2023.07.31,

Ստուգված է

Վագիֆ Խաչատրյանին և լուսանկարի զինվորականին նույնականացնող որևէ փաստ չկա

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից հուլիսի 29-ին առևանգված, ապա ձերբակալված Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի անվան շուրջ տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում։ 

Ադրբեջանական (կամ Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող) տարբեր աղբյուրներ տարածում են մի լուսանկար, որն իբրև ապացուցում է, թե Խաչատրյանը մասնակցել է «1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին»։ 

Լուսանկարի տղամարդու և Վագիֆ Խաչատրյանի նույնականացումն ապացուցող որևէ փաստ, սակայն, չի հիշատակվում։ Ի հակադրություն այս պնդումների՝ համացանցի հայկական տիրույթում այս մեղադրանքները կեղծ են որակում և նշում՝ լուսանկարը ոչ թե 1991 թվականի է, այլ՝ 1994-ի։

Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Լաչինից, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։ Այդ դեպքից ժամեր անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին և նույն թվականին նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ 

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ առևանգվածին որևէ միջազգային հետախուզման մեջ ներառելու վերաբերյալ տվյալներ չկան։ Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը ևս հերքել է այդ մեղադրանքը։

Media.am-ի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրել է թեմայի շուրջ տարածված տեղեկությունները և ստուգել դրանց արժանահավատությունը։

Լուսանկարի սկզբնաղբյուրը ռուսական Kommersant-ն է։ Տեղեկությունը, թե այն արվել է 1991 թվականին, հավանաբար տարածվել է Kommersant-ի ֆոտոպատմության այս լուսանկարի բաժնում արված գրառման պատճառով. «Ռազմական գործողություններ ծավալվեցին Ղարաբաղի ողջ տարածքում այն բանից հետո, երբ 1991 թվականի սեպտեմբերի 25-ին սկսվեց Ստեփանակերտի «Ալազանի» հակակարկտային կայանքների 120-օրյա գնդակոծությունը»։

Այս գրառումը, սակայն, տվյալ լուսանկարի նկարագրությունը չէ։ Լուսանկարում տեղի ունեցող իրադարձության տարեթիվը նշված է Kommersant-ի լուսանկարների արխիվում։ 

Ֆոտոպատմության նկարագության հատվածում նշված է՝ «Լեռնային Ղարաբաղ։ Հիվանդանոց Ադրբեջանում։ Ուղղաթիռում»։ Որպես իրադարձության կատարման ժամանակ նշված է 1994 թվականը, իսկ բուն լուսանկարի հրապարակման տարեթիվը 2007-ն է: Լուսանկարների հեղինակն է Էդդի Օպպին։

Նկարագրություններից հասկանում ենք, որ լուսանկարներն արվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որտեղի հոսպիտալում բուժվում էին պատերազմի հետևանքով տուժած մարդիկ, որոշ մարդիկ զինված զինվորականների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվում էին Բաքու։ Կային նաև զոհվածների լուսանկարներ։ 

Տարածված լուսանկարի տղամարդը այդ ֆոտոպատմության մի մասն է։ Չկա որևէ հավելյալ տեղեկություն նրա՝ ով լինելու վերաբերյալ։ Այսպիսով, պարզ չէ, թե ադրբեջանական աղբյուրները ինչ հիմքով են ադրբեջանի տարածքում կատարված լուսանկարներում երևացող զինված տղամարդուն ներկայացնում որպես Վագիֆ Խաչատրյան։

Հուլիսի 31-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերում հրապարակեց՝ իր խոսքերով Վագիֆ Խաչատրյանի 1990-ականներին նկարը։

Համեմատելով Վագիֆ Խաչատրյանի հին ու նոր լուսանկարները Kommersant-ի հրապարակած տղամարդու լուսանկարի հետ, տեսնում ենք, որ առաջին աչքի ընկնող տարբերությունը նրանց քթի կառուցվածքի մեջ է։

Kommersant-ի նկարագրությունը ևս բացարձակ ճշմարտություն չէ։ Այս լրատվամիջոցը Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին մեկ անգամ չէ, որ սխալ տեղեկություն է տարածել։ 

2018 թվականին media.am-ը գրել էր Kommersant-ում հայտնված մի լուսանկարի մասին, որը վերնագրված էր «Խոջալուի եղեռնի» զոհերը, սակայն իրականում արվել էր Գյումրիում՝ 1988 թվականի երկրաշարժից հետո։ Լուսանկարի հեղինակը Իգոր Գավրիլովն անձամբ էր հերքել, թե այն կապ ունի Խոջալուի հետ։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *