Սեպտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը լեգենդ անվանեց խոսակցությունները, թե Երևանում օդի որակը շատ վատն է։ Նա նշեց, որ PM 2.5 մասնիկները փոշու հիմնական ցուցիչն են, որոնք, ըստ տեղադրված սարքերի, կամ ցածր փոշոտվածություն են ցույց տալիս, կամ միջին փոշոտվածության ամենացածր շեմը։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզեց, որ քաղաքապետի այս պնդումը մոլորեցնող է, քանի որ PM 2.5-ը (մանրահատիկ փոշին) միակ ցուցիչը չէ, որով չափվում է օդի աղտոտվածության մակարդակը։ Այն չափվում է նաև համեմատաբար ավելի մեծ՝ PM 10 տեսակի մասնիկների առկայությամբ, որի կոնցենտրացիան Երևանում շատ դեպքերում գերազանցում է սահմանված առավելագույն շեմը։
Ավինյանը շեշտեց, որ երկու պետական մարմին՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը և քաղաքապետարանը իրարից տարբերվող տվյալներ են ներկայացնում:
«․․․ Ես հիմա մեր օնլայն սարքերը բոլորը տեսնում եմ։ Յուրաքանչյուր րոպե և ժամ սարքերը տվյալները տալիս են։ Միգուցե մեթոդաբանության մեջ է խնդիրը, խնդրում եմ ՊՈԱԿ-ի հետ հասկանալ՝ ինչումն է խնդիրը։ Կարելի է ասել՝ ինչ տալիս են մեր սարքերը, ավտոմեքենաների միջի սարքերով էլ հաստատվում են: Այսինքն այն տարաբնույթ քննարկումները և այն լեգենդը, որ Երևանում օդի որակը շատ վատն է, մասնավորապես, շատ փոշոտ է, փոշու հիմնական ցուցիչը P.M 2.5 ցուցիչն է, որը այս սարքերով արդեն որերորդ ամիսն է կամ ցածր փոշոտվածություն է ցույց տալիս, կամ միջին փոշոտվածության ամենացածր շեմը»,- ասաց քաղաքապետը:
Yerevan.am կայքում կարելի է տեսնել օդի աղտոտվածության չափը այն հատվածներում, որտեղ կան օդի մշտադիտարկման սարքեր։ Քննարկման ժամանակ քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանն ասաց, որ օգոստոսին սարքերի թիվը եղել է 85, իսկ այս պահին 117 է։ Նրա փոխանցմամբ՝ դրանք տեղադրված են շինհրապարակներում, որտեղ փոշու կոնցենտրացիան բարձր է։
Քաղաքապետն ու վարչության պետը, սակայն, չէին ներկայացրել աղտոտվածության չափման ևս մեկ կարևոր միավոր՝ PM 10-ը, որի վերաբերյալ կայքում ևս տվյալներ հրապարակվում են։ Ըստ մշտադիտարկում իրականացնող սարքերի՝ PM 10-ի կոնցենտրացիան շատ դեպքերում գերազանցել է սահմանված 60 միկրոգրամը։
Ճիշտ է, PM 2.5 մասնիկները Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ճանաչվել են որպես խիստ վտանգավոր, քանի որ ունեն ավելի փոքր չափեր և թոքերի մեջ խորը ներթափանցելու և արյան մեջ մտնելու ունակություն: Մասնավորապես, կարող են առաջացնել թոքերի քաղցկեղ, ինսուլտ, սրտի իշեմիկ հիվանդություն և ավելի վտանգավոր են, քան ավելի մեծ մասնիկները (PM10)։ Սակայն PM10-ի առկայությունը օդում ևս վտանգավոր է և կարող է առողջական լուրջ հետևանքներ առաջացնել և հատկապես ազդել շնչառական համակարգի վրա և առաջացնել սրտանոթային խնդիրներ։ Դա է պատճառը, որ մշտադիտարկման մեջ ներառված են նաև այս տվյալները։
Ստորև կարելի է տեսնել այն հասցեները, որտեղ օդում PM10-ի կոնցենտրացիան առավելագույն 60 միկրոգրամից բարձր է։
Այծմենիկ Ուրարտու 82/5 հատվածում աղտոտվածությունը նորմայից բարձր է 4-ով։
Արշակունյաց 33-ում բարձր է 3-ով։
Անտառային 123/4 և 125/4-ում կրկին 2-ով։
Քանաքեռ-Զեյթուն, Դրոյի 22-ում գրեթե 2-ով։
Նույն փողոցի մեկ այլ հասցեում՝ 13/1-ում, բարձր է գրեթե երեքով։
Ուլնեցու 45/1 հասցեում բարձր է 10-ով։
Միկոյան 107/4-ում սահմանվածից բարձր է գրեթե 11-ով։
Գրիբոյեդովի 17-ում գրեթե 7-ով։
Մոնիթորինգի տվյալներն ուսումնասիրելիս տեսնում ենք նաև, որ առնվազն երեք կետերում հիշատակվող մանրահատիկ փոշին (PM 2.5) ևս օրենքով սահմանված առավելագույն 35 միկրոգրամից բարձր է՝ Խանջյան 7/2-ում այն գրեթե 55 է, Ծիծեռնակաբերդի խճուղու 11/1-ում 40, Դավիթ Բեկ 105-ում 38:
Ի դեպ, Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակի մասին է խոսում նաև միջազգային հիդրոօդերևութաբանական հարթակը՝ IQAir-ը։ Վերջին տվյալներով՝ Երևանում PM2.5 կոնցենտրացիան 3.8 անգամ գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանաված նորմերը։
Կարևոր է նաև, որ օդի աղտոտվածությունը չափելիս հաշվի է առնվում ոչ միայն մանր (PM2.5) և մեծ (PM10) մասնիկների, այլ Օզոնի (O₃), ազոտի երկօքսիդի (NO₂), ծծմբի երկօքսիդի (SO₂) առկայությունը:
Այսպիսով, չնայած PM2.5-ը առողջության ռիսկերի առաջատար ցուցիչ է, անհրաժեշտ է չափել աղտոտիչների ավելի լայն շրջանակ՝ օդի որակը և դրա ազդեցությունը առողջության վրա ամբողջությամբ գնահատելու համար։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: