2024.09.12,

Ստուգված է

Ջրհեղեղից տուժած համայնքներում զանգվածաբար խախտվել են շինարարական նորմերը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Երեք ամիս է անցել Հայաստանի երկու մարզերում՝ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից, որը խլեց չորս մարդու կյանք, մասամբ կամ ամբողջությամբ փլուզեց ավելի քան 20 կամուրջ և հասցրեց նյութական բազմաթիվ այլ վնասներ։ 

Media.am-ի փաստերի ստուգման թիմի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ աղետի գոտի ճանաչված տարածքներում ջրհեղեղի հետևանքով տուժած, Դեբետ գետի և դրա վտակների ափամերձ շրջաններում գտնվող մի շարք համայնքներում շինարարական նորմերը խախտված են, պահպանված չէ գետից նվազագույն հեռավորություն պահելու նորմը։ 

Մենք ուսումնասիրությունն արել ենք Google Earth-ի օգնությամբ, չափել ենք շինությունների հեռավորությունը գետից, փորձել հասկանալ, թե որքան է աճելի դրանց թիվը տարիների ընթացքում։

Կառուցապատումը՝ գետերի շուրջ

Ջրհեղեղից օրեր անց՝ մայիսի 30-ին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ասել էր, որ միջինում բազմաբնակարան շենքերը գետից պետք է 30 մետր հեռավորություն ունենան․

«Երկար տարիներ, եթե խոսքը բազմաբնակարան շենքերի մասին է, դրանք կառուցված են։ 30 տարի և ավել։ Միգուցե էն ժամանակ այդ նորմերը էն աստիճանի խիստ պահանջներ չէին ներկայացնում, ինչպես որ հիմա է։ Օրինակ` այսօրվա գործող նորմերին եթե հղում տամ, տարբեր հոսքից և գետի հզորությունից կախված, ապա միջինում (+ -) տարբերակված մոտեցումներ կան, 30 մետրին մոտ հեռավորություն պետք ա ապահովվի»,- ասել էր Եղիազար Վարդանյանը։

Այս արձանագրումց բացի, մենք հարցում էինք արել Հայասատանի քաղաքաշինության կոմիտե՝ հասկանալու, թե ինչ նորմեր են գործում գետերի շուրջ կառուցապատում անելիս։ Ի պատասխան կոմիտեն նշել էր, որ գետերի անօտարելի գոտու լայնությունը ջրի ամենաբարձր հորիզոնի եզրագծից կազմում է 35 մետր։ Սա նշանակում է, որ 35 մետրն այն պարտադիր հեռավորությունն է, որը պետք է պահել ջրի ամենաբարձր հորիզոնի եզրագծից՝ գետերի շուրջ կառուցապատում անելիս։

Հանգստի և առողջարանա-առողջավայրային շինությունների դեպքում պարտադիր նվազագույն հեռավորությունը 50 մետրն է։ Իհարկե, գետի հորիզոնը, որից և հաշվվում է հեռավորությունը, գետի ամեն հատվածում կարող է տարբեր լինել։ Այս մասին մեզ հետ բանավոր զրույցում ասացին Քաղաքաշինության կոմիտեից։

Ըստ կոմիտեի պատասխանի՝ բացառություն են կազմում ռեկրեացիոն գործունեության տեսակները, որոնցից են՝ տուրիզմը, հանգստի և ժամանցի կազմակերպումը, ձկնորսությունը, որսորդությունը, զբոսախնջույքները, լողը, արևային լոգանքները, զբոսանքը, սպորտային խաղերը և այլն։

Ալավերդի

Գետի վարարումից ամենաշատը տուժած համայնքներից մեկը Ալավերդի խոշորացված համայնքն է։ Կամրջի փլուզման հետևանքով քաղաքի մի հատվածը մեկուսացման մեջ էր հայտնվել։

Ալավերդիում կան բազմաթիվ շինություններ, որոնք կառուցվել են առանց գետից 35 մետր հեռավորությունը պահպանելու։ Կան շինություններ, որոնց հեռավորությունն ընդամենը 14, 17, 20 մետր է։

Կան նաև շենքեր, որոնք կառուցվել են առանց որևէ հեռավորություն պահելու՝ ուղիղ գետաբերանին։

Google earth-ի այս պատկերում նաև կարելի է տեսնել Ալավերդու թիվ 7 մանկապարտեզը՝ գետից ընդամենը 11-12 մետր հեռավորության վրա։

Նկատենք, որ լուսանկարում կարմիրով նշված հատվածում գետի հունը զգալիորեն նեղացել է՝

Ալավերդիում առավելապես վնասվել էր Սանահին կայարան թաղամասը։ Այստեղ բազմաթիվ շինություններ՝ տներ և նկուղներ, ջրալցված էին։

Կան` այդ թվում բազմաբնակարան շենքեր, որոնք կառուցվել են գետի ափին՝ որոշ դեպքերում 10-11 մետր հեռավորությամբ, որոշ դեպքերում՝ ավելի մոտ։

Ախթալա

Ախթալայում ևս կան Դեբետ գետին շատ մոտ և տարբեր ժամանակներում գոյություն ունեցած նորմին չհամապատասխանող շինություններ։ Դրանց հեռավորությունը գետից երբեմբն 8-9 մետր է, երբեմն էլ պահպանված րէ որևէ տեսակ հեռավորություն։

Այրում

Այրումը ջրհեղեղի արդյուքնում ամենաշատը տուժած բնակավայրերից մեկն է։ Այստեղ բազմաթիվ են գետին մոտ գտնվող շինությունները։ Դրանցից որոշներն ունեն 18, 19 մետր հեռավորություն։ Կարելի է նկատել նաև ուղիղ գետի ափին կառուցված շինություններ։

Կարկոփ

Քարկոփ բնակավայրը մայիսի 30-ի դրությամբ գրեթե ամբողջությամբ ջրի տակ էր անցել։ Կառավարության նիստում այս տեղեկությունը հաստատեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նրա խոսքով՝ գյուղը հիմնականում մեկուկես մետր և ավելի ջրածածկ է եղել։

Քարկոփ գյուղի արբանյակային պատկերը, 2021

Ինչպես կարելի է նկատել՝ Քարկոփում ևս շինություններից շատերը չունեն գետից անհրաժեշտ հեռավորություն։ Դրանք Դեբետից հեռու են 9, 10, 20 մետր, իսկ երբեմն էլ պահպանված չի որևէ հեռավորություն։

Վահագնաձոր

Վահագնաձորում նույնպես հնարավոր եղավ գտնել կառույցներ, որոնք չունեին գետից 35 մետր հեռավորություն։

Նկատենք, որ որոշները կառուցվել են 2007-ից հետո։

Տաշիր

Տաշիր քաղաքը աղետի գոտի ճանաչված տարածքներից է։ Այստեղ կառուցված բազմաթիվ տների հեռավորությունը գետից 15-20 մետր է։

Ինչպիսին են եղել նորմերը նախկինում

Մեր ուսումնասիրության ընթացքում հանդիպել ենք գետերի մոտակայքում կառուցված շինությունների, որոնք կառուցվել են Սովետական միության տարիներին, 90-ականներին կամ 2000-ականների սկզբին, երբ շինությունների տեղաբաշխման կանոնները տարբերվում էին գործող կանոններից։ Այդ պատճառով Քաղաքաշինության կոմիտեից խնդրել էինք տվյալներ, թե կառուցապատման նորմերը ինչ փոփոխությունների են ենթարկվել ժամանակի ընթացքում։

Ի պատասխան գերատեսչությունը նշել էր, որ մինչև 2014 թ.-ի նոյեմբերը, կախված երկարությունից, գետերի ջրապահպան գոտիների չափը ակունքից հաշված եղել է 15-500 մետր։ Այսինքն 15 մետրը եղել է այն նվազագույն հեռավորությունը, որտեղ արգելվել է շենքերի և շինությունների՝ այդ թվում բնակելի շենքերի և հանգստյան բազաների կառուցումը։ 

Նույն թվականի նոյեմբերի 13-ից այդ նորմերը ուժը կորցրած են ճանաչվել, սահմանվել են նոր կառուցապատման չափորոշիչները, որտեղ, սակայն, գետերի, ջրամբարների և այլ կառուցվածքների անօտարելի գոտիների վերաբերյալ սահմանափակումները նման մանրամասնությամբ չեն նշվել։ Հաջորդ փոփոխությունն արդեն տեղի է ունեցել 2023-ին։ Այժմ անհրաժեշտ նվազագույն հեռավորությունը, ինչպես նշվեց վերևում, 35 մետրն է։ 

Հասկանալու համար, թե ինչու են Ալավերդի համայնքում շինությունները կառուցվել գետերին այդքան մոտ, մենք շինթույլտվությունների տրամադրման լիազոր մարմինից՝ այս դեպքում Ալավերդու համայքնապետարանից, խնդրեցինք մեզ տրամադրել մի շարք կառույցների շինթույլտվությունների հիմքերը։ Ի պատասխան մեր հունիս 6-ի հարցման՝ համայքնապետարանից հունիսի 17-ին (օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտումով) պատասխանեցին, որ ծանրաբեռնվածությունից ելնելով այս պահին տեղեկությունը չեն կարող տրամադրել։ Մեկ ամիս անց՝ հուլիսի 17-ին, Ալավերդու համայնքապետարանը պատասխանեց, որ մեզ անհրաժեշտ տեղեկությունը կարող ենք ստանալ Կադաստրի կոմիտեի արխիվային գործերից։ 

Մենք Կադաստրի կոմիտե հարցում չարեցինք, քանի որ շինթույլտվության հիմքերը տրամադրում է բացառապես համայնքային իշխանությունը, այդ պատճառով կրկին հարցում արեցինք Ալավերդու համայքնապետարան՝ այս անգամ կրճատելով հարցման ենթակա տեղեկատվության քանակը։ 

Հուլիսի 30-ին քաղաքապետարանից ստացանք պատասխան, որտեղ կրկին չգտանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։ Համայքնապետարանը տրամադրել էր ոչ թե շինթույլտվության հիմքերը, այլ սեփականության իրավունքի վկայականի համարները, որը որևէ հավելյալ տեղեկություն չէր ավելացնում մեր ուսումնասիրությանը։

Մենք կրկին հարցում ենք արել համայանքապետարան՝ առավել պարզ ձևակերպելով, թե ինչ  տեղեկություն է մեզ անհրաժեշտ։ Պատասխանը ստանալուն պես՝ այն կավելացնենք հոդվածին։

Հոդվածը պատրաստվել է Investigative Media Lab’s նախագծի շրջանակում՝ Journalism Fund Europe-ի ֆինանսական աջակցությամբ։

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *