2024.01.06,

Ստուգված է

Գոյություն չունեցող կազմակերպությունը՝ Հայաստանում նկարահանումների պատվիրատու

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հունվարի 2-ին ադրբեջանական CBC TV-ի յութուբյան ալիքում մի ֆիլմ հրապարակվեց, որում հայաստանյան մշակութային ժառանգությունը ներկայացվում էր իբրև ադրբեջանական. Երևանը՝ Ադրբեջանական քաղաք, Սիսիանի թանգարանային նմուշները՝ «Զանգեզուրի» հետ միասին հայերին փոխանցված ադրբեջանական կոթողներ և այլն։ Ներառված էին նաև հարցազրույցներ Ադրբեջանի քաղաքացիների հետ, որոնք պնդում էին, թե ժամանակին ապրել են Երևանում։

Ֆիլմի վերնագիրն է՝ «CBC հեռուստաալիքի դրոնները ֆիքսել են Երևանի քողարկված պատմությունը»։ Այս նկարագրությունից և ֆիլմի բովանդակությունից ենթադրվում է, թե ադրբեջանական այդ հեռուստաընկերության դրոնն է նկարել կադրերը, իսկ ադրբեջանական լրագրողական թիմն այցելել է Հայաստան։ Ֆիլմում իսկապես դրոնով արված կադրեր կան Երևանի կենտրոնից, Էրեբունու պատմահնագիտական և Սիսիանի թանգարաններից։ Ֆիլմում տեղ են գտել նաև հատվածներ վերոնշյալ թանգարանների տնօրենների՝ Միքայել Բադալյանի և Թաթուլ Սյունիի հետ հարցազրույցներից։ 

Ինչպես հետագայում պարզվեց 5-րդ ալիքի ռեպորտաժից՝ տնօրենները տեղյակ չեն եղել, որ կադրերն օգտագործվելու են ադրբեջանական ֆիլմում։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի, այդպես էլ «Ստուգված է»-ի հետ զրույցում՝ Թաթուլ Սյունին պատմեց, որ իր մասնակցությամբ դրվագը նկարահանվել է 2023-ի դեկտեմբերի 9-ին։ Թանգարանի տարածք է այցելել (առանց նախապես տեղեկացնելու) ռուս լրագրող՝ երկու հոգուց բաղկացած նկարահանող խմբով, ասել, որ հետաքրքրված է թանգարանով, և հարցազրույց վերցրել տնօրենից։ Տնօրենի խոսքով՝ իրեն հայտնի չէ, թե որ լրատվամիջոցը կամ կազմակերպությունն է ներկայացրել լրագրողը։ Նա կարողացավ մտաբերել միայն լրագրողի անունը՝ Սերգեյ։

Միքայել Բադալյանի խոսքով՝ նա հարցազրույց է ունեցել ոչ թե ադրբեջանական ալիքի լրագրողների, այլ վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի հետ, իսկ իր խոսքերը հետագայում կտրվել են կոնտեքստից և օգտագործվել ադրբեջանական քարոզչական թեզերի տարածման համար։

Ինչ վերաբերում է Սեդա Գրիգորյանին, ապա վերջինս իր հերթին ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել էր Միքայլե Բադալյանի խոսքեր, բայց և հավելել, որ նախապես տեղյակ չի եղել, թե իր նկարած կադրերը տրամադրվելու են ադրբեջանական ալիքին։ Սեդան գրել էր, որ հարցազրույցը նկարահանել է դեկտեմբերի 2-ին՝ համաձայն ամերիկյան No Frontiers LLC ֆիլմարտադրող կազմակերպության հետ պայմանագրի:

«Ինձ հետ worldfixer.com կայքով կապ էր հաստատել ամերիկացի պրոդյուսեր ներկայացած Alex Gil-ը, ում հետ մեր ողջ գրավոր հաղորդակցությունը պահպանված է: Նա ինձ տեղեկացրեց, որ ամերիկյան History Channel-ի նմանությամբ պատմական թեմաներով վավերագրական ֆիլմաշարի պիլոտային տարբերակի ստեղծման համար գործընկեր են փնտրում Հայաստանում»,- գրել էր Սեդան և հավելել, որ իր թեման բացառապես Ուրարտուն և ուրարտական հնավայրերն են եղել։

Սեդա Գրիգորյանը նաև տրամադրեց Ալեքս Գիլ անունով օգտահաշվի հետ նամակագրությունից մի հատված, որում երևում է՝ իսկզբանե առաջարկ է եղել հարցազրույցներ նկարահանել հայ պատմաբանների և հնագետների հետ՝ բացահայտելու աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի՝ Ուրարտուի առեղծվածը։

«Հարգելի Սեդա, ես Ալեքս Գիլն եմ, ես արտադրության մենեջեր եմ և ֆրիլանսեր: Մենք աշխատում ենք «History Channel»-ի համար աշխարհի առեղծվածային և կորած քաղաքակրթությունների մասին փորձնական ֆիլմի վրա: Դրանցից մեկը Ուրարտուն է։ Պետք է երկու հարցազրույց նկարահանենք հայ պատմաբանների և հնագետների հետ։ Կցանկանայի՞ք աշխատել մեզ հետ: Հարգանքներով՝ Ալեքս»,- նշված է հաղորդագրության մեջ։ Սեդա Գրիգորյանի խոսքով՝ կազմակերպության անունից ներկայացող Ալեքս Գիլը այլևս չի պատասխանում իր նամակներին։

No Frontiers LLC. գոյություն չունեցող կազմակերպություն

 

Սեդա Գրիգորյանի նշած կազմակերպության ամբողջական անունն է No Frontiers production LLC։ Նման անունով որևէ կազմակերպություն չկա ոչ Կալիֆորնիայի ռեգիստրացիոն համակարգում (որտեղ իբրև գրանցված է ընկերությունը), ոչ ընկերությունների որոնման OCCRP, և ոչ էլ Open corporates հարթակներում։ Սա թույլ է տալիս պնդել, որ նման անունով ամերիկյան կազմակերպություն գոյություն չունի։

Թիրախավորվել են շատ այլ ֆրիլանսերներ

Սեդա Գրիգորյանը միակ մարդը չէ, որին նույն ճանապարհով փորձել են խաբել։
Հետազոտող Սոֆյա Մանուկյանը «Ստուգված է»-ին պատմեց, որ 2023 թվականի նոյեմբերի 20-ին worldfixer.com-ի միջոցով իր հետ են կապ հաստատել և փորձել իր միջոցով տեսանյութեր ստանալ Հայաստանից։ Առաջին փորձը կատարել է Ջիովաննի անունով օգտատերը և առաջարկել հայ ակտիվիստների հետ զրուցել և նկարահանել հունվարմեկյան հնարավոր ցույցը։ Նույն շրջանում Սոֆյան առաջարկ է ստացել նաև նկարահանումներ անել Էրեբունու և Հանրապետության հրապարակի ստորգետնյա պեղումներ թեմայով վերոհիշյալ Ալեքս Գիլից։ Նա կրկին ասել է, թե աշխատում է «History Channel»-ի համար։ Վերջինս նաև առաջարկել է հարցազրույց կազմակերպել Էրեբունու պատմահնագիտական թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի հետ։ Սոֆյա Մանուկյանին, սակայն, այս առաջարկները շատ կասկածելի են թվացել և նա որոշել է չընդունել համագործակցության առաջարկը։

Ալեքս Գիլ օգտահաշվից նույն հաղորդագրությունները ստացել են նաև հայաստանյան տարբեր այլ ֆրիլանսերներ: Սեդա Գրիգորյանի գրառմանն արձագանքել էին նաև Սոնա Մարգարյանն ու Յուլիյա Գրիգորյանը։ Վերջիններս հրապարակել էին իրենց ուղղված նույնաբովանդակ նամակների սքրիշոթերը։ 

«Ստուգված է»-ի թիմը գրավոր հարցմամբ դիմել է «History Channel»-ին՝ հասկանալու ալիքի և նրանց անունից հանդես եկող Ալեքս Գիլի հնարավոր փոխկապակցվածությունը։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այստեղ։

Սա առաջին դեպքը չէ

Առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական մեդիայում ու սոցցանցերում Երևանում նկարահանված կադրեր են հայտնվում: Նախորդ տարվա սեպտեմբերին ադրբեջանական İCTİMAİ TV-ի յութուբյան ալիքով ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էին կառավարության դիմաց տեղի ունեցող ցույցերը։ Ֆեյսբուքում հրապարակվել էին նաև այդ օպերատորների լուսանկարները։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *