2022.12.27,

Ստուգված է

Պատերազմը հեռու է, պրոպագանդան՝ մոտ. ինչպես են հայկական հեռուստաընկերությունները լուսաբանում ռուս-ուկրաինական պատերազմը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ուկրաինայում արդեն տասը ամիս շարունակվող պատերազմը նկարագրելու համար օգտագործվող բառապաշարը տարբեր է՝ կախված երկրից, քաղաքական ճամբարներից ու համակրանքից։ Ռուսաստանն այն կոչում է «ռազմական հատուկ գործողություն», Ուկրաինան՝ «ներխուժում»։ Բառերից զատ կարևոր է դրանցով փոխանցվող պատմույթները։ 

Media.am-ն ամփոփել է Հայաստանում հեռարձակով 5 հեռուստաընկերությունների՝ Ուկրաինական պատերազմի լուսաբանման քաղաքականությունը՝ պայմանավորված օգտագործվող բառապաշարով, հյուրերով, աղբյուրներով, տեղեկատվության հավաստիությամբ։ Մենք ուսումնասիրել ենք Հանրային, FreeNews, Երկիր Մեդիա, Կենտրոն և 5-րդ ալիք հեռուստաընկերություններով հեռարձակվող լրատվական, քաղաքական և վերլուծական հաղորդումները։ Ժամանակային առումով դիտարկվել է պատերազմի առաջին տասը օրը և դրան հաջորդող երեք ուշագրավ իրադարձություն՝ Մարիուպոլի ծննդատան և մանկական հիվանդանոցի գնդակոծմանը, Բուչայի զանգվածային սպանությունը և Վիննիցայի ռմբակոծումը։ 

Հանրայինը պատերազմը նախընտրել է անվանել «ռազմական հատուկ գործողություն» 

Թեև Հանրայինի «Լուրեր» լրատվականը ներկայացրել է մեծամասամբ պաշտոնական աղբյուրներից վերցված երկկողմ տեղեկություն, սակայն հավատարիմ է մնացել ռուսական բառապաշարին՝ այն կոչելով «ռազմական հատուկ գործողություն» կամ «հատուկ գործողություն»։ Մեր դիտարկած 17 թողարկումից առնվազն 8-ում այս ձևակերպումն օգտագործված է ոչ ուղիղ մեջբերման տեսքով։ Մեզ չի հաջողվել գտնել «Լուրերի» մարտի 4-ի և 5-ի գլխավոր թողարկումները։

Պատերազմի առաջին օրերին գլխավոր թողարկման առաջին լուրը հիմնականում պատերազմն էր։ Նրանք նաև անդրադարձել են պատերազմի ֆոնին Ադրբեջանում առկա հակառուսական տրամադրություններին, Թուրքիայի վարքագծին, պատերազմի տնտեսական ազդեցություններին և այլն։ 

Ինչ վերաբերում է մեր առանձնացրած 3 կարևոր իրադարձությանը, «Լուրերի» գլխավոր թողարկման ընթացքում ոչ մի անդրադարձ չկա Մարիուպոլի ծննդատան և մանկական հիվանդանոցի գնդակոծմանը։ Բուչայի զանգվածային սպանությունը լուսաբանվել է միայն այն ժամանակ, երբ արդեն առկա էր ռուսական կողմի արձագանքը, որը այն կոչել է «սադրանք և ֆեյքերի հարձակում»։ Իսկ Վիննիցայի լուրը տեղ է գտել միջազգային լուրերի անդրադարձում, որտեղ ներկայացվել է երկկողմ պաշտոնական տեսակետ։

Այլ հաղորդումների դեպքում «Հանրային քննարկում»-ի շրջանակում անդրադարձ է եղել պատերազմի ընդհանուր և տնտեսական ազդեցությանը։ 

Ուշագրավ է Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» շարքը, որի հյուրերը պատերազմի առաջին օրերին ռուս պաշտոնյաներ են՝ ՌԴ Պետդումայի պատգամավորներ Կոնստանտին Զատուլինը և Վիտալի Միլոնովը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ավելին, այս բոլոր հարցարզույցները հեռարձակվել են ռուսերենով՝ ՀՀ օրենսդրության խախտմամբ։ 

FreeNews-ն ամենահաճախն է օգտագործել «ներխուժում» բառը

FreeNews-ի «Ազատ լուրեր» լրատվականի հիմնական թողարկման ընթացքում Ռուսաստանի ռազմական գործողությունները մի քանի անգամ բնորոշվել են «ներխուժում» բառով, ավելին, նրանք խուսափել ռուսական ձևակերպումից։ Ալիքը որոշակի շեշտադրումներով ընդգծել է իր քննադատական մոտեցումը արևմտքի պահվածքի վերաբերյալ։ Օրինակ, պատերազի առաջին օրվա թողարկմանն ասվում է՝ «Արևմտյան երկրերը հանդես են գալիս նույնաբովանդակ, ոչինչ չասող հայտարարություններով» (20:45ր)։ 

«Ազատ լուրեր»-ում հիմնականում ներկայացված է երկկողմ պաշտոնական տեղեկություն։ Նրանք զրուցել են Կիևում ապրող հայերի հետ, անդրադարձել արտագնա աշխատանքի մեկնողների և այլ թեմաների։

Ինչ վերաբերում է մեր առանձնացրած թեմաներին, Մարիուպոլի դեպքին անդրադարձել են մեկ կարճ և միակողմանի նախադասությամբ՝ «…գնդակողծությունը ռուսական կողմը սադրանք է համարում, որպեսզի Ռուսաստանին մեղադրեն պատերազմական հանցագործությունների մեջ»։ Բուչայի դեպքում ներկայացրել են երկկողմ պաշտոնական տեղեկություն, իսկ Վիննիցայի մասին ներկայացրել զոհերի և վիրավորների թվի մասին չթարմացված տվյալներ։

Այլ թողարկումներից՝ «Ազատ շփում» հաղորդման հեղինակ Գնել Սարգսյանն օգտագործել է Ուկրաինական պատերազմը ներքաղաքական նպատակով։ Օրինակ, երկու տարբեր զարգացումները համեմատել է իրար ու հարց հնչեցրել՝ «Դոնբասն ու Լուգանսկը, որ անկախությունը ճանաչեց Ռուսաստանը, ինչ-որ մեկը էս ընթացքում Զելենսկիին համարե՞լ ա հողատու կամ չգիտեմ ինչ»։

Իսկ հարցազրույցների շարքում հարթակ է տրամադրվել թե արևմտամետ, թե ռուսամետ հայացքներով բանախոսների, սակայն վերջին տեսակետ ունեցողները գերակշռում են։ Թողարկումներից մեկում Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը շրջանառել է ռուսական քարոզչական թեզը՝ «ուկրաինացիներն ու ռուսները մեկ ազգ են», իսկ քաղաքագետ Էդվարդ Անտինյանը հայտարարել՝ «Ռուսաստանի գլխին էս պատերազմը սարքեցին»։ Նրանք, մեր դիտարկած ժամանակահատվածում հարթակ են տրամադրել ՌԴ Պետդումայի պատգամավոր  Վիտալի Միլոնովին։

Երկիր Մեդիա. «թե ռազմադաշտում, թե տեղեկատվական դաշտում պատերազմի ժամանակ արդարացված է ցանկացած զենք»

«Երկիրն այսօր» լրատվականը Ուկրաինական պատերազմը կոչել է և ռուսական ձևակերպմամբ, և այլ բառերով՝ «պատերազմ», «առճակատում»։ Նրանք ամենահաճախն են զրուցել Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչների հետ՝ այնտեղ տիրող իրավիճակի և հայ համայնքի մասին։ Սակայն երբեմն անուշադրության են մատնել հաղորդվարի հետևում երևացող կադրը. խոսել են Զելենսկուց, ցույց տվել՝ Պուտինին, այսպես առնվազն երկու անգամ՝ փետրվարի 25-ին և փետրվարի 28-ին։ 

Երկիր Մեդիան նաև անդրադարձել է տեղեկատվական պատերազմին, որը սկսվել է լրագրողի հետևյալ մտքով՝ «թե ռազմադաշտում, թե տեղեկատվական դաշտում պատերազմի ժամանակ արդարացված է ցանկացած զենք»։

Մարիուպոլի դեպքում միակողմանի տեղեկությունն են տարածել՝ «… ՌԴ ԱԳ նախարարը որակել է մանիպուլատիվ ու կեղծ՝ պնդելով, թե այդ տարածքը վաղուց օգտագործվում է որպես Ազովի գումարտակի հենակետ»։ Իսկ Բուչայի զանգվածային սպանության մասին նյութում անդրադարձել են ամերիկյան NYTimes-ի վիզուալ հետաքննությանը։ Դրանում արբանյակային պատկերներով խմբագրությունը ապացուցել էր, որ չնայած ռուսական կողմի պնդումներին, դիերը փողոցներում էին, երբ Բուչան ռուսական զինուժի վերահսկողության տակ էր։ Իսկ Վիննիցայի դեպքերին անդրադարձ չկա։

«Երկրի հյուրասրահը» հարցազրույցների շարքի ընթացքում մի քանի անգամ անդրադարձ է եղել պատերազմի թեմային։ Դրանցից մեկում հաղորդավարը հարցում թույլ է տվել մեդիա դաշտում տարածված ապատեղեկատվությունը, թե Եվրոպայի Խորհրդից Ռուսաստանը հանվել է. իրականում այս երկրի անդամակցությունն է այդ պահին կասեցվել էր։ 

Կենտրոն. այստեղ անոնսված լուրերը բացակայում են 

«Էպիկենտրոն» լրատվականի հիմնական թողարկման՝ համացանցում տեղադրված տեսագրություններում հաճախ բացակայում է նույն թողարկման անոնսում հայտարարված պատերազմի մասին որոշ կամ բոլոր լուրերի անդրադարձը։  Ավելին, նկատելի են մոնտաժի հետքեր։ Այս հանգամանքը խանգարում է ստանալ հեռուստաընկերության լուսաբանման քաղաքականության ամբողջական պատկերը։ 

Հետաքրքրական է, որ Կենտրոն հեռուստատեսությունը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, մարտի 5-ի թողարկմանը տեսանյութ է հրապարակվել «բարիկադի տարբեր կողմերում»՝ ՌԴ ԶՈՒ-ում և ՆԱՏՕ-ում առանցքային պաշտոններ զբաղեցնող հայազգի «Հանճարեղ զորահարամանատարների» մասին։

Մարիուպոլի և Վիննիցայի թեմային անդրադարձ չկա, փոխարենը մարտի 9-ին հեռարձակվել է ՌԴ պատգամավոր Վիտալի Միլոնովի քարոզչական մեկնաբանությունը, իբրև Ուկրաիայում ուժերը կենտրոնացնում են դպրոցներում և մարդկանց կենդանի վահան են դարձնում։ Բուչայի զանգվածային սպանությունների մասին անոնսում կա, թողարկմանը՝ ոչ։ 

Կենտրոնով հեռարձակվող մի շարք քաղաքական-վերլուծական հաղորդումներ վարում են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորները։ Նրանք այս հաղորդումների ընթացքում տարածում են ռուսական քարոզչական պատմույթներ։ Օրինակ, «30 րոպե Միքայել Մելքումյանի հետ» թողարկումներից մեկի ընթացքում Մելքումյանը շրջանառում է ռուսական քարոզչական թեզը՝ Ուկրաինայում բնակչությանը կենդանի վահան դարձնելու մասով։ Իսկ «Press Կենտրոնը» վարող Շաքե Իսայանը և Արման Աբովյանը խոսում են կենսաբանական զենքի մասին ու տարածում պրոռուսական թեզեր։

5-րդ ալիքը «ենթադրաբար» փաթեթավորմամբ տարածում է չստուգված տեղեկություն 

«Հայլուր» լրատվականն ամենածավալուն է անդրադարձել ռուս-ուկրաինական պատերազմինին. հատկապես առաջին օրերին լրատվական թողարկումների կեսից ավելին այս թեմայով է։ Այն կոչում են տարբեր ձևակերպումներով՝ «բազմիցս հետաձգված պատերազմ», «ներխուժում», իսկ այս երկրին ԵՄ-ի կողմից զենք տրամադրելը՝ «ծաղրահեղ միջոց»։ Մեզ չի հաջողվել գտնել փետրվարի 25-ի և 27-ի թողարկումները։

«Հայլուրը» նաև ամենաբազմազանն է իր տեղեկատվական աղբյուրների հարցում. բացի պաշտոնականից, նրանք օգտվել են RT-ի, Ռիա Նովոստի, CNN-ի, WarGonzo-ից Սեմյոն Պեգովի և այլ տելեգրամյան ալիքների բովանդակությունից։ Նրանք կապ են հաստատել ոչ միայն Ուկրաինայում, այլև Դոնցկում ապրող հայերի հետ։ 

Սակայն ստացված տեղեկությունը միշտ չէ, որ ստուգվել է, փոխարենը մատուցվել է «չհաստատված լուրի համաձայն», «ենթադադրաբար» և այլ արտահայտություններով։ Օրինակ, Կիևում սահմանված պարետային ժամին «փողոցներ դուրս եկողները կհամարվեն դիվերսանտներ, իրավապահները իրավունք կունենան սպանել նրանց» լուրի ֆոնին հայտնել են՝ «Չհաստատված տեղեկություն կա, որ Կիևում կրակել են մի ընտանիքի հինգ անդամների վրա …։ Ծնողները ու երեխաներից մեկը մահացել է …»։ Իրականում դեպքը տեղի է ունեցել ոչ թե Կիևում, այլ Խերսոնի մերձակայքում գտնվող բնակավայրում։ 

«Հայլուրը» նաև որոշ դեպքերում խեղաթյուրել է այլ աղբյուրից վերցրած բովանդակությունը։ Օրինակ, Sky News-ի նկարահանող խմբի կրակի տակ ընկելու՝ 5-րդ ալիքի լուսաբանման մեջ տպավորություն է ստեղծվում, որ կամ ուկրաինացիներն են կրակել, կամ առնվազն անորոշ է՝ ովքեր են կրակողները։ Սակայն, տեսանյութում և դրա նկարագրության մեջ հստակ երևում է, որ լրատվամիջոցը պնդել է՝ կրակը ռուսական ուժերն են արձակել։ 

Մարիուպոլի դեպքին անդրադարձել են հաջորդ օրը, երբ ՌԴ կողմից արձագանք կա։ Բուչայի դեպքում, սա երկրորդ հեռուստաընկերությունն է, որը բացի պաշտոնական լրահոսից, անդրադարձել է NYTimes-ի հետաքննություն։ Իսկ Վիննիցայի իրադարձության մասին  չթարմացված տվյալներ են հրապարակել։

Ինչ վերաբերում է այլ հաղորդումներին, ուշագրավ է 5-րդ ալիքի հյուրերի վերաբերմունքը ժողովրդավարությանը։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը համարել է, որ «ժողովրդավարությունը դարձել է յուրատեսկաան կրոնական համակարգ արդեն, որպես քաղաքական ազդեցությունը տարածելու գործիք»։ Իսկ քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը «Օրագիր» հաղորդման ընթացքում հայտարարել է՝ «Ռուսաստանը տարածաշրջանից փորձում է վերացնել փսևդոդեմոկրատական նեոֆաշիզմը, որ ժամանակի ընթացքում արևմուտքի կողմից ներդրվել է այս տարածաշրջան»։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *