Բրյուսելում գործող EU reporter կայքը մարտի 14-ին հոդված էր հրապարակել «Հայաստանը սպառազինությունների մրցավազք է հրահրում Հարավային Կովկասում» վերնագրով։ Նյութի հեղինակը ազգությամբ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Շահամար Հաջիևն է: Հեղինակը ըստ կայքի՝ հրավիրված թղթակից է։
Հոդվածը անդրադառնում է Հայաստանի վերջին շրջանում գնած զենքերին ու երկրի պաշտպանական բյուջեի ավելացումներին և մեղադրում է Հայաստանին և իր նոր դաշնակիցներին՝ Ֆրանսիային և Հնդկաստանին տարածաշրջանում նոր հնարավոր էսկալացիա հրահրելու համար՝ կրկնելով Ադրբեջանի իշխանությունների քարոզչական թեզերը:
Միակողմանի վերլուծություն և քարոզչություն
Ադրբեջանցի հեղինակը անդրադարձել է տարածաշրջանում Հայաստանի զենքերի առքուվաճառքին, առանց որևէ բառ նշելու Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքերի քանակի և արդյունավետության մասին։
Ադրբեջանը և Հայաստանը վերջին մի քանի տարիներին պաշտպանության բյուջեի համար նախատեսում են ՀՆԱ-ի գրեթե նույն չափաբաժինը՝ 3-5%, մինչդեռ բացարձակ արժեքով երկու երկրների ռազմական ծախսերն անհամեմատելի են, քանի որ Ադրբեջանի բյուջեն շուրջ հինգ անգամ ավելին է, քան Հայաստանինը։
Հեղինակի ներկայացրած վիճակագրական տվյալները Հայաստանի կողմից ձեռք բերված զենքերի ու երկրի ռազմական բյուջեի մասին սխալ չեն, սակայն երկու երկրների ծախսերի և ձեռք բերած զենքերի համեմատությունը ցույց է տալիս, որ հոդվածն իրականում մանիպուլացնում է Հայաստանի՝ «զենքերի առքուվաճառքի մրցավազք հրահրելու» թեման։
Հոդվածն անդրադառնում է Հայաստանի՝ Արցախյան Երկրորդ պատերազմի ընթացքում ռազմական ծախսերի ավելացումը՝ 2021 թվականի բյուջեի համար։
Հեղինակը Հայաստանի գնած հնդկական Պինակա զինատեսակը կոչում է միայն հարձակողական, սակայն, իրականում, զինատեսակը օգտագործվում է և պաշտպանողական և հարձակողական նպատակներով։
Հեղինակը ներկայացնում է Հայաստանի ռազմական ծախսերը որպես «բարձր»՝ երկրի Համախառն ներքին արդյունքի հարաբերակցությամբ։ Ադրբեջանի ռազմական ծախսերը, սակայն, շատ չեն տարբերվում։ Ըստ Military Balance 2024 զեկույցի՝ 2023 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի շուրջ 5,2 տոկոսը, իսկ Ադրբեջանինը՝ 4 տոկոսը։
Հաշվի առնելով երկու երկրների համախառն ներքին արդյունքի տարբերությունը, բացարձակ արժեքով Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական ծախսերը համեմատելի չեն։
Այսպես, 2020 թվականին Հայաստանը նվազեցրել էր իր ռազմական ծախսերը 2.6 տոկոսով, մինչդեռ Ադրբեջանը, որը պատրաստվում էր սեպտեմբերյան պատերազմին, ավելացրել այն ավելի քան 17 տոկոսով։ Այս թվականին Ադրբեջանը ռազմական ծախսերին ուղղել էր բյուջեի ընդհանուր ծախսերի շուրջ 13 տոկոսը, Հայաստանը՝ 17։
Դիտարկենք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական բյուջեները, որոնք հասանելի են ինչպես պետական բյուջեի փաստաթղթերում, այնպես էլ միջազգային տվյալների բազաներում և զեկույցներում։
Այսպես, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը 20 տոկոսով ավելացրեց երկրի ռազմական բյուջեն՝ $2․2 միլիարդից հասցնելով տարեկան $2․6 միլիարդի։ Պատերազմից հետո Հայաստանը ևս զգալիորեն ավելացրել էր ռազմական ծախսերը իսկ 2023 թվականին առաջին անգամ Հայաստանը ռազմական բյուջեի համար նախատեսել էր մեկ միլիարդ դոլարից ավելի գումար։ Այսպես, նախորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կազմում էր շուրջ 1.25 միլիարդ դոլար, կամ ավելի քան 47 տոկոսով ավելի քան 2022-ին (շուրջ 900 միլիոն դոլար): Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել էր շուրջ 3.5 միլիարդ դոլար։
2024 թվականի համար Ադրբեջանը նախատեսել է ծախսել 3.77 միլիարդ դոլար, Հայաստանը՝ շուրջ 1.4 միլիարդ դոլար։ EU Reporter-ում հրապարակված հոդվածի հեղինակը նշում էր նաև, որ Հայաստանը շուրջ 80 տոկոսով ավելացրել է իր ռազմական ծախսերը՝ 2020 թվականի հետ համեմատ։ Ադրբեջանի ռազմական ծախսերը այս ընթացքում ավելացել են շուրջ 64 տոկոսով։ Եվ, հաշվի առնելով, որ Ադրբեջանը սկսել էր ավելի մեծ ներդրումներ կատարել ռազմական բյուջեում, 2018-ից մինչև 2024 թվականները երկրի ռազմական բյուջեն ավելացել է շուրջ երկու անգամ։
Ադրբեջանի զենքերը՝ ավելի արդյունավետ և «հարձակողական»
Չնայած նյութի հեղինակը մտահոգություն է հայտնում Հայաստանի կողմից ձեռք բերված զենքերի՝ հարձակողաան լինելու խնդրի շուրջ, Ադրբեջանը 2020 թվականից սկսած ձեռք է բերել առավել մեծ քանակի և «առավել հարձակողական զինատեսակներ», մասնավորապես Իսրայելից և Թուրքիայից։
Ադրբեջանի կողմից նոր զինատեսակների ձեռքբերման ամենաթարմ տեղեկությունը հրապարակվել էր մարտի 15-ին, ըստ բրիտանական ռազմական Shephardmedia.com կայքի իսրայելական աղբյուրների՝ Ադրբեջանը Իսրայելից ցանկանում է ձեռք բերել նոր տեսակի արբանյակներ։ Դեռ այս տարվա փետրվարին, երբ Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ քննադատում էին Հայաստանին՝ զոր զինատեսակներ ձեռք բերելու համար, երկիրը ձեռք էր բերում հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում օգտագործված Bayraktar տեսակի դրոնների նոր՝ Akıncı հարձակողական դրոններ, որոնց արտադրությունը սկսվել էր 2019 թվականին։
Ադրբեջանական բանակի զենքերի հիմանական մատակարարը Իսրայելն է, երկրորդ տեղում՝ Թուրքիան։ Մինչդեռ հայկական բանակում զինատեսակների մեծ մասը դեռևս ռուսական կամ սովետական արտադրության են։
Ի՞նչ է EU Reporter-ը
Բրյուսելում գործող Eureporter.co կայքը հիմնադրվել է 2001 թվականին՝ որպես ԵՄ քաղաքականությունը լուսաբանող տպագիր թերթ։ Հետագայում կայքի լուսաբանման շրջանակը ընդլայնվել է, միաժամանակ կայքը սկսել է հրապարակել նաև գովազդային նյութեր՝ վճարի դիմաց։ Եվրոպական մեկ այլ լրատվական՝ Politico-ն Eureporter.co-ն 2021-ին մեղադրել էր թաքնված լոբբինգ իրականացնելու համար։
Կայքում հաճախ են հրապարակվում այսպես կոչված «հրավիրյալ հեղինակների» նյութերը։ Կայքի՝ Ադրբեջանի վերաբերյալ հոդվածների մեծ մասը վերջին ամիսներին գրել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Մազահի Աֆանդիևը։
Կայքի էջը X(նախկինում Twitter) սոցիալական ցանցում ևս դեռ նախորդ տարվանից երևում են Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրությունների տարածումները (repost/retweet)։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: