«Փաստ» օրաթերթը հունվարի 25-ին գրել էր, թե ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անցած շաբաթ Պենտագոնի հետ ստորագրել է համաձայնագիր Հայաստանում 13-րդ լաբորատորիան բացելու վերաբերյալ: Հոդվածագիրը փորձում է կապ ստեղծել կարմրուկի դեպքերի աճի ու լաբորատորիաների աշխատանքի միջև։
Ըստ հոդվածի՝ մասնագետներն անհանգստություն են հայտնում վտանգավոր հիվանդությունների և տարբեր ախտածինների ստեղծման և տարածման վերաբերյալ, քանի որ «ամերիկյան բիոլաբորատորիաները» աշխատում են «ախտածին գործոնի հետ»․
«Ի դեպ, այս ֆոնին, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ 2023 թ. դրությամբ Հայաստանում կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 32 դեպք: 16 մարդ հոսպիտալացված է»,- գրել է թերթը:
Նյութը մեծ շրջանառություն է ստացել հայկական մեդիայում, քանի որ շատ կայքեր, այդ թվում՝ news.am-ը, aysor.am-ը, 168.am-ը, shabat.am-ը, 7or.am-ը, մամուլի տեսության բաժնում տարածել են այն։
Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, ուսումնասիրել է հոդվածում տեղ գտած պնդումները։
Գերատեսչությունները հերքում են «13-րդ լաբորատորիայի» ստեղծման տեղեկությունը
«Ստուգված է»-ն կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ՝ պարզելու, թե արդյո՞ք ԱՄՆ-ի հետ համագործակությամբ լաբորատորիա բացելու մասին համաձայնագիր է ստորագրվել, ինչին գերատեսչությունից պատասխանեցին, որ «նման անհեթեթ լուրերը չեն մեկնաբանում»։
Քանի որ որոշ լրատվամիջոցների կողմից «Ամերիկյան բիոլաբորատորիաներ» կոչվող «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնը» գտնվում է Առողջապահության նախարարության ենթակայության տակ, նույն հարցն ուղղեցինք նաև նրանց։ Գերատեսչությունից հայտնեցին, որ այդպիսի տեղեկություն չունեն․ նման հարց չի քննարկվել։
Կարմրուկով վարակման դեպքերի աճի պատճառները
2023թ․-ին ամբողջ աշխարհում նկատվել է կարմրուկով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կարմրուկով վարակման դեպքերի աճի պատճառը կորոնավիրուսի համավարակի ընթացքում երեխաների պատվաստումների զգալի կրճատումն է։ 2022 թվականին աշխարհի երեխաների մոտ 83%-ը ստացել է կարմրուկի դեմ պատվաստանյութի մեկ չափաբաժին, ինչը ամենացածրն է՝ 2008 թվականից ի վեր: Նախորդ տարի 42.200 մարդ է վարակվել, այն դեպքում, երբ 2022թ․-ին վարակման դեպքերն ընդամենը 941-ն էին։
Համաձայն ԱՀԿ-ի տվյալների՝ կարմրուկի դեմ պատվաստումը կանխել է 56 միլիոն մահ՝ 2000-2021 թվականներին: 2021 թվականին աշխարհում գրանցվել է կարմրուկից մահացության 128.000 դեպք՝ հիմնականում չպատվաստված կամ մինչև 5 տարեկան չպատվաստված երեխաների շրջանում:
ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելան կենտրոնի (ՀՎԿԿ) տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում կարմրուկի տարածվածության վերաբերյալ «Փաստ»-ի տեղեկությունները ճիշտ են։ Սակայն գրանցված աճի պատճառները որևէ առնչություն չունեն լաբորատորիաների գործունեության հետ, քանի որ կորոնավիրուսից հետո կարմրուկի աճ գրանցվել է ամբողջ աշխարհում:
Կարմրուկը խիստ վարակիչ, օդակաթիլային հիվանդություն է։ Ըստ ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելան կենտրոնի՝ կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից, քանի որ մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Ըստ նախարարության՝ կարմրուկի կանխարգելման միակ և արդյունավետ միջոցը պատվաստումն է։
Այն երկրներում, որտեղ չկան «Փաստ»-ի նշած «ամերիկյան լաբորատորիաները», կարմրուկի դեպքերի աճ ևս նկատվում է։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի մասին է։ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ նշվում էր, որ 2022-ի համեմատ կարմրուկով վարակման դեպքերն ավելացել են 288-ով։
Ինչ լաբորատորիաների մասին է խոսքը
«Ամերիկյան բիոլաբորատորիաներ» անունով հայտնի են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վերահսկողության տակ գտնվող լաբորատորիաները, ընդ որում՝ դրանց քանակը չի համապատասխանում «Փաստի» ներկայացրած տվյալներին։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գործում է ՀՎԿԱԿ-ի 11 մասնաճյուղ․ տասը՝ մարզերում, մեկը՝ Ռեֆերենս լաբորատոր կենտրոն անվանումով, Երևանում։ Կենտրոնից «Ստուգված է»-ին փոխանցեցին, որ այս մասնաճյուղերից միայն 6-ում են գործում լաբորատորիաներ։ Հետևաբար, եթե անգամ Հայաստանում բացվեր նոր լաբորատորիա, դա կլիներ ոչ թե 13-րդը, այլ՝ 7-րդը։
Կենտրոնը ֆինանսավորվել և վերանորոգվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության կողմից։ Բացի ԱՄՆ-ից, կենտրոնին օժանդակել է նաև Ռուսաստանը՝ շարժական լաբորատորիաներ և սարքավորումներ տրամադրելով։ Այնուամենայնիվ այն գործում է ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ։
ԱՄՆ-ն ֆինանսավորել է նմանատիպ կառույցների վերազինումն այլ երկրներում, օրինակ, Ուկրաինա (առողջապահական լաբորատորիաներ), Վրաստան (Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոն), Ղազախստան (Ալմաթիի Կենտրոնական ռեֆերենս լաբորատորիա) և այլն:
Այս լաբորատորիաները մշտապես գտնվում են կրեմլյան կամ պրոկրեմլյան քարոզչության ուշադրության կենտրոնում։ «Ստուգված է»-ն, ինչպես փաստեր ստուգող այլ կայքեր, բազմիցս անդրադարձել է լաբորատորիաների մասին կեղծ տեղեկություններին։ Հատկանշական է, որ այս դեպքում ևս փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե նոր լաբորատորիայի բացումը կապ ունի Ռուսաստանի գործոնի հետ։ Մասնավորապես, օրաթերթը, հղում անելով անհայտ աղբյուրների, նշել է, որ «13-րդ լաբորատորիան» տեղակայվելու է Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ։
Համաճարակները և «ամերիկյան բիոլաբորատորիաները»
Ռուսաստանը տարիներ շարունակ քարոզչական արշավ է իրականացրել լաբորատորիաների դեմ հետխորհրդային տարածքում։ Ռուսական լրատվամիջոցները և պաշտոնյաները բազմիցս նշել են, որ ԱՄՆ ֆինանսավորմամբ դրանց վերազինումը իրականում Ռուսաստանի դեմ քայլ է։
Ավելին՝ ռուսական կողմը հաճախ շահարկում է այն թեզը, թե այս լաբորատորիաների գործունեության արդյունքում համաճարակներ են բռնկվել այդ երկրներում, օրինակ՝ Վրաստանում, Ղազախստանում և այլուր։ Ուկրաինայում նման թեզ 2020թ․-ին փորձեց շրջանառել այդ ընթացքում խորհրդարանի պատգամավոր, ռուսամետ «Ընդդիմադիր հարթակ» կուսակցության առաջնորդ, ներկայումս պետական դավաճանության մեջ մեղադրվող Վիկտոր Մեդվեչուկը։ Նա դիմում էր ներկայացրել երկրի նախագահին՝ նշելով, որ երկրում վտանգավոր հիվանդությունների, օրինակ, խոզի գրիպի (H1N1 գրիպ), համաճարակների աճով պայմանավորված պետք է ստուգել «ամերիկյան լաբորատորիաները»։ Դիմումին արձագանքել էր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ անվանելով հայտարարությունը կազմակերպված տեղեկատվական արշավ։ Ուկրաինայի ԱԱԾ-ն ընդգծել էր, որ երկրում չկան օտարերկրյա լաբորատորիաներ, սակայն ԱՄՆ համագորածկցությամբ վերանորոգվել են մի քանի պետական լաբորատորիաներ։
Լաբորատորիաների մասին ապատեղեկատվությունն ակտիվացավ հատկապես 2022թ․ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման համատեքստում։ Այդ թեմային «Ստուգված է»-ն նույնպես անդրադարձել էր: Այն ժամանակ ռուս պաշտոնյաները հայտնել էին, որ ավելի քան 400 լաբորատորիաներ են գործում ամբողջ աշխարհում, իսկ նպատակը կենսաբանական զենքի ստեղծումն է։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ուկրաինական լաբորատորիաներում իրենք հայտնաբերել և ոչնչացրել են ժանտախտի, սիբիրյան խոցի, խոլերայի և այլ մահացու հիվանդությունների հարուցիչները։
Կարմրուկի աճի և լաբորատորիաների փոխկապակվածության լուրերը նոր չեն
Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում, 2022 թվականին էլ Ղազախստանում եղան հրապարակումներ այն մասին, որ 2019թ․-ին երկրում կարմրուկի համաճարակ է գրանցվել Ալմաթիում գործող լաբորատորիայի պատճառով, որը վերազինվել է ԱՄՆ ֆինանսավորմամբ։ Ղազախստանցի փաստեր ստուգողներն այն ժամանակ հերքել էին այդ պնդումը՝ նշելով, որ լուրերը տարածողները չեն հասկանում կարմրուկի տարածման ճանապարհները և պարզապես մանիպուլացնում են իրավիճակը։ Այս մասին ավելի մանրամասն՝ այստեղ։
Նշենք, որ Ղազախստանում կարմրուկի համաճարակի պայմաններում, 2023թ․-ին այս պնդումները կրկին ակտիվացան։ Երկրի առողջապահության նախարարությունը ստիպված էր արձագանքել այդ տեղեկություններին՝ նշելով, որ կարմրուկի դեպքերի աճի պատճառը Կորոնավիրուսի համավարակի ժամանակ հիվանդության դեմ պատվաստումների բացթողումն է։
Այսպիսով, ամերիկյան ֆինասավորմամբ վերազինված լաբորատորիաները բազմիցս հայտնվել են ռուսական քարոզչության ուշադրության կենտրոնում։ Ռուսաստանցի պաշտոնյաները կամ նրանց հետ կապված անձինք բազմիցս փորձել են համաճարակները կապել այդ լաբորատորիաների գործունեության հետ։ Նմանատիպ թարմ օրինակը Ղազախստանում տեղեկության տարածումն է, թե կարմրուկի տարածումը կապված է Ալմաթիում գործող լաբորատորիայի հետ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: