Ազգային Ժողովի «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, պատասխանելով ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի՝ Փաշինյանին ուղղված մեղադրանքներին, ասել էր «վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը»։
Շարմազանովը, մասնավորապես, պնդել էր, թե Փաշինյանը փորձելու է մոռացության մատնել ցեղասպանության փաստը։
Ազգային ժողովում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Քոչարյանը շարունակել էր թեման՝ պատասխանելով լրագրողի հարցին, և պնդելով, թե նպատակը պարզելն է ցեղասպանության բոլոր զոհերի տվյալները, գուցե այդ թիվը ավել կամ պակաս լինի 1.5 միլիոնից։
«Հրեաներին դա հաջողվել ա, մեզ չի՞ հաջողվի»,- հայտարարել էր Քոչարյանը։
Քոչարյանի պնդումները քննարկվեցին և քննադատվեցին հայկական մեդիայում և սոցիալական ցանցերում, որից հետո պատգամավորը նոր մեկնաբանություն տվեց «Ազատությանը»՝ պնդելով, թե դա իր անձնական գաղափարն էր, ոչ թե վարչապետ Փաշինյանի։
«Ես, գուցե. պետք ա էդպես չձևակերպեի, և ես համաձայն եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ գործընկերների հետ, որ մեր խմբակցությունը դա չի քննարկել: Ո՛չ, չկա քաղաքական որոշում, չկա»,- «Ազատությանն» ասել էր Քոչարյանը։
Հոլոքոստի զոհերի տվյալները
«Յադ Վաշեմը» կամ Հոլոքոստի զոհերի հիմանական հուշարձանը պարունակում է տվյալներ ավելի քան 4 միլիոն 900 հազար անձանց մասին, որոնք, ըստ հուշարձանի պաշտոնական կայքի, վերաբերում են հրեական ցեղասպանության զոհերին, «անձանց, որոնց ճակատագիրը անհայտ է, ինչպես նաև որոշ վերապրածների»։
Իսրայելի խորհրդարանը ընդունել է «Յադ Վաշեմ»-ի օրենքը դեռ 1953 թվականին՝ ցեղասպանությունից ընդամենը ութ և երկրի անկախացումից հինգ տարի անց։ Օրենքը, մի շարք այլ առաքելությունների հետ, սահմանում է «հավաքել, ուսումնասիրել և հրապարակել աղետի և դրա ստեղծած հերոսության վկայությունները»։
Իրականում, սակայն, հրեաները Հոլոքոստի զոհերի տվյալները հավաքել սկսել էին օրենքի ընդունումից դեռ տարիներ առաջ, որոշ դեպքերում՝ ցեղասպանության ընթացքում։ Նացիստների՝ Գերմանիայում իշխանության գալուց հետո արդեն իսկ տարբեր հրեական կազմակերպություններ սկսել են հավաքել տվյալներ տեղի ունեցող անտիսեմիտական իրադարձությունների մասին։
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ կենտրոններ են ստեղծվել Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայիում և եվրոպական մի շարք այլ երկրներում՝ նպատակ ունենալով վավերագրել զոհերի տվյալները և հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթեր։ Ըստ «Յադ Վաշեմ»-ի պաշտոնական կայքի՝ առաջին փաստաթղթերը ստացվել են «պատմական հանձնաժողովներից»։ Նման հանձնաժողովներ գործում էին մի շարք եվրոպական երկրներում, որոնք մեծ դեր են խաղացել զոհերի տվյալների հավաքագրման մեջ։ Իսրայել պետության՝ տարիների ընթացքում հավաքած տվյալները լրացվել են իսրայելական սփյուռքի և ցեղասպանության ընթացքում՝ հրեաների կողմից, համակենտրոնացման ճամբարներում, գետտոներում և թաքստոցներում հավաքագրված տվյալներով։ Գերմանական պաշտոնական արխիվներում առկա մի շարք փաստաթղթեր ևս ծառայել են որպես կարևոր աղբյուր տվյալների հավաքագրման համար։
Ի լրումն զոհերի տվյալների՝ «Յադ Վաշեմ»-ը հավաքագրել է նաև շուրջ երեք միլիոն «մեկ էջանոց» վկայություններ Հոլոքոստի զոհերի մասին։
Ինչ տվյալներ կան Հայոց ցեղասպանության մասին
Ի տարբերությունը Եվրոպայի հրեաների, որոնց մասին գրավոր տվյալների և փաստաթղթերի պակաս չկա, ընդհուպ մինչև նրանց՝ համակենտրոնացման ճամբարներ տեղափոխվելու ցուցակներ, Հայոց ցեղասպանության զոհերի կամ այն վերապրածների տվյալները ամբողջական չեն՝ մի շարք պատճառներով։ Առաջիններից մեկը, նաև ըստ ցեղասպանագետների, Օսմանյան կայսրությունում պետական գրագրության պակասը կամ դրա բացակայությունն է։
Օսմանյան կայսրությունում հայկական կյանքի և հայերի մասին որոշ տվյալներ առկա են houshamadyan.org կայքում, որի նպատակը, սակայն, կայսրությունում հայկական գյուղերի և քաղաքների կյանքը վերականգնելն է, և ոչ թե ցեղասպանության զոհերի կամ այն վերապրածների տվյալների հավաքագրումը։
Ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների շուրջ 1000 վկայություն-հարցազրույց պատրաստվել և հրապարակվել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից, մոտ 400 նման հարցազրույց պատրաստել է Կինոյի հայկական ասոցիացիան։ Հատկանշական է, որ երկու աղբյուրներն էլ ամբողջացվել և հրապարակվել են Ռիչարդ Հովհաննիսյանի՝ Կալիֆոռնիայի համալսարանի Շոայի (Հոլոքոստի եբրայերեն անվանումը) հետ համագործակցության արդյունքում։
Ցեղասպանության թանգարանն արդեն իսկ զբաղվում է նման բազայի ստեղծմամբ
Անդրանիկ Քոչարյանը, իրականում, առաջինը չէ, որ առաջարկել Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների բազա ստեղծել։ Նախորդ տարվա գարնանը Ցեղասպանությա թանգարանն արդեն հայտարարել է իր նմանատիպ գաղափարի մասին, նշելով, որ տվյալների հավաքագրումը կարող է տևել 10-ից 15 տարի։ Ըստ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հարություն Մարությանի՝ բազայի նպատակն է «ի մի բերել Ցեղասպանությունը վերապրածների և Ցեղասպանության զոհերի անունները»։ Ընդ որում, ծրագիրն իրականացնելու համար թանգարանը ստացել է Հայաստանի կառավարոթյան աջակցությունը։*
* Հոդվածում ապրիլի 18-ին կատարվել է փոփոխություն։ Սկզբնական տարբերակում Հարություն Մարությանը ներկայացված էր որպես Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն։ Սակայն նա նախկին տնօրենն է։ Այժմ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Էդիտա Գզոյանն է։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: