2024.06.25,

Ստուգված է

Հայ-թուրքական հարաբերություններ․ ընթացիկ զարգացումները և դիվանագիտական շփումները

author_posts/lusine-voskanyan
Լուսինե Ոսկանյան

Լրագրող

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլը սկսվեց 2021 թվականի վերջին, երբ երկու երկրները հայտարարեցին այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ 

Այս ամսվա ընթացքում կայացել է երկու հեռախոսազրույց. հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ այսօր՝ հունիսի 25-ին, թուրք գործընկերոջ հետ զրույց  է ունեցել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Media.am-ի փաստերի ստուգման թիմի՝ «Ստուգված է»-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ թեև ակտիվացել են բարձր մակարդակի շփումները Հայաստանի և Թուրքիայի միջև, այնուամենայնիվ կարգավորման այս փուլում երկու երկրների հարաբերություններում շոշափելի փոփոխություններ դեռ չկան, իսկ հիմնանորոգված «Մարգարա» անցակետը շարունակում է փակ մնալ։  

Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ անկախությունից ի վեր Հայաստան-Թուրքիա բանակցությունների գործընթացում ևս բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հանդիպումներ են կայացել, առարկայական թվացող պայմանավորվածություններ ձեռ բերվել, սակայն դրանք այդպես էլ կարգավորված հարաբերությունների երաշխիք չեն դարձել։

Հայ-թուրքական «նոր» հարաբերությունները

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր փուլը մեկնարկել է 2021 թվականին։  Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին կետն առկա էր  Փաշինյանի գլխավորած կառավարության՝ 2021-2026թթ․ ծրագրում՝ արտաքին քաղաքականությանը նվիրված բաժնում։ Դրանում շեշտվում էր, որ Հայաստանը մշտապես պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների․

«Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով», – նշված է կառավարության ծրագրում։

2021թ․ օգոստոսի 27-ի կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից»։

«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրականով կպատասխանենք»,- նշել էր նա:

Դրանից երկու օր անց Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ  տարածաշրջանին անհրաժեշտ է կառուցողական մոտեցում․ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանական հարաբերությունների զարգացումը պետք է իրականացնել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման հիման վրա։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել էր Էրդողանն ու հնարավոր համագործակցությունը կապել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հետ։

2021թ․ դեկտեմբերին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ նշանակվեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայից կողմից՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ 

Բանագնացները հանդիպել են 4 անգամ, վերջինը՝ 2022թ․ հուլիսի 1-ին։ Վերջին հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Քննարկվել էր նաև սկսել «Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը»։

2021 թվականի դեկտեմբերին  հայկական Fly One Armenia, իսկ 2022թ․ հունվարին թուրքական Pegasus Airlines ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու իրավունք ձեռք բերեցին, ինչի արդյունքում երկու երկրների միջև ուղիղ ավիափոխադրությունը վերականգնվեց։ 

2023թ․ փետրվարին Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժից հետո Հայաստանի կառավարության որոշմամբ փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմի 27 անդամներ մեկնել էին Թուրքիա և մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: 

Փետրվարի 11-ին և 15-ին մարդասիրական օգնությամբ բեռնված հայկական հինգ բեռնատարները հատեցին Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան (Իգդիր) անցակետը, որը փակ էր 1993 թվականից։ 

Փետրվարի 15-ին Անկարայում հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները, որի ընթացքում Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղություն կառուցելու Հայաստանի պատրաստակամությունը։

Չավուշօղլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել օգնության համար և նշել, որ եթե  Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ռեալ միջոցներ ձեռնարկեն, ապա հնարավոր է երկարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ 

2024թ․ հունվարին հայկական կողմը հայտնել է, որ Թուրքիայի հետ սահմանին գտնվող Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգվել է և պատրաստ է շահագործման։ Չնայած դրան, անցակետը մինչ այժմ շարունակում է փակ մնալ։

«Հայկական կողմից մենք բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտել, և անցակետը պատրաստ է գործունեության համար: Թուրքական կողմից մենք չենք տեսել քայլեր այս պայմանավորվածության իրագործման ուղղությամբ, բայց մենք հույս ունենք, որ այդ քայլերը կիրականացվեն»,- հունիսի 11-ին հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։

Հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից անկախ չեն

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը  շարունակում է մնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սուր կետերից մեկը։ Հենց Ղարաբաղյան առաջին պատերազմի շրջանում Թուրքիան որոշում կայացրեց փակել Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային և օդային սահմանները։ 

44-օրյա պատերազմից ի վեր զինված բախումներից  շատերի ժամանակ՝ լինեն դրանք Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում, Թուրքիայի դիվանագետներն իրենց անհերքելի աջակցությունն են հայտնել Բաքվին։ 

Այսպես, 2022թ․-ին Ադրբեջանի՝ Հայաստանի վրա հարձակումից հետո, Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան երբեք մենակ չի թողնի Ադրբեջանին։  Նա ընդգծել էր, որ Անկարայի հարաբերությունները Հայաստանի հետ անկախ չեն Երևան-Բաքու հարաբերություններից։ Իսկ Էրդողանը 2022թ․-ի նոյեմբերին նշել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։

Նա իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում 2023թ․ սեպտեմբերին զինված գործողության հետևանքով վերջնական վերահսկողություն հաստատելու հարցում։

Այդ օրերին Թուրքիայի տարածած հաղորդագրությունում ասվում էր․ «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ բանակցային գործընթացի շարունակականության ապահովումը տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, բարգավաճման և մշտական ​​կայունության հաստատման միակ ճանապարհն է»։

Թուրքիան  աջակցում է Ադրբեջանի կողմից առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին, որը, սակայն, կարմիր գիծ է Հայաստանի ղեկավարության համար։ Ըստ Թուրքիայի նախագահի՝ միջանցքը ռազմավարական նշանակություն ունի Բաքվի ու Անկարայի համար և պետք է կյանքի կոչվի։ 

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պնդել, որ կողմ են հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների։

Հայոց ցեղասպանություն

2018 թվական ծրագրում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նշում էր, որ ապահովելու է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի շարունակականությունը։ 2021թ․ կառավարության ծրագրում արդեն նշվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը։ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը Կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»,- նշված է կառավարության ծրագրում։ 

2024թ․-ին ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ․ «Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու»,- նշել է նա:

Էրդողանը ապրիլի 23-ին նշել է․ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից»։ Նա նաև ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը սա հասկանում է։ 

Նիկոլ Փաշինյան – Էրդողան շփումներ

Հայաստանի և Թուրքիայի գործող առաջնորդները Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հեռախոսազրույց են ունեցել 5 անգամ։

Առաջինը տեղի է ունեցել 2022թ․ հուլիսի 11-ին՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի սկսվելուց ամիսներ անց։  2023-ին առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել երեք անգամ։

Հինգ հեռախոսազրույցների ընթացքում Փաշինյանն ու Էրդողանը շնորհավորել են միմյանց ազգային տոների կապակցությամբ, քննարկել համագործակցության, սահմանի՝ երրորդ երկրի անձանց համար բացման և նմանատիպ այլ հարցեր։

Ղեկավարները անձամբ հանդիպել են մեկ անգամ 2022թ․-ին՝ Պրահայում։

«Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը»,- հայտնել էր վարչապետի աշխատակազմը:

2023թ․-ի հունիսին Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել  Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը:

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների շփումներ

Արարատ Միրզոյանը  հանդիպել է թուրք գործընկերներին 4 անգամ, որից երեքը տեղի է ունեցել հենց Թուրքիայում։

Թուրքական կողմի հրավերով 2022թ. մարտի 10-12-ը Հայաստանի գլխավոր դիվանագետը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում հանդիպել է թուրք գործընկերոջը՝ Մևլութ Չավուշօղլուին։ Նրանց երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023թ․-ին փետրվարի 15-ին՝ Թուրքիայում և Սիրիայում գրանցված ավերիչ երկրաշարժից հետո։

2023թ. հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում հանդիպել են Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ  նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանին։

2024թ․ մարտին տեղի է ունեցել Ֆիդանի և Միրզոյանի առայժմ վերջին հանդիպումը, որի ընթացքում պաշտոնյաները քննարկել են «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը»։

Միրզոյանը և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել երեք անգամ։ Վերջինը տեղի է ունեցել 2024թ․ հունիսի 25-ին, որի ընթացքում արտգործնախարարները հերթական անգամ քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *