայացնենք, թե ինչու են նրանք ստացել ՀՀ անձնագիր և նույնականացման քարտ, ինչու, ունենալով ՀՀ անձնագիր, միևնույն է, չեն համարվում Հայաստանի քաղաքացիներ, ինչու են ստացել հենց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ինչ վտանգ կարող էր ստեղծել նրանց բոլորին քաղաքացիության շնորհումը։

Արցախցիները կարո՞ղ էին համարվել ՀՀ քաղաքացիներ

1995թ. նոյեմբերի 28-ին ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքով Հայաստանի քաղաքացիներ են ճանաչվել՝

  • ՀՀ-ում մշտապես բնակվող նախկին Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, ովքեր մինչև Սահմանադրության ուժի մեջ մտնելը (13.07.1995թ) ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն կամ հրաժարվել են դրանից։
  • Վերջին երեք տարին Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր դիմում են Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար։
  • ՀՀ-ից դուրս բնակվող ծագումով հայ նախկին Խորհրդային Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն։

16-րդ հոդվածում նաև նշվում էր, որ ՀՀ քաղաքացիություն ստացած ծնողների մինչև 14 տարեկան երեխան ևս ձեռք է բերում քաղաքացիություն: Ստացվում է, որ 1981 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 1995-ի նոյեմբերի 28-ը ծնվածները մեխանիկորեն ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն ծնողների հիմքով։ 

Այսպիսով, ըստ օրենքի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք, ովքեր չեն հանդիսացել Խորհրդային Հայաստանի քաղաքացիներ և հատուկ չեն դիմել՝ քաղաքացիություն ձեռք բերելու համար, ոչ էլ ծնողների հիմքով են ձեռք բերել քաղաքացիություն, անկախ Հայաստանում բնակվելուց, չէին կարող համարվել ՀՀ քաղաքացիներ:

Քաղաքացիության մասին ԽՍՀՄ օրենքն ասում էր, որ Միութենական հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ԽՍՀՄ քաղաքացի է, միաժամանակ ինքնավար հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այն միութենական հանրապետության քաղաքացին է, որի կազմի մեջ մտնում է։

Ըստ Հայաստանի ներքին գործերի նախարարության՝ անձնագրային ոլորտը կանոնակարգող նախկին ԽՍՀՄ ՆԳՆ հրամանով՝ միութենական յուրաքանչյուր պետության համար սահմանվել են անձնագրերի բլանկների սերիաներ։ Օրինակ Հայաստանն ունեցել է CЛ կոդը, Ադրբեջանը՝ ЖГ, Վրաստանը՝ ТИ։ Խորհրդային միության փլուզման ժամանակ այս կոդերի օգնությամբ են երկրները կարողացել բնակչությանը առանձնացնել մեկը մյուսից։ Լեռնային Ղարաբաղը եղել է ինքնավար մարզ Խորհրդային Ադրբեջանում, հետևաբար արցախցիներն ունեցել են անդրբեջանական ЖГ կոդը։

Չնայած դրան, Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանի խոսքով՝ չէր կարող լինել այնպիսի իրավիճակ, որ ԼՂ բնակիչները համարվեին Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս եզրակացությանը նա եկել է 1998 թվականին ընդունված «Ադրբեջանի քաղաքացիության մասին օրենքի» ուսումնասիրության արդյունքում։

«Այս պարագայում հարց է առաջանում՝ ո՞ր երկրի քաղաքացիներ են ԼՂ բնակիչները, եթե քաղաքացիության օրենքների ընդունման պահին, 95-ին՝ Հայաստանում, 98-ին՝ Ադրբեջանում, երկու օրենքներն էլ չեն տարածվել Լեռնային ղարաբաղի բնակչության վրա։ Հարցի պատասխանը մեկն է՝ նրանք ԼՂ քաղաքացիներ են, որը թեև եղել է չճանաչված պետություն, բայց եղել է պետական միավորում՝ որոշակի իրավակարգ։ Սա առաջին կանխադրույթը, որ ՀՀ քաղաքացիությունը ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակչության վրա»,- ասել էր փոխնախարարը:

Արմեն Ղազարյանի խոսքով՝  ԼՂ և ՀՀ բնակչության տարբերակումը իրականացվել է ոչ միայն անձնագրի կոդով, այլ առավելապես հաշվառման ինստիտուտի միջոցով։ Լեռնային Ղարաբաղի բնակիչներ համարվել են նրանք, ովքեր պահպանել են ԼՂ հաշվառումը և Հայաստանում ստացել են այլ նմուշի անձնագրեր։

«Մինչև հաշվառման փոփոխությունը, երբ անձը ՀՀ-ում դիմում էր, ուներ Ղարաբաղի հաշվառում և ուզում էր ձեռք բերել ՀՀ հաշվառում, ՀՀ վարչական մարմինը հարցում էր կատարում ԼՂ անձնագրային ծառայություն ու հարցնում՝ արդյոք դուք թույլ եք տալիս, որ ես տվյալ անձի հաշվառումը փոխեմ»,- ասել էր Արմեն Ղազարյանը։ 

Ստացվում է, որ հաշվառումը փոխելու՝ նախկինում ընդունված ձևը հիմա չի կարող աշխատել, քանի որ չկա որևէ մարմին, որին կարելի է հարցում անել հաշվառումը փոխելու համար։ 

Ինչո՞ւ են արցախցիները ստացել ՀՀ նմուշի անձնագրեր

1999 թվականի փետրվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կնքվել է «անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագիր, ըստ որի Հայաստանը, որոշակի հանգամանքներում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչներին տրամադրում է անձնագրեր: Այս համաձայնագրին է Հայաստանը հղում արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)՝ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» գործի շրջանակում։ Խոսքը 2005-ին Հայաստանի դեմ ներկայացված գանգատի մասին է, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանվածների իրավունքների խախտմանը:

Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսվում է՝ «Կողմերը համաձայնում են, որ իրենց քաղաքացիները կողմերից յուրաքանչյուրի տարածքում ունենան ազատ տեղաշարժվելու և բնակվելու իրավունք»։

Ըստ համաձայնագրի՝ ԼՂՀ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են լքել իրենց երկրի կամ Հայաստանի տարածքը, կարող են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության անձնագիր։ ԼՂՀ քաղաքացիների՝ ՀՀ անձնագիր ձեռք բերելը նրանց չէր շնորհում Հայաստանի քաղաքացիություն։ Այդ անձնագրերը կարող էին միայն օգտագործվել ԼՂ և ՀՀ տարածքներից դուրս ճամփորդելու նպատակով և չէին կարող օգտագործվել որպես անձը հաստատող փաստաթուղթ ներքին օգտագործման համար։

Դատական նույն գործում Հայաստանի կառավարությունը պնդել էր, որ 1999 թվականի համաձայնագրի շրջանակում անձնագիր է ստացել ավելի քիչ, քան 1000 անձ:

Ինչո՞ւ են արցախցիները ստացել ՀՀ նույնականացման քարտեր

Ըստ ՆԳ Նախարարության՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած 20196 անձ ունեցել է ՀՀ նույնականացման քարտ (ID)։ Արցախից բռնի տեղահանվածների՝ Հայաստանի քաղաքացիություն ձեռքբերման հարցերի թեմայով ԱԺ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ հնչեցին նաև հարցադրումներ, թե ինչու են արցախցիներին տրամադրել նույնականացման քարտեր, եթե նրանք չեն հանդիսացել ՀՀ քաղաքացիներ։ Չէ որ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքով ID քարտ կարող են ստանալ միայն ՀՀ քաղաքացիները։ 

Մենք այս հարցն ուղղել էինք Ներքին գործերի նախարարությանը։ Ի պատասխան գերատեսչությունն ասել է՝ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը չի ունեցել նույնականացման քարտերի համակարգ, փաստաթուղթը տրամադրվել է քաղաքացիների նույնականացումը ապահովելու նպատակով․ այն որևէ հավելյալ արտոնություն չի ենթադրում։

«ՀՀ կառավարության 2023 թ-ի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման ընդունումից և ոլորտի կարգավորումից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց նույնականացման քարտեր չեն տրամադրվել»,- նշված էր նախարարության գրավոր պատասխանում։

Փոխնախարար Արմեն Ղազարյանը արցախցիների հետ հանդիպմանը նշել էր, որ նույնականացման քարտեր չպետք է տրվեին, բայց տրվել են օրենքի խախտումով, «ըստ այդմ մենք չենք կարող հիմա էդքան մարդու խնդիր առաջացնել»։

Ընդունելով ՀՀ քաղաքացիություն՝ զրկվո՞ւմ են անվճար բուժծառայությունից

ԱԺ-ում կայացած քննարկման ժամանակ արցախցիներից մեկի կողմից հնչեց պնդում, թե դառնալով ՀՀ քաղաքացի վերաբնակիչները զրկվում են անվճար բուժծառայությունից։

Առողջապահության նախարարությունից մեզ հետ զրույցում հերքեցին այս պնդումը՝ հղում անելով Կառավարության 318 որոշմանը, որտեղ սահմանված է պետպատվեր ունեցողների ցանկը։

«Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակով պետպատվեր ստացողների ցանկում ներառված են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները։ ՀՀ քաղաքացիության ընդունումը որևէ բան չստանալու հիմք չէ, քանի որ մեր ելակետը ոչ թե անձնագիրն է, այլ Կառավարության 318 որոշումը, որտեղ նշված է շահառուների ցանկը»,- նշեց նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Կառավարության՝ մեզ տրամադրած պատասխանում ևս նշված էր, որ բռնի տեղահանվածները կարող են օգտվել առողջության առաջնային ապահովման (ԱԱՊ) ծառայությունից։ Այսինքն նրանց բժշկական օգնությունն ու սպասարկումը պետք է իրականացվի կամ անվճար, կամ արտոնյալ պայմաններով, իսկ դեղերը հատկացվեն անվճար։

Ինչո՞ւ ժամանակավոր պաշտպանության (ԺՊ) կարգավիճակ

Կառավարության 1864-Ն որոշումով՝ 2023-ի հոկտեմբերի 26-ի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ճանաչվեցին փախստական և ստացան ժամանակավոր պաշտպանության (ԺՊ) կարգավիճակ։ 

Փախստականն այն անձն է, որը գտնվում է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրի սահմաններից դուրս և հնարավորություն կամ ցանկություն չունի վերադառնալու այդ երկիր` հետապնդումների, ռասայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով:

«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածով՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձը ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ փախստականը, այն տարբերությամբ, որ այս կարգավիճակը ենթադրում է հրատապ և ժամանակավոր պաշտպանություն։ Տրվում է ի պատասխան հանկարծակի և զանգվածային ներհոսքերի։ Նրանցից չեն պահանջում ապաստանի անհատական դիմումներ, այլ ամբողջ խմբի համար բացվում է մեկ միասնական գործ։

Այսպիսով՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գլխավոր առավելությունը գործերի խմբային, հետևաբար՝ հրատապ քննությունն է։

Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը՝ 070 ծածկագրով, և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ 2024թ․ հունվարի 27-ին Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական:

Ի դեպ, Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ԵՄ տարածքում ապաստանած ուկրաինացիներին ևս տրվել է ժամանակավոր պաշտպանություն։ 2024-ի սեպտեմբերի տվյալներով՝ մոտ 4.2 միլիոն ուկրաինացի օգտվում է այդ կարգավիճակից։

Ովքե՞ր կարող են օգտվել ժամանակավոր պաշտպանությունից

Ըստ 1864-Ն որոշման՝ ոչ բոլոր տեղահանվածները կարող են օգտվել ժամանակավոր պաշտպանությունից, որը ենթադրում է նաև սոցիալական աջակցություն։ Եթե անձը ՀՀ կամ օտար պետության քաղաքացի է, ապա չի ստանա կարգավիճակ։ 

Արցախցիները ԺՊ կարգավիճակից կարող են օգտվել, եթե անձնագրավորված են Լեռնային Ղարաբաղի 070 ծածկագրով և հաշվառված են այնտեղ, ծնողներից մեկը ԼՂ քաղաքացի է, իսկ մյուսը ՀՀ կամ երկու ծնողներն էլ ԼՂ քաղաքացիներ են: 

Անչափահասները 070 ծածկագրով անձնագրավորված չլինելու դեպքում կհամարվեն ՀՀ քաղաքացի ու չեն ստանա ժամանակավոր պաշտպանություն, քանի որ ԼՂ քաղաքացի ծնողը չի կարող փոխանցել իր քաղաքացիությունը:

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 12-րդ հոդվածից նաև հետևում է, որ եթե երեխան ծնվել է Հայաստանում և ծնողները չեն կարող իրենց քաղաքացիությունը (իսկ ԼՂ բնակիչները չեն կարող) փոխանցել, ապա անկախ ծնողների ԺՊ կարգավիճակից, երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն։

Ի՞նչ ռիսկեր կստեղծվեին՝ առանց ժամանակավոր պաշտպանության վկայականի

Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ բոլոր տեղահանվածներին ՀՀ քաղաքացիության շնորհումը վտանգներ կարող էր ստեղծել ինչպես արցախցիների, այդպես էլ Հայաստանի Հանրապետության համար.

«Նախ «Չիրագովի գործի» ընթացքում Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ ֆիքսել էր, որ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն՝ չնայած ունեն ՀՀ անձնագիր և դա տրվել է ճամփորդության նպատակով։ Առանց ֆիքսելու նրանց բռնի տեղահանված և փախստական լինելու հանգամանքը, ուղղակի սահմանին քաղաքացիություն տալը այդ մարդկանց կզրկեր որպես բռնի տեղահանվածներ, որպես փախստականներ հետագայում իրենց բոլոր իրավունքները իրացնելու հնարավորությունից։ Այսինքն այդ մարդիկ ուղղակի կդառնային ՀՀ քաղաքացիներ՝ առանց վերադարձի իրավունքի, առանց սեփականության նկատմամաբ իրավունքի… Ինչ-որ կերպ պետք էր ֆիքսել նրանց բռնի տեղահանված և փախստական լինելը։ Այդ առումով սա շատ կարևոր որոշում էր»,- «Ստուգված է»-ին ասաց միգրացիոն փորձագետը։

Ըստ Տաթևիկ Բեժանյանի՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհումը կանխել է որոշ ռիսկեր, քանի որ Չիրագովի հայցը Հայաստանի դեմ փաստում էր, որ Ադրբեջանի քաղաքականությունն է ներկայացնել, թե Արցախում բնակվել են ՀՀ քաղաքացիներ։ Այդպիսով, ըստ մասնագետի, Արցախի տարածքը, որը ադրբեջանցիները համարում են իրենցը, կհամարվեր զավթված Հայաստանի կողմից։

Բեժանյանը փախստականի վկայականը համարում է ծայրահեղ կարևոր և անվանում այն «փրկության քարտ», քանի որ հենց այնտեղ է ֆիքսված, որ արցախցիները ենթակա չեն վերադարձի Ադրբեջան.

«Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) քարտի QR կոդում հստակ ֆիքսված է, որ անձինք ենթակա չեն վերադարձի Ադրբեջան։ Նրանք կարող են վերադառնալ միայն Հայաստան, որտեղ էլ ստացել են ժամանակավոր պաշտպանություն։ Դա շատ կարևոր է, քանի որ եթե նրանք չէին հանդիսանում ՀՀ քաղաքացիներ, ապա արտերկրում անօրինական գտնվելու պարագայում, եթե արտաքսման հարց առաջանար, նրանց պետք է ուղարկեին այն հասցե, որը նշված է անձնագրում։ Նման դեպքերում մարդկանց ուղարկում են կամ իրենց մշտական բնակության, կամ քաղաքացիության երկիր։ Այս պարագայում մշտական բնակության երկիրը Ադրբեջանի տիրապետության տակ է, քաղաքացիության երկիր էլ արցախցիները չունեն, հետևաբար նրանց պետք է ուղարկեին Ադրբեջան, եթե նրանք չունենային Հայաստանի կողմից տրված փախստականի կարգավիճակն ու ժամանակավոր պաշտպանությունը հավաստող փաստաթուղթը։ Ուստի ես դրան ասում եմ «փրկության քարտ» »,- ասում է Տաթևիկ Բեժանյանը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *