Սեպտեմբերի 22-ին «Осторожно: Собчак» հաղորդման շրջանակում լրագրող Քսենյա Սոբչակը անդրադարձել էր Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Չնայած այն մեծամասամբ օբյեկտիվ փաստերի հիման վրա կատարված վերլուծություն էր, այնուամենայնիվ, կան հաղորդման մեջ տեղ գտած մի քանի փաստական սխալներ, որոնք առանձնացրել ենք։
Ոչ թե Հայաստանի զորքեր, այլ Արցախի ՊԲ
Սոբչակը նշում է, որ չնայած Երևանը հերքում էր իր զորքերի առկայությունը Ղարաբաղում, այնուամենայնիվ, Ղարաբաղից հայտարարեցին այնտեղ մնացած հայ զինվորներին հանելու մասին։
«Ադրբեջանական մեդիայում անմիջապես հասկացնել տվեցին, որ խաղաղությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ստեփանակերտում սպիտակ դրոշ բարձրացնեն, իսկ Հայաստանը ամբողջությամբ դուրս հանի իր զորքերը Ղարաբաղից, չնայած Երևանի վարկածով այնտեղ առհասարակ չկան հայկական զինվորականներ»,- ասում է Սոբչակը և շարունակում.
«Չորեքշաբթի կեսօրին Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը անվտանգության խորհրդի նիստ անցկացրեց։ Արդյունքը՝ լիակատար կապիտուլյացիա։ Ղարաբաղից հանելու են այնտեղ մնացած հայ զինվորականներին, որոնք, այնուամենայնիվ, այնտեղ առկա էին»։
Ադրբեջանական ուժերի լայնածավալ հարձակումից մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին, Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ դադարեցնել կրակը։ Ընդգծվում էր, որ թշնամուն հաջողվել է մխրճվել Պաշտպանության բանակի (ՊԲ) մարտական դիրքեր:
Հայտարարության տեքստում որևէ բառ չկար Հայաստանի զինված ուժերի մասին։ Խոսվում էր բացառապես Արցախի զինված ուժերի՝ Պաշտպանության բանակի մասին, որի գոյությունը ոչ Հայատանը, ոչ Արցախը երբեք չեն թաքցրել։ Ավելին, պաշտոնապես հայտարարվել է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել։ Թեև ՊԲ զինվորականներն ունեցել են հայկական անձնագրեր (Արցախի քաղաքացիներն ունեն ՀՀ քաղաքացիություն), այնուամենայնիվ չեն հանդիսացել Հայաստանի զինված ուժերի մաս։ Այն, որ ԼՂ-ում շարունակում էին գտնվել Հայաստանի զինված ուժերը, ադրբեջանական կողմի պնդումն է։ Դա արձանագրված է սեպտեմբերի 20-ի նրանց հայտարարության տեքստում, ինչի առիթով Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսանք էր հայտնել։
ՀՀ ԶՈւ-ի՝ Արցախից դուրսբերման մասին հայտարարվել էր դեռևս 2022 թվականի հուլիսի 19-ին՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրթերով։ Նա նշել էր, որ Հայաստանն ամբողջովին դուրս է հանում իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և գործընթացը կավարտվի սեպտեմբերին։ Ընդգծել էր՝ Հայաստանից Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում, Լեռնային Ղարաբաղը տեղում է կազմակերպում պայմանագրայինների ներգրավումը:
Դրանից հետո թե՛ ՀՀ կառավարության ղեկավարը, թե՛ ՀՀ ՊՆ-ն բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվորներ չունի։
Սեպտեմբերի 22-ի իր հայտարարությունում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, խոսելով արցախցիների՝ զենքը վայր դնելու մասին, նրանց անվանել էր «Ղարաբաղի զինված կազմավորումներ»՝ վերարտադրելով Բաքվի խոսույթը։ Վերջերս էլ, անդրադառնալով Արցախում զենքերը վայր դրած զինվորականներին, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը նրանց անվանեց «հայկական ծագմամբ զինվորականներ»։
Այսպիսով, որևէ փաստ չկա այն մասին, թե ՀՀ ԶՈւ-ն Արցախում ներկայացվածություն է ունեցել։ Արցախն ունեցել է Պաշտպանության բանակ, որն էլ կատարել է սահմանների պաշտպանության պարտականությունը։
Փաշինյանի խոսքերը՝ կոնտեքստից դուրս
Սոբչակն անդրադարձավ նաև Ռուսաստանի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մի քանիսին։
«Փաշինյանի խոսքերով՝ Ռուսաստանն ինքն է հեռանում Հարավային Կովկասից։ Ահա մեջբերումը՝ «Մի օր մենք կարթնանանք և կտեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ»,- ասաց լրագրողը։
Փաշինյանի խոսքն այստեղ կոնտեքստից կտրված է մեջբերվել։ Իրականում «Մի օր մենք կարթնանանք և կտեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ»-ն ոչ թե պնդում է, այլ չբացառվող վարկած։ Նշելով, որ Հայաստանը տեսել է իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում Ռուսաստանի Դաշնությունը հեռացել է Հարավային Կովկասից, Փաշինյանն ասել է.
«….Կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ»։
Ռուբեն Վարդանյանը Արցախ մի քանի տարի առաջ չի գնացել
Հաղորդման ժամանակ Սոբչակը կապ հաստատեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, որն այժմ շրջափակված Արցախում է։ Նրան նկարագրելիս Սոբչակն ասում է, թե Վարդանյանը մի քանի տարի առաջ է տեղափոխվել Ղարաբաղ.
«Ռուսաստանցի հաջողակ բիզնեսմենը մի քանի տարի առաջ գնացել է Ղարաբաղ, վերցրել հայկական անձնագիր, կարծես վառել բոլոր կամուրջները, հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և զբաղեցրել կառավարության ղեկավարի պաշտոնը»։
Ռուբեն Վարդանյանը Արցախ տեղափոխվել է ոչ թե մի քանի տարի առաջ, այլ նախորդ տարի: Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու նրա որոշման մասին հայտնի դարձավ 2022-ի սեպտեմբերի 1-ին՝ մոտ մեկ տարի առաջ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: