«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը հուլիսի 23-ին «Հետք»-ի հետ հարցազրույցում ասել էր, թե 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի փոխխոսնակը, դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան, մինչդեռ 2020-ի 44-օրյա պատերազմում Իսրայելն Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարն էր։
«Ո՞նց եղավ, որ հենց իր (Նիկոլ Փաշինյանի, խմբ․) ժամանակ էդ պատերազմը բռնկվեց։ Ինքն ասում է՝ 2016 թվին էլ էր եղել։ 2016 թվականի ապրիլի 3-ին Հայաստան-Իսրայել պատգամավորական բարեկամական խմբի հրեա նախագահը (Հայաստանում էր, Քնեսեթի փոխխոսնակն էր), դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան։ 2020 թվականին Իսրայելն Ադրբեջանի ամենամեծ զենք մատակարարողն էր»,- ասել էր Արթուր Խաչատրյանը։
«Ստուգված է»-ն պարզեց, որ պատգամավորի այս պնդումը մոլորեցնող է, քանի որ Իսրայելն Ադրբեջանի զենքի ամենամեծ մատակարարներից է եղել ինչպես 2020-ին, այդպես էլ 2016-ին և դրանից էլ առաջ։
Խաչատրյանի պնդումը, թե Քնեսեթի փոխխոսնակ Թալի Պլոսկովը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները 2016-ին, ճիշտ է։ Նա այդ հայտարարությունն արել էր Հայաստան կատարած այցի ժամանակ:
Իսրայելի՝ Ադրբեջանին բանավոր աջակցություն ցույց չտալու հետ կապված դժգոհել էր նաև Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Ալի Հասանովը։
Չնայած վերբալ աջակցությանը՝ Իսրայելը Ադրբեջանին ամենամեծ թվով զենք մատակարարող երկրներից էր նաև 2016-ին։
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) վիճակագրության համաձայն՝ զենք-զինամթերքի առքուվաճառքի գործարքները Ադրբեջանն ու Իսրայելն սկսել են 2005-ից։
SIPRI շվեդական վերլուծական կենտրոնը գործում է 1966-ից, մասնագիտացած է հակամարտությունների և խաղաղության հետազոտության մեջ, ուսումնասիրում է աշխարհում զենք ու զինամթերքի արտադրությունն ու տեղաշարժը և հրապարակում վիճակագրական տվյալներ տարբեր երկրների միջև զենքի առևտրի վերաբերյալ։ Տվյալները կենտրոնը վերցնում է բաց աղբյուրներից՝ պաշտոնական և ոչ պաշտոնական: SIPRI-ի հրապարակած տվյալները կարող են ամբողջությամբ ճշգրիտ չլինել, քանի որ զենքի վերաբերյալ գործարքները կարող են տեղի ունենալ նաև գաղտնի։
Այսպիսով՝ SIPRI տվյալներով 2005-ին Ադրբեջանն Իսրայելից գնել է 6 միավոր Lynx MRL (այժմյան անվանումը՝ PULS) համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և 50 EXTRA հրթիռ, որը դասվում է «ցամաք-ցամաք» հրթիռների շարքին։ Այս զինատեսակների արտադրողն իսրայելական Israel Military Industries ընկերությունն է։ Պատվերի տարվա և քանակի վերաբերյալ ինստիտուտը նշում է, որ սա գուցե ճշգրիտ թիվ չէ։
2014-ին Ադրբեջանական AzTV հեռուստաընկերությունը ցուցադրել էր Ադրբեջանի ԶՈւ Lynx-ի գործարկման կադրերը։
Այդուհանդերձ, կան տեղեկություններ նաև դրանից առաջ՝ դեռևս 90-ականներին Իսրայելից դեպի Ադրբեջան զենքի մատակարարման մասին։ Մասնավորապես The Washington Institute-ը 2005-ին գրել էր Իսրայելից Ադրբեջան մարտադաշտային ավիացիայի, հրետանու, հակատանկային և հակահետևակային սպառազինությունների մատակարարման մասին։
SIPRI-ի տվյալներով՝ 2007-ին Ադրբեջանը գնել է չորս Aerostar անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որի արտադրության լիցենզիա ունի նաև Ադրբեջանը։ Զինատեսակը պատկանում է Aeronautics Defense Systems ընկերությանը։ 2021-ին ՀՀ ԶՈւ-ն հրապարակել էր խոցված Aerostar-ի լուսանկարները՝ հայտարարելով, որ Ադրբեջանը փորձել է անօդաչուներով Գեղարքունիքի մարզում մտնել Հայաստանի օդային տարածք։ 2010-ին Ադրբեջանն Իսրայելից գնել է ևս տասը Aerostar։
2008-ին Ադրբեջանը գնել է տասը Hermes-450 հարվածային և հետախուզական ԱԹՍ, որն առաքվել է 2013-ին։ Քանակի վերաբերյալ կենտրոնը նշում է, որ տեղեկությունը գուցե ճիշտ չէ։ Hermes-450-ի միայն ինքնաթիռը գնահատվում է շուրջ 2 մլն դոլար, իսկ դրան սպասարկող վերգետնյա համակարգերը ներառյալ՝ մոտ 10 մլն դոլար: Առավելագույն արագությունը 176 կմ/ժ է, տևողությունը՝ մինչև 14 ժամ:
2008-ին գնվել են նաև հինգ ATMOS-2000 ինքնագնաց հրետանային կայանք, տասը Sufa տեսակի զրահապատ մեքենա, 100 միավոր Spike-MR բազմաֆունկցիոնալ հակատանկային հրթիռային համակարգ (որն ավելացել է 250-ով 2016թ․-ին), տասը CARDOM SP ականանետային հրետանի։ Քանակի վերաբերյալ SIPRI-ն կրկին նշում է, որ տվյալները գուցե ճշգրիտ չեն։
2011-ին Ադրբեջանը գնել է հինգական տակտիկական Searcher և հեռահար հետախուզական Heron տեսակի ԱԹՍ-ներ։ Մեկ Barak MX հակաօդային պաշտպանության համակարգ, որի գնման մասին խոսվում էր նաև 2023 թվականին։ 40 միավոր Barak-LRAD զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ), որը առաքվել է միայն 2016-ին։ Կա նաև դրա փորձարկման տեսանյութը։ 2016-ին առաքվել է նաև 40 միավոր Barak-ER։
2013-ին գնվել են վեցական Shaldag և OPV-62 արագ հարձակման նավեր, 100 միավոր LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռներ, որոնցից կա նաև հրապարակված լուսանկար։ Նույն տարում Ադրբեջանը ձեռք է բերել նաև 250 Spike-NLOS տեսակի հրթիռ, որն առաքվել է 2018-ին։
2014-ին Ադրբեջանական բանակը գնել է 100 միավոր Harop և երկու M-2288 ռադար։ Առաջինն առաքվել է 2018-ին, երկրորդը՝ 2014-ին։
2015-ին գնվել է 100 SandCat զրահամեքենա, դրանցից մեկի խոցման մասին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր 2020-ի հոկտեմբերին։ Նույն տարում Ադրբեջանը գնել է նաև մեկ տասնյակ SandCat Spike-LR տեսակի ռազմական մեքենա։
2016-ին գնվել է 100 միավոր Orbiter-1K կամիկաձե տեսակի ԱԹՍ, որն առաքվել է 2020-ին և տասը Orbiter-3 բազմակի օգտագործման, հետախուզական ԱԹՍ։ Երկուսն էլ Aeronautics Defense Systems ընկերության արտադրանքներն են։
2009-ին Wikileakes-ում հրապարակվել էր պաշտոնական Բաքվի և Թել Ավիվի գաղտնի նամակագրությունը, որտեղ խոսվում էր Իսրայելից ստացվող որակյալ սպառազինության մասին, որն Ադրբեջանը չի կարողանում ձեռք բերել ԱՄՆ-ից և Եվրոպայից։
2016-ի ապրիլին սկսած բախումների ժամանակ ադրբեջանական կողմը կիրառեց մարտական անօդաչու թռչող սարքեր։ Արցախի պաշտպանության բանակը հրապարակել էր իսրայելական արտադրության խոցված ThunderB ԱԹՍ-ի լուսանկար։ Այս սարքը կշռում է մոտ 28 կգ, կառավարման հեռահարությունը 150 կմ է, իսկ թռիչքի տևողությունը 24 ժամ, դրա կառավարման համար պահանջվում է 2-3 մարդ։
Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական աղբյուրները պնդում էին, որ իրենց կողմը ոչնչացրել է «թշնամու վեց տանկ»՝ օգտագործելով իսրայելական արտադրության Spike հրթիռները։
Ապրիլյան պատերազմից հետո ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը գրել էր Ադրբեջանի կողմից լայնորեն կիրառված, իսրայելական Israel Aerospace Industries (IAI) արտադրության հետախուզական, ինչպես նաև կամիկաձե Harop անօդաչու թռչող սարքեր մասին։ Կան նաև տեսանյութ, որը ցուցադրում է ԱԹՍ-ի անկումը քառօրյա պատերազմի ժամանակ։ Ըստ հայկական կողմի՝ ապրիլի 4-ին Harop-ը հարվածել է ռազմաճակատ զինվորներ տեղափոխող ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ։
2012 թվականին Ադրբեջանը 1,6 միլիարդ դոլարի զենքի մատակարարման գործարք կնքեց Իսրայելի հետ, որը ներառում էր անօդաչու թռչող սարքեր, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր:
2016-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգ է գնել Իսրայելից։ Նույն ամսվա ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Իսրայելը վերջին տարիներին 5 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է վաճառել Ադրբեջանին։
Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի տվյալներով՝ 2008-2015 թվականներին Իսրայելը, Ռուսաստանից հետո, Ադրբեջանին ամենաշատը զենք մատակարարած երկիրն է։ Ըստ կենտրոնի՝ նշված տարիներին Իսրայելը մատակարարել է մոտ 769 միլիարդ դոլարի զենք և զինամթերք։
Այսպիսով, Արթուր Խաչատրյանի պնդումը, թե 2020-ի պատերազմում Իսրայելը Ադրբեջանին ամենամեծ թվով զենք մատակարարած երկիրն է, մինչդեռ 2016-ի պատերազմում Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակը դատապարտել է Ադրբեջանի ագրեսին, մոլորեցնող է։ Իսրայելը Ադրբեջանին զենք է մատակարարել առնվազն 2005 թվականից սկսած։ 2016-ին կրկին Իսրայելն Ադրբեջանին ամենամեծ թվով զենք մատակարարած երկրների ցանկում է եղել։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: