2024.05.16,

Ստուգված է

Որքանով են արժանահավատ հայկական «Գելլափի» հարցումները

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Մայիսի 15-ին «Gallup International Association»-ի Հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն հրապարակեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին արտահերթ հարցման արդյունքները։ Ըստ դրանց՝ հարցվածների 53%-ը դրական է գնահատել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը, 34%-ը՝ բացասական։ Հարցվածների մոտ 52%-ը ցուցարարների վարքագիծը գնահատել է դրական, 37%-ը բացասական։

Հատկանշական է, որ հետազոտական ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը հարցման արդյունքներն ամփոփող ասուլիսն ներկայացել էր ընդդիմադիր քաղաքական գործիչ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած «Միասին» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանի հետ, որը նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներից է։

Հայկական «Գելլափի» գործունեությունը

Gallup International Аssociation-ը հաճախ շփոթում են միջազգայնորեն ճանաչված Gallup Inc.-ի հետ։ Հայաստանում գործող «Էմ Փի Ջի» ընկերության կայքում կա նշում է, որ Gallup International Аssociation-ը կապված չէ Գելլափ կորպորացիայի հետ։ Ընկերությունը պահանջում է, որ իրենց հետազոտությունները ընդունվեն որպես Գելլափ Ինթերնեյշնլ, ոչ թե՝ Գելլափ կամ Գելլափի հարցում։ 

Չնայած դրան՝ լրագրողները և լրատվականները շարունակում են տարածել Gallup International Аssociation-ի հարցման արդյունքները՝ օգտագործելով Գելլափ անվանումը։

Վերջին շրջանում «Էմ Փի Ջի»-ն ակտիվորեն հարցումներ է անցկացում և հանդես գալիս ասուլիսներով։ Հատկանշական է, որ կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանի հետ միասին ասուլիսին որպես բանախոս ներկայանում են տարբեր քաղաքական գործիչներ և քաղաքագետներ, որոնք ունեն ընդդիմադիր քաղաքական հայացքներ և հանդես են գալիս գործող իշխանության քննադատի դիրքերից։ Նրանց տրամադրած հարցերը նաև տեղ են գտնում հետազոտության հարցարշարում։ Արամ Նավասարդյանն ու հրավիրյալ քաղաքագետները անթաքույց քննադատում են գործող իշխանություններին և չեն խուսափում սոցիոլոգիական հարցումների արդյունքները ներկայացնելիս հայտնել իրենց քաղաքական դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ։ 

Մայիսի 3-ին, օրինակ, հրապարակվեց «Քաղաքական ցիստիտ» խորագիրը կրող հարցման արդյունքները, որը վերաբերում էր ներքին քաղաքականությանը, Մայիսի 9 եռատոնին, ցեղասպանության զոհերի հաշվարկի գաղափարին և այլ հարցերի։ Զեկույցը ներկայացնում էին կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը և քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, որը դեմ է Տավուշում տեղի ունեցող սահմանազատման և սահմանագծման գործընթացին և այդ մասին հայտնում է հենց ասուլիսի ժամանակ։ Վերջինս նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցներից է։

Ընտրված հարցերից էին՝ ո՞ր դեպքում դուրս կգաք փողոցային պայքարի հանուն իշխանափոխության։ Հարցվածների 36,8%-ը պատասխանել է, որ ոչ մի դեպքում դուրս չի գա, 23,4%-ը, որ դուրս կգա Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու դեպքում, 22,5%-ը՝ նոր պատերազմի վտանգի դեպքում։ 

Հարցին, թե պատրա՞ստ եք համակեցության ադրբեջանցիների հետ, եթե միջազգային կառույցներով երաշխավորվի խաղաղությունը և անվտանգությունը, հարցվածների 75,7%-ը պատասխանել է միանշանակ ոչ, 6,2%-ը՝ այո։ 

Ապրիլի 3-ին ևս հարցման արդյունքներ հրապարակվեցին։ Այն կրում էր «AntiPuzzle» վերնագիրը, ընդգրկում էր Տավուշի մարզում սահմանազատում, քաղբանտարկյալների և ՀՀ վարչապետի աշխատանքի վերաբերյալ հարցեր։ Նավասարդյանը արդյուքնները ներկայացնում էր միայնակ։ 

«Ներկայումս ՀՀ-ում կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ» հարցին 54%-ը դրական պատասխան է տվել, որոնցից 47,5%-ը հիշատակել է Արմեն Աշոտյանին, 26,1%-ը Մամիկոն Ասլանյան, 12,1%՝ Նարեկ Սամսոնյան։

«Ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ» հարցին մոտ 67%-ը պատասխանել է ոչ։ Միայն 8,7%-ն է համարել, որ ունակ կլինի։

Մարտի 14-ին ընկերությունը հրապարակեց «Французский Поцелуй» խորագրով հարցման արդյունքները: Օրակարգում էին ներքաղաքական, անվտանգային, ՀԱՊԿ – Հայաստան, Ֆրանսիայի ռազմաքաղաքական օգնության և Արցախյան շարժման 36-ամյակին նվիրված հարցերը։ Նավասարդյանը ասուլիսին ներկայացել էր քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ, որը ևս անթաքույց աջակցում է Բագրատ Սրբազանի շարժմանը և քննադատում գործող իշխանությանը։ 

Այս հարցման ժամանակ հարցվածների 35,3%-ը նշել էր, որ ստեղծված բարդ քաղաքական վիճակը արդյունք է Կառավարության ապաշնորհ կառավարման, 29,9%-ը համարել էր, որ միտումնավոր ստեղծված իրավիճակ է՝ թելադրված արտաքին ուժերի կողմից։

Հարցարշարի կազմմանը մասնակցել էին նաև քաղաքագետներ Բենիամին Մաթևոսյանը, Թևան Պողոսյանը։ Վերջիններս ևս հրապարակավ քննադատում են գործող իշխանությանը։ Բենիամին Մաթևոսյանը նաև մասնակցում է ընդդիմության շարժմանը։ 

«Էմ Փի Ջի»-ի ղեկավարի և հարցարշարի կազմմանը մասնակցություն ունեցող անձանց անթաքույց ընդդիմադիր քաղաքական հայացքները օբեյեկտիվ կասկածներ են առաջացնում անցկացված սոցիոլոգիական հարցման անաչառության վերաբերյալ։

Ով է «Էմ Փի Ջի»-ի տնօրենը

Արամ Նավասարդյանը ղեկավարում է «Էմ Փի Ջի»-ին սկսած 2003-ից։ Նա ծավալում է ինչպես հետազոտական, այնպես էլ մարքեթինգային ու բիզնես գործունեություն։
Նավասարդյանը Մարքեթինգի հայկական ասոցացիա ՀԿ-ի նախագահն է, որը, ի դեպ, գտնվում է «Էմ Փի Ջի»-ի հետ նույն հասցեում՝ Բաղրամյան 2/28։ Այս կազմակերպությունը իրականացնում է հետազոտություններ, տրամադրում խորհրդատվություններ, անցկացնում թրեյնինգներ և սեմինարներ։

Ինչ վերաբերում է բիզնես գործունեությանը, ապա 2009-2018 թթ. ընթացքում Նավասարդյանը եղել է «Կարամ» ՍՊԸ-ի 33% բաժնետերը, որը զբաղվում է սպասքի և խոհանոցային պարագաների մանրածախ առևտրով։ ՍՊԸ-ն 2018-ից ի վեր պատկանում է Կարեն Բեզոյանին:

Էկրանապատկերը՝ e-register.am-ից

Կարեն Բեզոյանը Էդուարդ Բեզոյանի որդին է։ CivilNet-ի փոխանցմամբ՝ Էդուարդ Բեզոյանը Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից է։ Նա եղել է «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրերի գրասենյակի ղեկավար։ Վերջին տարիներին նա իր «Ճանապարհաշինարար» ՍՊԸ-ով մասնակցել է պետական բազմաթիվ տենդերների և հաղթել։

Նավասարդյանը նաև «Զվիլլինգ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն էր 2008-2018թթ․ ընթացքում, որը զբաղվում էր ոչ մթերային արտադրատեսակների մանրածախ առևտրով։ Նավասարդյանը հետագայում իր բաժնետոմսերը փոխանցել է եղբորը՝ Ալիկ Նավասարդյանին։

Էկրանապատկերը՝ e-register.am-ից


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *