2024.10.06,

Ստուգված է

«Վարդագույն այլմոլորակայինները» Երևանում էին «Հայֆեստի» շրջանակում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հոկտեմբերի 5-ից ֆեյսբուքի հայաստանյան տիրույթում տարածվում են Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում վարդագույն հագուստով մարդկանց փողոցային փերֆորմանսի դրվագներ (արխիվացված)։ Տեսանյութն առաջինը տարածողներից էր (արխիվացված) լրագրող Նաիրի Հոխիկյանը, որը կատարումը ներկայացրել էր որպես «այլասերման և սատանիզմի ակնհայտ քարոզ»։ Տեսանյութն այժմ ունի 318 հազար դիտում, 1300 հավանում և նույնքան էլ մեկնաբանություն։

Մեկնաբանողների մեծ մասը՝ առանց մանրամասները պարզելու, քննադատում, վիրավորում և սպառնում էին ներկայացման մասնակիցներին և կազմակերպիչներին՝ չիմանալով, թե ովքեր են նրանք, և արդյոք պետությունը կամ Երևանի քաղաքապետարանն առնչություն ունեն այս միջոցառման հետ։

Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզել է միջոցառման մանրամասները։

Խոսքը «Հայֆեստ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնի շրջանակում կազմակերպված (արխիվացված) «Ներխուժում» / “The Invasion” ինտերակտիվ ներկայացման մասին է, որը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 3-ին։ Տևողությունը 35 րոպե էր։ Փերֆորմանսն իրականացնում էր Լյուդ Գրուփը՝ Սլովենիայի Հանրապետությունից։ Ռեժիսորներն են Վիդա Չերկվենիկ Բրենը և Յաշա Ջենուլը։

Միջոցառման նկարագրության հատվածում նշված է, որ «Ներխուժում» ներկայացման կարևոր առանձնահատկություններից է դերասանի և հանդիսատեսի միջև անմիջական կապի ստեղծումը:

«… Վարդագույն միջգալակտիկական ներգաղթյալները տիեզերքից պատահաբար վայրէջք են կատարել մեր մոլորակի վրա։ Մենք հրավիրում ենք հանդիսատեսին ակտիվորեն դիմակայել իրենց անձնական այլատյացությանը»,- նշված է Լյուդ Գրուփի պաշտոնական կայքում:

Ներկայացման պրեմիերան եղել է 2008 թվականին Ավստրիայում, որից հետո «այլմոլորակայինները» հայտնվել են 31 երկրների ավելի քան 90 միջազգային փառատոններում, այդ թվում Բելառուսի, Ռուսաստանի, Իսրայելի և այլն։

Ինչ վերաբերում է «Հայֆեստ» միջազգային փառատոնին, որի շրջանակում էլ արտիստները ժամանել են Հայաստան, ապա այն կազմակերպվում է սկսած 2003 թվականից։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

2019-2021 թթ. Եվրոպական փառատոնների ասոցիացիան «Հայֆեստ»-ը ընդգրկել է 24 լավագույն փառատոնների ցանկում:

2023 թվականին «Հայֆեստ» 21-րդ միջազգային փառատոնի կազմակերպման համար Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն «Հայ դերասանների միություն» ՀԿ-ին հատկացրել էր 5 մլն դրամ։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *