2024.10.04,

Ստուգված է

Ինչպես «Արևմտյան Ադրբեջան» պատմույթը դարձավ Բաքվի պաշտոնական քարոզչության մաս

author_posts/lusine-voskanyan
Լուսինե Ոսկանյան

Լրագրող

Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են միջազգային հարթակներում առաջ մղել «Արևմտյան Ադրբեջանի» պատմույթը։ Մասնավորապես, վերջին նման դեպքը արձանագրվեց սեպտեմբերի 28-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում բարձրաձայնեց ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադարձի հարցը։

Բայրամովի խոսքով՝ մոտ 300,000 ադրբեջանցիներ շարունակում են զրկված մնալ իրենց «նախնիների հայրենիք» վերադառնալու իրավունքից։ Նա պնդեց, որ «Արևտյան Ադրբեջանի համայնքը» բազմիցս կոչ է արել երկխոսություն սկսել, սակայն Հայաստանի կառավարությունը նրանց «զրկում է միջազգային ակտերում ամրագրված հիմնարար իրավունքից»։

Սա տրամաբանական շարունակությունն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տասնամյակներ տևող քաղաքականության, որտեղ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է, իսկ Հայաստանը՝ ադրբեջանցիների պատմական հայրենիքը։

«Ստուգված է»-ն ուսումնասիրել է, թե երբ և ինչպես է «Արևմտյան Ադրբեջանի» մասին պատմույթը հայտնվել ու ինչ զարգացումներ է ապրում ներկայում։

Հարձակում պաշտպանվելու փոխարեն․ Հեյդար Ալիևի քաղաքականությունը

Ադրբեջանի երրորդ նախագահ, գործող նախագահի հայր Հեյդար Ալիևը Ադրբեջանի անկախանալուց հետո պարբերաբար հիշատակել է թեզը, որ Հայաստանի Հանրապետության շատ տարածքներ ադրբեջանցիների պատմական հայրենիքի մաս են։ Ի տարբերություն Իլհամ Ալիևի՝ նա միջազգային հարթակներում հաճախ չի գործածել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, սակայն գրեթե նույն բովանդակությունն է արտահայտել՝ այլ փաթեթավորմամբ։ Մասնավորպես, նա բազմիցս հայտարարել է, որ ներկայիս Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը նախկինում պատկանել են ադրբեջանցիներին, և Հայաստանի վերահսկողության տակ են հայտնվել միայն խորհրդային իշխանությունների պատճառով։

Մասնավորապես, 1991թ․-ին հայր Ալիևը պնդել էր, որ Ադրբեջանը պետք է «վերականգնի» իր իրավունքները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլև այն բոլոր տարածքների, որոնք 1920 թվականից ի վեր տրվել են Հայաստանին Ադրբեջանի տարածքից։

«Մենք այլևս չպետք է Հայաստանի հետ երկխոսությունում գտնվենք պաշտպանվողի դիրքում, այլ պետք է լինենք հարձակվող դիրքում և, ․․․, պետք է պայքարենք այդ հողերի վերադարձի համար», – ասել է նա Ադրբեջանի Գերագույն խորհրդի նիստերից մեկի ժամանակ։

1996թ․-ին Շուշիից ու Լաչինից ադրբեջանցի փախստականների հետ հանդիպման ժամանակ Հեյդար Ալիևը կրկին անդրադարձել է այդ հարցին․

«Մենք՝ ադրբեջանցիներս, աչք չենք դնում այլ ժողովուրդների տարածքների վրա։ Սակայն անցյալում տարբեր իրադարձությունների արդյունքում Ադրբեջանի որոշ հողեր փոխանցվել են այլ կողմերի, այդ թվում նաև այժմ Հայաստանի տարածքում գտնվող որոշ տարածքներ։ Դրանք եղել են Ադրբեջանի տարածքը անհիշելի ժամանակներից. Գոյչայի շրջանը (հեղ․- Գեղարքունիքի մարզ), Զանգեզուրի շրջանը և այլն»։

1998թ․-ին «Կովկասի իսլամական քաղաքակրթություն»-ը սիմպոզիումի ժամանակ Հեյդար Ալիևն օգտագործել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթն առաջին անգամ.

«Այն տարածքում, որը հիմա կոչվում է Հայաստան, Արևմտյան Ադրբեջանում՝ Իրավանի շրջանում, Գոյչայի շրջանում, Զանգեզուրի շրջանում, ապրել են մուսուլմաններ և ադրբեջանցիներ»,- հայտարարել է նա։

2001թ․-ին Հեյդար Ալիևը իր ժողովրդին ուղղած ելույթում հայերին ու Խորհրդային միության իշխանություններին մեղադրել է 1948-1953թթ․ «Արևմտյան Ադրբեջանից» բոլոր ադրբեջանիցիներին տեղահանելու համար՝ շեշտելով, որ «Գոյչան, Զանգեզուրը և այլ տարածքներ պատմական ադրբեջական հողեր են»։

Ալիևը մահացավ այդ ելույթից երկու տարի անց։ Նրա որդու՝ Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո «Արևմտյան Ադրբեջանի» մասին թեզը դարձավ Ադրբեջանի պետական քարոզչության անբաժանելի մասը։

«Արևմտյան Ադրբեջանի վերադարձը»՝ ռազմավարական նպատակ․ Իլհամ Ալիևի նախագահությունը

Իլհամ Ալիևն Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվեց 2003 թվականին։ Նախագահության առաջին իսկ տարիներից տարբեր ելույթներում նա կրկնում էր Ալիև ավագի պնդումները, թե ՀՀ տարածքները իրականում ադրբեջանական են, ավելին՝ Երևանն իրենք են նվիրել Հայաստանին, իսկ տարածաշրջանում հայերն առհասարակ հայտնվել են «հյուրի» կարգավիճակում։

2015թ․-ին Ալիևն արդեն սկսեց խոսել այդ տարածքներ ադրբեջանական բնակչության վերադարձի անհրաժեշտության մասին։*

«Ներկայիս Հայաստանում գյուղերի 80 տոկոսն ունի ադրբեջանական ծագման անվանումներ։ Սրանք մեր պատմական հողերն են, և մենք անպայման կվերադառնանք այդ հողեր:* Ուրիշ ճանապարհ չկա։ Սա է մեր ռազմավարական նպատակը, և մենք աշխատում ենք ու շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ։ Մեր տնտեսական, քաղաքական, ռազմական հզորությունը, մեր ժողովրդագրական վիճակը, այս ամենը հիմք է տալիս դրա համար»,- հայտարարել է Ալիևը իր կառավարության հետ հանդիպման ժամանակ:

Ալիևը այս հայտարարություններն արդեն անում էր ոչ միայն ներքին լսարանի, այլև միջազգային հարթակի համար։*

2015թ․-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովին Ալիևն իր ելույթի մեծ մասը հատկացրել էր Հայաստանի հետ տարածքային խնդիրներին։ Նա հայտարարել է, որ Հայաստանի մայրաքաղաքը ադրբեջանական պատմական Իրավան քաղաքն է և պնդել, որ այս հարցում միջազգային իրավարար փաստաթղթերը Ադրբեջանի օգտին են։

2018թ․-ին արդեն Ալիևը խրախուսում էր «Իրավանի, Զանգեզուրի ու Գոյչայի» մասին ֆիլմերի նկարահանումը, հետազոտությունների իրականացումը, «որպեսզի նոր սերունդը իմանա այդ մասին»․

«Առաջիկա տարիներին մենք պետք է ավելի ակտիվ լինենք այս ուղղությամբ, աշխարհի տարբեր ծայրերում պետք է կազմակերպվեն ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, քանի որ Իրավանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական տարածքներ։ Սա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը, և մենք պետք է աստիճանաբար հասնենք դրան»։

Ալիևի հետպատերազմյան հռետորաբանությունը

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում ստեղծվեց  «Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտին»։ Այն ներառում է նախկինում հայկական վերահսկողության տակ գտնվող Ջեբրայիլի, Քելբաջարի, Ղուբաթլուի, Լաչինի և Զանգիլանի շրջանները, որոնք ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։

Գոտու ստեղծումից օրեր անց արդեն Իլհամ Ալիրևը հայտարարում է՝ եթե կա արևելյան Զանգեզուր, կա նաև արևմտյան Զանգեզուր.

«Հայաստանում հիմա ասում են, որ Իլհամ Ալիևը տարածքային պահանջներ է ներկայացնում։ Այո՛, Արևմտյան Զանգեզուրը մեր նախնիների հողն է։ Ես ասել եմ, որ պետք է վերադառնանք այնտեղ։ [․․․] Մենք անպայման կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա»․- ասել է նա։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ստեղծումը

1989թ․-ին ադրբեջանցի փախստականների խնդիրներով զբաղվող՝ «Ադրբեջանի փախստական հասարակություն» կազմակերպությունը 2022-ին վերանվանվեց՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»։

Կազմակերպության կայքում հստակորեն նշված են «Արևմտյան Ադրբեջանի» սահմանները․ Հյուսիսում այն սահմանակցում է Վրաստանին, Արևելքում՝ Ադրբեջանին, Արևմուտքում՝ Թուրքիային, իսկ հարավում՝ Իրանին։

2022թ․-ի դեկտեմբերին կազմակերպության գրասենյակ այցի ժամանակ Ալիևը նշել էր, որ կազմակերպությունը պետք է զբաղվի վերադարձի հայեցակարգի զարգացմամբ։ Այսօր արդեն Արևմտյան Ադրբեջանի hամայնք կայքում կա առանձին բաժին՝ «Վերադարձի հայեցակարգ» անվանմամբ։

Հայեցակարգում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածք պետք է վերադառնան ոչ միայն փախստականները, այլև նրանց իրավահաջորդները։ Ավելին՝ նշվում են այն պարտադիր պայմանները, որոնց միջոցով պետք է տեղի ունենա գործընթացը։ Կազմակերպությունը պահանջում է «միջազգային մոնիտորինգի, հաշվետվողականության, անվտանգության, միջամտության և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում՝ վերադարձված բնակչությանը վտարման, խտրականության և վնասի կրկնությունը կանխելու համար»:

Ըստ այս հայեցակարգի՝ միջազգային առաքելությունը պետք է տեղակայվի մինչև վերադարձը, վերահսկողության տակ վերցնի համապատասխան տարածքները, ունենա քաղաքացիական-ռազմական համակարգման կարողություն, ոստիկանության բաղադրիչ և քաղաքացիական կառավարման լիազորություններ և գործի այնքան ժամանակ, «քանի դեռ համայնքը անհրաժեշտ է համարում»:

Կազմակերպությունը ակտիվ աջակցություն է ստանում Ադրբեջանի կառավարությունից։ 2023թ․-ին սկսեց գործել նաև «Արևմտյան Ադրբեջան» հեռուստաընկերությունը։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կայքում առաձին բաժին նվիրված է թեմայով գրված գրքերին։ Առնվազն 38 գիրք է նվիրվել Հայաստանում գտնվող պատմամշակութային արժեքներին, պատմական իրադարձությունների և այլն։

Հայաստանի՝ արբեջանցիների պատմական հայրենիք լինելու մասին գրքերի շարքը՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կայքում

Այսօր «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ակտիվ գործիք է երկրի արտաքին քաղաքականությունում։ Դրա անդամները մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում անցկացվող քննարկումներում, Արևմտյան Ադրբեջանի մասին հարցեր տալիս միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին։ Կազմակերպության հեռուստատեսությունը և կայքը գործում են նաև անգլերեն և ռուսերեն։

* Ծանուցում․ «Ներկայիս Հայաստանում գյուղերի 80 տոկոսն ունի ադրբեջանական ծագման անվանումներ։ Սրանք մեր պատմական հողերն են, և մենք անպայման կվերադարձնենք այդ հողերը» նախադասությունում խմբագրվել է և փոխարինվել հետևյալ նախադասությամբ․ «Ներկայիս Հայաստանում գյուղերի 80 տոկոսն ունի ադրբեջանական ծագման անվանումներ։ Սրանք մեր պատմական հողերն են, և մենք անպայման կվերադառնանք այդ հողեր»։

«2015թ․-ին Ալիևն արդեն սկսեց խոսել այդ տարածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մտադրության մասին» նախադասությունը խմբագրվել է ու վերահրապարակվել է այս տարբերակով․ «2015թ․-ին Ալիևն արդեն սկսեց խոսել այդ տարածքներ ադրբեջանական բնակչության վերադարձի անհրաժեշտության մասին»։

«Ալիևը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի զգալի մասի վրա վերահսկողություն հաստատելու մասին հայտարարություններն արդեն անում էր ոչ միայն ներքին լսարանի, այլև միջազգային հարթակի համար» նախադասությունը վերաշարադրվել է այս տարբերակով․ «Ալիևը այս հայտարարություններն արդեն անում էր ոչ միայն ներքին լսարանի, այլև միջազգային հարթակի համար»։

Փոփոխությունները կատարվել են 2024թ․-ի նոյեմբերի 23-ին։

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Ինչպես «Արևմտյան Ադրբեջան» պատմույթը դարձավ Բաքվի պաշտոնական քարոզչության մաս”
  1. Arpi says:

    Հարգելի՛ հեղինակ, թարգմանության մեջ սխալ եք թույլ տվել, ինչից աղավաղվել է ողջ իմաստը։ Իլհամ Ալիևը երբեք չի խոսել հողերը վերադարձնելու մասին, տվյալ ելույթում նա ասում է «կվերադառնանք» և ոչ «կվերադարձնենք»։

  2. Gegham says:

    Հարգելի Արփի, շնորհակալ ենք հոդվածում վրիպակը նկատելու համար։ Այն վերախմբագրվել է՝ հաշվի առնելով դա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *