2024.01.08,

Ստուգված է

Ինչ արձագանք ստացավ տեղական «նեոֆաշիստների» քայլերթը Երևանում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հունվարի 1-ին, 20-րդ դարի ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի ծննդյան օրը, տղամարդկանց մոտ 15-հոգանոց խումբ «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ կամք», «Հայաստանը՝ հայերին» վանկարկումներով Երևանի կենտրոնում հանրահավաք արեց։ Նժդեհի արձանի մոտակայքից մեկնարկած քայլերթի ընթացքում նրանք օգտագործում էին նաև հիտլերյան Գերմանիային հատուկ նացիստական ողջույնի ձևը`«Sieg Heil»-ը, պարզապես տեղական տարբերակով՝ «Միշտ հայ»։  

Հանրահավաքի մասին տեղեկությունները տարածվեցին Ֆեյսբուքում և Տելեգրամում։ Օգտատերերը քննադատում էին հավաքի մասնակիցներին՝ Գարեգին Նժդեհի անունը նացիզմի հետ նույնացնելու և հետևաբար՝ նրան վարկաբեկելու համար։ Մարդիկ կապեր տեսան ակցիայի կազմակերպիչների և գործող իշխանությունների միջև։

Միջազգային արձագանքը 

Ակցիային առաջինն արձագանքողներից էր Հայաստանում Իսրայելի դեսպան Ջոել Լիոնը։ Նա X-ի իր միկրոբլոգում պահանջել էր Հայաստանի իշխանություններից նեոնացիզմի և հակասեմականության դեմ վճռականություն դրսևորել։  

«Խորապես անհանգստացած եմ 1.1.2024-ին Երանում քայլերթի ժամանակ «Sieg Heil» վանկարկումներից։ Նացիստների հետ համագործակցող Գարեգին Նժդեհին հերոսացնելն անընդունելի է։  Հայաստանի իշխանությունները պետք է վճռական դիրքորոշում ցուցաբերեն նեոնացիզմի և հակասեմիտիզմի ցանկացած ձևի դեմ»,- գրել էր դեսպանը՝ նշելով նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության էջը։ Արտաքին գերատեսչությունից սակայն արձագանք չի եղել։ 

 

Հանրահավաքին անդրադարձան իսրայելական, ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները։ Ադրբեջանական Azernews-ը՝ վկայակոչելով այս հանրահավաքը, գրեց, թե Հայաստանում նեոֆաշիզմը վերածննդի նոր փուլ է ապրում և բազմաթիվ համախոհներ ունի։  

«Ցավոք, Եվրոպան, որն ավելի շատ տուժել է ֆաշիզմից XX դարի կեսերին, անտարբեր է Հայաստանի այսօրվա վիճակի նկատմամբ։ Հայաստանի նեոֆաշիստ երիտասարդությունը, որը փորձում է մեղադրել Ադրբեջանին՝ յուրաքանչյուր բառի մեջ թեմա փնտրելով, կարող է լինել հասարակություն, որը Եվրոպային կտանի ևս մեկ աղետի։ Այդ իսկ պատճառով Եվրոպայի այսօրվա քաղաքական գործիչները, որոնք երկակի ստանդարտներ են խաղում և պաշտպանում են Հայաստանը, պետք է ուշադիր հետևեն այս մոտիվներին»,- գրել էր Azernews-ը։ Նույնաբովանդակ նյութեր կարելի է գտնել ադրբեջանական մի շարք այլ կայքերում։  

Կարևոր է նշել, որ հավաքի մասնակիցների թիվը շատ փոքր էր, խմբակային լուսանկարում տեսանելի է 14 մարդ, որոնցից շատերը կրում էին դիմակներ։ Այս շարժումը չի ստացել հանրային աջակցություն Հայաստանում և շատ քիչ է լուսաբանվել։ Այսպիսով, պնդումները, թե նեոֆաշիզմը Հայաստանում բազմաթիվ հետևորդներ ունի, անհիմն են։  

Ովքեր էին կազմակերպիչները

5-րդ ալիքը ռեպորտաժ էր պատրաստել շարժման մասին՝ հայտնելով, որ հանրահավաքը կազմակերպել է «Հոսանք» շարժումը։ Շարժման էջից տեղեկանում ենք, որ «Հոսանք»-ն իրեն հռչակել է Հայաստանի միակ ցեղակրոն քաղաքական շարժումը։  

Կայքում նշված է, որ հիմնադիրն ու առաջնորդը Հայկ Նազարյանն է՝ ծնված 1989 թ.-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Իրենց փոխանցմամբ՝ չեն ֆինանսավորվում որևէ գործակալական ցանցի կամ օլիգարխի կողմից։ Թեև շարժման ստեղծման հստակ օր նշված չէ, սակայն ֆեյսբուքյան էջում առաջին հրապարակումն արվել է 2022 թվականի հունվարի 31-ին։  

Հայկ Նազարյանն իր շարժման և հիտլերյան Գերմանիայի գաղափարախոսության միջև նմանությունները հաճոյախոսություն է համարում. 

«Ինչ վերաբերում է նրան, որ Ցեղակրոն շարժման՝ «Հոսանքի» դրոշը նման է Նացիոնալ Սոցիալիստական Գերմանիայի դրոշին, դա միայն պատիվ ու հաճոյախոսություն պիտի համարվի»,- գրել էր Հայկը իր ֆեյսբուքյան էջում։ Հայկ Նազարյանի ֆեյսբուքյան էջում կարելի է գտնել բազմաթիվ խտրական հայտարարություններ՝ ռասիստական, հոմոֆոբիկ, սեքսիստական և այլն։ Նա խտրական բառապաշար է օգտագործել նաև հանրային խոսքում՝ տարբեր հարցազրույցներում և ելույթներում։ 

Հայաստանյան ԶԼՄ-ները նախկինում տարբեր առիթներով հարթակ են տրամադրել Հայկ Նազարյանին։

Նրա մասին դեռևս 2018 թվականին ռեպորտաժ էր պատրաստել Հանրային հեռուստաընկերությունը։ Նշվում էր, որ Նազարյանը առաջին ամերիկահայ պայմանագրայինն է հայկական զինված ուժերում, որը ԱՄՆ-ից Հայաստան է տեղափոխվել բանակում ծառայելու համար։ Այդ ռեպորտաժում նա խոսում է Գարեգին Նժդեհի մասին, սենյակում տեսանելի են վերջինիս նկարները, գրքերը, հավերժության հայկական նշանն ու պատկերները։

Հայկ Նազարյանը վերջին տարիներին հարցազրույցներով է հանդես եկել նաև «168.am», «Փաստինֆո», «Վեմ ռադիո» և այլ լրատվականներում։  

Օֆելյա Սիմոնյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *