«Լազարյան ակումբի» պաշտոնական կայքում հրապարակվել է «Հայաստանում համաճարակների աճ է կանխատեսվել. «ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաները հեղեղված են» վերտառությամբ հոդված։ Հեղինակի խոսքով՝ Մոսկվայում ընթացող ռուս-հայկական «Լազարյան ակումբի» 6-րդ նիստում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր ելույթում ասել է, թե, իրեն հասած տեղեկությունների համաձայն, Հայաստանի հյուսիսային շրջաններում ջրհեղեղի ժամանակ հեղեղվել են ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները։
«Ըստ հայ վիրուսաբանների՝ դրանով պայմանավորված հանրապետությունում անհայտ հիվանդությունների համաճարակ է սպասվում։ Նա Հայաստանի գործող իշխանություններին մեղադրել է սիրողականության և դավաճանության մեջ»,- նշված է հոդվածում։
Նշենք, որ Արշակ Կարապետյանին վերագրվող այս խոսքերը տարածվել են տեքստային տարբերակով, հրապարակված տեսանյութերից որևէ մեկում մեզ չհաջողվեց գտնել նրա ելույթը։ Հեղեղված լաբորատորիաների մասին տեղեկությունը, սակայն, տարածել են Caliber.az, Московский комсомолец, Haqqin.az և շատ այլ հարթակներ։ Հոդվածն իր տելեգրամյան ալիքում տարածել էր նաև ակումբի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինը։
Տարածվող այս տեղեկությունը սխալ է։ Այսպես կոչված «ամերիկյան բիոլաբորատորիաները», որոնք իրականում «Ռեֆերենս լաբորատոր կենտրոններն» են, աղետի գոտի ճանաչված տարածքներում չունեն մասնաճյուղեր։ Տավուշի և Լոռու մարզերում կան երկուական կենտրոններ, որոնք գտնվում են Իջևանում և Վանաձորում, որոնք աղետի գոտի չեն։
Իջևանի քաղաքապետարանի մամլո խոսնակը Media.am-ի փաստերի ստուգման թիմի հետ զրույցում ասաց, որ ջրհեղեղը շրջանցել է իրենց համայքնը․
«Ջրհեղեղից մեր համայնքը ոչ մի կերպ չի տուժել։ Ընդամենը մի քանի հորանց, մի կամուրջ ունենք Աղստև գետի վրա, որը մասնակիորեն փլուզվել է։ Ջրհեղեղի հետևանքով ունեցած մեր միակ խնդիրը դա է։ Բարեբախտաբար ջրհեղեղը շրջանցել է մեր համայնքը։ Ինչ վերաբերում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մեր մասնաճյուղին, ապա այն էնքան վերև տեղում է, որ գետը չէր կարող այդտեղ հասնել»,- ասաց նա։
Աղստև գետի և Իջևանի «Ռեֆերենս լաբորատորիայի» միջև հեռավորությունը, պատկերը՝ Googl Earth-ի
Վանաձորի քաղաքապետարանի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ «գետն ափերից դուրս է եկել, բայց բնակելի որևէ հատվածի վնաս չի հասցրել։ Ավերածություններ չեն եղել։ Ահազանգեր ստացել ենք 4-5 մասնավոր սեփականություններից՝ ոչ շատ մեծ վնասների փոխհատուցման համար, սակայն այդ ցանկում լաբորատորիան չի եղել»։
Փամբակ գետի և Վանաձորի «Ռեֆերենս լաբորատորիայի» հեռավորությունը
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: